Այսօր հիշատակում ենք այն կնոջը, ով թանկագին յուղով օծեց Քրիստոսի գլուխը, որ խորհրդանշում էր Նրա մոտալուտ մահը:
Առաքյալները մեղադրեցին այդ կնոջը` յուղը վատնելու համար. «Կարելի էր մեծ գնով վաճառել այդ եւ տալ աղքատներին»: Հիսուս նրանց ասաց. «Ինչո՞ւ եք նեղություն տալիս այդ կնոջը. նա իմ հանդեպ մի բարի գործ կատարեց. աղքատներին ամեն ժամ ձեզ հետ ունեք, բայց ինձ միշտ ձեզ հետ չեք ունենա: Իմ մարմնի վրա այդ յուղը թափե- լով` նա իմ թաղվելը կանխանշեց: Բայց ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ամբողջ աշխարհում, ուր էլ այս Ավետարանը քարոզվի, պիտի պատմվի դրա հիշատա- կին, նաեւ ինչ որ դա արեց» (Մատթ. 16:6-13): Օծման այդ դեպքին հաջորդեց Հուդայի` Հիսուսին մատնելու վճիռը. «Այն ժամանակ Տասներկուսից մեկը՝ Հուդա Իսկարիովտացի կոչվածը, գնաց քահանայապետների մոտ ու ասաց. «Ի՞նչ կկամենայիք ինձ տալ, որ ես նրան ձեզ մատնեմ»: Եվ նրանք երեսուն արծաթ դրամ խոստացան նրան» (Մատթ. 16; 14-15):
Դավադրություն Հիսուսի դեմ
(Մատթ. ԻԶ 1-3)
Երանելի Մատթեոսն իր Ավետարանում գրում է. «Երբ Հիսուս այս բոլոր խոսքերն ասաց ժողովրդին» (Մատթ. ԻԶ 1): Այն խոսքերը, որոնք Ձիթենյաց լեռան վրա անցյալ օրն ասաց աշակերտներին՝ տաճարի ավերման և աշխարհի վախճանի մասին:
«Իր աշակերտներին ասաց. «Գիտեք, որ երկու օր հետո Զատիկ է, և Մարդու Որդին պիտի մատնվի խաչը ելնելու համար» (Մատթ. ԻԶ 2):
Մյուս աշակերտների հետ այդտեղ էր նաև Հուդա Իսկարիովտացին, ով լսելով իրենից ու շատերից ծածկված խորհուրդը՝ Տիրոջ կամավոր ու աշխարհակեցուցիչ չարչարանքների մասին, խորհեց, թե ի՞նչ կտան իրեն քահանայապետերը, երբ այդ «ավետիսը» հնչեցնի նրանց ականջին, և գիտակցաբար առիթ էր փնտրում իր գործը կատարելու համար, որպեսզի ճիշտ պահին հանդիպի քահանաներին և նրանց տեղյակ պահի:
Հուդային խոսքի իմաստը հասու չեղավ, քանզի հաջորդ օրը, որը հինգշաբթի էր, հրեաների Զատիկն էր և բաղարջակերաց օր, սակայն Տերը այդ օրը նկատի չուներ, այլ ասաց, որ երկու օր հետո Զատիկ պիտի լինի և Մարդու Որդին պիտի մատնվի՝ խաչը ելնելու: Այդ պատճառով Հուդան միշտ պտտվում էր Տիրոջ շուրջ, որպեսզի ստուգապես իմանա Նրա չարչարանքների օրն ու ժամը, հայտնի քահանաներին և ստանա իր վարձքը: Հինգշաբթի օրը՝ հրեաների նիսան ամսվա տասնչորսին, երբ Եգիպոսում երեկոյան գառը մորթեցին և գիշերը եգիպտացիների անդրանիկները սպանվեցին, իսրայելցիների բաղարջ ուտելու ավանդության սկիզբը դրվեց: Դրա հաջորդ ուրբաթ օրը՝ նիսանի տասնհինգին, երբ լիալուսին էր, հրեաները դուրս եկան Եգիպտոսից: Իսկ շաբաթը՝ հանգստի մեծ օրն է: Եվ երբ Հուդան լսեց Տիրոջից, թե երկու օր հետո Զատիկ է լինելու, չհասկացավ, թե այս երեք մեծ օրերից ո՜ր օրվա մասին է խոսքը, քանի որ հրեաները և՜ բաղարջակերաց տոնին էին զատիկ ասում, և՜ պասեքի լրումին, և՜ Շաբաթների շաբաթին էին պասեք անվանում: Առաքյալները մինչ այդ կարծում էին, թե Նա պիտի նստի Դավթի աթոռին ու թագավորի Երուսաղեմի վրա, և երբ լսեցին Տիրոջից, թե երկու օր հետո Զատիկ է լինելու և Մարդու Որդին մատնվելու է խաչի մահվանը, տագնապեցին: Աշակերտներըգիտեին, որ Տերն Իր կամավոր հոժարությամբ է գնում դեպի չարչարանքները, և որ Ինքը հաստատապես գիտի դրա օրն ու ժամը:
«Այն ժամանակ քահանայապետերը և օրենսգետներն ու ժողովրդի ծերերը հավաքվեցին Կայիափա անունով քահանայապետի դահլիճում և խորհուրդ արեցին, որպեսզի նենգությամբ բռնեն Հիսուսին ու սպանեն: Բայց ասում էին. «Ո՜չ այս տոնին, որպեսզի ժողովրդի մեջ խռովություն չլինի» (Մատթ. ԻԶ 3):
Հրեաները շատ անգամ ցանկացան սպանել Հիսուսին, սակայն հնար չէին գտնում: Իրենց նպատակին հասնելու համար նրանք ժողովրդին խաբելով ասացին, թե Հիսուս իրենց կորստյան ու կործանման պատճառն է, ինչպես մի ժամանակ եղավ Հուդայի Սեդեկիա արքան: Ասում էին նաև՝ եթե այն ժամանակ Իսրայելի որդիները սպանեին Սեդեկիային և կամ հանձնեին քաղդեացիների ձեռքը, ապա չէին տարվի գերության Բաբելացիների երկիրը, և Երուսաղեմը չէր ավերվի, և չէր քանդվի Աստծու փառավոր տաճարը (տե՜ս Դ Թագ. ԻԵ): Նաև ասում էին, որ եթե Հիսուս մնա, ապա կգան հռոմեացիները, կքանդեն Երուսաղեմը և հրեաներին գերության կտանեն: Դրանով նրանք կամենում էին գրգռել ամբոխին մեր Տեր Հիսուս Քրիստոսի դեմ:
«Հավաքվեցին Կայիափա անունով քահանայապետի դահլիճում»:
Այդ տարի քահանայապետը Կայիափան էր, և ինչպես Բաղաամն ակամա մարգարեացավ Քրիստոսի ծննդյան մասին (տե՜ս Թվեր ԻԴ 7), այնպես էլ նա՝ ակամա մարգարեանում է Քրիստոսի կենարար չարչարանքների մասին՝ ասելով. «Դուք ոչինչ չգիտեք, ոչ իսկ խորհել եք, թե մեզ համար ավելի լավ է, որ մեկ մարդ մեռնի ժողովրդի համար, քան թե ամբողջ ազգը կորչի» (Հովհ. ԺԱ 50): Այս ասելով մարգարեանում է այն փրկագործ մահվան մասին, որ պիտի լիներ ամբողջ աշխարհի համար, կարծելով որ դրանով կարող է ամբոխին գրգռել Քրիստոսի դեմ: Չնայած քահանայապետերը շատ ջանացին, սակայն չկարողացան ժողովրդին հանել Տիրոջ դեմ: Նրանք վախենում էին ժողովրդից և այդ պատճառով խորհեցին՝ տոների ընթացքում ոչինչ չձեռնարկել, մինչև որ ամեն մարդ դառնա իր տունը, և իրենք Հիսուսին մենակ գտնելով՝ ձերբակալեն: Իսկ ժողովուրդը միշտ խմբվում էր Նրա շուրջը և սպասում լսելու շնորհաց վարդապետությունը:
Օծում Բեթանիայում
(Մատթ. ԻԶ 6-13)
Մարիամը՝ Ղազարոսի քույրը, թանկարժեք յուղով օծեց Տիրոջ ոտները, ի նշան իր երախտագիտության եղբորը հարություն տալու: Այդ մասին լսեց մի պոռնիկ կին ու շտապեց նույնն անել: Նա յուղ պատրաստեց և հարմար առիթ էր փնտրում, որ օծի Տիրոջը: Եվ երբ Տերը մտավ բորոտ Սիմոնի տունը, այս կինը խորհեց, որ եթե Նա չի գարշում բորոտից, ապա չի խորշի նաև իր նման մեղավորից:
Եվ այս մասին ավետարանիչը հետևյալն է պատմում. «Երբ Հիսուս եկավ Բեթանիա, բորոտ Սիմոնի տունը, Նրան մոտեցավ մի կին, որ մի շիշ թանկարժեք յուղ ուներ, և թափեց այն Նրա գլխին»: Վարդապետներն ասում են, որ մարդը երեք կերպով է գնում ուրիշի տուն. առաջինը՝ մեծարվելով, ինչպես Տերը գնաց Սիմոնի տուն, երկրորդ՝ ինքնակամ, ինչպես Տերը գնաց Զակքեոսի տուն, երրորդ՝ ինչպես աղքատ, քանզի «Հայտնության» գրքում ասված է. «Ահավասի՜կ, Ես դռան առաջ եմ և բախում եմ. եթե մեկն ականջ դնի Իմ ձայնին և բաց անի դուռը, կմտնեմ նրա մոտ և կընթրեմ նրա հետ, և նա՝ Ինձ հետ» (Հայտ. Գ 20): Եվ Քրիստոս հույժ սիրում է գալ, բնակվել մարդկանց մեջ և նրանց ընկերանալ:
Ըստ Օրենքի՝ բորոտը պիղծ է, և նա պետք է համայնքից դուրս ապրի, մինչև որ սրբվի: Արդ՝ երբ Սիմոնը լսում է, որ Հիսուս մտնում է մեղավորների ու մաքսավորների մոտ, և որ տեռատես կինը հպվելով Նրա շորերին բժշկվեց, համարձակվում է և ինքը Տիրոջն իր տուն հրավիրել, սակայն Տերը չի բժշկում նրա խաթարված մարմինը, քանի որ նա Տիրոջից բժշկություն չհայցեց, և Տերն էլ փոխարենը կանչեց ու հորդորեց մի կնոջ, ով իր ձեռքում ուներ նարդոսի ազնիվ, մեծարժեք յուղի մի շիշ, իսկ բորոտ Սիմոնին կշտամբեց (տե՜ս Ղուկ. Է 44): Մատթեոսը, Մարկոսը և Ղուկասը այս կնոջը հիշատակում են այս դեպքի առնչությամբ: Հովհաննեսը գրում է, որ Մարիամը՝ Ղազարոսի քույրը, օծեց Տիրոջը (տե՜ս Հովհ. ԺԲ 3), իսկ Ղուկասը գրում է, որ օծող կինը պոռնիկ էր (տե՜ս Ղուկ. Է 37), ինչ պատճառով էլ բորոտ Սիմոնը գայթակղվեց. որովհետև Տերը թույլ տվեց մեղավորին Իրեն մոտենալ: Իսկ կինը համարձակվեց մոտենալ, քանի որ տեսավ Տիրոջը իջևանած բորոտի տանը:
Սիմոնը հրեաների օրինակն է, քանի որ, երբ Տերն եկավ նրանց մոտ, նրանք Տիրոջը չհավատացին և մնացին անեծքի տակ, ինչպես և Սիմոնը մնաց իր բորոտության մեջ: Իսկ կինը հեթանոսների օրինակն է, ովքեր պոռնկացել էին բազմաստվածության մեջ, սակայն Տիրոջ գալստյամբ՝ մկրտվելով զգեստավորվեցին Քրիստոսով:
«Սկսեց արտասուքներով թրջել Նրա ոտքերը և իր գլխի մազերով սրբում էր» (Ղուկ. Է 38): Մազերն աշխարհի մեծության խորհրդանիշն է, ինչն ամբողջովին պետք է դնել Քրիստոսի ոտքերի տակ: Երբ կինն օծում է Տիրոջ ոտքերը և տեսնում, որ այն բարությամբ է ընկալվում Տիրոջ կողմից, յուղով օծում է նաև Նրա գլուխը: Որովհետև նրանք, ովքեր հավատում են Նրա Մարմնին, հավատում են նաև Նրա Աստվածությանը, որը խորհրդանշվում է գլխով, իսկ ովքեր հպվում են Նրա Մարմնին, շոշափում են Կենաց Խոսքը:
Այստեղ Տերն ընկերանում է Մարիամ Մագդաղենացու հետ, քանի որ նա երեք տեսակի դառը կերակուր բերեց և դրեց Քրիստոսի առջև, իսկ Քրիստոս երեք տեսակի քաղցրություն խառնեց դրանց: Առաջին կերակուրը Մարիամի կատարյալ զղջումն էր, այդ պատճառով Քրիստոս ողորմեց նրան, երկրորդը՝ նրա խոստովանությունը, և Քրիստոս թողեց նրա մեղքերը, և երրորդը՝ նրա ապաշխարությունը, և Քրիստոս տվեց նրան Երկնքի արքայությունը:
Իսկ Սիմոնն անիրավորեն դատեց Քրիստոսին՝ կնոջը աղտեղի համարելով և իր մտքում ասելով. «Եթե Սա մարգարե լիներ, ապա կիմանար, թե ով կամ ինչպիսի մի կին է մոտենում իրեն, որովհետև նա մեղավոր է» (Ղուկ. Է 39): Այդ պատճառով Քրիստոս նրան ասաց. «Սիմո՜ն, քեզ ասելու բան ունեմ»: Սիմոնն ասաց. «Ասա՜, Վարդապե՜տ»: Եվ Հիսուս ասաց. «Մի փոխատու երկու պարտապաններ ուներ. մեկը հինգ հարյուր դահեկան պարտք ուներ, իսկ մյուսը՝ հիսուն: Եվ քանի որ նրանք հատուցելու ոչինչ չունեին, երկուսին էլ պարտքը շնորհեց. հիմա ասա՜, ո՞վ ավելի շատ կսիրի նրան» (Ղուկ. Է 40-42): Մարիամը պարտական էր հինգ հարյուր դահեկան, քանի որ իր հինգ զգայարաններով բոլոր մեղքերը կատարելապես գործել էր, իսկ հիսունը պարտական էր Սիմոնը, ով իր հինգ զգայարաններով մեղավոր էր տասը պատվիրանների առջև: Եվ երկուսին էլ շնորհեց, որովհետև բոլոր նրանք, ովքեր մեղանչել են, առանց Աստծու ողորմության չեն կարող հատուցել իրենց պարտքերը:
Այս Մարիամը մեզ բազում բարություններ է սովորեցնում, քանի որ մեղավորներ կան, ովքեր հապաղում են խոստովանել իրենց մեղքերը, իսկ նա, երբ լսեց Քրիստոսի խոսքը, անմիջապես խոստովանեց: Ոմանք մեծ մեղքերը թաքցնում են, ինչից գարշելի հոտ է գալիս, իսկ նա ամեն ինչ հայտնում է, այսինքն՝ հեղում է ամբողջ յուղը: Ոմանք խոստովանությունից հետո դառնում են իրենց նախկին մեղքերին, իսկ նա մնաց Քրիստոսի ոտքերի մոտ: Ոմանք մարդկանց առջև լրբությամբ պարծենում են իրենց մեղքերով, իսկ նա ամաչում էր և չէր կամենում վեր նայել: Ոմանք էլ ծիծաղելով են խոստովանում, իսկ նա լալով խոստովանեց: Ոմանք տանջանքով և տրտմությամբ են ապաշխարում, իսկ նա՝ ուրախությամբ:
«Երբ աշակերտներն այս տեսան, բարկացան ու ասացին. «Ինչի՞ համար է անուշահոտ յուղի այդ վատնումը, քանի որ կարելի էր մեծ գնով վաճառել այդ և տալ աղքատներին»:
Հուդան սա նենգությամբ ասաց, որովհետև գող էր ու արծաթասեր, իսկ մյուսները բարի մտքով ասացին, քանի որ լսել էին Քրիստոսից, թե՝ «Ողորմություն եմ կամենում և ոչ թե զոհ» (Օվսե Զ 6): Նաև մարգարեն է ասում. «Բայց մեղավորի յուղը թող գլուխս չօծի» (Սաղմ. ՃԽ 5): Քրիստոս մի քանի պատճառով թույլ տվեց թափել յուղը Իր գլխին:
Նախ, որ տեսավ կնոջ զղջումը և երկյուղով, ջերմ սիրով, մեծ հավատով ու հույսով դեպի Իրեն գալը:
Երկրորդ՝ ինչպես չհրաժարվեց արգանդում մարդանալուց և կաթով սնվելուց, այդպես էլ հոժարեց կնոջից օծվել:
Երրորդ՝ ինչպես Հայրն էր ընդունում պատարագի մատուցած յուղը (տե՜ս Ելք. ԻԹ 13), այդպես էլ Աստծու Որդին ընդունեց:
Չորրորդ՝ Հակոբն արձանը յուղով օծեց (տե՜ս Ծննդ. ԽԶ 18), և քահանաներն ու թագավորները յուղով էին օծվում Քրիստոսի օրինակով, այդ պատճառով Տերն ընդունեց յուղով օծվելը, որպեսզի կատարվեն մարգարեությունները:
Հինգերորդ՝ յուղով օծվելը Տիրոջ թաղման և գերեզմանի խորհուրդն է, քանի որ յուղաբեր կանայք չէին կարող օծել Նրա Մարմինը, այդ պատճառով օծումը հիմա ընդունեց, ինչպես և ասաց. «Իմ Մարմնի վրա այդ յուղը թափելով՝ նա Իմ թաղվելը կանխանշեց» (Մատթ. ԻԶ 12):
Վեցերորդ՝ Քրիստոս մեզ հուսադրելու համար թույլ տվեց. քանի որ, եթե պոռնիկ կնոջից, ով սրտանց զղջաց, ընդունեց յուղը, ուստի և մեղավորներիս աղոթքներն ու նվերները ևս կընդունի, եթե զղջանք մեր մեղքերի համար:
Իսկ այն, որ մարգարեն ասում է, թե՝ «Մեղավորի յուղը թող գլուխս չօծի» (Սաղմ. ՃԽ 5), նշանակում է, որ անզեղջ մեղավորի պատարագը չի ընդունվում և աղոթքը չի լսվում:
Մարկոսը գրում է. «Կարելի էր այդ անուշահոտ յուղը վաճառել ավելի քան երեք հարյուր դահեկանի և տալ աղքատներին» (Մարկ. ԺԴ 5): Ղազարոսի քույր Մարիամը վաճառել էր իր ամբողջ ունեցվածքը և թանկարժեք յուղ գնել, որպեսզի դրանով օծի Տիրոջ գարշապարը՝ իր եղբորը հարություն տալու համար: Այդ օրը բոլոր ներկաները լսել էին Տիրոջ խոստումը. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ամբողջ աշխարհում, ուր էլ այս Ավետարանը քարոզվի, պիտի պատմվի դրա հիշատակին, նաև ինչ որ դա արեց» (Մատթ. ԻԶ 13), և Մարիամ Մագդաղենացին այդ լսելով նույնն արեց: Իսկ Հուդան, ով Տիրոջ գանձապահն էր, և այն ամենը, ինչ որ ընկնում էր, ինքն էր վերցնում ու գողանում, տեսնելով որ մեծագին յուղի հեղմամբ իր օգուտը խափանվեց, հույժ տրտմեց և բացահայտելով իր ներսի ախտը՝ հրապարակավ վատաբանեց կնոջ արարքը: Իսկ Քրիստոս, Իր աստվածային ամենատես զորությամբ իմանալով մատնիչի գող լինելը, ասաց. «Ինչո՞ւ եք նեղություն տալիս այդ կնոջը. նա Իմ հանդեպ մի բարի գործ կատարեց»: Այս խոսքը երկու իմաստ ունի, նախ որպեսզի այդ կինը խնդությամբ գնա ու չհուսահատվի աշակերտների խոսքերի պատճառով, իսկ երկրորդը Ոսկեբերանն է մեկնաբանում. «Եթե մեկը գա և իր ունեցվածքից Եկեղեցուն նվեր բերի կամ էլ եկեղեցի կառուցի և դրանով ցանկանա արդարանալ իր մեղքերից, պետք չէ նրան արգելել, որպեսզի մեղքերի թողություն գտնի»:
«Աղքատներին ամեն ժամ ձեզ հետ ունեք»:
Անժամանակն Աստված միշտ չէր մարմնով մնալու առաքյալների հետ: Եվ քանի որ Հուդան այդչափ «աղքատասեր» էր, այդ պատճառով Տերն ամեն տեղ աղքատներ է կարգել, որպեսզի երբեք չկորչի մարդասերների ու ողորմածների բարեգործություն անելու հնարավորությունը:
«Իմ Մարմնի վրա այդ յուղը թափելով՝ նա Իմ թաղվելը կանխանշեց»:
Նաև Մարկոսն է ասում. «Դա, ինչ որ կարող էր, արեց. նախապես խնկավետեց Իմ Մարմինն ի նշան պատանվելու» (Մարկ. ԺԴ 8): Այս խոսքը վերաբերում է զմուռսին ու հալվեին, որը Տիրոջ թաղման օրը բերեցին Հովսեփն ու Նիկոդեմոսը: Նաև յուղաբեր կանանց մասին է խոսքը, ովքեր խունկերով ու անուշ յուղերով եկան սուրբ գերեզմանը: Նաև՝ այն ձեթի ու գինու մասին է, որով Բարի Սամարացին բուժեց ավազակների ձեռքն ընկած մարդու վերքերը: Սրանով դնում է նաև Ավազանի յուղի օրինակը, որը հեղեց հեթանոսների վրա, ովքեր Նրա մահվանը մկրտվեցին՝ Նրա հետ ջրում թաղվելով: «Բայց ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ամբողջ աշխարհում, ուր էլ այս Ավետարանը քարոզվի, պիտի պատմվի դրա հիշատակին, նաև ինչ որ դա արեց»:
Այս խոսքը վերաբերում է Ավետարանի քարոզությանը, որը տարածվելու էր ամբողջ տիեզերքով, և շատերը պիտի ցանկանան լինել այդ երջանիկ կնոջ փոխարեն, ով արժանի եղավ հանդիպելու և մերձենալու մարմնացած Բանն Աստծուն:
Մատնության գինը
Քրիստոսին մատնեցին չորեքշաբթի օրը: Այդ օրն իբրև դժոխք բացվում է մատնության բերանը ստացվածքի համար, որովհետև հիրավի դժոխքի բնակիչներ են նրանք, ովքեր Քրիստոսի վրա հարձակվեցին, ծառաներին չարչարեցին ու Ժառանգին սպանեցին՝ կորզելու համար ժառանգությունը (տե՜ս Մատթ. ԻԱ 38):
Ամբարիշտ Հուդան և քահանաները շեղվեցին Տիրոջ շավիղներից և իրենց անձերի համար դժնդակ չարություն գանձեցին, և չար է լինելու անօրենների կործանումը, ինչպես Հուդայի ինքնասպանությունը և Երուսաղեմի կործանումը:
Զաքարիա մարգարեն Հուդային քանանացի է անվանում. «Այն օրը Զորությունների Տիրոջ տանն այլևս չի լինի ոչ մի քանանացի» (Զաքար. ԺԴ 21): Քանանացի եբրայեցերենից թարգմանվում է գնորդ, քանի որ Հուդան անպարտ արյուն վաճառեց, նաև հրեաներին է քանանացի անվանում՝ գնելու համար, որովհետև ցանկանում էին Նրա մահը: Իսկ Դանիելը քանանացու զավակ անվանեց Շուշանին ցանկացող վավաշոտ ծերունուն (տե՜ս Դան. ԺԳ 56):
Դավիթը հրեաների չարախոսությունը ցույց է տալիս հետևյալ խոսքով. «Թշնամիներս չարությամբ ասացին Իմ մասին. «Ե՞րբ պիտի մեռնի Նա, և Նրա անունը ջնջվի» (Սաղմ. Խ 5-6): Ապա շարունակում է. «Բոլոր թշնամիներս քրթմնջացին Իմ մասին և չարիք նյութեցին Իմ դեմ» (Սաղմ. Խ 8): Սա ասված է Հուդայի և քահանաների մասին: «Եվ որն ուտում էր հացն Իմ, հաճախակի Իմ դեմ խաբեություն գործեց» (Սաղմ. Խ 10): Իսկ այստեղ այն հացի պատառի մասին է ասում, որը Հուդան չվախեցավ վերցնել Տիրոջից:
Մարգարեների խոսքերը հաստատում է Ավետարանը. «Այն ժամանակ Տասներկուսից մեկը՝ Հուդա Իսկարիովտացի կոչվածը, գնաց քահանայապետերի մոտ ու ասաց. «Ի՞նչ կկամենաք ինձ տալ, որ ես Նրան ձեզ մատնեմ»: Եվ նրանք երեսուն արծաթ դրամ խոստացան նրան: Դրանից հետո նա առիթ էր որոնում, որ Նրան մատնի նրանց» (Մատթ. ԻԶ 14-16): Հուդան բազում անգամ լսել էր Տիրոջից հետևյալ խոսքը. «Ահավասիկ, Երուսաղեմ ենք բարձրանում, և Մարդու Որդին պիտի մատնվի քահանայապետերին ու օրենսգետներին. և Նրան մահվան պիտի դատապարտեն» (Մատթ. Ի 18), նաև՝ «Մարդու Որդին պիտի մատնվի խաչը ելնելու համար» (Մատթ. ԻԶ 2), սակայն թշվառականը չէր կարողացել հասկանալ այս խոսքերի իմաստը: Իսկ այս անգամ, երբ լսում է պատանվելու և թաղվելու մասին, հասկանում է, որ այն ինչը հրեաները ցանկանում էին, հնարավոր է: Եվ մտածում է գնալ հրեաների մոտ և նրանցից դրամ ստանալ:
Եվ Հուդա Իսկարիովտացին գնաց փնտրելու քահանայապետերին, ժողովրդի իշխաններին, օրենսգետներին ու փարիսեցիներին, ովքեր տխուր ու տրտում ժողովվել ու խորհում էին, թե ինչպես, ինչ հնարով ազատվեն Հիսուսից, քանի որ ամբողջ աշխարհը Նրա կողմն է՝ և՜ հրեաները, և՜ հեթանոսները, և՜ սամարացիները, և՜ հյուսիսի կողմից եկածները, մինչև անգամ Հայոց արքան՝ Աբգարը, ով բնակվում էր Եդեսիա քաղաքում , Հիսուսին Աստծու Որդի էր խոստովանում:
Հրեաները մտածում էին. «Եթե Նրան չսպանենք, ապա կկորչի մեր ամբողջ ազգը, իսկ եթե Նրա վրա ձեռք բարձրացնենք, ապա Նրան ուղեկցող ժողովուրդը մեզ կքարկոծի ու կսպանի, ինչպես չարագործների ու ավազակների: Իսկ եթե նույնիսկ, մի հնարով, Նրան միայնակ գտնենք, հնարավոր է որ չկարողանանք Նրա վրա ձեռք բարձրացնել, ինչպես մի ժամանակ ամբոխը չկարողացավ Նրան լեռան վրայից գահավեժ անել, ինչպես և Երուսաղեմում չկարողացան Նրան քարկոծել, որովհետև ծովի վրայով ճանապարհ բացեց ու գնաց, մրրկածին ալիքներին սաստեց, իսկ մեռելին միայն խոսքով հարություն տվեց: Հնարավոր է նաև, որ Նա չմահանա, իսկ մենք դրանով ցույց տանք աշխարհին, որ Հիսուս անմահ է: Իսկ եթե հեթանոսներն իմանան, որ չենք կարողանում Նրան սպանել, ապա կգան նրանց իշխանները և կերկրպագեն Նրան՝ որպես անմահ Աստծու, և մեզ որպես աստվածամարտի կհալածեն»:
Արդ՝ չիմանալով, թե ինչպիսի հնար գտնեն Նրա դեմ, տարակուսում էին ամեն կողմից, քանի որ Տերը մեծամեծ, սքանչելի ու հրաշափառ նշաններ գործեց, որը մարդկանցից և ոչ ոք չի կարողացել անել: Ապա ասում էին. «Մովսեսը աստվածային նշաններով Իսրայելի մեջ փառավորվեց և եգիպտացիների մեջ ատելի դարձավ, իսկ Սա ամբողջ տիեզերքին է սիրելի: Եվ ինչո՞ւմ է այդ մեծ փորձության իմաստը, որ հասավ մեր վրա, մեր ժամանակներում, և որպես մահվան երկյուղ պաշարեց մեզ»:
Եվ մինչ քահանաները խորհում էին ու վրդովվում, եկավ Հուդան և կանգնեց նրանց մեջ: Երբ նրանք տեսան Հուդային, շտապեցին նրանից գաղտնիքներ կորզել, և Հուդան նրանց պատասխանեց. «Ինչո՞ւ եք վախենում Նրանից, ահա ես եկել եմ միաբանվելու ձեզ հետ, որպեսզի ձեզ օգնեմ ու զորավիգ լինեմ»:
Քահանաները պատասխանեցին Հուդային. «Արի ու կանգնիր մեր մեջ և ասա, ո՛վ սիրելի, թե ինչպես են իրականանալու մեր սրտի խորհուրդները»: Հուդան նրանց ասաց. «Նրա խոսքերից ամեն ինչ ստուգապես իմացա, քանի որ Նա մի գաղտնիք հայտնեց Իր աշակերտներին»:
Քահանաները նրան պատասխանեցին. «Քո խոսքերից թեթևացած՝ զվարճանում են մեր իշխանական սրտերը»: Ապա, որպես գարշահոտ գերեզման, ամբարիշտ Հուդան բացեց իր անսուրբ բերանը և անօրեն խոսքեր ասաց անօրեն քահանաների լսելիքին՝ վաճառելով բոլորիս Աստծուն, Ով նստում է քերովբեների վրա և գնում Իր արարածներին Իր սուրբ ու պատվական Արյունով: Նա ասաց. «Երբ գնացինք Փիլիպպյան Կեսարիայի կողմերը, Հիսուս ասաց, որ Ինքը պետք է գնա Երուսաղեմ և բազում չարչարանքներ կրի: Եվ մինչ Գալիլիայում էինք, Նա ասաց, որ մատնվելու է մարդկանց ձեռքը և Իրեն չարչարելու են, իսկ երբ Երիքովով բարձրացանք Երուսաղեմ, Հիսուս մեզ առանձին ասաց. «Ահավասիկ, Երուսաղեմ ենք բարձրանում, և Մարդու Որդին պիտի մատնվի քահանայապետերին ու օրենսգետներին. և Նրան մահվան պիտի դատապարտեն»: Եվ այսօր, երբ Սիմոն բորոտի տանը ճաշում էինք, մի կին եկավ և ազնիվ ու թանկարժեք յուղ լցրեց Նրա գլխին, և այդ յուղի կորուստը մեզ հաճելի չթվաց: Մենք կշտամբելով հանդիմանեցինք այդ կնոջը՝ յուղը թափելու համար, իսկ Հիսուս մեզ ասաց, թե Իր Մարմնի վրա այդ յուղի թափումը՝ Իր թաղումն է խորհրդանշում: Արդ՝ խրախուսվելով քաջալերվեք, քանզի ճշմարտապես դա այդպես է»:
Քահանաները նրան ասացին. «Մենք քեզ երեսուն արծաթ կտանք, իսկ դու ամեն կերպ ջանք թափիր, որպեսզի Նրան մեր ձեռքը հանձնես, բայց ոչ այս տոնին, որպեսզի ժողովրդի մեջ խռովություն չծագի, և մեզ չքարկոծեն ու սպանեն»:
Հուդան պատասխանեց. «Հիսուս ասել է, թե երկու օր հետո Զատիկ է, և Նա պիտի մատնվի ու խաչը բարձրացվի: Արդ՝ այն օրն ու ժամը, որ Նա սահմանեց Իր մահվան համար, անխախտ է, և այդ ժամին էլ կատարվելու է, քանի որ Նրա խոսքերը ճշմարիտ են, այդ պատճառով էլ պետք է այդ ժամին գործել»: Քահանաները հարցրեցին, թե իրենք ինչպե՞ս կարող են այդքան ժողովրդի մեջ Նրան բռնել:
Հուդան պատասխանեց. «Նա սովորություն ունի ցերեկը ժողովրդին ուսուցանել տաճարում, իսկ երեկոյից մինչև առավոտ առանձնանալ Իր աշակերտների հետ»: Նաև ասաց, որ ինքը հաստատապես գիտի Նրա տեղը և կարող է հարմար պահին Նրան մատնել քահանաների ձեռքը:
Քահանայապետերը զգուշացան, որ եթե Հուդան գիշերը Նրան մատնի իրենց ձեռքը, ապա Նրան ձերբակալելիս Նրա աշակերտները կարող են փախչել քաղաք և լուր տալ ժողովրդին, ինչը կարող է խանգարել իրենց ծրագրի իրականացմանը: Հուդան ասաց, որ պետք է Պիղատոսին դատավոր կարգել իրենց վրա, և զորքերից, որոնց կայսրը նշանակել է քաղաքը պահպանելու, իբրև օգնություն մի դասակ խնդրել՝ իր հրամանատարով հանդերձ, ովքեր ջահերով ու զենքերով առջևից կգնան, իսկ ինքը՝ Հուդան, կգնա քահանաների ու դպիրների հետ: Եվ երբ բազմությունը լսի, որ զորքն ու կուսակալը քահանաների հետ են, կերկյուղի և չի համարձակվի նրանց հակառակվել:
Քահանաները կասկած հայտներցին, որ հնարավոր է՝ գիշերը Հիսուսին չկարողանան ճանաչել, և Նա խույս տա ու փախչի, մանավանդ երբ հեռվից երևա ջահերի լույսը, և բացահայտվի իրենց անելիքը: Հուդան այս կասկածը նույնպես փարատեց՝ ասելով, որ ինքն ու քահանաներն առջևից կգնան, և երբ մոտենան, ինքը կհամբուրի և կխոսի Հիսուսի հետ և այդ պահին իրենք կձերբակալեն: Եվ Հուդայի խոսքերը հաճելի թվացին քահանաներին:
Այս ամենից հետո Հուդան վերադարձավ Վարդապետի մոտ և հարմար պահ էր փնտրում, որպեսզի երեսուն արծաթով մատնի տերերի Տիրոջը և աստվածների Աստծուն: Եվ աշխարհի կյանքի Տերը վաճառվում է Ադամի որդիների փրկության համար, որպեսզի Իր սուրբ և պատվական Արյամբ գնի մարդկանց, աշխարհը լուսավորի մեղքի խավարից ու նորոգի տիեզերքի հնությունը:
Հատված՝ Արամ Դիլանյանի «Տերունական տոներ» գրքից և «Սյունյաց կանթեղ» (ամսաթերթ)-ից