Աստվածաշնչում ասվում է, որ արդարի աղոթքը շատ զորավոր է: Ո՞վ է արդարը

  Այդ խոսքերն ասում է Հակոբոս առաքյալը, երբ խոսում է մեղքերի խոստովանության, բժշկության մասին` նշելով, որ արդարի աղոթքը շատ ազդեցիկ է և օգնում է (Հակ. 5.16): Սակայն արդար լինելու մասին Պողոս առաքյալը Հռոմեացիներին ուղղված թղթում ասում է. «Ոչ ոք արդար չէ, ոչ իսկ մեկ հոգի» (3.10): Պողոս առաքյալը կորնթացիներին ուղղված առաջին թղթում խոսում է նաև հոգեպես կատարյալների մասին (2.6): Ուրեմն, պետք է արդար հասկացության մի քանի տեսակներ առանձնացնենք` բացարձակապես արդարություն, որ հատուկ է Աստծուն և համեմատական արդարություն, որ հատուկ է մարդուն: «Ոչ ոք արդար չէ» խոսքը վերաբերում է համեմատական արդարությանը, որովհետև Աստծո բացարձակ արդարության համեմատ ոչ ոք արդար չէ, բացի դրանից դա ցույց է տալիս մարդու մեղավոր լինելը: Մարդը մեղանչական է իր անկյալ բնությամբ, և կյանքում մեղքեր է գործում, որով և մարդը չի կարող բացարձակ արդար լինել, բայց սրբվում և արդարանում է, երբ Աստված մաքրում, ներում, քավում է մարդու մեղքերը, Իր արդարությունից փոխանցում մարդուն: Այս իմաստով կարող ենք իրապես ասել, որ ոչ ոք արդար չէ, ոչ իսկ մեկ հոգի:

 Պողոս առաքյալի նշած` հավատքով կատարյալներն արդեն այն մարդիկ են, ովքեր, մեղքերի համար զղջալով, հավատքի, հոգևոր ապրումների մեջ առաջանալով, հասել են հոգևոր առումով որևէ առաջընթացի: Առաքյալի մտածելակերպի մեջ մենք տեսնում ենք, որ նա հավատացյալներին երկու խմբի է բաժանում` սկսնակ հավատացյալներ, որոնց կոչում է մանուկներ, համեմատում երեխաների հետ և նրանց պարզ ձևով բացատրում հոգևոր իրողությունները, ինչպես որ մանուկներին կաթ են տալիս և ոչ պինդ կերակուր (Ա Կորնթ. 3.2): Եվ նշում է հոգեպես կատարյալներին, հասունացածներին (Ա Կորնթ. 2.6), որոնք մանուկների համեմատությամբ արդեն հոգևոր խորը ապրումներ ունեցող, հոգևոր փորձառությամբ մարդիկ են: Հակոբոս առաքյալը հենց այսպիսիներին նկատի ունի, երբ ասում է, որ արդարի աղոթքը զորավոր է և կարող է օգնել: Սակայն պետք է նկատի ունենալ, որ այդպիսի աղոթքը կարիքն ունի այն մարդու գործակցության, ում համար աղոթում են, որպեսզի այդ մարդը նաև իր կամքով չշարունակի մնալ մեղքերի մեջ և ապրի աստվածահաճո կերպով:

Ադամ քահանա Մակարյան «Ոչ միայն հացիվ»
Սուրբ Էջմիածին 2016թ.