Աստված աշխարհը ստեղծել է ոչնչից:
Ամեն ինչ սկիզբ ունի, բայց Աստված անսկիզբ է եւ Իր կողմից ստեղծված որեւէ բանի կարիքը չունի, քանզի կատարելապես ինքնաբավ է ու երանելի:
Ուրեմն ինչո՞ւ Աստված արարեց աշխարհը…
Նա ամեն ինչ ստեղծեց Իր անսահման բարության պատճառով, որպեսզի արարածները Իրենից ստանան այնքան բարիք, որքան կարող են ընդունել, եւ սքանչանան ու երանության մեջ լինեն մշտապես:
Աստված ամեն ինչ արարեց Իր խոսքով, քանզի Նա ամենակարող է:
Նա աշխարհը չստեղծեց միանգամից, այլ որոշակի ժամանակի՝ 6 օրվա ընթացքում: Այդ օրերը մեզ ծանոթ՝ 24-ժամանոց օրերը չէին. չէ՞ որ այն ժամանակ տակավին չկար Երկիր մոլորակը իր 24-ժամյա պտույտով: Մենք չենք կարող պատկերացնել արարչագործության օրերի տեւողությունը: Ինչպես գրված է Սուրբ Գրքում, «Աստծո մեկ օրը հազար տարի է» [Բ Պետ. 3.8]: Այնպես որ, այդ օրերը կարող ենք անվանել նաեւ դարեր կամ դարաշրջաններ: Եվ սակայն դա էլ խիստ պայմանական է:
Եվ այսպես, սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը: Դա ոչ թե մեզ այսօր տեսանելի աստղալից երկինքն ու մեր երկրագունդն էր, այլ այսպես ասելով՝ Սուրբ Գիրքը նկատի ունի երկու՝ աննյութական եւ նյութական աշխարհները: Երկինքը, այսինքն՝ հոգեւոր աշխարհը, աննյութական եւ անմահ բանական արարածներն են՝ հրեշտակները: Իսկ երկիրը՝ նյութական աշխարհը, սկզբում անտեսք էր, այսինքն՝ չուներ ձեւ, որովհետեւ սկզբում այն ընդամենը նախնական նյութականություն էր, որից պետք է աստիճանաբար՝ 6 «օրվա» ընթացքում ձեւավորվեին նյութական առարկաները՝ տեսանելի երկինքը, աստղերը, երկրագունդը եւ այնտեղ գտնվող ամեն ինչ:
Առաջին օրը Աստված ստեղծեց լույսը: Այն ոչ թե արեգակից կամ կրակից արձակվող լույսն էր, այլ նյութականության առաջին դրսեւորումը:
Այսօր գիտությունը գտնում է, որ լույսը գոյություն ունի անկախ արեւից, կրակից: Ավելին՝ պարզվում է, որ նյութի նախնական հիմքը էներգիան է, իսկ էներգիայի նախնական կերպը լուսային էներգիան է: Այսպիսով պարզ է դառնում, թե ինչու նյութական աշխարհի ձեւավորման սկզբում Աստված ստեղծեց լույսը:
Երկրորդ օրը Նա ստեղծեց հաստատությունը, այսինքն՝ այն անսահման տարածությունը, որը շրջապատում է մեր երկրագունդը՝ տեսանելի երկինքը:
Նյութական աշխարհը սկսեց ձեւ ստանալ՝ բաժանվելով անթիվ գնդերի, որոնք կարծր նյութ չէին: Սուրբ Գիրքը դրանք ջրեր է կոչում: Այդ գնդաձեւ ջրերի միջեւ ստեղծված տարածությունը բաժանում է նրանց եւ ձգողության ուժով հաստատուն պահում հեռավորությունը միմյանց միջեւ: Այս պատճառով այդ տիեզերական տարածությունը կոչվում է հաստատություն:
Երրորդ օրը Աստված ջուրն անջատեց ցամաքից, այսինքն՝ Նրա հրամանով մեր մոլորակի ոչ կարծր, գնդաձեւ նյութական հիմքը վերակերտվեց ջրի եւ ցամաքի: Ցամաքի վրա առաջացան ջրատար խորություններ՝ գետեր, լճեր, ծովեր: Այսպիսով, երբ ավարտվեց ջրի եւ ցամաքի բաշխումը, եւ ստեղծվեցին կյանքի համար անհրաժեշտ պայմաններ, Արարչի հրամանով երկրի վրա հայտնվեցին բույսերի բազմաթիվ տեսակներ:
Սակայն ինչպե՞ս կարող է առանց արեւի ծագել բուսական աշխարհը: Չէ՞ որ արեգակը Աստված երրորդ օրը դեռեւս չէր ստեղծել: Այսօր դա չպետք է զարմացնի մեզ. բազմաթիվ գիտափորձեր ցույց են տվել, որ բույսերը կարող են աճել եւ զարգանալ էլեկտրական հոսանքի միջոցով: Ուստի կարող ենք ասել, որ առաջին բույսերն աճել են նախնական՝ դեռեւս ցրված լույսի ազդեցությամբ: Սակայն նրանց տեսքը եւ զարգացումը ներկայիս նման չէր: Դրանք վիթխարի կանաչ զանգվածներ էին, որոնց քարացած մնացորդն է մեզ հայտնի քարածուխը:
Արարչության չորրորդ օրը Աստծո հրամանով մեր երկրագնդի վրա շողացին երկնային լուսատուները՝ արեւը, լուսինը, աստղերը: Տիեզերքում առաջացած որոշ գնդաձեւ մարմինների մեջ նախաստեղծ լույսն այնպես կենտրոնացավ, որ նրանք սկսեցին ինքնուրոյն լույս ճառագել: Դրանք մեզ տեսանելի լուսատուներն են՝ արեգակն ու աստղերը: Գնդաձեւ մյուս մարմինները մեր երկրագնդի պես մնացին կարծր, սակայն ընդունակ անդրադարձնելու լուսատուների լույսը, ինչպիսին է լուսինը: Այդ պատճառով այն նույնպես լուսատու է կոչվում:
Հինգերորդ օրը Աստված ստեղծեց ջրում ապրող կենդանիներին եւ օդում թռչող թռչուններին: Այս օրը բնության մեջ առաջացան նոր, շնչավոր, ինքնուրոյն շարժվող եւ զգացող էակներ: Օժտելով բազմանալու կարողությամբ եւ օրհնելով այդ՝ Աստված նրանց տվեց սերունդներ ունենալու կարողություն՝ յուրաքանչյուրն ըստ իր տեսակի:
Վեցերորդ օրը Աստված ստեղծեց կենդանիներին եւ վերջապես՝ մարդուն: Եթե զեռուններին ու թռչուններին Նա ստեղծեց ջրից, ապա կենդանիների եւ մարդու ստեղծման համար դիմեց ցամաքին՝ կենդանացնող զորություն հաղորդելով երկրին: Եվ առաջացան բազմաթիվ կենդանիներ՝ իրենց զանազան տեսակներով:
Այնուհետեւ Աստված ասաց. «Ստեղծենք մարդուն Մեր պատկերով եւ նմանությամբ» [Ծն. 1.26]: Նա հողից ստեղծեց մարդու մարմինը եւ նրա մեջ անմահ հոգի փչեց: Մարդը դարձավ տիեզերքի պսակը՝ այն միակ կենդանի արարածը, որը նման է Աստծուն, այսինքն՝ ունի բանական հոգի եւ միտք:
Իսկ յոթերորդ օրը Տերը հանգստացավ Իր բոլոր գործերից, այսինքն՝ դադարեց արարչագործել: Նա օրհնեց այդ օրը եւ մարդուն էլ պատվիրեց շաբաթվա յոթերորդ օրը չաշխատել, այլ հանգստանալ՝ թողնելով կենցաղի հոգսերը եւ ամբողջովին նվիրվելով աստվածպաշտության:
Աղբյուր՝ «Սրբազան ժառանգություն» Հայ քրիստոնեական մշակույթի համառոտ հանրագիտարան: