Արարչագործության աստիճանակարգությունը

Astichanakargutyun 768x660 - Արարչագործության աստիճանակարգությունը

«Երկինքը պատմում է Աստծու փառքը, եւ երկնքի հաստատութիւնը յայտնում է նրա ձեռքի գործերը» (Սաղմ. ԺԸ 2):
Ասվածաշունչի առաջին իսկ տողերից միանգամայն հստակ կերպով երևան է գալիս այն հանգամանքը, որ ստեղծագործության մեջ կատարվող յուրաքանչյուր ընթացք ու զարգացում, բառացիորեն ամեն բան իր գոյությունն է ստանում միմիայն ու բացառապես Աստծո կամքով (Ծննդ. Ա 9, 11, 14, 22, 26, Զ 3, 7, Բ 6-7, Գ 14-19, Դ 15, ), ունի իր աստիճանակարգությունը «Ի սկզբանէ Աստուած ստեղծեց երկինքն ու երկիրը… Եւ Աստուած ասաց. Թող լոյս լինի… Թող տարածութիւն առաջանայ ջրերի միջեւ… Եւ եղաւ այդպէս» (Ծննդ. Ա 1, 3, 6-7) և տեղի է ունենում կամ իրականանում է Աստծո ներգործությամբ (Ծննդ. Ա 1, 3-4, 10-11) ):

 «Տէր Աստուած ասաց. «Լաւ չէ, որ մարդը միայնակ լինի: Նրա նմանութեամբ մի օգնական ստեղծենք նրա համար» (Ծննդ. Բ 18): «…Դուք չէ՞ք կարդացել, թէ նա, ով սկզբից ստեղծեց, արու եւ էգ արեց նրանց… երկուսը մէկ մարմին պիտի լինեն: Ապա ուրեմն՝ ոչ թէ երկու, այլ մէկ մարմին են: Արդ, ինչ որ Աստուած միացրեց, մարդը թող չբաժանի» (Մատթ.ԺԹ 4 6, հմմտ. Մարկ. Ժ1-12) «Իւրաքանչիւր ոք զիւր կին այնպէս սիրեսցէ իբրեւ զիւր անձն, եւ կին երկնչիցի յառնէ իւրմէ» (Եփ. Ե 33): Ընդհուպ մինչև իսկ «կիրակի» օրվա գործառույթն (Ծննդ. Բ 3) ու ամուսինների փոխադարձ հարաբերության սկզբունքը՝«Սիրեսցես զընկեր քո իբրեւ զանձն քո» (Ղևտ. 19:18, Մատթ. 22:39, Մարկ. 12:31, Ղուկ. 10:27): «աշխարհի բնական ու պատմական ընթացքը հառաջ է գնում Աստուծո գերբնական ու բարձր ներգործությամբ, սակայն յուր իսկ դրած բնական կարգավորությամբ և հաստատած անշեղլի օրենքով (Ծննդ., Ը 22): Այդ օրենքի աստվածային պահպանությամբ պայմանավորված է ուրեմն աշխարհի հառաջադիմության կանոնավոր ընթացքը… Աստուծո արարչական ներգործությամբ մի ավելի բարձր զարգացման աստիճանավորություն է հառաջ գալիս ցածր աստիճանից` ըստ տնօրինական ներգործության» (Արշակ Տեր-Միքելյան «Քրիստոնեական»)։ Ուրեմն, աշխարհի պահպանման կանոնավոր ընթացքը, այլ խոսքով՝ ներդաշնակությունը, պայմանավորված է Աստծո կամքի «անշեղ օրենքով», «արարչական ներգործությամբ» և աստիճանավորությամբ (Ծննդ Ա 5, 8, 13):

 Ըստ այսմ էլ, ստեղծագործության առաջին օրն Աստված ստեղծեց լույսը: երկրորդ օրն Աստուած ստեղծեց տարածութիւնը և տարածութիւնը կոչեց երկինք (հմմտ. Ծննդ. Ա 6-8)։ Երրորդ օրն Աստված զատեց ջրերը ցամաքից և երկրի վրա միրգ ու պտուղ աճեցրեց (հմմտ. Ծննդ. Ա 9-12)։ Չորրորդ օրն Աստված ստեղծեց լուսատուները (հմմտ. Ծննդ. Ա 14-18)։ Հինգերորդ օրն Աստված ստեղծեց կենդանական աշխարհն ու օրհնեց դրանք (հմմտ. Ծննդ. Ա 20-25

 Երբ Աստուած ասաց. «Թող լոյս լինի», լույսի հետ ստեղծեց նաև երկնային զորքերի բազմությանը՝ հրեշտակներին (Ա Կող. Ա 16, Հոբ. ԼԸ 7), որոնք, երբեմն-երբեմն հիշատակվում են հատուկ անուններով (Գաբրիել՝ Պատկեր Աստուծո, Միքայել՝ հզոր, Ռափայել՝ բժշկություն և այլն (տե՛ս Դան. Թ 21, Ժ 13, 21, ԺԲ 1. Ղուկ. Ա 19, 26, Տովբ. ԺԲ 15. 4 Բ Եզր. Դ 1, Ե 16), ինչը ցուցանում է վերջիններիս անձ և անհատականություն լինելու պարագան և համաձայն իրենց «ծառայական պարտականությունների» (Ծննդ. ԻԸ 12, Մատթ. ԺԸ 10, Ղուկ. ԺԵ 10, Հով. Ա 51.), դիրքի և նշանակության (Սաղմ. ՃԽԸ 1-2, ՁԸ 8, Ես. Զ 3, Հաճ. ԺԲ 25), ըստ աստվածային՝ ցածրից դեպի բարձրը տնօրինության, աստիճանակարգությամբ հայտնի են՝ հրեշտակներ, հրեշտակապետեր, պետություններ, իշխանություններ, զորություններ, տերություններ, սերովբեներ (գլխավորներ), քերովբեներ (զորավորներ), աթոռներ (Ծննդ. Գ 24, Ա Թագ. Դ 4, Սաղմ. ԺԷ 11, Ես. ԼԷ 16, Զ 26, Հուդ. Թ 1, Ա Տիմ. Ե 21, Ա Թես. Դ 16, Հռ. Ը 38, Եփես. Ա 21. Գ 10. Կող. Ա 16, Ա Պետր. Գ 22) դասակարգումով:

 Բնական բարձր կարողություններով օժտված լինելով (Սաղմ. ՃԽԸ 1-3, Մատթ. ԻԴ 36, Բ Թես. Ա 7, Բ Պետր. Բ 1, Կող. Ա 16), հրեշտակներից յուրաքանչյուրը, կախված հրեշտակային դասում զբաղեցրած դիրքից ու աստիճանից, ունի իր ծառայության դաշտը. որոշներ՝ պահապաններ են, որոշներ՝ արդարների հովանավորներ, որոշներ՝ Աստծո արքայության համար երկրի վրա գործողներ և այլն (Մատթ., ԺԸ 10. Ղուկ., ԺԵ 10. Ծննդ., ԻԸ 12. Հով., Ա 51. Հաճ., ԺԲ 25), որոնք ծառայում են Աստծո արքայության նպատակներին (Եզնիկ). «Ուստիև դոքա հրեշտակ անունն են կրում, այն է` դեսպան, պատգամաբեր (մալեաքիմ, անգելոս)։ Նոքա երկնաբնակ են (Հուդ., 6), մանկություն ու ծերություն, սեռ, ծնունդ ու սեփական պատմական զարգացումն չունին (Մատթ., ԻԲ 30. Ղուկ., Ի 35-36. Եզնիկ, 97, 101, 102, 287) և, միայն իջնելով ու մարդկանց գործերին մասնակցելով, մտնում են մարդկային պատմական կյանքի մեջ» (Արշակ Տեր-Միքելյան «Քրիստոնեական»):

 (Ի դեպ, Եկեղեցին, որպես ասվածայինի տեսանելի ներկայություն երկրի վրա, հենց երկնային աստիճանավորումից է որդեգրել իր նվիրապետությունը (վաղ Եկեղեցու նվիրապետությունը հիմնականում ունեցել է երեք աստիճան՝ սարկավագություն, քահանայություն եւ եպիսկոպոսություն): Ժամանակի ընթացքում, նվիրապետական աստիճաններն առատացել են, և հրեշտակների 9 դասերի նմանությամբ, ձեւավորվել է Հայ Եկեղեցու նվիրապետությունը, հետևյալ աստճանակարգությամբ՝ դռնապանություն, ընթերցողություն, երդմնեցուցչություն, ջահընկալություն, կիսասարկավագություն, սարկավագություն, քահանայություն, եպիսկոպոսություն, կաթողիկոսություն):

 Ինչպես հավաստում է Ս. Գիրքը, ստեղծագործության ամեն մի «փուլից» հետո «Աստուած տեսաւ, որ դրանք լաւ են»: Ապա Աստուած ասաց. «Մարդ ստեղծենք մեր կերպարանքով ու նմանութեամբ… Աստուած օրհնեց նրանց ու ասաց. «Աճեցէ՛ք, բազմացէ՛ք, լցրէ՛ք երկիրը, տիրեցէ՛ք դրան»: Հետայնու Աստուած ասաց. «Ահա ձեզ տուեցի ողջ երկրի վրայ տարածուած սերմանելի բոլոր բոյսերի սերմերը եւ իրենց մէջ պտուղ սերմանելու սերմ պարունակող բոլոր ծառերը: Դրանք թող ձեզ համար սնունդ լինեն… Աստուած տեսաւ, որ այն ամէնը, ինչ ստեղծել էր, շատ լաւ է: Եւ եղաւ երեկոյ, եւ եղաւ առաւօտ՝ օր վեցերորդ» (հմմտ. Ծննդ. Ա 26-31)։ Բավական հստակ նկատելի է, որ ասեղծագործության մեջ առկա է ժամանակ, տարածություն և մանավանդ՝ աստիճանակարգություն, չնայած որ «Տիրոջ համար մեկ օրը` ինչպես հազար տարի է, և հազար տարին` ինչպես մեկ օր» (հմմտ. Բ Պետր. Գ 8, Ծննդ ԻԱ 33): Աստիճանակարգությունը, անկախ մեր գիտակցական աստիճանից, ևս պատճառաբանված է և ունի իր տրամաբանությունը:

 Աստված արարչագործության վերջում «ըստ պատկերի իւրում եւ նմանութեան» (Ծննդ. Ա 26, 27, Բ 2, 7) ստեղծեց մարդուն, ինչը հուշում է, որ մա՛րդն է արարչագործության կենտրոնն ու նպատակը: Ըստ որում՝ «բանաւոր` մարդ եւ հրեշտակ միայն, եւ Աստուած ի վեր քան զերկինս եւ զերկիր» (Եղիշե, 27, Հարցմանց 271, 273)։ Ուրեմն միայն մարդն ու հրեշտակային դասն է, որ բանականությամբ Աստծո պես է: Եվ որովետև Աստված Հոգի է, հետևաբար մեր «պատկերն ու նմանությունն» էլ հոգևոր բովանդակություն ունի:

 Բացի դրանից, եթե այլ պարագաներում Աստված ասում է. «Թող լինի» կամ «թող այսպես լինի», ապա մարդու դեպքում առկա է՝

 ա) հոգնակի-ով դիմելաձև՝ «Մարդ ստեղծենք մեր կերպարանքով ու նմանութեամբ…» (ինչը Սուրբ Երրորդության և մեկ(անբաժան) Աստուածության համախորհուրդ և անփոփոխ ներկայության փաստումն է)

 բ) Աստված մարդուն իրավունք և պարտականություն է տալիս, այլ կերպ ասած՝ շնորհում է իրեն (Աստծու հետ) գործակցելու առաքելություն, ասելով՝ «նա թող իշխի…» (հմմտ. Ծննդ., Ա 28. Թ 1-3. Սաղմ., Ը 7. Իմաստ., Թ 1-3. Սաղմ., ՃԺԳ 24): Որի համար առաքյալը հորդորում է. «Փառաւոր արարէք. զԱստուած ի մարմինս ձեր եւ յոգիս, որ է Աստուծոյ» (Ա Կոր. Զ 20)

 գ) Աստված իր անսպառ սիրո և ողորմության հետևանքով և սիրո արքայություն հաստատելու ճանապարհին, իր հայտնությունն է շնորհում ստեղծվածին և ի մասնավորի՝ ստեղծագործելու առանձնաշնորհը. «Եւ Աստուած մարդուն ստեղծեց իր պատկերով, Աստծու պատկերով ստեղծեց նրան»

 դ) Իբրև հաստատում իր հայրական սրբության և արդարության, Աստված անձամբ է մասնակից ու հաղորդակից մարդու ստեղծմանը. «Տէր Աստուած նրա դէմքին կենդանութեան շունչ փչեց, եւ մարդն եղաւ կենդանի էակ» (հմմտ. Ծննդ. Ա 26- 31, Բ 7«Ուստիև մարդու ճշմարիտ զարգացումն ու հառաջադիմությունը ոչ թե ինքնուրույն է, այլ հիմնված է Աստուծո արարչության սկզբունքի վրա և սերտ կապակցված է նորա հայտնության ու շնորհաց հետ… Եվ մարդու այս մեծ առավելությունն արտահայտվում է այնով, որ Աստուծո Որդին ոչ թե հրեշտակացավ, այլ մարդացավ (Եբր., Բ 16.), ուստիև Աստուծո սուրբերը հրեշտակներին անգամ դատում են (Ա Կոր., Զ 3)» (Արշակ Տեր-Միքելյան «Քրիստոնեական»)։

Հոդվածը պատրաստեց Տեր Իսահակ վարդապետ Պողոսյանը