Առաքինություն

Araqinutyunner 658x660 - Առաքինություն

Առաքինություն է կոչվում մարդու այն բարի հատկությունը, որով նա մտքով, խոսքով կամ գործով վարվում է Աստծո պատվիրանների համաձայն եւ չի մեղանչում:
Ըստ վարդապետների՝ առաքինությունն իրագործվում է միայն Աստծո շնորհով: Թեեւ այս բառը գործածվում է նաեւ ոչ հոգեւոր իմաստներով՝ նշանակելով բարեխղճություն, պատվարժանություն, հայրենասիրություն, ազնվություն եւ այլն, սակայն դրանցով օժտված մարդուն դեռեւս չի կարելի կոչել առաքինի, եթե նրա մեջ այդ ամենը հիմնված չէ Աստծո հանդեպ հավատի վրա:
Հետեւաբար, առաքինությունների սկիզբն է հավատը՝ ճշմարիտ, ուղղափառ հավատը Աստծո եւ Նրա խոսքի նկատմամբ:
Առաքինությունները բաժանվում են մի քանի խմբի.
ա. աստվածային կամ աստվածաբանական առաքինություններ, որոնք վերաբերում են Աստծուն. դրանք են հավատը, հույսը եւ սերը.
բ. մարդկային կամ մարդաբանական առաքինություններ, որոնք իրագործվում են սեփական անձի եւ մերձավորների հանդեպ, որոնք են խոհեմությունը, արիությունը, ողջախոհությունը եւ արդարությունը.
գ. ստացական առաքինություններ, որոնք բազմաթիվ են, սակայն ըստ էության ամփոփվում են հետեւյալ երեք գործերում՝ աղոթք, պահք եւ ողորմություն. աղոթքն արտահայտում է մարդու պարտավորություններն Աստծո հանդեպ, պահքը՝ սեփական անձի, իսկ ողորմությունը՝ մերձավորի:
Գոյություն ունեն շատ առաքինություններ, որոնք հակակշռում են մեղքերին, ինչպիսիք են, օրինակ, խոնարհությունն ու հեզությունը, հնազանդությունն ու աշխատասիրությունը, չափավորությունը եւ պարկեշտությունը: Բոլոր առաքինություններն էլ ձեռք են բերվում աստվածային շնորհի եւ համբերատար ճիգերի միջոցով: Շնորհը տրվում է ըստ մարդու հավատի, իսկ ճիգերը գործադրվում են Աստծո հանդեպ սիրուց:

Աղբյուր՝ «Սրբազան ժառանգություն» Հայ քրիստոնեական մշակույթի համառոտ հանրագիտարան: