Ապրիլի 6-ը հռչակվեց համայնավարական բռնապետության տարիներին հալածված և նահատակված հոգևորականների հիշատակի օր

 Ապրիլի 6-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում` Նահատակ հոգևորականաց հուշապատի առջև, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց հոգեհանգստյան կարգ համայնավար բռնապետության զոհ դարձած հոգևորականների համար:

 Արարողության ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը ապրիլի 6-ը` Երանաշնորհ Տ.Տ. Խորեն Ա. Մուրադբեկյան Ամենայն Հայոց Հայրապետի նահատակության օրը, հռչակեց համայնավարական բռնապետության տարիներին հալածանքների ու աքսորի ենթարկված և նահատակված հոգևորականների հիշատակի օր:

 Հոգեհանգստյան կարգին մասնակցում էին Մայր Աթոռի միաբաններ, պաշտոնեությունը և բարեպաշտ հավատացյալներ, ինչպես նաև բռնադատված եկեղեցականների ժառանգներ և հարազատներ:

 Արարողության ավարտին Ամենայն Հայոց Հայրապետը օրվա խորհրդի շուրջ իր պատգամն ուղղեց ներկաներին:

«Աղոթական ոգով կատարեցինք համայնավարական բռնապետության տարիներին նահատակված մեր Սուրբ Եկեղեցու արժանավոր սպասավորների հոգեհանգստյան արարողությունը:

Մեր նահատակյալ հոգևորականների շարքում է նաև եկեղեցամարտ իշխանությունների կողմից բռնության ենթարկված ու սպանված Խորեն Ա Մուրադբեկյան Ամենայն Հայոց Կաթողիկոսը` դժվարին ժամանակներում հայոց հոգևոր կյանքի վերազարթոնքի համար անձնդիր ջանքեր ներդրած մեծանուն Հայրապետը, ում մահվան տարելիցն է այսօր:

Ոգեկոչման այս արարողությունը վերստին մեզ առիթ է ընծայում անդրադառնալու պատմության հոլովույթներում Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու կրած զրկանքներին ու փորձություններին, որոնց միջով անցնելիս մեր Մայր Եկեղեցին չի սասանվել, այլ հաստատուն քայլերով շարունակել է իր առաքելությունը մեր ժողովրդի կյանքում` շնորհիվ նվիրյալ սպասավորների կորովի ջանքերի ու սխրանքների: Երկնահաճո և ազգօգուտ ծառայությունը նորոգ ձեռքբերումներով զարդարելու վճռականությամբ լցված` հալածանքների ժամանակաշրջանում Տիրոջ արժանավոր սպասավորները ապրում ու գործում էին բազում արգելքների ու խոչընդոտների մեջ, առ Բարձրյալն աղոթքով, առ Քրիստոս մեր Տերը անբեկանելի հավատարմությամբ և լուսավոր գալիքի հույսով: Պատմական այդ ծանր շրջանում մեր հոգևորականներն իրենց կյանքը զոհեցին, որպեսզի անմար մնա հավատքի լույսը հայոց մեջ, շարունակվի մեր Սուրբ Եկեղեցու առաքելությունը և հավատավոր հայոց ազգին դեպի  փրկություն և հավիտենություն առաջնորդելու ծառայությունը` համահունչ առաքելական խոսքին. «Ինչքան որ շատ բաժնեկից լինենք Քրիստոսի չարչարանքներին, նույնքան և Քրիստոսի միջոցով մեր մխիթարությունն էլ առավել կլինի. քանզի, եթե նեղություն ենք կրում, այդ՝ ձեր մխիթարության և փրկության համար է» (Բ Կորնթ. Ա 5-6):

    Ի հեճուկս 20-րդ դարասկզբին հայ ժողովրդին պատուհասած ցեղասպանության, հընթացս որի նահատակվեցին նաև բազում հոգևորականներ, ստալինյան բռնապետության հալածանքներից ու եղեռնագործություններից ևս չընկճվեց եկեղեցականաց դասի աննկուն ոգին` վերստին ապացուցելով Տիրոջ հետևորդների կամքի հզորությունը և հավատքի մեծագույն ուժը:

Այդ եկեղեցականների լուսավոր կերպարը և անձնազոհության դրսևորումը վառ օրինակ է և ուսանելի մեր ժամանակի հոգևորականաց համար` հայոց ազգային-եկեղեցական անդաստանում նույն նախանձախնդիր ոգով ու գովարժան հանձնառություններով առավել արդյունազարդելու նվիրյալ ծառայագործությունը, արգասավորելու մեր Սուրբ Եկեղեցու պատմական առաքելությունը հայրենիքի և մեր ժողովրդի կյանքում:

    Սիրելիներ, Մեր անձնազոհ հոգևորականների վառ հիշատակի առջև հարգանքով և խոնարհումով Հայոց երանյալ Հայրապետ Խորեն Ա Մուրադբեկյանի նահատակության օրը` ապրիլի 6-ը, հռչակում ենք համայնավարական աստվածամերժ բռնապետության տարիներին հալածանքների ու աքսորի ենթակված և նահատակված եկեղեցականների հիշատակի օր», — ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Ոգեկոչման արարողության առիթով Նորին Սրբությունը Հայրապետական իր գնահատանքն ու օրհնությունը բերեց նահատակված հոգևորականների հիշատակը հավերժացնող հուշապատի կառուցման բարերար Ալեքսանդր Տեր-Ավանեսովին (Մոսկվա, ՌԴ) և շինարար Գագիկ Գալստյանին, աղոթքով հիշեց հուշարձանի ճարտարապետ լուսահոգի Ջիմ Թորոսյանին:

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց, որ Երկնավոր Տերը անսասան պահի հայրենի պետությունը, Առաքելական Սուրբ Եկեղեցին և խաղաղ` հայոց աշխարհը: