Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վրաստանի մշակույթի նախարարին (նկարներ)

22 1 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վրաստանի մշակույթի նախարարին (նկարներ)

 Սեպտեմբերի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարար Միխեիլ Գիորգաձեին՝ ուղեկցությամբ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի:

 Նորին Սրբությունն իր գոհունակությունը հայտնեց Հայաստանի և Վրաստանի մշակույթի նախարարությունների միջև ձևավորված սերտ կապերի և գործակցության առիթով` իբրև վկայություն երկու հավատակից ժողովուրդների դարավոր բարեկամության:

 Նախարար Միխեիլ Գիորգաձեն իր խոսքում անդրադարձ կատարեց հայ գործընկերների հետ արդյունավետ համագործակցությանը ու համատեղ մշակութային ծրագրերի իրագործմանը:

 Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն արծարծեց նաև Վրաստանում հայկական եկեղեցիների և մշակութային արժեքների պահպանությանն ու իրավական կարգավիճակին առնչվող հարցեր: Հայոց Հովվապետը մտահոգությամբ բարձրաձայնեց մասնավորապես խոնարհված և փլուզման եզրին գտնվող մի շարք եկեղեցիների նկատմամբ պատշաճ խնամք և հոգածություն ցուցաբերելու անհրաժեշտությունը: Նորին Սրբությունը հույս հայտնեց, որ վրաց իշխանությունների կողմից համապատասխան քայլեր կձեռնարկվեն հանգուցալուծելու նշյալ խնդիրները:

 Վրաց նախարարն իր հերթին լուսաբանություններ տվեց այս ուղղությամբ իրականացված և ծրագրվող քայլերի մասին:

 Վեհափառ Հայրապետը նախարարից հետաքրքրվեց նաև Համայն Վրաստանի Իլյա Բ Պատրիարք-Կաթողիկոսի առողջական վիճակով` փոխանցելով Նորին Սրբությանն իր ողջույններն ու բարեմաղթանքները:

 Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն Աստծո օրհնությունն ու պահպանությունը մաղթեց Վրաստանին և վրաց ժողովրդին, պայծառություն` Վրաց Ուղղափառ Եկեղեցուն:

 Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի արարողակարգի և արտաքին հարաբերությունների բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Վրաստանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

22 1 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վրաստանի մշակույթի նախարարին (նկարներ)22 2 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վրաստանի մշակույթի նախարարին (նկարներ)22 3 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վրաստանի մշակույթի նախարարին (նկարներ)22 4 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վրաստանի մշակույթի նախարարին (նկարներ)