Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ քահանաներին (նկարներ)

27 1 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց  նորաօծ քահանաներին (նկարներ)

 Նոյեմբերի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ս.թ. հոկտեմբերի 7-ին ձեռնադրված յոթ քահանաներին, որոնք, ավարտելով իրենց պատրաստության և պահեցողության քառասնօրյա շրջանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, այցելել էին` ստանալու Հայոց Հովվապետի օրհնությունն ու հայրական թելադրությունները քահանայական իրենց հետագա ծառայության վերաբերյալ:
Վեհափառ Հայրապետը, իր օրհնությունը փոխանցելով քահանա հայրերին, հորդորեց նրանց ամենայն պատասխանատվությամբ և հանձնառությամբ անձնդիր ծառույություն բերել ժողովրդին ու Եկեղեցուն: Նորին Սրբությունը նորաօծ եկեղեցականներին հավաստիացրեց, որ անսակարկ ու նվիրյալ սպասավորությամբ միայն կարող են արժանանալ ժողովրդի սիրուն, հարգանքին և ուշադրությանը` բարձրացնելով նաև Հայոց Եկեղեցու հեղինակությունը: Հայրապետը պատգամեց քահանաներին լինել ազնիվ, քաջ ու նվիրյալ հովիվներ՝ իրենց անմնացորդ սերն ու մշտական հայրական խնամքը ցուցաբերելով հավատացյալների հանդեպ:
Հանդիպման վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը նորաօծներին ընծայեց մասնատուփեր ու ձեռաց խաչեր՝ մաղթելով Սուրբ Հոգու առաջնորդությունն իրենց հովվական առաքելություն մեջ:
Նորին Սրբության հայրապետական տնօրինությամբ քահանաները ստացան նոր նշանակումներ և առաջիկա օրերին կմեկնեն իրենց հովվական ծառայության վայրերը:
Արժանապատիվ Տ. Սիոն քահանա Հայրապետյանը ծառայության կոչվեց Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում: Արժանապատիվ Տ. Գևորգ քահանա Աբյանն իր սպասավորությունը կբերի Ուկրաինայի հայոց թեմում: Արժանապատիվ Տ. Նարեկ քահանա Տիգրանյանը ծառայության կմեկնի Վիրահայոց թեմ: Արժանապատիվ Տ. Նահապետ քահանա Կարապետյանը նշանակվեց Գուգարաց թեմ: Տ. Տաճատ քահանա Բարսեղյանն իր ծառայությունը կբերի Գուգարաց թեմում: Արժանապատիվ Տ. Աստվածատուր քահանա Սարգսյանը կքահանայագործի Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակությունում: Արժանապատիվ Տ. Երեմիա քահանա Սարգսյանը ծառայության կոչվեց ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդությունում:

27 1 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց  նորաօծ քահանաներին (նկարներ)27 2 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց  նորաօծ քահանաներին (նկարներ)27 3 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց  նորաօծ քահանաներին (նկարներ)27 4 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց  նորաօծ քահանաներին (նկարներ)27 5 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց  նորաօծ քահանաներին (նկարներ)27 6 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց  նորաօծ քահանաներին (նկարներ)