Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Նիդերլանդների Թագավորության դեսպանին

 Հոկտեմբերի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետութիւնում Նիդերլանդների Թագաւորութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Նիկօ Սխերմերսին։

 Վեհափառ Հայրապետը շնորհաւորեց նորանշանակ դեսպանին՝ յաջողութիւններ մաղթելով Հայաստանում իր առաքելութեան արդիւնաւորման մէջ։ Հայոց Հովվապետն ընդգծեց, որ դեսպանն իր պարտականութիւնները ստանձնել է դժուարին ժամանակաշրջանում, երբ հայ ժողովուրդը գոյամարտ է մղում՝ ի պաշտպանութիւն Արցախի ժողովրդի խաղաղ ու անկախ կեանքի իրաւունքի՝ կանխելու ժողովրդի նկատմամբ գործուող մի նոր ցեղասպանութիւն։ Անդրադառնալով արցախեան հակամարտութեանը եւ վերջինիս հանգուցալուծման ուղիներին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարեւորեց միջազգային հանրութեան վճռական դիրքորոշումը եւ միջամտութիւնը՝ ի զօրակցութիւն արցախահայութեան անկախ կեանքի արդար պահանջի։ Աղօթք բարձրացնելով տարածաշրջանում կայուն խաղաղութեան վերահաստատման համար՝ Հայոց Հայրապետը յաւելեց՝ հաւատքով ենք լցված, որ արդարութիւնը եւ ճշմարտութիւնը պիտի յաղթանակեն։

 Հանդիպմանը Նորին Սրբութիւնը անդրադարձ կատարեց երկու ժողովուրդների միջեւ պատմական կապերին՝ մասնաւորապէս խօսելով Ցեղասպանութեան տարիներին հայ ժողովրդի կարիքաւոր զաւակների հանդէպ Նիդերլանդների ժողովրդի դրսեւորած մարդասիրութիւնը եւ զօրակցութիւնը։

 Վեհափառ Հայրապետը եւ դեսպանը զրուցեցին նաեւ Նիդերլանդների Թագաւորութեան եկեղեցիների հետ առկայ կապերի մասին։