Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ Ազգային ժողովի նախագահին (նկարներ)

78764E30 2A43 4C0E 85F3 96B839BFE4B4 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ Ազգային ժողովի նախագահին (նկարներ)

 Հունվարի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նորընտիր նախագահ Արարատ Միրզոյանին:
Շնորհավորելով պրն. Միրզոյանին ՀՀ Ազգային ժողովի նախագահ ընտրվելու առիթով` Նորին Սրբությունը մաղթեց, որ նրա պաշտոնավարումը նշանավորվի բարի արդյունքներով երկրի բարօր ու օրհնյալ կյանքի համար:
Վեհափառ Հայրապետը, խոսելով պետական, ազգային և հասարակական կյանքում Ազգային ժողովի կարևոր դերակատարության մասին, մասնավորապես շեշտեց օրենսդրական կարգավորումներով հայրենի երկրի առջև ծառացած խնդիրների լուծման և առաջընթացի ապահովման, ինչպես նաև միջխորհրդարանական կապերի և խորհրդարանական դիվանագիտության խթանման անհրաժեշտությունը: Նորին Սրբությունը հավելեց, որ օրենքները պետք է ստեղծվեն սիրով և ծառայեն բարուն` նպաստելով պետության զորացմանն ու զարգացմանը, ժողովրդի կյանքում բարիքի առատացմանը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձավ Ազգային ժողովի պատգամավորների կրթադաստիարակչական առաքելությանը, քաղաքական բանավեճերը և քննարկումները փոխադարձ հարգանքի և հանդուրժողականության մթնոլորտում վարելու կարևորությանը, ինչը նաև դաստիարակչական նշանակություն պիտի ունենա և բարի օրինակ լինի աճող սերնդի համար:
Ամենայն Հայոց Հայրապետը անդրադարձ կատարեց նաև Մայր Աթոռի և ՀՀ Ազգային ժողովի միջև ձևավորված համագործակցությանը` նշելով, որ Եկեղեցու առաքելությունը ծառայությունն է ժողովրդին: Այս իմաստով Նորին Սրբությունը հաստատեց, որ ինչպես անցյալում, այնպես և այսօր Հայոց Եկեղեցին շարունակելու է իր օգտակարությունը բերել օրենսդիր մարմնին ազգային, կրոնական, հասարակական խնդիրներին վերաբերող հարցերում, նպաստել Հայաստանի և Սփյուռքի ներուժի համախմբմանը հանուն հայրենիքի պայծառության, խաղաղ ու ապահով կյանքի:
Իր հերթին ՀՀ ԱԺ նախագահն ընդգծեց, որ հասարակությունը մեծ ակնկալիքներ ու սպասումներ ունի 7-րդ գումարման Ազգային ժողովից: Տիար Արարատ Միրզոյանն իր մտորումները ներկայացրեց առկա մարտահրավերների հաղթահարման գործում խորհրդարանի առաքելության և պատգամավորների դերակատարության առնչությամբ: Այս համատեքստում ԱԺ նախագահը ևս կարևորեց Եկեղեցի-պետություն համագործակցությունը:
Զրույցի ընթացքում Գարեգին Բ Հայրապետը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին ներկայացրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կրթական, սոցիալական ծրագրերը, տեղեկություններ փոխանցեց Եկեղեցու գործունեության վերաբերյալ:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը վերստին իր օրհնությունն ու մաղթանքները բերեց ՀՀ ԱԺ նախագահի:

6F0C6EC7 1902 4075 A47A 532B45BA6FE0 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ Ազգային ժողովի նախագահին (նկարներ)D0F1C066 4B9B 4B18 A9CB 14E8E14B1246 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ Ազգային ժողովի նախագահին (նկարներ)F3751F5F CA1D 4470 94DC F39A5224F31E - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ Ազգային ժողովի նախագահին (նկարներ)78764E30 2A43 4C0E 85F3 96B839BFE4B4 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ Ազգային ժողովի նախագահին (նկարներ)