Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց ՀԱՊՀ ուսանողական խորհրդի անդամներին (նկարներ)

 Հուլիսի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողական խորհրդի անդամներին:
 Հանդիպմանը խորհրդի նախագահ Գևորգ Հարությունյանը, իր որդիական խոնարհումը բերելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին, շնորհակալություն հայտնեց Մայր Աթոռի հարկի ներքո ՀԱՊՀ սաներին ընդունելու համար, ապա անդրադարձավ ուսանողական խորհրդի գործունեությանը՝ մասնավորապես տեղեկացնելով, որ արցախյան պատերազմից հետո խորհուրդը փոխել է իր ռազմավարությունը և իրականացնում է նահատակների և վիրավոր զինծառայողների ընտանիքների աջակցությանը և ուսանողների ռազմահայրենասիրական կրթությանն ուղղված ծրագրեր: Ուսանողական խորհրդի նախագահը այս առումով մեծապես կարևորեց խորհրդի առաքելության մեջ գործակցությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ:
 Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը ջերմորեն ողջունեց ուսանողներին՝ հայտնելով, որ նրանց այցը Մայր Աթոռ Հայոց Հովվապետի համար քաջալերանք է և բերկրանքի առիթ։ ՀԱՊՀ ուսանողական խորհրդի հետ Վեհափառ Հայրապետը հանդիպել էր նաև 2019 թվականի դեկտեմբերին։
 Անդրադառնալով մասնավորապես արձակուրդային շրջանում իրականացվելիք ծրագրերին՝ Հայոց Հովվապետը գովեց երիտասարդների հայրենասիրական ոգին, պատերազմում զոհված հայորդիների հիշատակը վառ պահելու իրենց նախանձախնդիր կեցվածքը՝ ընդգծելով, որ այդպիսի գիտակցությամբ առաջնորդվող սերունդը պիտի կարողանա իրականություն դարձնել մեր ժողովրդի իղձերը, կերտել հայրենիքի անվտանգ ու խաղաղ կյանքը:
 Խոսելով արցախյան պատերազմի հետևանքով հայ ժողովրդի կրած կորուստների մասին՝ Նորին Սրբությունը հորդորեց երիտասարդներին չվհատվել, մարտահրավերների առջև չնահանջել, այլ հետամուտ լինելով իրենց ուսումնառությանը, իրենց գիտելիքներով և հմտություններով լծվել հայրենաշինության գործին՝ այդպիսով հավերժացնելով նաև իրենց զոհված դասընկերների հիշատակը և դառնալով քաջալերանքի ու հույսի աղբյուր կորստյան դառնությունը ճաշակած բազում ընտանիքների համար:
 Հայոց Հայրապետը երիտասարդներին պատգամեց փարված մնալ հայրենիքին, հայրենի հողին ու Սուրբ Եկեղեցուն, փարված մնալ ազգային ու հոգևոր արժեքներին, որոնցով ազգը հայոց միշտ եղել է զորեղ ու միասնական և այդպիսին կլինի նաև ապագայում:
 Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց ուսանողներին հուզող հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին արդի աշխարհի փոթորկալի իրողություններում և քաղաքական զարգացումներում քրիստոնյայի կերպարի պահպանությանը, հոգևոր կյանքի փորձություններին, նաև տարբեր կրոնական կազմակերպությունների և հարանվանությունների վերաբերյալ Հայոց Եկեղեցու դիրքորոշմանը: Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանին՝ վերստին կարևորելով նման հանդիպումները։
Հանդիպումից հետո ՀԱՊՀ ուսանողական խորհրդի անդամներն այցելեցին Վեհարանի թանգարան։

Այլ նյութեր