Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի հետ

14 3 - Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի հետ

 Դեկտեմբերի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ ՀՀ վարչապետի պաշտոնակատար տիար Նիկոլ Փաշինյանի հետ:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը վարչապետի պաշտոնակատարին բերեց իր շնորհավորանքները դեկտեմբերի 9-ի ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների կազմակերպման առիթով, ինչպես նաև ընտրությունների արդյունքում պրն. Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքի արձանագրած հաջողությունների առնչությամբ: Նորին Սրբությունն ընդգծեց, որ ընտրություններին մասնակցած ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը վստահություն հայտնեց վարչապետի պաշտոնակատարին և «Իմ քայլը» դաշինքին` իր խաղաղ, ապահով և բարօր կյանքի կերտման հույսերով և ակնկալիքով:
Երկրի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց անհրաժեշտությունը հասարակության մեջ, ազգային աշխարհասփյուռ կյանքում միասնության, համերաշխության և ներողամտության ոգու, փոխադարձ հարգանքի և հանդուրժողականության մթնոլորտի զորացման և ազգային ներուժի համախմբման ի շահ հայրենիքի և դարավոր ազգային իղձերի ու երազանքների իրականացման: Վեհափառ Հայրապետն ասաց, որ այս ճանապարհին Հայոց Եկեղեցին` հավատարիմ իր առաքելությանը, պիտի շարունակի իր ուժերի ներածին չափով և ողջ հնարավորություններով ջանքեր գործադրել հանուն անկախ հայոց պետականության և ազգային միաբանության ամրապնդման:
Իր հերթին պրն. Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Հայրապետին ջերմ խոսքերի և բարեմաղթանքների համար` շատ կարևոր նկատելով այցելությունները հայոց հագևոր կենտրոն` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:
ՀՀ վարչապետի պաշտոնակատարն արձանագրեց, որ երկիրը թևակոխել է կարևոր մի փուլ, երբ առիթ է ընձեռվել վերաիմաստավորելու հայոց պատմության շատ էջեր: «Հույս ունեմ, որ այն ինչ այսօր Հայաստանում տեղի է ունենում՝ պետք է դառնա մի յուրօրինակ ապացույցն այն բանի, որ մենք մեր պատմության ընթացքում մեր ունեցած սխալներից և ընդհանրապես մեր դժբախտություններից, անհաջողություններից և հաղթանակներից կարողացել ենք մի ընդհանրական և կենարար դաս քաղել, որը պետք է կարողանանք ծառայեցնել մեր ժողովրդի, մեր երկրի՝ Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության բարօրությանը և ընդհանարպես մեր ժողովրդի իրավունքների պաշտպանությանը», — ասաց վարչապետի պաշտոնակատարը: Պրն. Նիկոլ Փաշինյանն անդրադարձ կատարեց նաև արժեքներին և դրանց փոփոխման անհրաժեշտությանը` ընդգծելով այս շրջափուլում սեփական և այլոց իրավունքների, ազատությունների նկատմամբ հարգանքի կարևորությունը:
Զրույցի ընթացքում խոսվեց հայրենական և ազգային կյանքի զանազան խնդիրների և Հայրենիքում ու Սփյուռքում Եկեղեցու առաքելության մասին:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարին Աստծո զորակցությունն ազգօգուտ և հայրենաշեն ծրագրերի իրագործման ճանապարհի: