Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցել է Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի կապակցությամբ

Vtar - Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցել է Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի կապակցությամբ

 Հոկտեմբերի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցություն է հայտնել  Բեսլան-Վլադիկավկազ մայրուղու վրա վաղ առավոտյան Մոսկվա-Երևան երթուղային ավտոբուսի վթարի հետևանքով զոհված հայորդիների ընտանիքներին:

 «Խորապես ցավում ենք կատարվածի առնչությամբ և աղոթում վթարի զոհ դարձած մեր զավակների համար:

 Դժվարին այս պահին Սուրբ Հոգու մխիթարությունն ենք հայցում և մեր զորակցությունը բերում զոհվածների ընտանիքներին ու հարազատներին: Նաև շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին», — ասված է Հայրապետական ցավակցագրում:

 Վեհափառ Հայրապետի կողմից հանձնարարական է տրվել Հարավային Ռուսաստանի հայոց թեմին` անհրաժեշտ հոգևոր խնամք և աջակցություն ցուցաբերել վթարից տուժածներին և նրանց ընտանիքներին: