ԱԱԾ մամուլի կենտրոնին խորհուրդ կտայի իրողությունը հերքելուց առաջ խորհրդակցել ԱԱԾ ղեկավար կազմի հետ. Արշակ սրբազան

 Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. ԱՐՇԱԿ եպիսկոպոս ԽԱՉԱՏՐՅԱՆԸ պարզաբանմամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասված է. «Երեկ հայտնվեցի ինձ համար անսովոր իրավիճակում՝ համացանցային տիրույթում ակամա արժանանալով հանրային չվաստակած ուշադրության՝ կապված ինձ ԱԱԾ հրավիրած լինելու տեղեկատվության հրապարակումների հետ: Նկատի առնելով, որ այս ընթացքում ստացել եմ բազմաթիվ հեռախոսազանգեր, որոնց մի մասին չեմ կարողացել արձագանքել, նպատակահարմար եմ տեսնում ընդհանրացված ներկայացնել հետեւյալը:

 Նախ խորին շնորհակալությունս եմ հայտնում բոլորին, ովքեր իրենց զորակցությունն են փոխանցել ինձ եւ տեղեկացնել, որ որեւէ անհանգստության պատճառ չկա: Ես գտնվում եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եւ շարունակում եմ իմ ծառայությունը:

 Հրապարակված տեղեկատվության հետ առնչված ցանկանում եմ հայտնել, որ օրեր առաջ ոչ իմ նախաձեռնությամբ եւ ոչ իմ առաջարկած վայրում հանդիպում ունեցել եմ ԱԱԾ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: Հավելյալ մանրամասների չեմ ցանկանա անդրադառնալ: Անհրաժեշտության դեպքում ԱԱԾ ներկայացուցիչներն իրենք կարող են այդ մասին խոսել:

 ԱԱԾ մամուլի կենտրոնին խորհուրդ կտայի իրողությունը հերքելուց առաջ խորհրդակցել ԱԱԾ ղեկավար կազմի հետ: Ինչ վերաբերում է իմ դիրքորոշումներին ու համոզումներին, առնչված վարչապետի հրաժարականի հետ, դրանք մնում են նույնը: Շարունակելու եմ ծառայել իմ Եկեղեցուն ու իմ ժողովրդին՝ ապավինելով Աստծու օրհնությանն ու զորակցությանը:

Թող Տերը օրհնի մեր երկիրը եւ մեր ժողովրդին»:

Iravunk.com