Մայր Աթոռում մեկնարկեց «Աստվածաշնչի թարգմանության և մեկնաբանության արդի հեռանկարները» խորագրով գիտաժողովը

Հոկտեմբեր 8-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կենտրոնում, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մեկնարկեց «Աստվածաշնչի թարգմանության և մեկնաբանության արդի հեռանկարները» խորագրով գիտաժողովը` նվիրված Հայաստանի Աստվածաշնչային ընկերության երեսուն ամյակին:

Գիտաժողովի նպատակն է ներկայացնել Աստվածաշնչի թարգմանությանն առնչվող վերջին զարգացումներն ու հետազոտությունները:

Գիտաժողովին մասնակցում էին Մայր Աթոռի միաբաններ, Գևորգյան հոգևոր ճեմարանի սաներ, Մայր Աթոռի աշխատակիցներ, բուհերի ուսանողներ, աստվածաշնչագետներ և գիտնականներ Հայաստանից, Շվեցարիայից, Նիդերլանդներից, Ֆինլանդիայից, Գերմանիայից և Հորդանանից։

Միջոցառումը բացվեց Մասյացոտնի թեմի առաջնորդ և Հայաստանի աստվածաշնչային ընկերության Հոգաբարձուների խորհրդի ատենապետ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի օրհնության խոսքով, որը ներկաներին ընթերցեց Մայր Աթոռի Կաթողիկոսական գրասենյակի գործավար-քարտուղար և Հայաստանի Աստվածաշնչային ընկերության Հոգաբարձուների խորհրդի անդամ Արժանապատիվ Տ․ Ադամ քահանա Մակարյանը։

Ամենայն Հայոց Հայրապետի անունից օրհնության խոսք ասաց Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը՝ բարի ընթացք մաղթելով գիտաժողովի աշխատանքներին։

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի անունից միջոցառման մասնակիցներին ողջունեց դոկտ. Անի Ղազարյան Դրիսսին։

Գիտաժողովի նյութի շուրջ ներկայացվեցին բանախոսություններ։ Այն իր աշխատանքը կշարունակի նաև հոկտեմբերի 9-ին, որտեղ ևս թեմայի վերաբերյալ կլինեն զեկուցումներ, որից հետո տեղի կունենան քննարկումներ։

Գիտաժողովը կեզրափակվի Հայաստանի Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար Գերաշնորհ Տ․ Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանի օրհնության խոսքով։