Խաչքարի մասին

xachqar 880x637 - Խաչքարի մասին

Միջնադարյան հայ կերպարվեստի տեսակ, ճարտարապետական մանր կոթողային ձև, որի հիմնական բովանդակությունը կազմում է պատվանդանի (խարսխի) վրա կանգնեցված սալաձև խաչարձանը՝ ճակատով դեպի արևմուտք ուղղված: Խաչքարերը ժամանակագրական առումով հաջորդել է խաչով ավարտվող քառակող վաղ միջնադարյան կոթողներին և թևավոր խաչերին, որոնց ճնշող մեծամասնությունը ոչնչացվել է արաբական արշավանքների ժամանակ: Արձանագրություններում կոչվել է խաչ կամ սուրբ նշան, XIX դ-ից՝ խաչարձան կամ Խաչքար:

 Բովանդակում է քրիստոնեկան հիմնական գաղափարը՝ Հիսուս Քրիստոսի փրկագործությունը: Գլխավոր տարրը խաչն է՝ իբրև Խաչեցյալի (Քրիստոսի), կենաց ծառի, խոստացված երկնային հոգևոր դրախտի ու փրկության խորհուրդ, և որպես պաշտամունքային առարկա հայերի համար փոխարինել է սրբապատկերին: IV–V դդ-ից սկսած Խաչքարը կանգնեցվել է առանձին՝ իբրև կոթող, կամ ագուցվել եկեղեցու որմի մեջ՝ որպես ճարտարապետական զարդ: Կանգնեցվել են ռազմական հաղթանակներն ու պատմական կարևոր դեպքերը հավերժացնելու (սելջուկյան թուրքերի դեմ ամիրսպասալար Զաքարե Բ Մեծի հաղթանակին նվիրված 1175-ի և 1202-ի Խաչքարերը), տաճարներ, եկեղեցիներ, աղբյուրներ, կամուրջներ և այլ շինություններ աշխատանքներ նշանավորելու (Սանահինի կամրջի կառուցմանը նվիրված՝ Վանենի թագուհու 1192-ի, Մարտիրոս գ-ի հիմնադրման առթիվ Շնորհավոր վարպետի 1282-ի և այլ Խաչքարեր), վանքերին խոշոր նվիրատվություններ շնորհելու և այլ առիթներով:

 Ծառայել են նաև գերեզմանոցներում որպես տապանաքարեր, հանգուցյալի հոգու փրկության համար (Նորատուսի, Սաղմոսավանքի, Հին Ջուղայի գերեզմանատների Խաչքարեր): Պաշտամունքային հոգևոր նշանակությամբ հանդերձ Խաչքարերն իրենց արձանագրություններով եղել են պատմական հուշարձաններ՝ բովանդակելով երկրի ներքին և արտաքին
կյանքին վերաբերող կարևոր տեղեկություններ, որոնք չեն արտացոլվել պատմիչների մոտ: Որպես հուշարձաններ դրվելով եկեղեցիների մուտքերի մոտ, գավիթներում, ճամփաբաժաններում, գերեզմանոցներում, բլուրների վրա, ագուցվելով կամ փորագրվելով տաճարների պատերին ու ապառաժներին՝ ընկալվել են իբրև Հավատո հանգանակ: Դրանց զգալի մասը պատվիրատուի անվան կողքին կամ առանձին կրել է պատրաստող վարպետի անունը. հիշարժան են Մխիթար Կազմողը (XII դ.), Մոմիկը, Պողոսը (XIII դ.), Քիրամ Կազմողը և ուրիշներ:
X–XIII դդ. ձևավորվել և ոճական առումով կատարելության են հասել խաչքարային արվեստի բոլոր հիմն. տեսակները. ա. միակտուր քարերից կերտված Խաչքարեր, որոնք ստորին պոչուկով ամրացվել են գետնին. դրանք ուղղանկյունաձև են և կամարաձև, բ. միակտուր քարերից կերտված Խաչքարեր, որոնք հատուկ պոչուկով ամրացվել են խորանարդաձև պատվանդանի վրա, գ. փորված կամ ագուցված Խաչքարեր՝ եկեղեցիների պատերի և ժայռազանգվածների վրա, դ. վ աստիճանաձև պատվանդանի վրա, ե. որմնափակ վ, երբ խաչարձանը առնվել է տանիքավոր կառույցում, զ. XI–XII դդ-ից առաջացել են քիվավոր Խաչքարեր (երբեմն քիվը պատրաստվել է առանձին քարից և երկաթե գամերով ամրացվել Խաչքարերին), է. XII դ-ից՝ խմբական Խաչքարեր, դրվել են մի պատվանդանի վրա կամ հետագայում ավելացվել (տոհմական դամբարան):
Մեզ հասած ամենավաղ շրջանի թվագրված առաջին Խաչքարերը (879-ին Կատրանիդե թագուհու՝ Գառնիում կանգնեցրած, 881-ին՝ Մեծ Մազրայում Գրիգոր Ատրներսեհ իշխանի, 964-ին՝ Տեկորի և IX–X դդ.՝ մի քանի պարզագույն անթվակիր) արդեն բովանդակում են Խաչքարի հիմնական գեղարվեստական սիմվոլիկ տարրերը՝ խաչը վերևում զարդարվել է խաղողի ողկույզներով, ստորին մասում՝ ականթատերևներով (անտիկ ականթազարդը ծառայել է իբրև արմավազարդ): Խաչը նշանակել է երկրպագել Խաչեցյալին, այսինքն՝ նրան, ով խաչ բարձրացավ, մեզ հայտնի իր բոլոր անուններով (Կենացորթ, Կենաց ծառ, Խոստացված երանություն, Հոգևոր դրախտ, որ հաճախ հառնում էր երկրային դրախտի վրա. ականթազարդերը նշանակում են արդարներ. վարդյակը, որը գրավում էր Ադամի գանգի տեղը՝ խաչի տակ, նշանակում է երկրային դրախտ): Խաչն իր ձևով քանիցս նմանեցվում է մետաղե խաչի՝ իր փորվ ածքներով և թևերի ծայրերի գնդիկներով (ոսկե կամ արծաթե խաչի ակնեղենի տեղերը):
Խաչի վերևում հաճախ պատկերվող խաղողի ողկույզները (հետագայում դառնալով անճանաչելի զարդ) ևս Քրիստոսին են ակնարկում՝ իբրև կենդանի որթ: XI դ-ից պահպանվել են խաչաձև փորագրված կոթողներ (Եղեգնաձոր, Աղավնաձոր՝ 1101 և 1199), որոնք բովանդակում են գծով փորագրված ծաղկած խաչը, որի թևերն ավարտվում են խաղողի տերևներով ու ողկույզներով, իսկ ինքը՝ խաչը, իբրև ծաղկած որթ, կանգնած է եկեղեցու վրա (խաչը եկեղեցով է ծաղկում, որը խորհրդանշում
է Մարիամ Աստվածածնին): Խաչքարը խորհրդանշում է նաև սուրբ խորանը, ուստի հաճախ է շրջանակվել կամարաձև կամ ուղղանկյուն եզրագոտիով: Հատկանշական է Ցաղաց քար վանքի XI դ. Խաչքար, որտեղ խաչը ներդրված է երկուսյուների և դրանց վրա հանգչող կամարի ներսում և հիշեցնում է X–XI դդ. մի շարք Ավետարաններում խորաններն ավարտող խաչի պատկերներ. այդտեղ խաչը հառնում է զիկկուռատ հիշեցնող պատվանդանի վրա՝ իբրև Տիրոջ գերեզման կամ Ադամի գանգի տեղ: Վերջինս հատկապես ցայտուն է արտահայտված Հաղպատի 1004-ի և XII դ. երկու Խաչքարերից մեկի վրա (մյուսի վրա՝ խաչի վերևում, ինչպես խորանների կամարներին, ավելանում է զույգ թռչունների մոտիվը՝ խորհրդանշելով հրեշտակներին): Միջնադարում սովորություն է եղել Խաչքարերը ներկել երբեմն կարմիր գույնով, ավելի հազվադեպ՝ սպիտակ և կապտավուն (կարմիրը խորհրդանշել է և՛ արքայական, և՛ Քրիստոսի արյան գույնը): Խաչարվեստը հետագայում զարգացել է երկու ուղղությամբ՝ գրաֆիկական, երբ զարդերը վերափոխվել են՝ անճանաչելիորեն մթագնելով մոտիվը, և գեղանկարչական (հատկապես գունավոր տուֆի վրա), երբ զարդերի սահմանները կորցրել են իրենց հստակությունը, և ցերեկային լույսի տակ Խաչքրի մակերեսին լուսաստվերն ու գույնը ավելի մեծ նշանակություն են ստացել: Խաչքարերի մի տեսակը կոչվում է «Ամենափըրկիչ», որոնց մի մասի վրա պատկերագրական երկու՝ հարուստ և պարզ տարբերակներով պատկերված է Քրիստոսի խաչելությունը: Ըստ արձանագրությունների՝ կան «Ամենափրկիչ» Խաչքարեր, որոնց վրա քանդակված է միայն խաչը (1161, 1215, Սանահին, 1265, Վանեվան): Ինչպես աներևակայելիորեն բազմազան է Խաչքարերի զարդարվեստը (ոչ այնքան մոտիվներով, որքան դրանց բազմապիսի ու հնարամիտ համակցություններով, հյուսվածքներով և հանգույցներով), որը հաճախ կապված է մանր անկարչության և եկեղեցական ոսկերչական զարդարվեստի հետ, գրեթե նույնքան հարուստ են նրանց հետ կապված ժողովրդական հավատալիքներն ու լեգենդները, որոնք խաչքարային արվեստին մոգական հմայք են տալիս. եղել են սիրահար զույգերին չար աչքից անխոցելի դարձնող «Ս. Սարգիս» անունով Խաչքարեր, բնության տարերքը սանձահարող «Ցասման խաչեր», որոնց զոհաբերել են կենդանիներ: XII դ-ից թե՛ մանրանկարչության, թե՛ հատկապես խաչքարային ու ճարտարապետության զարդարվեստում տարածվել են հյուսածո բազմապիսի մոտիվներ. խաչի վրա ավելացել է քիվ, որը կազմել է զարդային առանձին մոտիվ՝ նռան պտուղներ ճյուղերի հետ (նուռը հավանաբար խորհրդանշել է նախահայրեր Աբրահամին, Իսահակին, Հակոբին՝ ի նմանություն Քրիստոսի), երբեմն էլ քիվի զարդամոտիվը ոճական հակադրություն կազմելով տարբերվել է բուն ծաղկող խաչի մշակումից:

 Զարգացել է զարդային հենքի (տեքստուրա) բազմապիսի ու բազմամակարդակ (մի քանի խորությամբ) մշակումը. խաչն իր շրջակայով նմանվել է ասեղնագործ ժանյակի, և քարը կորցրել է իր նյութականությունը (վերջինս զգալի է XII–XIII դդ. Խաչքարերում): Բազմապիսի և նուրբ ճարտարապետական լուծումներ են ստացել պատվանդանները, ինչպես Մխիթար Կազմողի 1184-ին Սանահինի վանահայր Գրիգոր Տուտեորդուն նվիրած խաչարձանը՝ դրված մոնումենտալ կրկնակի պատվանդանի վրա: Պատվանդաններից ստորինն ունի կամարակապ ելուստներ՝ պսակված «սելջուկյան շղթայով» զարդարված քիվով, իսկ այդ ելուստների միջև աստիճաններ են: Երկրորդ հարկի (վերևի) պատվանդանը խա- չապատկերներով և մեջտեղի կամարամեջի վարդյակով, նաև հզոր շթաքարային քիվով ավելի հարթ դեկորատիվ հորինվածքների է վերածված: Իսկ սրանց վրա կանգնեցված խաչերը հագեցած են հյուսածո զարդերով, որոնք շեշտում են ծաղկած խաչի կերպարը: Նոր Գետիկի, Ս. Գրիգոր եկեղեցու մոտ 1237-ին կանգնեցված՝ վարպետ Պողոսի 1291-ի Խ-ի (նույն վարպետի մյուս Խ. ՀՊՊԹ-ում է) յուրահատկությունը ցանցկեն մշակումն է, որն ապանյութականացրել է կարծր քարը՝ դարձնելով այն կավի նման հնազանդ:
Հատկանշական են այն Խաչքարերը, որոնք ունեն սյուժետային և սրբապատկերային տարրեր: Դրանք են «Խաչելություն» («Ամենափրկիչ» Խաչքարերի վրա), «Դեիսուս» («Բարեխոսություն»՝ մեջտեղում՝ Հիսուսի, նրա աջ ու ձախ կողմերում Մարիամի ու Հովհաննես Մկրտչի պատկերներով, սովորաբար քիվի վրա կամ Խաչքարերի վերնամասում), «Համբարձում», սուրբ ձիավորներ, կտիտորներ, «Ծնունդ» և այլն:

 XIII դ-ից տարածում են ստացել ֆիգուրատիվ տարրեր ունեցող Խաչքարերը: Այսօրինակ Խաչքարերի գլուխգործոցներ ստեղծվել են Եղեգնաձորում՝ կապված Պռոշ իշխանի (XIII դ.) և Մոմիկի անունների հետ: Պռոշ իշխանի խաչարձանի բեկորի վրա՝ օղակաձև հյուսվածքազարդի ֆոնին ֆրիզաձև պատկերված է «Բարեխոսությունը»՝ կենտրոնում՝ բազմած Քրիստոսը, կողքերին՝ Մարիամ Աստվածածինը և Հովհաննես Մկրտիչը, աջ և ձախ մասերում՝ հրեշտակներ ու մեկական առաքյալ (աջկողմինը կոտրված է): Ֆրիզի վերևում և ներք ևում ժապավենաձև խոր փորագրված տառեր են: Խաչքարի այդ բեկորի հարթաքանդակը կերպարների և ձևերի վայելչությամբ, գծային ռիթմի նրբությամբ ու հարստությամբ մոտ է 1300-ի փայտակերտ Խոտակերաց Ս. Նշանին (Էջմիածին), որը արվել է Պռոշ իշխանի որդի Էաչիի պատվերով: 1273-ին Հաղպատում Հովհաննես եպիսկոպոսի կանգնեցրած, Արարատի Ջղինգյոլից Էջմիածին բերված Մամիկոն Համազասպյան-Մամիկոնյան իշխանի (1279, վարպետ՝ Վարհամ), Սևանի «Ամենափրկիչ» Խաչքարերը առաջին հերթին հատկանշական են «Խաչելության» լիակատար տեսարանով՝ Հիսուսը խաչի վրա պատկերված է մերկ, ձախ և աջ՝ խաչի հորիզոնական թևերի տակ Մարիամ Աստվածածինն է և Հովհաննես առաքյալը, խաչի պատվանդանի կողքերին՝ Հովսեփ Արիմաթացին և Հիսուսի ոտքից գամը հանող Նիկոդեմոսը: Հաղպատում «Խաչելությունը» համալրված է ուղղահայաց եզրագոտում 6-ական առաքյալների պատկերներով, իսկ խաչի հորիզոնական թևերի վերևում «Սայ է թագաւոր Հրէից» մակագրության տախտակի երկու կողմում պատկերված են արևը և լուսինը, երկու քառաթև հրեշտակներ և ձեռքերը մեկնած սրբեր (ավետարանիչներ, քանի որ վերոհիշյալ Ջղին գյոլի 1279-ի Խաչքարի վրա նույն տեղում արևը և լուսինը դրված են արծվի և ցուլի պատկերների վրա, որոնք խորհրդանշում են Հովհաննես և Ղուկաս ավետարանիչներին), իսկ վերևում՝ ֆրիզի վրա, արձանագրություն կրող քիվի տակ ներկայացված է Հիսուսը փառքի մեջ (Հիսուսը գրեթե բոլորաձև փառապսակում, որ բռնել են երկու հրեշտակներ, իսկ աջում և ձախում կանգնած են ևս երկու հրեշտակներ): Եթե մինչև XIII դ. Խ-ի հիմնական՝ խաչի մոտիվը շրջապատված է եղել զարդանախշերով, ապա XIII–XVII դդ. զարդերին զուգահե, բացի «Խաչելության» և «Դեիսուսի» մոտիվներից խաչից ներքև ավելացել է սուրբ ձիավորի մոտիվը: Այդպիսիներից են 1231-ի Խ. (Էջմիածին, բերվել է Իմիրզեկից), 1279-ի Խ. (պատկերում է խորանաձև պատվանդանի վրա հեծյալ Մամիկոն իշխանի որսը), XIV դ. Խ. (Էջմիածին, բերվել է Ղարաբաղից, եզրագոտում ս. ձիավորներ են):

 Խաչքարի վրա «Դեիսուսի» պատկերի կողքերին ավելացել են պատվիրատուների քանդակները: Սևանի XVI–XVII դդ. «Ամենափրկիչ» Խաչքարերում «Խաչելության» պատկերի շուրջը, ուղղանկյուններով բաժանված եզրագոտում տրված է «Ծննդյան» պատկերը՝ Աստվածամոր և մանկան, մսուրի, կենդանիների, երեք մոգերի, երեք հովիվների, իսկ խաչից ցած ներկայացված է «Դժոխքի ավերումը» (Քրիստոսն ազատում է Ադամին՝ Մարդուն): Խաչքարերի արվեստը վերացական խորհրդանշանային արվեստ է՝ ամբողջությամբ տոգորված փրկության խորհրդով: Այն իր բանաձևերով երբեք դուրս չի եկել աստվածաբանության գլխ. խորհուրդներից և ունի զուտ աստվածաբան. պաշտամունքային դեր և նպատակ: Խաչքարերի արվեստը վերականգնվել է վերջին տասնամյակներում: Մեր օրերում բազմաթիվ քարգործ վարպետներ և քանդակագործներ շարունակում են Խաչքարեր կերտելու դարերով մշակված ավանդույթները:

Աղբյուր` Ք.Հ. հանրագիտարան, հեղինակ`Վիգեն Ղազարյան