Սուրբ Սեղանին դրված Սուրբ Սկիհի պարունակությունը Քրիստոսն ինքն է, որ թագավորում է ամբողջ Եկեղեցու հավատացյալների սրտերում։ Պատարագիչն այդ պահին փոքրինչ թեքված ու ձեռնամած կանգնում է՝ աչքերը Սկիհին հառած, իսկ սարկավագը, համբուրելով Սեղանը ու պատարագչի աջը, բարձր ձայնով ասում է. «Ողջույն տուք միմեանց ի համբույր սրբութեան. և որք ոչ էք կարողք հաղորդիլ աստուածային խորհրդոյս, առ դրունս ելէք և աղօթեցէք»։ Այսինքն՝ սուրբ համբույրով ողջույն տվեք իրար (Հռոմեացիս ԺԶ 16, Ա Կորնթացիս ԺԶ 20), բայց նրանք, ովքեր չեն կարող հաղորդվել (մասնակցել) աստվածային խորհրդին, դռների մոտ գնացեք և այնտեղ աղոթեցեք։
Սարկավագը, աջակողմյան աստիճանից իջնելով, ողջույն է տալիս քահանաներից կամ դպիրներից ավագագույնին, որոնք բեմի առջև՝ փոքր ատյանում, կիսաշրջան կանգնած են լինում այդ պահին. նա էլ իր հերթին քահանաների և դպիրների դասին է հաղորդում ողջույնը և ապա ժողովրդին փոխանցելով՝ բոլորին հրավիրում է իրար ողջունելու։ Սարկավագը բեմ է բարձրանում, և պատարագիչն օրհնում է ժողովրդին, ապա Սեղանին դառնալով՝ ծածկում է կիսաբաց Սկիհը։
Ողջույն տվողը խոնարհվելով ասում է. «Ողջոյն ձեզ, Քրիստոս ի մէջ մեր յայտնեցաւ»։ Ողջույն վերցնողը նորից խոնարհվելով պատասխանում է. «0րհնեալ է յայտնութիւնն Քրիստոսի»։ Քրիստոնեության առաջին դարում Եկեղեցում հավատացյալներն իրար ողջունում էին համբուրելով։ Այդ սովորությունը վաղուց դադարել է, այժմ միայն գլուխ խոնարհեցնելով են ողջույն տալիս։ Այդ միջոցին Եկեղեցում ներկա գտնվողները Քրիստոսով քույրեր ու եղբայրներ են դառնում։ Ինչ սեռի և վիճակի էլ որ պատկանեն, ինչ դիրք ու աստիճան էլ որ ունենան, հավատի միությամբ եղբայրներ են։ Այնտեղ այլևս հակառակություն և թշնամություն չի կարող գոյություն ունենալ, որովհետև Տեր Հիսուս Քրիստոսը բազմել է ժողովրդի սրտերի գահին և Սուրբ Սեղանին։
Այս ողջույնի իմաստն ու ոգին Հովհաննես առաքյալն այսպես է բացատրում իր Ընդհանրական թղթում. «Ոչ ոք երբեք Աստծուն չի տեսել. եթե միմյանց սիրում ենք, ուրեմն Աստված մեր մեջ է բնակվում, և Նրա սերն է մեր մեջ բնակվում, ու նրա սերը մեր մեջ կատարյալ է։ Սրանով գիտենք, թե մենք Նրա մեջ ենք բնակվում, ու Նա՝ մեր մեջ, որ Իր Հոգուց տվեց մեզ…։
Աստված Սեր է։ Նա, ով սիրո (եղբայրսիրության) մեջ է բնակվում, Աստված էլ նրա մեջ է բնակվում։ Եթե մեկն ասում է, թե՝ ես Աստծուն սիրում եմ, ու իր եղբորն ատում է, ստախոս է, որովհետև նա, ով եղբորը չի սիրում, որին տեսնում է, Աստծուն, որին չի տեսնում, ինչպե՞ս կարող է սիրել։ Նա, ով սիրում է Աստծուն, եղբորն էլ է սիրում» (Ա Հովհաննես Դ 12- 21)։ Դպիրները հաղթական և ոգևորող երգերով այս զմայլելի խոսքերն են ասում. «Քրիստոս ի մէջ մեր յայտնեցաւ»։
Ուրեմն՝ երբ Քրիստոսը մարդկանց հոգիների մեջ հայտնվեց, խաղաղության ձայն լսվեց և սուրբ ողջույնի, այսինքն՝ մարդկանց եղբայրության հրաման տրվեց, որով ամբողջ Եկեղեցին, ամբողջ ժողովուրդը մեկ սիրտ և մեկ հոգի եղավ, համբույրը միության կապ դարձավ, թշնամությունը հեռացավ և բոլորի վրա սեր տարածվեց։ Այս ուրախության ու ցնծության պատճառն այն է, որ Աստված բնակվում է մարդկանց մեջ։ Հին Ուխտում միայն որոշ մարգարեներ և առանձնաշնորհյալ մարդիկ էին սրան արժանանում, որովհետև այն ժամանակ Աստծո Հոգին չէր կարող մարդու մեջ երկար մնալ, ինչպես կարդում ենք. «Իմ Հոգին միշտ մարդու վրա չպիտի մնա, որովհետև նա մարմին է» (Ծննդոց Զ 3)։ Որովհետև Քրիստոսից առաջ մարդը միայն կենդանի շունչ ուներ իր մեջ, իսկ Քրիստոսով կենդանարար հոգի ունեցավ (Ա Կորնթացիս ԺԵ 45, Բ 14)։ Անշուշտ, այս կենդանարար հոգին ստանում ենք Մկրտության խորհրդով. «Մարմնից ծնվածը մարմին է (այդ պատճառով, որքան էլ անձը բարի, պարկեշտ ու աստվածավախ լինի, Աստծո Հոգին չի կարող մնալ նրա մեջ, եթե մկրտված չէ Երրորդության Անունով), ու Հոգուց ծնվածը հոգի է» (Հովհաննես Գ 6)։ Ճիշտ այդ պատճառով էլ վերը հիշեցինք, որ սարկավագը պատվիրում է, որպեսզի չմկրտվածները դուրս գան։
Սարկավագը կրկին հիշեցնում է ժողովրդին, որ Սուրբ Խորհրդի պահը մոտեցել է, և, հետևաբար, ինքն էլ հուզված եղանակով ասում է, «Ահիւ կացցուք, երկիւղիւ կացցուք, բարւոք կացցուք և նայեցարուք զգուշութեամբ», այսինքն՝ ահով ու երկյուղով մնանք ու նայենք Սուրբ Խորհրդին։ Դպիրները ժողովրդի կողմից պատասխանում են. «Առ քեզ, Աստուած», այսինքն՝ ո՜վ Աստված, մեր հոգիները դեպի քեզ են ուղղվում։
Սարկավագը հայտարարում է. «Պատարագ Քրիստոս մատչի անարատ Գառն Աստուծոյ»։ Որ է՝ Աստծո անարատ Գառը՝ Քրիստոսը, մատուցվում է որպես զոհ։ Պատարագչի աղոթքից («Շնորհք, սէր և..») հետո սարկավագը վերջին անգամ ազդարարում է. «Զդրունս, զդրունս»։ Այսինքն՝ դռները ծածկեք, դռները ծածկեք ամենայն իմաստությամբ ու զգուշությամբ. այսպես է հրամայում, որպեսզի չլինի թե դուրս եկածները՝ չմկրտվածները, անմաքուրները և թերահավատները, տեսնեն Սուրբ Խորհուրդը։ Իսկ ներսում մնացողներին թելադրում է, որ աստվածային վախով իրենց մտքերը դեպի վեր բարձրացնեն, այսինքն՝ պատվիրում է, որ իրենց հոգու և մտքի դռները լավ փակեն ու պահպանեն, որպեսզի այս ահավոր Խորհրդի միջոցին այդ դռնից ներս չմտնի որևէ անմաքուր զգացում կամ մտածում։
Ինչպես Ներսես Շնորհալի հայրապետն (1102-1173) է աղոթում իր «Հավատով խոստովանում եմ»-ի Թ տան մեջ. «Ամենախնամ Տեր, քո սուրբ երկյուղը պահապան դիր իմ աչքերին, որ այլևս ցանկությամբ չնայեմ, և իմ ականջներին, որ չախորժեմ չար խոսքեր լսելուց, և իմ բերանին, որ սուտ խոսքեր չխոսեմ, և իմ սրտին, որ չարություն չխորհեմ, և իմ ձեռքերին, որ անիրավություն չգործեմ, և իմ ոտքերին, որ անօրենության ճանապարհներով չքայլեմ, այլ ուղղիր սրանց շարժումը, որպեսզի միշտ քո պատվիրանների համաձայն լին են ամեն բանում…»։
Դպիրները պատասխանում են. «Ունիմք առ քեզ, Տէր ամենակալ», այսինքն՝ մեր ամբողջ միտքն ու հոգին քեզ հետ են, ով ամենակալ Աստված։ Սարկավագն ասում է. «Ու ամբողջ սրտով Տիրոջից շնորհակալ եղեք»։ Դպիրները (այսինքն՝ ժողովուրդը) պատասխանում են.
«Արժան և իրաւ», այսինքն՝ իրապես շատ արժանի և իրավացի է Տիրոջից շնորհակալ լինելը։
Ծածուկ աղոթքից հետո քահանան բազկատարած ասում է. «Եւ ընդ սերովբէսն և ընդ քերովμէսն…»։ Թարգմանություն. «Եվ սերովբեների ու քերովբեների հետ միաձայն սրբասացությամբ երգեր հորինել ու նրանց հետ համարձակորեն բարձրաձայն երգել ու ասել»։
Իսկ ժողովուրդն ու դպիրները ոգևորությամբ ձայնակցում են այս փառաբանության երգին՝ ասելով. «Սուրբ, սուրբ, սուրբ, զորությունների Տեր։ Երկինքն ու երկիրը լի են քո փառքով։ 0րհնություն երկնքի բարձունքում։ 0րհնյալ լինես դու, որ եկար ու պիտի գաս Տիրոջ անունով, օվսաննա երկնքի բարձունքում»։