Հակաբեղմնավորիչ բույսերը մարդկությանը ծանոթ են եղել և հղիության արհեստական ընդհատումներ կատարվել են դեռևս հին ժամանակներից:
Հին ժամանակներում հղիությունը կանխելու կամ ընդհատելու համար մեծ տարածում ունեին տարատեսակ բույսերի թուրմերը և տարբեր նյութերի մեջ թաթախված տարատեսակ թրջոցներն ու սպունգները։ Հին Եգիպտոսում սևածամ եգիպտուհիները դեռևս 4.000 տարի առաջ պապիրուսներում կարդացել էին հակաբեղմնավորման մեթոդների մասին արձանագրված դեղատոմսեր: Իբրև հակաբեղմնավորիչ մեթոդ նրանք օգտագործում էին ակացիայի ոստերի փոշուց, արմավից և մեղրից պատրաստված խառնուրդներ։ Սրանց մասին հիշատակություններ հանդիպում են հին եգիպտական «Էբերսա» պապիրուսում : Շատերը հղիանալու ժամանակավոր անընդունակություն ապահովվելու համար դիմում էին անգամ մոգական մեթոդների: Հին եգիպտական Պետրիի պապիրուսից հայտնի է, որ Ամենեմհեթ (Ն. Ք. 1849-1801թ.) փարավոնի ժամանակներում երիտասարդ եգիպտուհիները հղիությունից պաշտպանվելու համար օգտագործել են մեղրի և կոկորդիլոսի արտաթորանքի խառնուրդը :
Հյուսիսային Ամերիկայում ապրող հնդկական մայա ցեղի կանայք մի քանի տարի երկարաձգել են կրծքով կերակրելու ընթացքը` հույս ունենալով, որ կերակրելու ժամանակամիջոցում ընդունակ չեն լինի հղիանալու:
Հղիության կանխումը առանձնահատուկ կարևորութուն ուներ Հռոմեկան կայսրությունում, որտեղ լայնորեն տարածված էին սանձարձակ խրախճանքները՝ օրգիաները։ Հռոմեացի կանայք կարող էին նույնիսկ հղիությունն ընդհատող միջոցների ընտրություն կատարել։ Նրանք մաշկին էին հպում հատուկ տեսակի սարդին, կամ օգտվում էին թզի մզվածքից ու նռան միջուկից պատրաստված հակաբեղմնավորիչ խառնուրդից և այլ միջոցներից:
Հնդկական հանրահայտ «Կամասուտրա»-ում (Ք.հ. 8-րդ դար) մի բույս է հիշատակվում, որը կնոջը հղիությունից պաշտպանել է մեկ ամիս:
Ինդոնեզիայի հեռավոր գավառներում ապրող ցեղերին հայտնի էր ծառի մի տեսակ, որի կեղևը վեց ամիս կնոջը պահպանում է հղիությունից։ Հիշատակվում են նաև վիժում առաջացնող հատկություններ ունեցող բույսեր, որոնց օգտագործումը նպաստում է պտղի ինքնաբեր վիժմանը։
Բեղմնականխման մեթոդների մասին եվրոպական գրավոր տեղեկությունները պատկանում են 12-18-րդ դարերին։ Ըստ Սպալազանիի , քացախի լուծույթը անշարժ է դարձնում սպերմատոզոդոիդներին, նրանք անկարող են դառնում անցնել արգանդի խոռոչը և բեղմնավորել ձվաբջիջը…. :
Բժշկությունը հակաբեղմնավորման միջոցների խնդիրներով սկսել է զբաղվել համեմատաբար վերջերս` 19-րդ դարում, երբ առաջին անգամ գործածության մեջ մտան պահպանակներն ու պեսարիները:
Հակաբեղմնավորման միջոցների գործում մեծ ներդրում ունեցավ գերմանացի բժիշկ Գրեֆենբերգը: Նախորդ հարյուրամյակի 20-ական թվականներին, նա իր գյուտով ապացուցեց, որ արգանդի խոռոչում տեղադրված մետաղական առարկան` պարույրը, շատ հուսալիորեն պաշտպանում է հղիանալուց: Իսկ 60-ական թվականներին հայտնագործվեցին հորմոնալ պատրաստուկները:
Գերմանացի գիտնական Շմիդտի կողմից կանանց սեռական հորմոնի՝ էստրոգենի հայտնագործումը գիտական շրջանակներում իսկական հեղափոխություն էր (1929 թ.)։ Նույնատիպ հայտնագործություն էր նաև նույնազգի գիտնական Գուտենահտի կողմից՝ պրոգեստերոն հորմոնի սինթեզումը (1934 թ.), որոնց պարունակությամբ 1960-ականներին բեղմնականխիչ պատրաստուկներ ստեղծվեցին, որոնք հնարավորություն տվեցին «վերահսկելու» պտղաբերությունը՝ ձվազատումը կասեցնելու միջոցով։ Սկզբնավորվեց հակաբեղմնավորման գիտություն, որը բժշկության մեջ տեղ գտավ իբրև նրա մի մասնիկ` և հենց բժշկության հովանավորությամբ էլ սկսեց զարգանալ:
Սակայն, բոլոր ժամանակներում էլ դատապարտելի է եղել հղիության ընդհատումը և կանխումը: Հղիության արհեստական ընդհատումը համարվում էր հանցագործություն, մարդասպանություն:
Մարդկային դատողությունը տարբերություն չէր դնում հասուն մարդու և սաղմի միջև: Նախկին ժամանակներում հիմնականում վիժեցումների համար չափանիշներ չէին դրվում, քանի որ միանշանակ հղիության ընդհատումը, ինչ ձևով էլ կատարվեր, համարվում էր նողկալի հանցագործություն: Դրա վառ ապացույցն են 1-ին դարից արձանագրված կանոններն ու գրվածքները: Օրինակ` Թադեոս առաքյալի կանոններում գրված է «Եթե…որևէ մեկը շնանալու համար որդեծնությունը խափանում է… այնպիսին ապաշխարողների հետ թող ապաշխարի բազում հառաչանքներով»: «Պոռնկության համար բազմավնաս նենգություններ են նյութում իրենց մեջ օտարների և ընտանիքների նկատմամբ… Կեսը որովայնում ճմլում են և տարաժամ հանում մանուկներին և կամ դեղերով ապականում են որովայնում և կան էլ որ ծնվածներին են սպանում»:
«Իսկ ովքեր վատ դեղերով սպանում են մանուկներին որովայնում և արգանդը կապում են դեղերով հաճախ պոռնկանալու համար,…քահանան նրանց պետք է ապաշխարության կարգին բերի և նա յոթ տարի ունկնդրի վիճակում թող մնա, երեք տարի ձեռքի տակ, և արտասուքով ու աղքատներին հատուցելով թող արժանանա օրենքին: Իսկ եթե նույն սխալի մեջ մեռնի, ահա չար է մեղավորի մահը, այդպիսինները կզրկվեն սուրբ օրենքից և քրիստոնյաների դիրքով թող չթաղվեն» : «Ովքեր պոռնկանում են և մանուկներին սպանում, պետք է ամոթահար անել և աշխարհալուր խայտառակել և դրամ առնել ու աղքատներին տալ և գանալից խրատել »:
«Եթե կինը մանկանը սպանի իր ամբողջ կյանքում թող ապշխարի» :
«Շնության պատճառով որքան անբավ արյուն է հեղվում երկրի վրա՝ գաղտնի և հայտնաբար, թունավորմամբ, պիղծ հնարներով և սպանությամբ, կամ որքան մանուկ լույս աշխարհ չի գալիս մարդկանց վախի և ամոթի պատճառով: … Եվ հազար անգամ վայ այն կնոջը, ով չար դեղերով ու հնարքներով խափանում է որդեծնությունը և ուրիշներին էլ խրատում նույնն անել: … Յուրաքանչյուր մանկան դիմաց, որի ծնունդը խափանել են չար դեղերով, Աստված նրանցից հասուն մարդու արյուն պիտի պահանջի ահավոր ատյանում»: Եվ ավելին` դեռևս հին ժամանակներում բժշկագիտության բնագավառում հաստատված բժշկապետ Հիպոկրատի (460-377 Ն. Ք.) բանաձևն է այդ արարքի նողկալիության վկան: Վերջինս համաշխարհային ընդունելություն և հավանություն ստացավ ու հաստատուն կերպով գործեց մինչև վերջին ժամանակներս :
Իր հայտնի երդման մեջ Հիպոկրատը բանաձևել է բժշկի պարտականությունները հիվանդի նկատմամբ, մասնավորաբար շեշտելով հղիության ընդհատման մասին: Ստորև ներկայացնում ենք այն.
«Երդվում եմ Ապոլլոն բժշկի, Ասկլեպիի, Հիգիեայի և Պանակեայի անուններով, բոլոր աստվածներով և աստվածուհիներով, նրանց վկա վերցնելով, իմ ուժերին և ըմբռնումներին համապատասխան ազնվորեն կատարել հետևյալ երդումը և գրավոր պարտավորությունը.
Բժշկական արվեստը ինձ ուսուցանողին համարել ծնողներիս հավասար, նրա հետ կիսվել ունևորությամբ և անհրաժեշտության դեպքում օգնել նրան, նրա սերունդներին համարել ինձ եղբայրներ և այս արվեստը, եթե նրանք կամենան, ուսուցանել նրանց անվարձահատույց և առանց որևէ պայմանագրի. խրատները, բանավոր դասերը և ուսուցման մնացած այլ հանգամանքները հաղորդել որդիներիս, ուսուցչիս որդիներին և պարտավորությամբ ու երդումով բժշկական օրենքին կապված աշակերտներին։ Ուժերիս և ըմբռնումներիս համապատասխան հիվանդների ռեժիմը կնպատակաուղղեմ նրանց շահերին` ձեռնպահ մնալով որևէ վնաս պատճառելուց կամ անարդարացիությունից։ Ինձանից մահաբեր դեղամիջոց խնդրող ոչ մեկին այն չեմ տա և ուղիներ ցույց չեմ տա նման մտադրության իրագոծման համար։ ՃԻՇՏ ԱՅԴՊԵՍ ԷԼ ԵՍ ՈՉ ՄԻ ԿՆՈՋ ՉԵՄ ՀԱՆՁՆԻ ՎԻԺՈՒՄ ԱՌԱՋԱՑՆՈՂ ՄԻՋՈՑ։ Մաքուր և անարատ կանցկացնեմ կյանքս ու արվեստս։ Ոչ մի դեպքում կտրվածքներ չեմ կատարի քարային հիվանդությամբ տառապողի մոտ, այն հանձնելով միայն այդ գործով զբաղվող մարդկանց։ Ինչ տուն էլ որ մտնեմ` կմտնեմ հօգուտ հիվանդի, հեռու մնալով որևէ դիտավորությունից, անարդարությունից և կորստաբերությունից, հատկապես կանանց կամ տղամարդկանց հետ սիրային գործերից՝ լինեն նրանք ազատներ, թե ստրուկներ։
Բուժման ընթացքում ու նաև առանց բուժման ես չեմ տեսնի կամ չեմ լսի մարդկային կյանքին վերաբերող տեղեկություններ, որոնք չի կարելի երբևիցե հրապարակել, ես կլռեմ այդ մասին` համարելով դա գաղտնիք: Ինձ` երդումը անխախտ կատարողիս, թող երջանկություն տրվի կյանքում ու արվեստում և հավերժ փառք մարդկանց մոտ, իսկ խախտողին և կեղծ երդում տվողին թող լինի դրա հակառակը»: ԵՐԴՎՈՒՄ ԵՄ , ԵՐԴՎՈՒՄ ԵՄ.
Չնայած որ դարեր են անցել, այնուամենայնիվ, երդումը ընդհանուր բուն կոնտեքստի առումով չի կորցրել իր արդիականությունը, և ավելին, դարձել է բարոյագիտական շատ փաստաթղթերի մշակման չափանիշ:
Սակայն որքան էլ այս խոսքերը տեսականորեն հեղինակություն ունեն, այնուամենայնիվ, գործնականորեն և մարդկության արդի դատողությամբ և տրամաբանությամբ համարվում են ժամանակավրեպ` բարոյական չափանիշների առումով: Այժմ հղիության արհեստական ընդհատումը գրեթե համարժեք է դարձել ծխելուն:Տվյալ նյութը կրկնօրինակելը արգելված է:
Հեղինակ՝ Վարազդատ սրկ. Քոչարյան