Սուրբ Բարսեղ Մեծը Եկեղեցու նշանավոր հայրերից և աստվածաբաններից մեկն է: Լինելով Կեսարիայի հայրապետ՝ նա թողել է մի այնպիսի ժառանգություն, որը, դուրս ելնելով իր ապրած ժամանակից և վայրից, սփռվում է քրիստոնյա աշխարհով մեկ: Նրա գրչին է պատկանում Սուրբ Պատարագի խորհրդակատարության աղոթքների զգալի մասը, մեկնություններ, աստվածաբանական երկեր և կանոններ, առանց որոնց դժվար է պատկերացնել մեր քրիստոնեական իրականությունը: Սուրբ Բարսեղն ապշեցնում էր ժամանակակիցներին իր գիտելիքների պաշարով: Նա հմուտ էր ինչպես աստվածաբանության, այնպես էլ փիլիսոփայության, հռետորության, աստղագիտության ու բժշկության մեջ: Նրա կյանքի ականատես սուրբ Գրիգոր Աստվածաբանի ազգական Ամփիլոքոս Իկոնիացին (Դ դարի երկրորդ կես) ասում է. «Նա մի նավ էր՝ այնքան ծանրաբեռնված գիտելիքներով, որքան կարող է կրել մարդկային բնությունը»:
Սուրբ Բարսեղը ծնվել է սրբակենցաղ ընտանիքում: Մանկուց տիրապետել է Աստվածաշնչին: Սուրբն իր հիմնական ուսումն ստացել է Աթենքում՝ իմաստասիրության մայրաքաղաքում: Այնուհետև, հաղորդակից լինելով բազում հայրերի և անապատականների կյանքին, մեծ հոգևոր գիտելիքներ է կուտակել: Նա ստացել է մինչև անգամ եպիսկոպոսական աստիճան և բազմել Կեսարիայի մետրոպոլտական աթոռին: Երանելին մեծ պայքար է մղել Դ դարի վտանգավոր և կործանիչ հերետիկոսության՝ արիոսականության դեմ և գաղափարապես պարտության մատնել Հռոմեկան Կայսրության տարածքում կռապաշտությունը վերականգնելու փորձ արած Հուլիանոս Ուրացող կայսերը, որն իր հետ ուսանել էր Աթենքի փիլիսոփայական դպրոցում: Նա բազմաթիվ հրաշքներ է գործել, որոնց մասին վկայում են վարքագիրները: Հասնելով ծերության հասակին՝ սուրբ Բարսեղը հանգչել է ի Քրիստոս՝ ավարտելով իր երկրային կյանքի պայքարով և դժվարություններով լի օրերը:
Սուրբ Բարսեղ Մեծը մեզ համար լոկ պատմական դեմք չէ, այլ Քրիստոսի Խորհրդավոր Մարմնի կենդանի անդամներից մեկը, որին հաղորդակցվում ենք իր թողած գործերի և աղոթքների միջոցով, որոնք առ այսօր կենդանացնում են հավատացյալների հոգին և սրբության ճանապարհով ուղեկցում դեպի փրկություն և հավիտենական կյանք:
Մեջբերումը՝ Գևորգյան Հոգևոր Ճեմարանի երկշաբաթաթերթի 6-րդ համարից
Պատրաստեց Լոնգի դպիր Ավետիսյանը