​​​​​​​Մեզ հրամցված է մի չափորոշիչ, որն առանձին անձանց քմահաճույքի արդյունք է. Տեր Սարգիս

 Վերջին օրերին ուսումնասիրեցի հանրակրթական նոր չափորոշիչները, որը դրված է, այսպես ասած, «հանրային քննարկման»: Այո, իրապես, այսպես ասած, որովհետեւ որեւէ հանրային քննարկման ականատես կամ ականջալուր չեղանք: ՀՀ օրենքն իսկ նախատեսում է, որեւէ փոփոխություն կատարել աշխատանքային հանձնախմբերի եւ հանրային քննարկման արդյունքում, իսկ մեզ հրամցված է մի չափորոշիչ, որն առանձին անձանց քմահաճույքի արդյունք է:

 Իհարկե, կարեւոր է համամարդկային եւ համաշխարհային փորձը, բայց, իհարկե, կառուցված ազգային հիմքի վրա: Այնինչ ԿԳՄՍ նախարարության հայտարարության մեջ ցավալիորեն նշված են միայն օտարերկյա պետությունների փորձառությունը, էլ չասած ծրագիրը հովանավորող կազմակերպությունները, որոնց ապազգային քաղաքականությունը հայտնի է բոլորիս: Հիշենք, երբ Նապոլեոն Բոնապարտը հանձնարարեց կազմելու «Քաղաքացիական օրենսգիրքը», այնտեղ ներառվեցին նաեւ դրույթներ Մխիթար Գոշի «Դատաստանագրքից», եւ ոչ միայն այս. ցավալիորեն օտարներն ավելի են գնահատում մեր գիտությունն ու փորձը, քան մենք ինքներս: Ի մասնավորի ուզում եմ անդրադառանալ «Հայոց պատմություն» առարկայի ուսումնառության հայեցակարգին: Մեջբերեմ դասընթացի նպատակը. ««Հայոց պատմություն» առարկայի նպատակը հայկական քաղաքակրթության վերաբերյալ համակարգված գիտելիքի ձեւավորումն է: Առարկան նպաստում է պետականակիր գիտակցություն, ազգային ինքնագիտակցություն եւ դիմագիծ ունեցող, սեփական ժողովրդի ու պետության դերակատարումը պատմության խորապատկերում գիտակցող քաղաքացու զարգացմանը, ազգային եւ համամարդկային արժեհամակարգը կրող պատասխանատու քաղաքացու ձեւավորմանը»: Գոհացնող է, սակայն, ցավոք սրտի, միայն նպատակը, քանի որ այն չի համապատասխանում ուսուցման այն ծրագրին եւ վերջնադրույթներին, որոնք ներառված են նոր ծրագրով, որտեղ կարծես չի հասկացվում, թե սա ո՞ր երկրի քաղաքացու կրթության համար է՝ հայի՞, թե՞ օտարի:
— Ընտանիք հասկացողությունը, որ ազգի մոդելն է, համարյա թե դուրս է թողնված:
— Անտեսված են դպրոց եւ Եկեղեցի հասկացությունները:
— Կրճատված է ընդհանուր դասաժամերի քանակը:
— Համարյա թե բաց են թողնված հին շրջանի վերաբերող նյութերը:
— Քրիստոնեության վերաբերյալ ունենք ընդամենը մի լղոզված թեմա. մեջբերում եմ. «Ազգային, քրիստոնեական մշակույթի ձեւավորումն ու հայի նոր ինքնության ստեղծումը (V-IX դդ.)», այն էլ ընդամենը յոթը դասաժամով:

 Անդրադառնալով ԿԳՄՍ նախարարության հայտարարությանը, թե «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան կդասվանդվի «Հայոց պատմություն» առարկայի հետ, հարցնում ենք՝ ինչպե՞ս, եթե դասաժամերը կրճատված են եւ թեմաները ներառված չեն:
Առայժմ բավարարվենք այսքանով, ավելի հանգամանալից ուսումնասիրությունները թողնելով բուն մասնագետներին:

Տ.Սարգիս քհն. Սարգսյան