Ֆլորենս Տերտուլիանոս

Ծնուած մօտ 160-ին Կարթագենում. մի հարիւրապետի որդի, ստանում է նա գիտական կրթութիւն իւր հայրենի քաղաքում, որ ամբողջ պետութեան գիտական կենդրոններից մէկն էր. նա ծանօթ էր նաև յոյն լեզուին ու գրականութեանը և դեռ քրիստոնեայ եղած ժամանակ էլ մի քանի բաներ յունարէն է գրել: Որ նա հռետորական և փիլիսոփայական, մանաւանդ ստոյիկեան կրթութիւն էր ստացել, այդ ցոյց են տալիս նրա գրուածքները: Սկզբում նա գործունէութեան ասպարէզ ընտրեց փաստաբանութիւնը (Եւս. II 2): Իւր հայրենի քաղաքում պարապում էր հռետորութեամբ և փաստաբանութեամբ, երբ 195-ին քրիստոնեայ դարձաւ և մտաւ քրիստոնէական համայնքի մէջ: Դեռ 190-ական թուականներին հանդէս եկաւ նա իբրև եկեղեցու փաստաբան պետութեան և հեթանոսութեան դէմ գրաւոր երկերով, միևնոյն ժամանակ իբրև ներկայացուցիչ աւելի խիստ ուղղութեան քրիստոնէութեան մէջ, հակառակ հետզհետէ աւելացող մեղկութեան: Թերևս այդ պատճառով նա ընտրուեց համայնքի երէց:
Քրիստոնէութիւնն ըմբռնում էր նա Տատիանոսի նման, որին ընդհանրապէս նման է Տերտուլիանոսը, իբրև մի զօրեղ գերբնական իրականութիւն, մի աստուածային յիմարութիւն, աւելի իմաստուն քան թէ մարդիկ, ազդեցիկ և յեղաշրջիչ, անհաշտելի այս աշխարհի հետ և մի նոր կեանք պահանջող: Մի խօսքով նա նախնական ժամանակների քրիստոնեայ էր, որ չէր կամենում ազատ մարգարէութեան ոգևորութիւնը իւր խիստ բարոյական պահանջներով մի կողմ թողնել: Այդ պատճառով էլ նա լարուեց եկեղեցու հետ: Թերևս 202-ի հալածանքի և մի անյողդյողդ մարտիրոսութեան (գուցէ Պերպետուա և Ֆելիցիտաս) ազդեցութեան տակ Տերտուլիանոսը յարեց մոնտանականութեան, սկզբում մի քանի տարի շարունակ առանց կապը կտրելու եկեղեցու հետ. ընդհակառակը նա եկեղեցու փաստաբանն էր գնոստիկեան հերետիկոսութեան դէմ: Սակայն 207-ին տեղի ունեցաւ անխուսափելի բաժանումը: Նրա յետագայ կեանքը մեզ համար մութն է: 220-ից յետոյ մեռել է նա խորին ծերութեան մէջ՝ Հերոնիմոսի վկայութեան համաձայն: Անհնար է ապացուցանել Օգոստինոսի այն տեղեկութիւնը, թէ Տերտուլիանոսը վերջը Մոնտանիստներից բաժանուել է:
Իբրև անձնաւորութիւն Տերտուլիանոսը հանդէս է գալիս իւր գրուածների մէջ խոշոր ինքնուրոյնութեամբ. նա մի գործնական-վիճաբանական բնաւորութիւն է, որի մէջ մեծ տեղ են բռնում պունիական կրակոտութիւնը, կիրքը, երևակայութիւնը, զգայականութիւնը: Չափաւորութիւնն ու ներդաշնակութիւնը, այդ հելլենական առաքինութիւնները չունի նա. այնուամենայնիւ նա մեծ համակրանք ու հիացումն է ազդում իբրև բնաւորութիւն: Նրա ամենագլխաւոր նշանակութիւնն այն է, որ լատիներէնը քրիստոնէական գրականութեան մէջ մտցնելով, նա եկեղեցական լատինական գրականութեան հայրը դարձաւ: Աւելի հռետոր և եկեղեցական հրապարակախօս, քան թէ գիտնական, նա իւր բազմաթիւ տրակտատներով, չնայելով իւր մոնտանական լինելուն, մեծ ազդեցութիւն է գործել եկեղեցական աստուածաբանութեան վրայ: Նրա աստուածաբանական հայեացքներն առանձին սիստեմ չեն տալիս: Լոգոսը նրա համար էլ մի Բ. աստուած է, թէև ոչ ստեղծագործութեամբ, այլ բղխմամբ դուրս եկած հօրից և ապա պատմական Յիսուս Քրիստոսը դարձած՝ մարդկութեան հետ միանալով: Այստեղ Տերտուլիանոսի նշանակութիւնն այն է, որ նա փրկագործութեան հարցերը շատ աւելի է շեշտում և աւելի յառաջ տանում, քան թէ Իրենիոսը: Ոչ թէ անցաւորականութիւն և անանցութիւն, այլ մեղք ու շնորհք. ահա այն հակասութիւնները, որ յատուկ են Արևմուտցուն: Սակայն ֆիզիքական փրկութեան գաղափարից նա դեռ ազատուել չէ կարողանում. ինչպէս որ մեղքը բնական կերպով անցնում է մէկից միւսը, այդպէս էլ շնորհքը նրա համար վերին բարձր զօրութիւնների մի ներշնչումն է: Նա կարողանում է դեռ փրկութիւնը վաստակի գաղափարի վրայ հիմնել: Բարոյականութիւնը մնում է անսասան, բայց իրաւաբանական բանաձևերի մէջ: Աստուած վիրաւորուած է և մարդը պէտք է բաւականութիւն տայ ապաշխարելով, կամաւորապէս ստորանալով ու ճգնական գործերով: Այսպիսով Տերտուլիանոսը, շնորհիւ յիշեալ պարզ բանաձ—երի աստուածաբանութեան և քրիստոսաբանութեան մէջ, շնորհիւ մեղքի ու շնորհքի գործնական հարցերի շեշտման, այլ և նրանց ֆիզիքական ըմբռնողութեան ու իրաւաբանական գործածութեան, դառնում է Արևմուտքին յատուկ կաթոլիկութեան հայրը:
Տերտուլիանոսի բազմաթիւ գրուածքներից մօտաւորապէս 30-ը հասել են մեզ, որոնցից ամենից նշանաւորները հետևեալներն են.
Ա. Երկու գիրք հեթանոսներին ուղղուած.-ad nationes, որի մէջ նա հեթանոսների յարձակումները քրիստոնէութեան դէմ կրքոտ եռանդով և կծու հեգնութեամբ յետ է մղում, և իւր կողմից հեթանոսական, յատկապէս Հռովմի կրօնը, մի ջախջախիչ քննդատութեան է ենթարկում:
Բ. Apologeticus-Հռովմէական իշխանութեան ուղղուած, գրուած 197-ին, նոյն խնդրի մասին, աւելի հանգիստ լեզւով. այստեղ քննադատում է նա նախ հեթանոսների վերաբերմունքը դէպի քրիստոնեաները. ապա մէջ տեղ է բերում այն բոլոր կրօնական-բարոյական և քաղաքական մեղադրանքները, որոնք բարդուած էին քրիստոնէութեան վրայ, և յետ է դարձնում այդ բոլորը հեթանոսներին իրենց: Նշանաւոր գրուածքը վերջանում է քրիստոնէական վարդապետութեան ու կեանքի և փիլիսոփայութեան մի համեմատութեամբ,-և քրիստոնէութեան յաղթանակի կատարեալ ապահովութեան արտայայտութեամբ:
Գ. Ad Scapulam.-212-ին քրիստոնեաներին թշնամի Աֆրիկայի կուսակալին ուղղուած. յիշեցնելով նրան գալիք դատաստանը, Տերտուղիանոսը խնդրում է նրան իւր իսկ օգուտն ի նկատի առնելով մեղմ վարուել քրիստոնեաների հետ և բաւականանալ գլխատելով, մի կողմ թողնելով այրելը. թէև հալածանքներից քրիստոնեաները միայն օգուտ ունենալ կարող են:

ԵՐՎԱՆԴ ՎԱՐԴԱՊԵՏ ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆՑ