Քրիստոնեության տարածումը 4-րդ դարի սկզբին

Հետաքրքրական է տեսնել, թէ ինչ աստիճան էր քրիստոնէութեան տարածումը Դ. դարու սկզբին, երբ Կոստանդինը կարևոր համարեց քրիստոնէութեանը բարեացակամ քաղաքականութեան հետևել: Ամբողջ Փոքր Ասիայում, Միջագետքում, Ասորիքում և Եգիպտոսում քրիստոնեաները ազգաբնակութեան մի մեծ մասն են կազմում, և Անտիոքի ու Աղէքսանդրիայի եպիսկոպոսները նշանակութիւն են ստանում թէ քաղաքի և թէ նահանգի կառավարութեան գործում: Նոյն դրութիւնն էր նաև Իտալիայում և Աֆրիկայում (Պրոկոնսուլարական Աֆրիկա և Նումիդիա), ուր առանձնապէս աչքի են ընկնում Հռովմն ու Կարթագենը: Արդէն 250 թուին Հռովմում եղել են աւելի քան 30.000 քրիստոնեաներ. հետևեալ յիսուն տարուայ ընթացքում այդ թիւն անշուշտ կրկնապատկուել է, եթէ ոչ քառապատկուել: Իսկ Աֆրիկայում հալածանքների ժամանակ մօտ 200 եպիսկոպոս է եղել: Բազմաթիւ էին քրիստոնեաները նաև Կիպրոսում և Թրակիայի այն մասում, որ ընկած է Բիւթինիայի դէմ ու դէմը: Ամբողջ Յունաստանում, Գալլիայում և Սպանիայում, ինչպէս նաև Պաղէստինում, Փիւնիկիայում և Արաբիայում ևս քրիստոնէութիւնը ամուր արմատներ է բռնել, թէև այս տեղերն ահագին մեծամասնութիւն են կազմում դեռ ևս հեթանոսները: Աւելի պակաս չափով տարածուած էր քրիստոնէութիւնը Բրիտանիայում և Դանուբի երկրներում, իսկ Հռովմէական պետութիւնից դուրս՝ Պարսկաստանում, Հնդկաստանում և Սկիւթիայում:
Քրիստոնէութեան տարածման պատմութեան ամենանշանակալից երևոյթներից մէկն այն է, որ Կոստանդինը արդէն մի նախորդ ունէր, երբ նա քրիստոնէութիւնը պետական կրօն դարձրեց: Այդ նախորդը Հայոց թագաւոր Տրդատն էր, որ Գ. դարու վերջին, ամենայն հաւանականութեամբ 280-ական թուականներին, քրիստոնէութիւն էր ընդունել իւր ամբողջ ազգի հետ միասին, շնորհիւ Գրիգոր Լուսաւորչի գործունէութեան: Եթէ մի կողմից Տրդատի վրայ ազդած կարող էր լինել քրիստոնեաների բազմութիւնը իւր պետութեան հարևան երկրներում, միւս կողմից նրա քրիստոնէութիւն ընդունելու շարժառիթը քաղաքական տեսակէտների հետ միասին անշուշտ քրիստոնէութեան մեծ չափով տարածուած լինելն էր իւր երկրում: Եւ յիրաւի յայտնի է, որ արդէն Բ. դարում Եդեսսայից փորձեր են եղել Հայաստանում քրիստոնէութիւն տարածելու (Բարդէծան), այն ինչ Գ. դարու կէսերին Աղէքսանդրիայի Դիոնիսիոս եպիսկոպոսը մի նամակ է գրում Հայոց Մերուժան եպիսկոպոսին «Վասն Ապաշխարութեան» (Եւս. Եկ. պատմ. VI, 46): 312 թուին Մաքսիմինոս Դազան մի «Կրօնական» պատերազմ է սկսում Հայերի դէմ, և աշխատում է նոցա յետ դարձնել քրիստոնէութիւնից դէպի հեթանոսութիւնը (Եւս. Եկ. պատմ. IX, 8): Մի խօսքով դրութիւնն այն է Հայաստանում, որ Ասորիների (Դանիէլ Ասորի և իւր աշակերտները. Փաւստոս Բիւզանդ Գ. 14) և հելլենական կրթութիւն ստացած միսիոնարների (Գրիգոր Լուսաւորիչ և իւրայինները) գործունէութեան շնորհիւ ամբողջ Հայ ժողովուրդը քրիստոնէութիւն է ընդունում և Գրիգոր Լուսաւորիչը դառնում է Հայոց առաջին Հայրապետը, ձեռնադրութիւն ընդունելով աւանդաբար Կապադովկիայի Կեսարիայի Ղևոնդիոս մետրոպոլտից: Այս վերջին հանգամանքը առիթ է տուել այն սխալ կարծիքը տարածելու Հայոց եկեղեցու մասին, թէ նա մինչև Դ. դարու վերջին քառորդը ենթարկուել է Կեսարիայի գերիշխանութեանը: Սակայն Գ. դարու վերջին և Դ.-ի սկզբին մէկից ձեռնադրութիւն ստանալը դեռ չէր նշանակում անպայման ստորադրեալ լինել: Միայն այն ժամանակ էր այդ անխուսափելի, եթէ ձեռնադրողը ձեռնադրեալի մետրապոլիտն էր: Իսկ Մեծ Հայաստանը այս շրջանում բոլորովին անկախ էր և յամենայն դէպս չէր ենթարկւում Կեսարիայի կուսակալին: Բացի այդ շատ անհաւանական աւանդութիւն է Գրիգոր Լուսաւորչի ձեռնադրութիւն ստանալը Կեսարիայի Ղևոնդիոս մետրոպոլտից, որովհետև ժամանակագրութիւնը չի բռնում: Ղևոնդը հանդէս է գալիս պատմութեան մէջ 316 թուից յետոյ և Նիկիոյ ժողովի անդամներից մէկն է, իսկ Հայաստանի Լուսաւորիչը ձեռնադրութիւն ստացած պիտի լինի Գ. դարու վերջին կամ շատ շատ Դ. դարու առաջին տարիները: Ուշագրաւ է նաև այն հանգամանքը, որ Լուսաւորչի յաջորդը Կեսարիա չէ գնում ձեռնադրութեան համար, այլ իւր հօրից է ընդունում առաքելական յաջորդութեան շնորհը:
Ուրեմն Հայոց եկեղեցու ունեցած կախումը Կեսարիայից շատ կասկածելի է: Չի կարելի ուրանալ սակայն, որ հելլենական քրիստոնէութիւնը շատ մեծ ազդեցութիւն է ունեցել Հայկականի վրայ, յատկապէս հելլենական կրթութիւն ստացած Լուսաւորչի տան անդամ Հայրապետների շնորհիւ:
Հայաստանից քրիստոնէութիւնն անցել է նաև Վրաց և Աղուանից երկիրները:
Այս էր քրիստոնէութեան ընդհանուր դրութիւնը այն ժամանակ, երբ Կոստանդինը այն պետական կրօն հռչակեց: Երկու և կէս դարերի ծանր մաքառումներից ու ներքին և արտաքին ճգնաժամներից պատուով և փառաւոր յաղթանակով դուրս եկած, նա պատրաստ էր այժմ իւր տեղը գրաւելու աշխարհի մէջ և զօրութիւն ունէր իւր նպատակներն իրագործելու համար: Փրկութիւն բերող վարդապետութիւնը յիրաւի մի ճառագայթ էր դարձել, որ փայլում էր ամբողջ հին աշխարհի մէջ (Եւս. Եկ. Պատմ. II, 3), և անհնար էր այլ ևս այդ ճառագայթի լոյսը հանգցնել:
Կարելի՞ է քրիստոնէութեան տարածումը արագ կատարուած համարել: Թէև Հռովմէական պետութեան մէջ եղած միւս կրօնների տարածման չափը որոշելու համար կարևոր նիւթերը չունինք, բայց քրիստոնէութեան համար վերև տրուած հարցին դրական պատասխան կարելի է տալ:
Անտիոքի ա. հեթանոս-քրիստոնէական համայնքի սկզբնաւորութիւնից 70 տարի հազիւ անցած, Պլինիոսը այնպիսի գոյներով է նկարագրում քրիստոնէութեան տարածումը հեռաւոր Բիւթինիայում, որ պարզ կերպով երևում է, որ միւս պաշտամունքների գոյութիւնն արդէն վտանգուած է:
Դրանից 70 տարի չանցած՝ զատկական վէճերի առթիւ տեսնում ենք մի ամուր եկեղեցական կազմակերպութիւն, որ Լիոնից մինչև Եդեսսա է տարածւում, և որի կենդրոնն է Հռովմը:
Զատկական վէճերից 70 տարի յետոյ արդէն Դեկոս կայսրը յայտարարում է, որ աւելի սիրով Հռովմում մի հակակայսր տեսնել կկամենար, քան թէ քրիստոնեաների եպիսկոպոսին:
Այլ ևս 70 տարի, և խաչի նշանը երևում է Հռովմէական դրօշակների վրայ:

ԵՐՎԱՆԴ ՎԱՐԴԱՊԵՏ ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆՑ