Քարոզ. «Մարմնի ճրագը աչքն է»

«Մարմնի ճրագը աչքն է» (Մատթ. 6.22):

Սիրելի հավատացյալներ,
Ավետարանի ընթերցանությունից դուք գիտեք, որ Քրիստոս բազ-մաթիվ իմաստուն խոսքեր ասաց, հորդորներ ու պատվիրաններ տվեց: Մեր Տիրոջ խոսքերը, Նրա հիանալի վարդապետությունը քրիստոնեութ-յան ամենամեծ հրաշքներն են, որովհետև թեկուզ և այլ կրոններում ևս նկարագրված են գերբնական երևույթներով դեպքեր, սակայն ոչ մի կրոն չունի Աստծո և մարդու, աշխարհի, բարոյականության, առաքինության այնպիսի բարձր ու վեհ ուսուցումներ, որպիսիք կան քրիստոնեության մեջ: Ահա և այսպիսի իմաստնագույն միտք է արտահայտում նաև տերունական այս խոսքը, որ սկսվում է մարմնի ճրագը աչքն է բառերով: Գեղեցիկ համեմատություն է արված: Ի՞նչ է ճրագը, այն է, որ լույս է տալիս, և որի օգնությամբ կարողանում ենք մթության մեջ տեսնել: Ահա այսպես խորհըրդանշական ճրագ է նաև մարմնի համար աչքը, որի օգնությամբ մարմինը կարողանում է տեսնել: Իսկ ի՞նչ ենք տեսնում մենք այդ ճրագով: Դա կախված է նրանից, թե այն դեպի որ կողմն ենք ուղղորդում: Լապտերը ցույց է տալիս միայն այն առարկան, որի ուղղությամբ գցում ենք լապտերի լույսը: Իսկ աչքի ճրագը մեզ համար լուսավորում է այն, ինչի կողմը մենք ամբողջությամբ հակված ենք մեր մտքերով: Հաճախ է լինում, որ տխրության մեջ չենք նկատում մեզ շրջապատող բնության գեղեցկությունը, կամ հոգնած տուն վերադառնալիս չենք տեսնում մեր ճանապարհի շուրջը եղող իրողությունները, և կամ մտքերի մեջ քայլելիս չենք նկատում մեզ ծանոթ մարդկանց և չենք բարևում նրանց: Իսկ ո՞ր կողմն է այսօր ուղղված մեր ճրագը, այսինքն` ինչո՞վ ենք ավելի շատ մտազբաղ և ի՞նչ ենք տեսնում: Մեր օրերում, երբ և՛ պետական, և՛ հասարակական, և՛ ընտանեկան, և՛ անձնական կյանքում բազմաթիվ խնդիրներ կան, ինչպես նաև խնդիրներ զգացմուն-քային, նյութական, որոշ մարդկանց հետ մեր հարաբերություններին առնչվող և այլն, մենք ավելի շատ տեսնում ենք դժվարությունները, մտածում, որ Աստված այնպես չի օգնում մեզ, ինչպես որ պետք է, և կամ էլ Աստված հեռվից է դիտում մեզ` տեսնելու, թե ինչպես ենք հոգնատանջ լինելով հաղթահարում կյանքի բազում դժվարությունները: Այդ մտքերը մեզ ավելի նեղ վիճակի մեջ են գցում, երբեմն հիասթափություն ու ընկճվածություն է տիրում սրտին: Սակայն մի՛ տխրիր, սիրելի հավատացյալ, Աստված միշտ քո կողքին է, և քո դժվարություններն ու խնդիրները հարթվելու են, որովհետև Աստված գործում է դրա համար: Միայն թե մի քիչ պետք է հավատքով համբերել, ինչպես որ բնությանն է ժամանակ պետք անձրևից հետո մշուշն ու մառախուղը ցրելու և արևի լույսը կրկին փայլեցնելու համար: Մեզ երբեմն թվում է, թե մեր նեղությունների ու փորձությունների մեջ մենք մենակ ենք, և Աստված սպասում է, որ ինքներս դուրս գանք այդ փորձությունից: Բայց Դամասկոսի ճանապարհին Քրիստոս լույսի մեջ հայտնվեց քրիստոնյաներին հալածող Սավուղին` հետագայի Պողոս առաքյալին, և ասաց. «Սավուղ, ինչո՞ւ ես Ինձ հալածում» (Գործք 9.4): Ե՞րբ և որտե՞ղ Պողոսը հալածեց Աստծուն, նա հալածում էր միայն քրիստոնյաներին: Բայց Քրիստոս Իր հետևորդների չարչարանքները նաև Իրենը համարեց: Չարչարավող մարդը կարծում է, թե ինքը միայնակ է չարչարվում, և Աստված լքել է նրան, մինչդեռ Աստված Ինքը չարչարվում է մարդու հետ: Այդ հատկությունը ձեռք բերվեց Աստծո մարմնացումով և խաչի վրա տանջանքներով: Խաչված Քրիստոս բացահայտում է Աստծուն, որ ընդունակ է չարչարվելու: Աստված չարչարվում է մեզ հետ, չարչարվում է մեր կողմից, երբ մեղք ենք գործում, և չարչարվում է մեզ համար: Նույն Պողոս առաքյալն ասում է. «Եթե Քրիստոսի չարչարանքներին կցորդ ենք, հաղորդակից ենք լինելու և փառքին» (Հռ. 8.17): Սակայն ոչ միայն մենք չարչարանակից ենք լինում Աստծուն, որպեսզի Նրան փառակից լինենք, այլև Աստված Իր փառքից չարչարվում է մեզ հետ, որպեսզի մեզ Իր փառքին հանի: Հիշիր, թե քո որքան աղոթքներ են կատարվել, վիշտը, որ չարաղետ հարվածներով այտուցվում է կրծքի ձախ անկյունում` սրտի մեջ, ինչպես է փարատվել կամ հաղթահարվել: Հուսահատության չարախինդ պահերին, երբ ուզում էիր մեկի հետ կիսել հոգիդ պարուրած դառնության ծանրությունը, ու՞մ ես ամբողջությամբ բացել սիրտդ, եթե ոչ Աստծո, ով քեզ դուրս է բերել մենությանդ բոժոժից, նորածին թիթեռնիկի սլացք պարգևել և ոչնչացրել սիրտդ կրծոտող տխրության թրթուրը: Ո՞վ է բուժել մեղքի նետերից արյունաքամ եղող լացակումած հոգուդ դառը վերքերը: Ո՞ւմ ես դու արդյոք աչքերդ հառել, երբ տենչացել ես մի այնպիսի մխիթարություն, որ պարգևելը սովորական մարդու ուժերից վեր է: Արարչի բացառիկ հատկություններից մեկն է ամենուրեքությունը, Նրա մշտական ներկայությունը ամեն տեղ, որը վկայում է, թե բոլոր հանգամանքներում Աստված մեզ հետ է: Պատերազմներով, անարդարություններով, ապագայի հանդեպ մեր գերլարված մտքի ու մտահոգությունների առկայությամբ լի այս աշխարհում Մեր հույսը Աստված է: Նա է մեր գաղտնի արցնունքները սրբողը, մեր մեղքերի հուսահատությունից մեզ վեր հանողը, մեր միջի հին մարդուն խաչողը և նորին հարություն տվողը, մեր սիրտն Իր ձեռքերում ջերմացնողը, մեզ դրախտ խոստացողը, մեզ երջանկություն պարգևողը: Աստված ներկա է անգամ Նրան բացակա համարող մարդու կյանքում: Ներկա է ոչ միայն Երգ երգոցի սիրահար զույգի պես փողոցով ճախրող սիրեցյալների հավիտենական հավատարմության մեծ խոստումներում, այլև արդեն իսկ ընտանիք կազմած ամուսինների վեճերի բոցում, որպեսզի փրկի Սուրբ Գրքից հայտնի երեք մանկանց պես հնոցը նետված այդ անմիտներին զայրույթի հրից: Նա միշտ ներկա է երեխաների անմեղ և կամ էլ չարաճճի վազք ու խաղե-րում, ներկա է անգամ գայթակղությունից գալավող մարդու ցանկացող սրտի մութ անկյուններում` լուսավորելու խավարը լույսով, քանզի ի՞նչ եք կարծում, խղճի խայթն ի՞նչ է: Աստված միշտ ներկա է նորածին մանկան ծիծաղից հրճվող, իր մանկան վրա սիրով խոնարհված հոգնած մոր կողքին, աշխատանքից վերադարձող հոր շտապող քայլերի և նրան սիրով ընդառաջ ելնող երեխաների մանկական վազքի արագության մեջ: Նաև իր սենյակում միայնակ մարդը մենակ չէ երբեք, քանզի Աստված ներկա է անգամ միայնության մեջ: Աստված ներկա է տիեզերքի մեջ, տիեզերքից վեր, ներկա է նաև մարդկային հոգու տիեզերքներում: Նա ներկա է միշտ և չկա մի տեղ, ուր բացակայի, քանզի Նա Աստված է, Նա ամենուր է: Ուրեմն, Աստված միշտ մեր կողքին է: Աստված քեզ հաջողություն է տալիս, միայն պետք է վերցնես այն քո եռանդուն աշխատանքով: Աստված քեզ առողջություն է տալիս, միայն պետք է այն պահպանես` քո մասին իրապես հոգ տանելով: Աստված քեզ հոգու անմեղության լույսն է տալիս, միայն թե պետք է այն պահպանես աչքի լույսի պես: Բայց հաճախ առողջությունը քայքայվում է աշխատանքում, և աչքի լույսը կարևորվում է հոգու լույսից: Աչքերի մասին հոգալով` ակնոցներ ենք օգտագործում, նաև գիշերը աչքերը փակում ենք տեսողութ-յան հոգնածությունը թոթափելու համար: Սակայն «մարմնի ճրագը աչքն է. և եթե քո աչքը պարզ է, քո ամբողջ մարմինը լուսավոր կլինի: Իսկ եթե քո աչքը պղտոր է, քո ամբողջ մարմինը խավար կլինի: Եվ արդ, եթե քո մեջ եղած լույսը խավար է, ապա խավարը՝ որչա՜փ ևս ավելի» (Մատթ. 6.22-23),- ասում է Քրիստոս: Այսինքն` երբ մարդ կորցնում է տեսողությունը, իր համար և՛ աշխարհը, և՛ իր մարմինը ընկղմվում են խավարի թագավորություն: Եվ եթե այդպես է մարմնավոր տեսանկյունից, ուրեմն առավել ևս երբ հոգևոր աչքը կուրանում է, երբ հոգու լույսը հանգչում է, խավարի իշխանն է դառնում տիրակալը մարդու ներաշխարհի: Աստծո ստեղծած բարիքները` բնությունը, երկինքը, կենդանիներին, աստվածային պատկերով մարդկանց, արեգակի լույսը, գիշերվա խորհրդավոր մթության մեջ շողացող աստղերը և ժպտացող լուսինը և այլ բարիքներ մենք տեսնում ենք բաց աչքերով, բավական է փակել աչքերը և այդ ամենը կանհետանա: Եվ որպեսզի բարիքները քեզ համար չանհետանան, միշտ բաց պահիր հոգուդ աչքերը` դրանք հառած ամենուրեք գտնվող Աստծուն, Տիրոջը ներկա համարելով ոչ միայն ամպերից այն կողմ, այլև` քո հոգու մեջ: Երբ բաց են հոգու աչքերը, մարդն այլ կերպ է տեսնում իրողությունները: Ահա թե մի հավատացյալ ինչպես է դա վկայել. «Ես Աստծուց ուժ խնդրեցի, իսկ նա փորձություններ ուղարկեց, որպեսզի կոփի ինձ, իմաստություն խնդրեցի, և խնդիրներ ուղարկեց, որոնք հաղթահարելու համար միտքս պիտի աշխատեցնեի: Արիություն խնդրեցի, և վտանգներ ուղարկեց, որոնք հաղթահարելիս զորացավ իմ քաջությունը: Խնդրեցի, որ մարդկանց հանդեպ սերս մեծացնի, և Աստված իմ օգնության կարիքն ունեցող դժբախտներ ուղարկեց: Բարիքներ խնդրեցի, և Աստված դրանք ձեռք բերելու հնարավորությունները տվեց: Արդյունքում ես չստացա ոչինչ, ինչ խնդրել էի, բայց միևնույն ժամանակ ստացա այն ամենը, ինչ հարկավոր էր ինձ»: Մարմնի ճրագը աչքն է, և մեկն այդ ճրագով տեսնում է ջրափոսը, իսկ մյուսը տեսնում է այդ ջրափոսում արտացոլվող աստղերը: Հավատքով ապրիր ու աշխատիր, սիրելի հավատացյալ, և Աստված բազում օրհնություններ կբերի քեզ, զգոն եղիր և կշահես ոչ միայն այս, այլ նաև հավիտենական կյանքը` միշտ փառավորելով Բարձրյալն Աստծուն` Ամենասուրբ Երրորդությանը` Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն. այժմ և միշտ և հավիտյանս. ամեն: