ՔԱՀԱՆԱՅԻ ՊԱՐԱՆԸ

Paran1 - ՔԱՀԱՆԱՅԻ ՊԱՐԱՆԸ

Տարիներ առաջ Արևմտյան Հայաստանի գյուղերից մեկում եղել է մի եկեղեցի Սուրբ Աստվածածին անունով, որն ունեցել է շատ քիչ թվով բնակչություն: Այդ փոքրիկ ծուխը ունեցել է նաև Հոգևոր Հովիվ, մի Տեր Հայր, որը օծված է եղել հատուկ այդ գյուղի եկեղեցու համար: Այն ժամանակ պատմական Հայաստանը Օսմանյան լծի տակ էր: Թուրքիայի Հայոց Պատրիարք` Մաղաքիա Արքեպս. Օրմանյանը լսում է այս գյուղի եկեղեցու ու քահանայի մասին և ցանկություն հայտնում այնտեղ գնալու: Վերջ ի վերջո նրան հաջողվում է այցելություն տալ և զրուցել տեղի ժողովրդի ու այդ բարի և պարտաճանաչ քահանայի հետ: Նա հորդորում է Տեր Հորը մնալ իր պաշտոնում և շարունակել հովվել իր հոտին իբրև Հոգևոր Հովիվ: Նրան ճանաչողները ասում էին, թե Տեր Հայրը գրեթե հաց ու պանիրով է ապրում, որովհետև շատ քիչ թվով մարդ լինելով, նրանք ի վիճակի չէին քահանային վճարելու այնքան, որ բավականացներ նրա ապրուստին; Օրերից մի օր եկեղեցու ընդարձակ բակում ծխականներից մեկը զրուցելու ժամանակ ասում է Տեր Հորը.

— Տեր Հայր, փոխանակ այստեղ նեղության մեջ ապրելու, դիմեք Կրոնական Ժողովին, որպեսզի ձեզ մի ուրիշ եկեղեցի փոխադրեն: Եթե կուզեք մենք էլ կարող ենք միջնորդել և հարցը կարգավորել: Բարի քահանան այլայլվում է: Մի քանի րոպե հետո, նա հպարտորեն բացում է կրոնականի իր վերարկուն ու ցույց տալիս իր մեջքին փափաթած… պարանը: Մինչ բոլորը զարմացած ու ապշած իրար են նայում, ազնիվ եկեղեցականը ասում է.
— Չգիտե՞ք միթե, որ ես այս եկեղեցու համար եմ օծված: Եթե մեկ շունչ ծխական իսկ չմնա այստեղ, ես պիտի շարունակեմ իմ պարտքը կատարել` Տիրոջ հանդեպ, առավոտ և երեկո ժամերգություն պիտի անեմ: Իսկ ցերեկվա ժամերին նավահանգիստ պիտի գնամ, թեթև բեռներ փոխադրեմ, ընտանիքիս ապրուստը հայթայթելու համար: Բեռնակրի դրամագլուխ համարվող այս պարանը ես հիմիկվանից փաթաթել եմ մեջքիս…

Կեցցես Տեր Հայր: Ահա այսպիսի հոգևորականներ էլ ենք ունեցել և այսօր էլ ունենք: Այո, այո, մի զարմացեք, այսօր էլ ունենք, որոնք պատրաստ են հանուն եկեղեցու և իրենց ժողովրդի, դժվարին պայմաններում և նեղությունների մեջ հովվելու իրենց հոտին: Աղոթեցեք մեզ համար, մենք ձեր աղոթքի կարիքն ունենք:

«ԲԱՐՈՅԱԿԱՆ ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԶՈՀԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ», այս է Քահանայի ճշմարիտ ուղին, որն այնքան էլ հեշտ չէ, ինչպես թվում է առաջին հայացքից։

Տ. Հովսեփ Ա.Քահանա Հակոբյան