«Յանուն Հօր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ. ամէն»:
«Կատարիչ խնդրուածաց, լսօղ աղօթից ,
երագահաս սուրբդ Սարգիս…,
բարեխօս լեր առ Քրիստոս վասն անձանց մերոց»
(Շարական):

Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ,
Այսօր ամենքիս հոգում և սրտում անսպառ ուրախություն և ցնծություն է, հույսի և լույսի մի առավոտ, երբ «միասիրտ և միաբան» հավաքվել ենք Աստծո այս տան մեջ` նշելու մեր ժողովրդի համար այդքան սիրելի և պաշտելի Ս. Սարգիս զորավարի, նրա որդի Մարտիրոսի և 14 զինվորների տոնը` ևս մեկ անգամ անդրադառնալով նրանց նահատակության պատմությանը, անկոտրում հավատքին, Ս. Սարգսի մասունքների հրաշագործ զորությանը և նշանակությանը մեր կյանքում: Ս. Սարգիսը մեր պատմության ընթացքում ընկալվել է իբրև սիրահարների պահապան ու բարեխոս սուրբ, նրանց համար «սիրո ճանապարհ» հարթող, քաջության և անձնազոհության օրինակ, նեղյալների ապավեն ու վշտացյալների մխիթարող, հողմերն ու քամիները սաստող, ով օգնում է բոլոր նրանց, ովքեր աղոթքով և աներեր հավատքով դիմում են նրա բարեխոսությանը: Ահա այս ամենը նկատի ունենալով է, որ ԺԳ դարի մեր Եկեղեցու նշանավոր վարդապետներից Վարդան Արևելցին Ս. Սարգսին նվիրված Օրհնության շարականի մեջ ասում է. «Խնդրվածքների կատարող, աղոթքների լսող, արագահաս սուրբդ Սարգիս…, բարեխոսի՛ր Քրիստոսի մոտ մեզ համար»:
Այո՛, Ս. Սարգիսն իր արագավազ ձիով դարեր շարունակ սլանում է երկնքից երկիր, իրականություն դարձնում մեր անկեղծ սրտից բխած երազներն ու իղձերը, իսկ նրա ձիու սմբակի հաստատուն ձայնն ու հետքը լսում և տեսնում են արժանավորներն ու հատկապես սիրահար զույգերը, ովքեր հավատում են Աստծո ամենազորությանը և իրենց խնդրանքներով դիմում Ս. Սարգսի բարեխոսությանը: Վստահ եմ, որ այս պահին ալեկոծված են ձեզանից շատերի սրտերը, քանզի երեկ, ժողովրդական ավանդության համաձայն, կերել եք աղե բլիթն ու հրաշքի եք սպասում, ուզում եք վայրկյան առաջ իրականություն դարձած տեսնել ձեր անպատմելի երազը: Շատերդ էլ երազում տեսել եք հենց Ս. Սարգսին, կամ սպիտակ ձիավոր մի ասպետի, կամ ինչ-որ մեկի, ով փորձում էր ձեզ ջուր տալ կամ պարզապես սիրատոչոր հայացքով նայում էր ձեզ վրա, բայց չեք կարողանում նկարագրել ձեր տեսած էակին: Բարեբախտաբար, շատերդ էլ հստակ գիտեք, թե ո՛ւմ եք տեսել, և այս պահին անօրինակ վառ և ջերմ զգացումներ եք ապրում: Բայց ամենակարևորն այն է, որ անկախ նրանից, թե երազ տեսե՞լ եք, թե՞` ոչ, հիշո՞ւմ եք, թե՞ չեք հիշում, այսօր եկել եք սրբի անունը կրող այս փառահեղ եկեղեցին` աղոթելու, Տիրոջ հետ զրուցելու, հայցելու Քրիստոսի անհաղթ զորականի բարեխոսությունը և ճաշակելու Տիրոջ փրկարար Մարմինն ու Արյունը, քանզի հավատում եք, որ հայն իր հոգևոր քաղցն ու ծարավը կարող է միայն բավարարել այն մաքուր և զուլալ աղբյուրից, որի անունը Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցի է:
Սիրելինե՛ր, այս բոլոր զգացումներն ու ապրումներն էլ շատ բնական են, քանզի բոլորս էլ սեր ենք փնտրում, ուզում ենք իսկապես անկեղծ սրտով սիրել և սիրված լինել: Եվ Ս. Սարգսի լուսավոր տոնը հենց այն պատեհ առիթն է, երբ առավել շատ ենք խորհրդածում սիրո վսեմ զգացմունքի մասին, քանզի աներկբա հավատում ենք սիրո բարեխոս սրբին, ավելին` քաջ գիտենք, որ եթե Տիրոջ կամքն է, ապա անպայման մեկ օր կհանդիպենք մեր սիրելիին ու վերջապես կասենք կախարդական և անզուգական խոսքերը. «Ես քեզ շատ եմ սիրում»: Անկասկած, հազար երանի¯ նրան, ով անմնացորդ սիրել և նվիրվել գիտե: Եվ երջանիկ են նրանք, ովքեր իրենց կյանքում գեթ մեկ անգամ ապրել են այդ անհասկանալի, բայց մարդուս համար այնքան անհրաժեշտ սիրո բերկրանքը:
Այնքան շատ բան կա գրված սիրո մասին, որ թվում է, թե այլևս բան չկա ասելու, բառերն անզոր են` նկարագրելու և բացատրելու երկիքն ու երկիրն իրար կապող այդ զգացումը: Բայց արի ու տես, որ սիրող սիրտը միշտ նոր ձևեր և բառեր է գտնում իր սիրելիի համար` ամեն ինչ անելով ինչպես իր, այնպես էլ սիրած էակի առօրյան, ամեն վայրկյանը, պահն ու օրը սիրով պարուրելու, սիրով արարելու, և սիրով աստվածապարգև կյանքն առավել գեղեցկացնելու համար: Ուստի մի՛ զլացեք և ժլատ մի՛ եղեք սիրո խոսքերում, Ս. Սարգսի բարեխոսությամբ և Աստծո օրհնությամբ զորացած` պայքարեք ձեր սիրո համար և արժևորեք ձեր ունեցածը: Ս. Սարգիս զորավարի հիշատակության օրը նաև սիրո հրաշքի, սեր գտնելու, սեր խոստովանելու տոնն է: Չգիտեմ նախախնամակա՞ն է, թե՞` պարզապես պատահականություն, որ այս տարի այն նշում ենք հունվարի 31-ին` ճիշտ այն օրը, երբ 363 թ. նահատակվեց երանելի սուրբը: Հորդորս է բոլորիդ` հավատացե՛ք սիրո հրաշքին, և ձեր կյանքում անպայման այն կկատարվի: Երբեք չվհատվե՛ք, չհուսալքվե՛ք, չմոռանա՛ք երջանիկ և սիրված լինելու ձեր երազանքի մասին: Ձեր ամենօրյա կյանքով մոտեցրեք այդ բաղձալի օրը` ամեն ինչում հայցելով Տիրոջ կամքը, որը բարին է և ճշմարիտը:
Այսօր մեր կյանքում և առհասարակ հասարակության մեջ ճշմարիտ, ազնիվ, անսուտ սիրո պակաս կա: Մի տեսակ չարացել ենք մեկս մյուսի հանդեպ, չենք ուրախանում մեր ընկերոջ, հարազատի կամ պարզապես մեր հայրենակցի հաջողությամբ, միայն վատն ենք տեսնում` բոլոր խնդիրների լուծումը մեզանից դուրս փնտրելով: Սակայն ազնիվ լինելու դեպքում պիտի խոստովանենք, որ սերն է ցամաքել մեր մեջ, սիրո պակասն է մեզ այդպիսին դարձրել և անտարբեր ենք շատ բաների հանդեպ: Հետևաբար, մեր մեջ պիտի զորացնենք սիրո շնորհը, որի աղբյուրն Աստված Ինքն է: Նա, համակ սեր լինելով, արարեց մեզ Իր պատկերով և նմանությամբ, և այդ զգացումը դրեց մեր մեջ` առավել երջանիկ լինելու համար, մշտապես դիմացինի մեջ տեսնելու արարչության թագն ու պսակին, այսինքն` մարդուն: Ինչպես Աստված սիրո արդյունքում մարդուն արարեց, մենք էլ նույն այդ սիրով և արարչական զորությամբ պիտի ստեղծենք, բարին գործենք, և սերը մեզ պիտի մղի հրաշքներ գործելու, այլափոխվելու և պայծառակերպելու մեր շրջապատը` դառնալով Տիրոջ պատգամած աղն ու լույսն այս աշխարհի: Հետևաբար, քրիստոնեական տեսանկյունից սերը ոչ միայն հաճույք է, այլ առավել ևս` պատասխանատվություն, նվիրում և անձնազոհություն: Ս. Հակոբոս առաքյալն ասում է. «Հավատքն առանց գործերի մեռած է» (Հակ. Բ 26): Նույնն է սիրո դեպքում. սերը մեռած և դատարկ է, եթե չկան այդ սերը ցույց տվող գործեր և արարքներ: Ամեն օր պետք է մեր սերն ապացուցենք Տիրոջ, մեր Հայրենիքի և սիրելիի հանդեպ: Քանզի սերը ոչ թե խոսք է, այլ ամենօրյա գործողություն և քայլ, որի պահանջն ունեն բոլորը: Երբ սիրում ես մեկին, նաև պատասխանատվություն ես զգում նրա հանդեպ: Սիրել նշանակում է նաև պատրաստ լինել ինքնազոհաբերության` անձնական եսը մենքի վերածելով, փորձելով հասկանալ դիմացինին, և ամեն ինչ հարթելով միայն սիրո ամուր և հաստատուն հիմքի միջոցով: Չպետք է մոռանալ, որ սիրո և ընտանեկան երջանկության համար պատասխանատու են երկու կողմերն էլ: Ուստի ամեն ինչ արեք ամբողջապես երջանիկ լինելու համար, որի բանալին ձեր ձեռքերում է:
Ս. Սարգսի տոնի օրը նվիրական է նաև, քանզի տարիներ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ այն հռչակվել է իբրև երիտասարդների օրհնության օր: Ուրախ եմ, որ այսօր մեր Եկեղեցին լի է երիտասարդներով, ովքեր եկեղեցի են գալիս ոչ թե ավանդույթի ուժով, այլ գիտակցաբար` հաղորդ դառնալով մեր նախնյաց հավատքին: Սիրելի՛ երիտասարդներ, դուք ոչ միայն մեր Եկեղեցու ապագան եք, այլ նաև ներկան, որ այս փոփոխական և ժամանակակից տեխնոլոգիաների հորձանուտում փորձում եք մշտամնա արժեքների հետևել, հոգևոր կյանքով ապրել և ձեր ներկայությամբ կենդանի պահել մեր եկեղեցին:
Ի խորոց սրտի ջերմագին աղոթքս է, որ ամենակարող Աստված Ս. Սարգսի բարեխոսությամբ ապահով և անսայթաք պահի ամենքիդ, որպեսզի օր առաջ գտնեք ձեր սերը, ունեցածն առավել զորացնեք և պտղաբեր դարձնեք:
Տիրոջ սերը, ողորմությունը և Ս. Էջմիածնի օրհնությունն ամենքիդ հետ լինեն. ամեն:

Տ. ԶԱՔԱՐԻԱ ՎԱՐԴԱՊԵՏ ԲԱՂՈՒՄՅԱՆԻ ՔԱՐՈԶԸ`
ԽՈՍՎԱԾ ԵՐԵՎԱՆԻ ԱՌԱՋՆՈՐԴԱՆԻՍՏ Ս. ՍԱՐԳԻՍ ԵԿԵՂԵՑՈՒՄ
Ս. ՍԱՐԳԻՍ ԶՈՐԱՎԱՐԻ ՏՈՆԻ ՕՐԸ
(31 հունվարի, 2015 թ.)

Աղբյուր՝ ՀԱՅ ԵԿԵՂԵՑԱԿԱՆՆԵՐ