Սուրբ Մովկիմոս քահանայի մասին

Ովերայի կողմերը Լավոդիկոսի անթիպատության չորրորդ տարում մեծ ցնորք տարածվեց հեթանոսների մեջ. բոլոր քաղաքներում և գյուղերում և ամբողջ երկրում բազմամարդ հավաքներ էին լինում կուռքերի տոներին: Եվ մոլի [խավարամտությամբ բռնված]` Ամփիպոլիսում պարում էին` կատարելով Դիոնիսոսի դիվական պաշտամունքն [ու երկրպագությունը]: Իսկ ողջախոհության վարդապետ Մովկիմոսը Ամփիպոլիսում սուրբ և կաթուղիկե եկեղեցու երեց էր և կամեցավ երևալ բոլորին, որովհետև բազում ժամանակ էր, որ ուսուցանում էր փրկական Բանը` պատվիրելով և ասելով. «Նայեցե՛ք և փախեք կուռքերի մոլեգնությունից և դարձեք Տեր Աստծու կողմը, որ Իր Միածին Որդու միջոցով արդարության լույս ծագեցրեց և լուսավորեց մեզ: Անշունչների պաշտամունքը ոտքի տակ առե՛ք և հանապազ Աստծու գործը պաշտեցե՛ք»: [Մինչդեռ] այդ տարածված խելահեղության ժամանակ բոլորն անխտիր, հոգնատանջ և ուժասպառ` Դիոնիսոսի [պաշտամունքի] պարն էին պարում:
Իսկ հինգերորդ ամսին Լավոդիկոս անթիպատոսը Ապողոնիայից Ամփիպոլիս եկավ, որ ինքը ևս պարի Դիոնիսոսի համար: Եվ առավոտյան նրան Քրիստոսի Մովկիմոս զինվորի մասին ասացին, թե` «Շատերին հեռացնում է Դիոնիսոսի պաշտամունքից, ընդունայն և խաբեական վարդապետություն ուսուցանելով` ինչ-որ խաչյալ և թաղյալ Աստծու կողմն է դարձնում, և նրան հավատալով` շատերը գիտության են գալիս: Արդ, եթե նրան թողնես, բոլորը կհավատան նրան, և մեր մատուցած ողջակեզներն իզուր կդառնան»: Իսկ երբ Լավոդիկոս անթիպատոսն այս լսեց, նստեց ատյանի բարձր բեմին և հրամայեց զինվորներին, որ բռնեն Մովկիմոսին և ատյան բերեն: Եվ եկավ Քրիստոսի զորականն ու կանգնեց զվարթերես: Անթիպատոսն ասաց նրան. «Ինչո՞ւ զոհ չես մատուցում աստվածներին, իսկ ովքեր զոհում են, [նրանց] ընդունայն խաբեությամբ ետ ես դարձնում»: Մովկիմոսն ասաց. «Անգիտությամբ հարցեր մի՛ տուր, այլ քո խոհերում գիտություն հաստատի՛ր և սովորի՛ր ճշմարտությունը, որովհետև սքանչելի Գրքերից իմանալով սովորեցի, որ` «Հեթանոսների կուռքերը դևեր են, և խելագարությունն է նրանց զորությունը»: Լավոդիկոսն ասաց. «Շատախոսություն սովորեցիր…»: Մովկիմոսն ասաց. «Չեմ շատախոսում, այլ քեզ ճշմարտությունն եմ ասում, որովհետև դևեր են և անշունչ կուռքեր»: Լավոդիկոսն ասաց. «Եթե զոհ մատուցես` քեզ մեծ օգուտ կտաս, կազատվես տանջանքներից»: Մովկիմոսն ասաց. «[Ընդհակառակը]. եթե զոհ չմատուցեմ` Աստծու տանջանքներից և դատաստանից կազատվեմ»:
Լավոդիկոսն ասաց. «Խնայի՛ր քո անձը և զո՛հ մատուցիր»: Մովկիմոսն ասաց. «Զոհ չեմ մատուցի, որովհետև Աստծու առջև ինձ հավիտենական մահ կբերի»: Լավոդիկոսն ասաց. «Կախեցե՛ք դրան և քերեցե՛ք աչքերից մինչև ծնոտը` այնքան, որ միսն ու ոսկորներն առանձնանան, որ բոլորը, [դրան տեսնելով], սովորեն չհայհոյել աստծուն, այլ հաստատակամությամբ զոհ մատուցել»: Եվ մինչ դահիճները քերում էին նրան, Քրիստոսի քաջ նահատակը բարձր ձայնով խոսեց և ասաց. «Աստվա՛ծ, որ հավիտենից Թագավորն ես, որ արդարության ճառագայթներովդ լուսավորեցիր և մարդասպանների խավարը ցրեցիր, որ անգողանալի գանձերի և անմահությունների տվողն ես, ճանաչի՛ր Քո ծառային, ճանապարհն իմ, որով փութկոտ ընթանում եմ հանուն Քո ճշմարտության, և հնարավորություն տո՛ւր հանդիպելու Քո խոստովանությանը»: Եվ մինչ նա ասաց այս [խոսքերը], դահիճները քերեցին և հասան ոսկորներին: Եվ որովհետև տկարացան սպասավորները և չէին կարողանում չարչարել նրան, աստվածատյաց Լավոդիկոսը հրամայեց իջեցնել նրան: Եվ երբ իջեցրին, կանգնեց դատավորի առջև, իսկ Լավոդիկոսն ասաց. «Զոհ մատուցիր Դիոնիսոս աստծուն և փրկի՛ր քեզ բազում տանջանքներից»: Սուրբ Մովկիմոսը լուռ էր, սակայն [այդ խոսքերից] հետո ասաց. «Եթե ասես, որ զոհ մատուցեմ աստվածներին, որ մարդկանց արվեստով են ստեղծվել ու անշարժ են և անձայն փայտ, երբեք չես կարողանա համոզել ինձ, որ զոհ մատուցեմ դրանց, որ աստվածներ չեն: Անամո՛թ և ամբողջությամբ բանսարկուին հնազանդված, չե՞ս տեսնում, որ բոլորովին չի այլագունել մարմինն իմ քո տանջանքներից, և չարչարանքներիդ ցավերն ինձ չեն մերձենում, որովհետև տկար և անուժ են քո չարչարանքները»: Այս լսելով` Լավոդիկոսն ասաց. «Ոչ թե քո Աստծուց ես օգնություն ստանում, այլ կախարդությամբ խաբում ես բոլորին: Սակայն այժմ կհրամայեմ քեզ հրի մեջ նետել, որ մարմնիդ բոլոր մասերը մոխրանան6, և հող[մ]ը քշիտանի»:
Եվ հրամայեց ձեթով և վուշով տրորել սրբի մարմինը, հնոցը բորբոքել, այնքան, որ հուրը հնոցից մինչև վաթսուն կանգուն դուրս էր գալիս: Եվ երբ Լավոդիկոսը սաստիկ հուրը տեսավ, հրամայեց երանելի Մովկիմոսին մեջը գցել: Եվ նրան հարցրեց ու ասաց. «Զոհ կմատուցե՞ս Դիոնիսոսին, թե՞ ոչ»: Սակայն նա լուռ էր: Դարձյալ խոսեց Լավոդիկոսը. «Ահա տեսար չար մտքերիդ համար պատրաստված տանջանքները, իսկ մեծ աստված Դիոնիսոսի պայծառությունը և դեպի քեզ ուղղված նրա աստվածառաք օգնությունը, որ նա անում է` պարզորոշ չնկատեցի՞ր: Զո՛հ մատուցիր Դիոնիսոս աստծուն և փառքի կհասնես»: Մովկիմոսն ասաց. «Անթիպատո՛ս, ասացի, որ զոհ չեմ մատուցում խուլերին, կույրերին և համրերին, որ կորցնում են բանական մարդկանց հոգիները: Եվ դու պետք է իմանաս` որին դու աստված ես կոչում, աստված չէ, այլ կռած է ու քանդակած»: Լավոդիկոսն ասաց. «Ա՛յ չարագլուխ, մի՞թե քանդակած են նրանք, որ զորությամբ աստված են: Ի՞նչպես են նրանցում բնակվող զորությունները մեզնից ողջակեզներ ընդունում և մեզ կյանք շնորհում»: Մովկիմոսն ասաց. «Ո՛վ պայծառ և վայելուչ, կամենո՞ւմ ես, որ մտնեմ և իմ ողջակեզները մատուցեմ դիցարանին, և բոլորը տեսնեն Դիոնիսոսի զորությունը»: Լավոդիկոսն ասաց. «Մտի՛ր և զո՛հ մատուցիր մեծ աստված Դիոնիսոսին»:
Եվ երանելին, մտնելու հրամանն ստանալով, Քրիստոսի Նշանն արեց իր ճակատին և Հիսուսի զենքը հագավ ընդդեմ բանսարկուի, վազեց տաճարի ներսն ու այնտեղ կանգնեց Դիոնիսոսի պատկերի առջև և ասաց. «Աստված ամենակալ, որ ամեն ինչ Քրիստոսի փառքով ստեղծեցիր, որ Քո աստվածությունից հեռացածներին ամոթով թողեցիր և պարկեշտ երկյուղի պատվիրանովդ Քո ծառաներին բոցավառեցիր: [Դու], որ բաբելացիների անձայն և անշարժ կուռքերը փշրեցիր և Քո ճշմարտության և արդարության հաստատությունը Դանիելին ցույց տվեցիր, որ աստվածազգյաց փառքերով օտարին և քրիստոսատյացին ջնջեցիր, որ երեք մանուկների մոտ բարձրացած բոցը ցրեցիր (Դան. Գ.), որ Փարավոնի և նրա ընտրյալների ալեկոծ և տոչորյալ սրտմտությունն անդունդն ընկղմեցիր և խայտառակող բռնությունը խափանեցիր` Արդարի (Մովսեսի) ձայնը լսելով (Ելք ԺԴ.): Դու, որ վեմից աղբյուր բխեցրիր և Քո ժողովրդին, որ Քեզ ճանաչում էր, կյանք շնորհեցիր (Ելք ԺԷ. 1-7): Քեզ, որ Եսդ ես` առաջ քան հավիտյանը, հանուն մեր Տեր Հիսուս Քրիստոս Թագավորի փառքերի, աղաչում և պաղատում եմ, լսի՛ր և ինձ օգնության հասի՛ր և հայտնվիր ճշմարտությունը սուտ համարողներին, որովհետև Դու ես, որ հավիտյան կաս և մնում ես: Քո միջոցով ծագեց չմարող լույսը և դևերի ու պիղծ կուռքերի մոլորությունը վերացավ»: Եվ այս ասելով` բարձրաձայն աղաղակեց և ասաց. «Բարձունքներում բնակվող ահավոր և փառավոր Աստծու անունով եմ քեզ դիմում, անպտո՛ւղ կույր և անկար խուլ, անշարժ Դիոնիսոս, մեհյանումդ գետին տապալվի՛ր, որովհետև անմիտների ծածուկ մոլորությունից և գայթակղությունից ես այստեղ»: Եվ նույն պահին մեծ որոտ եղավ և Դիոնիսոսն ընկնելով` կտորկտոր եղավ ինչպես փոշի, այնքան որ բոլոր տեսնողները փախան և զարմացան եղածից: Եվ երանելի Մովկիմոսն ասաց Լավոդիկոսին. «Տեսա՞ր մոլորությունդ, որով բռի մահվան էիր ուղարկում անմեղներին: Այժմ իջիր և հավաքիր դրա փշուրները և իմացիր, թե ինչպիսի չարիքներով եք մոլորվել»:
Այնժամ Լավոդիկոսը, զայրանալով Դիոնիսոսի պատկերի հետ կատարվածից, հրամայեց բորբոքված հնոցի մեջ գցել [երանելիին]: Եվ երբ սրբին հնոցը նետեցին, տեսավ, որ ինքը չորրորդն է [այնտեղ], իսկ մյուսների [դեմքերն] արեգակի ճառագայթների պես են, պայծառ, քան բոցը [հնոցի]:
Եվ բերանը բացեց երանելին ու ասաց. «Փա՜ռք Քեզ, Աստվա՛ծ, փա՜ռք Քեզ, հավիտենակա՛ն Թագավոր, փա՜ռք Քեզ, անապակա՛ն լուսավորությունը տարածող, փա՜ռք Քեզ, օրհնյա՛լ պայծառություն: Գոհանում եմ Քեզնից, մե՛ր հայրերի Աստված, որովհետև ամեն ինչ հնազանդվում է Քո խոսքին: Օրհնյա՜լ ես, մե՛ր հայրերի Տեր Աստված, որ երկրպագվում ես Քո երկնային զորքերի կողմից, գովաբանվում, օրհնվում և փառավորվում ես բերանով Քո հրեշտակապետների, որ այստեղ` հնոցում ինձ հետ են: Ցրի՛ր, Տե՛ր, այս հրի բոցը, և ցույց տո՛ւր Քո փառքերը և այրի՛ր նրանց, որ անխելքությամբ անթիպատոսի հետ են և վրաս թափեցին այս դառն ու անիրավ սպառնալիքները. թո՛ղ բոլորը հասկանան, որ միայն Դու ես Աստված ճշմարիտ. հավիտյանս. ամեն»:
Եվ, անթիպատոսի կողմն [անցնելով], հուրն անմիջապես այրեց նրան իր պիղծ ընկերներով և Դիոնիսոսի սպասավորներով հանդերձ, [թվով ինը հոգու], այնպես, որ անգամ նրանց մարմինները չկարողացան հավաքել, որովհետև Աստծու զայրույթով կործանվեցին: Եվ երբ այսպես եղավ, բոլորը սարսափեցին, իսկ երանելի Մովկիմոսը ելավ հնոցից [անվնաս], որովհետև հուրը ոչինչ չէր արել: Բայց անթիպատոսի Թաղիոս անունով մի ոմն զորագլուխ երանելիին բանտ նետեց: Եվ երբ քսանվեց օր անցավ, նախորդի փոխարեն նոր անթիպատոս եկավ` [Մաքսիմիանոս անվանյալ]: Եվ, զինվորներից լսելով Մովկիմոսի քաջության մասին` անթիպատոսը խիստ զայրացավ և առաջին օրն իսկ խորհուրդի նստեց պիղծերի հետ, թե ինչ եղանակով արդարին կործանեն: Իսկ երանելի Մովկիմոսը բանտում օրհնում և փառավորում էր Աստծուն: Իսկ երրորդ օրը եկավ անթիպատոսը և կամեցավ նրան կործանել, նստեց Փորոս կոչվող բարձր տեղում և հրամայեց բերել Մովկիմոսին: Եվ անթիպատոսն ասաց նրան. «Ասա՛ ինձ, ի՞նչ է քո անունը»: Երանելին ասաց նրան. «Անվանս մասին ես հարցնում. լսի՛ր, անթիպատո՛ս. իմ պատվական հայր Եփրատեսը և իմաստությամբ գովելի Եվստաթիա մայրն ինձ ընծայեցին Քրիստոսին և ինձ Մովկիմոս կոչեցին, և աճելով` սնվեցի նրանց կողմից որպես ճշմարտության որդի»: Այս լսելով` անթիպատոսն ասաց. «Ի՞նչ ազգից ես, կամ ի՞նչ կյանքով ես ապրում»: Մովկիմոսն ասաց. «Հայրս զինվորական էր և վախճանվեց մեծն Հռովմում, իսկ մայրն իմ Ղեմպ (Լամպ-Լամպադեոս) անթիպատոսի և Ոսկղարայի դուստրն էր»: Անթիպատոսն ասաց. «Իսկ որ այդպիսի ազգից ես, ինչո՞ւ հարձակվելով փշրեցիր քաջ Դիոնիսոսին և ինքնակալ թագավորի սիրելիին հրի մատնեցիր և ողջակեզներ մատուցելու օրենքը խախտեցիր»: Մովկիմոսն ասաց. «Ես, ո՛վ անթիպատոս, կարծեմ թե աստծու չփշրեցի, ոչ էլ ինքնակալի սիրելիին հրով այրեցի, և ոչ պարկեշտ ողջակիզությունը խախտեցի, այլ մեծ Աստծու երկյուղով երկինք նայելով` խուլ և քանդակած կուռքերը` սատանայի բնակությունը խորտակեցի, և հրի մատնեցի բանսարկուի սիրելիին և արդարության թշնամուն, վանեցի և ծաղրի ենթարկեցի մարդասպանին [մատուցվող] ողջակեզները և բարին ատողի ծոցը պարկեշտ աղոթքով ունայն երևացրի` ամբողջ սրտով վկայությամբ մնալով խոստովանությանս»: Մաքսիմիանոսն ասաց. «Այդքան չարաբարո լինելով` քեզ քաջագո՞րծ ես կարծում»: Մովկիմոսն ասաց. «Առ Աստված ունեցած երկյուղիցս է, որ ձեր կուռքերը կործանելիս քաջ էի»: Մաքսիմիանոսն ասաց. «Մոռացի՛ր բազում հիմարություններդ և զո՛հ մատուցիր Ապողոնին, որ չարաչար չկորչես»: Մովկիմոսն
ասաց. «Ո՛վ անթիպատոս, չարաչար կմահանամ, եթե մոռանամ Տիրոջ բարերարությունն ու օգնականությունը ճշմարտի Աստծու, և եթե մերձենամ դրանց, որ ո՛չ կան, և ո՛չ եղել են երբևէ»: Մաքսիմիանոսն ասաց. «Թեպետ քո մոլագարությամբ անզգամաբար փշրեցիր մեծ աստված Դիոնիսոսին և նրա համբերելու շնորհիվ թողություն գտար, բայց դիցապաշտ մարդու մտքի գալով` զո՛հ մատուցիր Ապողոնին»: Մովկիմոսն ասաց. «Ո՛վ անթիպատոս, մոլեգնակից մի՛ լինիր բանսարկուին և մի՛ հիշիր չարամտությունը Լավոդիկոսի, որ Աստծու զորությամբ կործանվեց` բարկացնելու համար, այլ հիշի՛ր և նայի՛ր Աստծու օգնականությանը, որ հետս կատարվեց, և փախիր պատուհասից, որպեսզի դու ևս չարաչար պատուհասով չհեռանաս այս կյանքից»:
Իսկ Մաքսիմիանոսն, այս լսելով, ամբարտավան մտքով չերկյուղեց Աստծուց: Հրամայեց երանելիին կապել երկու անիվներից, որ դրանց պտտվելուց մարմնի անդամները հաշմվեն: Եվ չարչարանքի ժամանակ սուրբն ասում էր. «Քո [պատճառած] տանջանքները և չարախորհրդությունդ իմ հոգին փրկագործում են առ Աստված: Ինչո՞ւ չես շտապում փափագս կատարել և քո հայր սատանայի կամքը կատարել. ինձ համար կյանք է [առ] Քրիստոս [գնալը], և օգուտ` այս խոստովանությամբ մեռնելը»: Անիվների պտտվելուց ջախջախվում էին սրբի մարմնի մասերը, սակայն տանջանքը չէր ազդում նրա վրա, [չնայած] արյունը մարմնից հոսում էր սռնիների վրա և անիվներն ի վար թափվում: Վերջապես մեծ իմաստունը բացեց բերանն ու ասաց. «[Դո՛ւ], որ պարկեշտ գիտության տվողն ես, օգնակա՛ն Աստված, ապավեն և փրկող. գոհանում եմ Քեզնից, որովհետև ինձ` անարժանիս, արժանի դարձրեցիր ընդունելու հանդեսը բանսարկուի դեմ, որովհետև Դու ես Աստվածը, որ կործանում ես նրա մտքերը: Թո՛ղ չտիրեն ինձ աղտեղի խորհուրդները, որ Դու չսիրեցիր, որովհետև մեծ է Քո անունը Քո երկյուղածների վրա»: Եվ անիվներն անմիջապես կործանվեցին, և արդարն իջավ: Եվ բոլորը տեսան նրան, իսկ Մաքսիմիանոսը տրտմեց, որովհետև երանելին իրեն ևս պարտության մատնեց: [Եվ Մաքսիմիանոսը] նրան բանտարկեց, սակայն երանելի Մովկիմոսը բանտում փառավորում էր Աստծուն:
Երեք օր անց [Մաքսիմիանոսը] հրամայեց, որ նրան վայրի գազանների մոտ գցեն: Եվ երբ ամբողջ բազմությունը անթիպատոսի հետ մեկտեղ հավաքվեց թատրոնում, Մաքսիմիանոսը հրամայեց ելնել ասպարեզ: Եվ Քրիստոսի զինվորը ասպարեզ մտավ: Եվ նրան անվնաս [և անսպի] և զվարթերես տեսնելով` բոլորը զարմանում էին և ասում նրա մասին. «Սա չէ՞ր, որ տանջանքների էր մատնված»: Երբ ողջ բազմությունը հավաքվեց, գազաններ վարժեցնողը բարձրացրեց վանդակի մի դուռը, և դուրս եկավ մի ահարկու և մեծ մատակ առյուծ և գնալով ընկավ երանելիի ոտքերի առջև ու լիզում էր նրա ոտքերը: Մի ժամ անցավ, և մատակ առյուծը տեղում էր մնում, իսկ այնուհետև երանելիի գիրկն ընկավ և լիզում էր նրա քրտինքը: Դուրս եկան երկու գազանաբույծները և աշխատում էին այնպես անել, որ առյուծը նորից մտնի իր վանդակը, իսկ առյուծն ընթանալով` հոշոտեց նրանցից մեկին և դարձավ սրբի մոտ, համբուրեց նրան և նոր միայն մտավ վանդակը: Այնուհետև բացվեց մյուս գազանների վանդակը, և դուրս եկավ մի առյուծ, որ երեք օր չէր կերել: Եվ գնալով` երանելի Մովկիմոսի գիրկն ընկավ և պոչն էր թափահարում, ասես ողորմություն խնդրելով նրանից, և համբուրելով սրբի մարմինը` այսուայնկողմ էր շրջում գլուխը` նայելով բազմությանը: Իսկ բազմությունն աղաղակում էր, ասելով. «Բա՛ց թող արդարին` երանելի Մովկիմոսին, որին [անգամ] գազաններն են սիրում, իսկ Աստված ողորմում է նրան բարեպաշտության համար»: Եվ մինչ ամբոխն աղմկում էր, առյուծն ընկավ երանելիի ոտքերի մոտ և սկսեց թավալվել:
Մաքսիմիանոսը, ամբոխի ձայնը լսելով, հրամայեց սրբին առաքել Թրակացիների Պերինթ [քաղաքը, որ այժմ կոչվում է] Հերակլե` Փիլիպպոս եպարքոսի մոտ: Եվ [թուղթ] գրեց երանելիի մասին: Երբ սրբին տարան Հերակլե և ութ օր պահեցին բանտում, եպարքոսը հրամայեց տանել [նրան] Բյուզանդիոն և այնտեղ հարցաքննել: Եվ Բյուզանդիոն տանելով` նրան կանգնեցրին խորհրդի դատավորների առջև: Եվ [Մովկիմոսը] պատմեց այն ամենն, ինչ արել էր Հիսուս Քրիստոսի անունով, նաև պատմեց` ինչ որ եղել էր անթիպատոսի հետ: Եվ դատավորները հարցնում էին, իսկ երանելին պատմում էր Աստծու սքանչելիքները: Եվ երբ այս ամենը պատմեց, վճիռ կայացրեցին, որ սրով հատեն նրա գլուխը: Եվ երբ արդեն պիտի ընդուներ
մարտիրոսական վախճանը, բարձրացրեց ձեռքերը, սկսեց աղոթել և ասաց. «Հավատացյալների լո՛ւյս Աստված, օրհնյալ Տե՛ր… [Դու], որ հավիտյանը հաստատեցիր, որ փառավորվում ես սրբերի կողմից և հրեշտակների Տերն ես: Մի թաքցրո՛ւ Քո խորհուրդը սրբերից և ընդունի՛ր ինձ խաղաղությամբ, որովհետև Քեզ վայել է փառք. հավիտյանս. ամեն»: Եվ երբ այս ասաց, երանելիի գլուխը սրով հատեցին, և վախճանվեց սուրբ Մովկիմոսը` Քրիստոսի քաջ նահատակը: Եվ անմիջապես ձայն եղավ երկնքից, որ ասաց. «Ուրա՛խ եղիր, բարեհա՛ղթ Մովկիմոս, Քրիստոսի նահատակ, որովհետև հաղթեցիր բանսարկուին և նրա զորությունը ոտնակոխ արեցիր: Համարձակ ե՛կ և մտի՛ր երկնային արքայությունը և ուրախ եղի՛ր [երկնավոր Փեսայի մյուս] հարսների հետ, որ երկրի վրա էին, իսկ այժմ վայելում են արքայության մեջ»: Եվ երբ լսվեց ձայնն այս, Քրիստոսի վկան ընդունեց վերին կոչման հաղթական պսակը, և մարտիրոսվեց երանելի Մովկիմոսը մայիս ամսի տասնմեկին: Նրա վայելուչ և սուրբ նշխարները թաղեցին Փիլիպպոս, Դաղմասիոս և Կյուրակոս եպիսկոպոսները` մյուս եպիսկոպոսներով հանդերձ, շնորհիվ մեր Տեր Հիսուս Քրիստոսի, որ երանելի Մովկիմոսին պսակեց ամենայն քրիստոսասերների պես: [Մենք ևս] խնդությամբ կատարում ենք երանելի Մովկիմոսի հիշատակը, որ նրա բարեխոսությամբ մեզ ևս ողորմի սուրբ Երրորդությունը, որին փառք և պատիվ և զորություն. հավիտյանս. ամեն:
Աղբյուր` Վարք սրբոց. Հատոր գ. Ս Էջմիածին: 2010 թ.