Սուրբ Մինասի սքանչելիքները

Այժմ լսեցեք սքանչելիքները, որ Աստված արեց իր սուրբ վկա Մինասի միջոցով: Մի հույժ մեծատուն մարդ վաճառական գործերով եկավ Աղեքսանդրիա քաղաքը և լսեց սքանչելիքների մասին, որ կատարվում էին սուրբ Մինասի [մասունքներով]: Եվ կամեցավ ընծաներով գնալ սուրբ վկայի տաճարը: Եվ ելնելով` վերցրեց իր ոսկու քսակը և նավ բարձրանալով` անցավ ծովի մյուս կողմը: Եվ հասավ մի պանդոկ և օթևան խնդրեց, որովհետև երեկոն իջնում էր: Պանդոկապանն ասաց. «Մտի՛ր, եղբա՛յր»: Եվ տուն տանելով` նրա առջև սեղան գցեց և կերակրեց վաճառականին: Եվ երբ [վաճառականը] ննջեց, պանդոկապանը տեսավ գանձով լի քսակը, և սատանան մտավ նրա մեջ, և նա սպանեց մարդուն ու առավ բոլոր գանձերը: Եվ իր մտքում ասաց. «Ի՞նչ անեմ սրա մարմինը: Հիմա անդամանդամ կտորկտոր կանեմ, կդնեմ մի կողովի մեջ և ծովը կնետեմ»: Եվ մինչ այդ արեց և կախեց կողովը, որ ծովը նետի, արեգակը ծագեց, և վախեցավ ծովը նետել: Եվ երբ վերցրեց [վաճառականի] գլուխը, որ մանրի և կողովի մեջ գցի` սուրբ վկա Մինասը, ասես թագավորական հրամանով առաքված, եկավհասավ ձիավար բազում հեծյալներով: Եվ տեսնելով` պանդոկապանը վախեցավ և չգիտեր, թե ինչ աներ: [Նա] շտապով գլուխը կախեց պանդոկի մեջ: [Օթևանին] հասնելով` սուրբ Մինասը բռնեց պանդոկապանին և ասաց. «Ասա՛ ինձ, ո՞ւր է այն մարդը, որ գիշերով օթևանեց քո մոտ»: Եվ նա դողդղալով ասաց. «Ոչ ոք չի իջևանել մոտս»: Սուրբն ասաց. «Եթե չխոստովանես այդ մարդու մասին, ե՛ս կգտնեմ նրան»: Եվ ձեռքը պարզելով դեպի սակառը` դրա մեջ գտավ մարդու կտրատված մարմինը և վերցրեց գլուխը: Այնժամ մեծ տագնապի մեջ ընկած պանդոկապանն աղաչում էր սուրբ Մինասին և զորականներին, չիմանալով, թե ով է, որովհետև կարծում էր, թե թագավորն է ուղարկել: Եվ ասաց. «Խոստովանում եմ Աստծու և ձեր առջև անօրեն գործերն իմ, որովհետև երբ տեսա նրա գանձերը, եղկելիիս սիրտը հիմարությամբ լցվեց: Եվ սպասեցի` մինչև նա քնեց ու սպանեցի, որ գանձը վերցնեմ: Ահա նրա քսակը` իր գանձով լեցուն, նաև կտամ հարյուր դահեկան իմ գանձերից, միայն թե ազատիր ինձ մահապատժից»: Սուրբն ասաց. «Զղջացիր, և ես թողություն կտամ քեզ»: Եվ նա ասաց. «Որպես հրամայես` այնպես կշարժվեմ, տե՛ր իմ, և եթե փրկվեմ այս որոգայթից, և թագավորը չսպանի ինձ, կգնամ սուրբ Մինաս և կապաշխարեմ»: Եվ երբ սուրբ Մինասը տեսավ մարդու զղջումը, ասաց նրան. «Դի՛ր իմ առջև սակառիդ միջինը, որ հայտնի դառնան Աստծու փառքերն Իր սրբերի մեջ»: Այնժամ սպանվածի մարմնի մասերով լի կողովը դրեց սրբի առջև, և սուրբ Մինասը, ծնկի իջնելով, սկսեց աղոթել Աստծուն, որ հարություն տա սպանվածին: Եվ աղոթքն ավարտելով` դիմեց կտրատված մարմնին. «Քե՛զ եմ ասում մեր Տեր Հիսուս Քրիստոսի անվամբ, վե՛ր ել և կենդանացի՛ր քո բոլոր անդամներով»: Եվ նույն պահին մարդը հարություն առավ ողջանդամ` ինչպես առաջ էր, և ընկավ ու երկրպագում էր սուրբ Մինասին և գոհանում Աստծուց: Իսկ սուրբ Մինասն օրհնեց նրան և նրանց մոտից անհետացավ իր զորքով հանդերձ: Եվ պանդոկապանը` վերցնելով [իր ունեցած] դահեկանները, իսկ վաճառականն` իր քսակը` ելնելով գնացին սուրբ Մինասի վանքը և տվեցին խոստացված նվերները: Այնուհետև պանդոկապանն ամբողջ ժողովրդի առջև խոստովանեց` ինչ որ գործել էր վաճառականի հանդեպ, և [պատմեց], թե ինչպես սուրբը նրան աղոթքով հարություն տվեց: Եվ բոլոր լսողները փառք տվեցին Աստծուն, իսկ վաճառականը հիանում էր, թե ինչպես սուրբն իրեն աղոթքով հարություն տվեց, ու նաև զարմանում, որ սպանվեց և հարություն առավ և մեծ գոհությամբ փառք էր տալիս Աստծուն: Եվ պանդոկապանը մեծ ճգնությամբ և առաքինի վարքով հինգ տարի այնտեղ մնաց, իսկ հետո ընդունելի աղոթքով փոխվեց առ Քրիստոս: Իսկ վաճառականն ուրախությամբ վերադարձավ և ամբողջ Աղեքսանդրիայում պատմեց Աստծու փառքերն ու սուրբ Մինասի սքանչելագործությունները, որի համար հեթանոսներից շատերը հավատացին Քրիստոսին և Նրա սուրբ վկա Մինասին:
[ * * * ] Պատմեմ սուրբ Մինասից եղած մյուս սքանչելիքները ևս:
Առապիոս անունով մի մարդ մտքում խորհեց և ասաց. «Քանի որ Աստված ինձ լիացրեց իր բարի պարգևներով և բազում ինչք ունեմ, հիմա արծաթի երկու սկիհ կպատվիրեմ. մեկը կընծայեմ սուրբ Մինասի տաճարին, իսկ մյուսն ինձ կպահեմ` որպես սպասք»: Եվ արծաթագործին ասաց երկուսը միաչափ պատրաստել և մեկի վրա իր անունը գրել տվեց, իսկ մյուսին` սուրբ Մինասինը: Եվ սուրբ Մինասինն ավելի գեղեցիկ եղավ, քան մյուսը, և Առապիոսն, այդ տեսնելով, սրբի անոթը կամեցավ և մտքում ասաց. «Գնամ սուրբ Մինաս և նրան տամ իմ սկիհը, իսկ սրբինն ինձ պահեմ, իսկ մահվանիցս հետո այն ևս կնվիրաբերեն սրբին»: Եվ նավ նստեց ու գնաց: Իսկ երբ ճաշի ժամն էր, եկավ նրա ծառան և սեղան գցեց ու դրեց նաև սրբի սկիհն իր տիրոջ առջև: Ճաշից հետո ծառան վերցրեց սկիհը և գնաց ծովի ջրով լվանալու, և ալիքները ծառայի ձեռքից խփեցինտարան սկիհը: Վախեցավ ծառան, թե իր տերն իրեն տանջանքների մեջ կգցի ու իրեն ծովը նետեց սկիհի հետևից: Երբ մարդն իմացավ եղածը, խիստ տրտմեց և ասաց. «Վա՜յ ինձ` Տիրոջ առջև մեղավորիս, որ նախանձով լցվեցի սրբի սկիհի համար, ինչի արդյունքում կորցրեցի ծառայիս և ամոթահար եղա Աստծու և մարդկանց առջև, որովհետև ավելի լավ էր մեկի տեղը երեքը տայի, սակայն չընկնեի այսպիսի ամոթալի վիճակի և նախատինքի մեջ և չկորցնեի իմ ազնիվ ծառային` առավել ևս այսպիսի մահվամբ: Եթե գեթ գտնվի մարմինը և թաղենք, երկրորդ սկիհը սուրբ Մինասի տաճարին կտամ, ինչպես և` կորածի գինը»: Եվ մինչ նա այսպիսի խոսքերով կշտամբում էր անձն իր և լալիս, նավը հասավ նավահանգիստ, և նա, ծովեզրը զննելով, այսուայնկողմ էր նայում` հավատալով, որ ալիքը նրա մարմինը ափ հանած կլինի: Նավավարները նրան ասացին. «Անմտություն է արածդ, որովհետև երկու օր է անցել, ինչ քո ծառան ծովն ընկավ, իսկ դու այստե՞ղ ես որոնում»: Առապիոսն ասաց նրանց. «Թողե՛ք ինձ, եղբայրնե՛ր, և մի՛ մեղադրեք. իմ հույսը Քրիստոսն է և Նրա սուրբ վկա Մինասը, որ կտրատված մարդուն կյանք տվեց: Իմ ծառայի մարմինը գոնե ցույց կտա ինձ, որ թաղեմ: Այս ասելուն պես նրա ծառան եկավ` սկիհը ձեռքին բռնած և փնտրում էր նավը` իր տիրոջը [գտնելու] համար: Եվ նավավարները տեսան ծառային, նետեցին պարանը, և նա քաշեց, և ելան ցամաք: Եվ գրկավառնվելով` տերը համբուրում էր ծառային և ասում. «Ահա՜ ծառան իմ, իսկապես մեռած և հարություն առած. ուրախացա և ցնծացի հոգով, որովհետև սուրբ Մինասի բարեխոսությամբ Աստված ինձ ողորմեց: Այժմ ո՞ւմ չպատմեմ, [ի՞նչպես չասեմ] այս ամենը, ո՛վ սուրբդ Աստծու, սքանչելիքներն ու նշանները, որ ինձ ցույց տվեցիր»: [Ապա, դառնալով ծառային, ասաց]. «Այժմ, որդյա՛կ իմ, պատմիր ինձ, թե ե՞րբ մոտեցար ջրին, ի՞նչպես ծովն ընկար և ի՞նչպես ողջ մնացիր»: Պատանին ասաց. «Տե՛ր իմ, երբ գնացի սկիհը ծովի [ջրով] լվանալու, ալիքը խփեց և այն ձեռքիցս ծովը գցեց: Եվ քեզնից երկյուղելով` ինձ ծովը նետեցի: Երբ ջուրն ընկա, պայծառ տեսիլքով լուսավոր մեկին տեսա և ևս երկու հոգու` նրա հետ: Եվ լուսավոր այրն ասաց նրանց. «Բռնեցե՛ք դրան և բաց չթողնե՛ք, մինչև որ ցամաք չհանեք»: Եվ այդ պահից չբաժանվեցին ինձնից, մինչև ցամաք հասա»: Եվ ովքեր լսեցին` փառք տվեցին Աստծուն և Նրա արագահաս վկա սուրբ Մինասին: Եվ [Առապիոսը] սուրբ վկայի տաճարը գնալով` այնտեղ տվեց երկու սկիհերը և ծառային [հանձնեց] ի սպասավորություն եկեղեցուն, իսկ ինքը դարձավ իր տունը` փառավորելով Քրիստոս Աստծուն, որ օրհնյալ է հավիտյանս. ամեն:
[ * * * ] Սուրբ Մինասից եղած մյուս սքանչելիքները ևս պատմեմ ձեզ, սիրելինե՛ր:
Ոմն հրեա վաճառական կար Աղեքսանդրիա քաղաքում, որ բնակվում էր մի քրիստոնյայի հարևանությամբ: Եվ իրար սիրելի և բարեկամ էին: [Եվ այնպես եղավ], որ հրեան պետք է մեկներ վաճառական գործերով և իր գանձով քսակը կնքեց մատանիով, տարավ և ի պահ տվեց քրիստոնյային: Եվ երբ վերադարձավ ճանապարհից, լավ նվերներ ուղարկեց քրիստոնյային: Իսկ քրիստոնյան, դրանք ընդունելով, մտքում ծիծաղեց և ասաց. «Վերցրեցի նվերները, և եթե պահանջի իրենը` ոչինչ չի ստանա»: Եվ ասաց կնոջը. «Ո՛վ կին, եթե հնարավոր է, կվերցնենք հրեայի քսակը, և երդում կտանք: Մեր արարքը վնաս չէ, որովհետև [դիմացինը] հրեա է»: Եվ այսպես սուտ քրիստոնյան ուրացավ հրեայի քսակը, և իրար հետ պայքարում էին, մինչև որ ամբողջ քաղաքն իմացավ: Այնուհետև հրեան ասաց. «Արի՛, եղբա՛յր, երդվի՛ր ինձ սուրբ Մինասի անվամբ, որովհետև լսել եմ նրա փառքը. եթե ոչինչ չեմ տվել քեզ` գնա՛ խաղաղությամբ»: Եվ ելնելով` գնացին սուրբ Մինասի տաճարը: Եվ հրեան ասաց քրիստոնյային. «Երկրպագի՛ր և վախեցի՛ր Աստծուց, ընկե՛ր, և ողորմի՛ր անձը քո. որքան կամենում ես` գանձից վերցրո՛ւ և մնացորդը տո՛ւր ինձ և սուտ մի՛ երդվիր»: Իսկ եղկելի և սուտ քրիստոնյան չկամեցավ լսել նրան: Եվ եկեղեցու արտաքին սրահում ծունր իջնելով` հրեան արտասուքով աղոթեց առ Աստված և ասաց. «Աբրահամի՛, Իսահակի՛ և Հակոբի՛ Աստված, որ ինձ արժանի արեցիր մտնելու սուրբ վկա Մինասի տաճարը, այս ժամին Դո՛ւ եղիր միջնորդն իմ և քրիստոնյայի»: Ապա դարձյալ բարձր ձայնով աղաղակեց և ասաց. «Սո՛ւրբ Մինաս, թեպետ արժանի չեմ քո անունը տալու, սակայն այսօր ցույց տուր ինձ քո սքանչելիքները»: Իսկ քրիստոնյան, Աստծու երկյուղը մտքում չունենալով, մտավ և երդվեց: Եվ հրեան նայում էր, թե որևէ նշան կլինի երդման հետ կապված: Սակայն Աստծու սուրբը նրան երկար սպասեցրեց, [և պատասխան չեղավ]: Եվ երբ ավարտեցին երդումը` երկուսով վերադարձան և գնացին իրենց ճանապարհով: Եվ երբ երեք մղոն անցան, քրիստոնյայի ձին վեր վազեց և նրան գետին գցեց, և մոտից ընկան մատանին և բանալին, որով պահված էր հրեայի քսակը: Եվ երբ քրիստոնյան որոնեց մատանին ու չգտավ, [այնուամենայնիվ,] խիստ ուրախացավ, որովհետև ձիուց ընկնելով` ողջանդամ էր ելել: Եվ համարեց, թե այս էր իր [սուտ] երդման փոխհատուցումը: Եվ երկուսը, միասին գնալով, հասան մի ջրի և նստեցին, որ ճաշեն: Իսկ հրեան մտքում զղջում էր. «Ինչո՞ւ հավատացի Քրիստոսի օրենքներին և քրիստոնյաների կրոնին. չտեսա և ոչ մեկը սքանչելիքներից, որոնց մասին լսել էի: Թերևս եթե չերդվեցնեի սրան, [գուցե և] օրեր անց տար իմ ունեցվածքի [գեթ] մի մասը»: Եվ արտասվելով ասում էր. «Անտեղի կորցրի ամենը… և ի՞նչ եմ անելու` չգիտեմ»: [Իսկ հետո] Աստծուց գոհանալով` ասաց. «Տե՛ր, իմ հոգին տալիս եմ Քեզ և Քո սուրբ Մինաս վկային»: Եվ մինչ երկուսով նստած էին և հաց էին ուտում, եկավ քրիստոնյայի ծառան` հրեայի գանձով քսակը ձեռքին բռնած, որ տեսնելով սքանչացան երկուսն էլ:
Եվ քրիստոնյան սրդողեց և ասաց ծառային. «Ո՛րտեղից ես գալիս և ինչ է այդ, որ ձեռքիդ բռնել ես»: Ծառան պատասխան տվեց և ասաց. «Եկել եմ, տե՛ր իմ, ինչի համար որ [մարդ] էիր ուղարկել` կատարելու քո հրամանը»: Եվ նա ասաց. «Ո՞ւմ ուղարկեցի, և ո՞ւմ հրամանը եկար կատարելու»: Ծառան պատասխանեց. «Տե՛ր իմ, այսօր տիկնոջդ մոտ մի ձիավոր եկավ` հույժ բարձրահասակ և ահարկու: Եվ բերել էր քո մատանին և բանալին, որով պահվում է քո գանձը: Եվ ասաց տիկնոջդ. «Սա ճանաչո՞ւմ ես. քո ամուսինն ուղարկեց ինձ և աղաչեց քեզ` ասելով. «Հրեայի քսակը տո՛ւր ծառայիս, որովհետև չարաչար տանջվում եմ սուրբ վկայի կողմից», որի համար տիկինն շտապեցրեց ինձ, և ես եկա ու բերի քսակը: Ահավասիկ քո մատանին և գանձերիդ բանալին»: Եվ կնքած քսակը վերցնելով` հրեան ուրախությամբ աղաղակում էր, ասելով. «Մեծ է քրիստոնյաների Աստվածը և Իր սուրբ Մինաս վկան»: Եվ նույն պահին ելնելով` վերադարձավ սուրբ Մինասի վանքը և գանձի մի մասը տվեց սուրբ Մինասի եկեղեցուն և ասաց. «Սո՛ւրբդ Աստծու, դո՛ւ գիտես, որովհետև քո առաջ ասացի նրան, թե` որքան կամենում ես` վերցրո՛ւ քեզ և մնացյալը տո՛ւր ինձ. և նա չկամեցավ: Արդ դա տալիս եմ քո սրբությանը»: Եվ հրաժարվելով հրեությունից` մկրտվեց. ինքն ու իր ամբողջ ընտանիքը հավատացին Քրիստոսին, իսկ քրիստոնյան մեծ ամոթով և տրտմությամբ իր տունը գնաց: Եվ դրանից հետո ոչ ոք չէր համարձակվում երդվել սուրբ Մինասին կամ երդում տալ նրա տաճարում. ո՛չ սուտ [երդմամբ], և ո՛չ ճշմարիտ: Եվ քրիստոնյան վերցրեց իր ունեցվածքի կեսն ու տարավընծայեց սուրբ Մինասին, և այնտեղ մնալով` խոստովանեց իր հանցանքները ու չհեռացավ այնտեղից, մինչև որ հայտնի չդարձավ նրա ընդունելի ապաշխարությունը ի փառս մեր Աստված Քրիստոսի:

Աղբյուր` Վարք սրբոց. Հատոր գ. Ս Էջմիածին: 2010 թ.