Սուրբ Կալիոպիայի մասին

Kalopiya - Սուրբ Կալիոպիայի մասին

Թեոկղիան իմաստուն վարքով մի կին էր, ազատ տոհմից, իր ամուսնու հետ ապրել էր բազում տարիներ և որդի չէր ծնել: Երբ ամուսնու մահը մոտ էր` հղացավ և որդի ծնեց և նրա անունը դրեց Կալիոպիա: Եվ մեռավ նրա ամուսինը, նրան թողեց մեծ հարստություն, և մանուկը Պամփյուլիա գավառում սովորեց ամբողջ իմաստությունը: Եվ այն ժամանակ բազմացավ կռապաշտությունը` կուռքերին զոհ մատուցելը, երկրպագելը: Դատավորին լուր հասավ, թե պատանյակը քրիստոնյա է: Իսկ նրա երանելի մայր Թեոկղիան ոսկի և արծաթ, հանդերձներ ու ծառաներ տվեց նավաստիներին և աղաչեց, որ վերցնեն, փախցնեն այն դատավորից: Եվ նավեցին Լիկիայի Պոմփե քաղաքը: Եվ նա ազատվեց Մաքսիմիանոս դատավորից, որովհետև մաքսավորության կարգն էր պատանյակի և տարեկան կուռքերի: Եվ երբ երանելի պատանյակը տեսավ, ինքնիրեն խորհեց և պահք պահել քարոզեց իր ծառաներին: Եվ եկան նրա մոտ հարցնելու և ասելու. «Այժմ մեր տարեկան տոներն են, ե՜կ և մեզ հետ ուրախ եղիր»: Եվ ասաց նրանց. «Ինչպե՞ս կարող եմ ձեզ հետ ընկերանալ, երբ դուք ուտում եք զոհած ու պիղծ կերակուրներ, իսկ ես քառասնորդացն եմ պահում»:
Այս հասավ դատավորի ականջին, և հրամայեց նրան բերել իր առջև: Մաքսիմիանոս դատավորն ասաց. «Կալիոպիա՜, ամբողջ երկիրս քո մասին է խոսում. ասում են` ինքը մոլորված է և շատերին մոլորեցնում է»: Կալիոպիան պատասխանեց. «Մոլորյալը դուք եք, որ խավարի առաջնորդ եք, որովհետև Աստված ձեզ լքել է, և երկրպագում եք քարեղեններին»: Մաքսիմիանոսն ասաց. «Քո մանկական հասակը հիմարացնում է քեզ և քո վրա թշնամանք է բերում,- և դարձավ հարցրեց նրան,- ո՞ր ազգից ես»: Կալիոպիան ասաց. «Պամփյուլացոց ազգից եմ, մեծ խորհուրդների առաջնորդ եմ ես»: Մաքսիմիանոսն ասաց. «Ասա՜ ինձ` հայր և մայր ունե՞ս»: Կալիոպիան ասաց. «Մայր ունեմ, իսկ իմ հայրը շատ տարիներ առաջ մահացել է»:
Մաքսիմիանոսն ասաց. «Երդվում եմ իմ աստվածներով, եթե ինձ լսես և պաշտես իմ աստվածներին, ես միամոր դուստր ունեմ, նրան քեզ կտամ կնության»: Կալիոպիան ասաց. «Ո՜վ անօրեն, ուզում ես ինձ դրանով խաբել, քո պիղծ դստերը կնության առնեմ, և [դրանով] ինձ կհասնի հոգալ մարմնի բոլոր պահանջները և տալ քո դստեր փոխարեն: Իմ մայրն ավելին ունի, քան դու. հարյուր աղջիկ, որ սպասարկում են նրան: Այս իմացիր, որ այս հողս, որ ստեղծեց Քրիստոս իր պատկերով, հավատում եմ Աստծուն, որ այսպես, առանց արատի կարող է պահել ինձ, ինչպես ստեղծեց»: Մաքսիմիանոս դատավորն ասաց. «Արդ, այս խոսքով ևս ինձ գրգռում ես, որ արագորեն վախճանվես»:
Եվ հրամայեց ձեռքերը հետևը կապել ու չարչարել: Կալիոպիան ասաց. «Քրիստո՜ս, գոհանում եմ Քեզնից, որովհետև Քո անվան համար անարգվեցի»: Մաքսիմիանոսն ասաց. «Լսի՜ր ինձ, և կտեսնես քո գավառը և քո մորը, և մի՜ հրաժարվիր քո ստացվածքից»: Կալիոպիան ասաց. «Հրաժարված չեմ իմ գավառից, բայց երկիրն իր ամեն ինչով Տիրոջն է: Իսկ մորս մասին, որ ասում ես, թե կտեսնեմ, ահա տերունական ձայնը. «Ով պատվի իր հորն ու մորը ավելի, քան Ինձ, արժանի չէ Ինձ» (Մատթ. Ժ. 37): Իսկ իշխանության մասին ասում է. «Լավ է չարչարվել Աստծու ժողովրդի հետ, քան մի փոքր ժամանակ վայելել մեղքերի մեջ» (Եբր. ԺԱ. 25):
Դատավորն ասաց. «Կայծակներ ցանեցեք անիվի տակ և շրջեցրեք դրա վրա»: Այնժամ պատանյակը վիրավորված ասաց. «Քրիստո՜ս, թող շուտ գա Քո ողորմությունը ինձ»: Եվ անմիջապես նրա մոտ իջավ Աստծու հրեշտակը և ցրեց կայծակները, երբ ուզում էին պտտել անիվը` չկարողացան: Այնժամ դատավորը հրամայեց նրան այդտեղից արձակել և տանել բանտ:
Եվ նրա մայրն իմացավ և շտապ մուրհակներ կազմեց իր ունեցվածքը օտարելու, իր մոտ կանչեց հիսուն հոգու, իր ոսկին, արծաթը և պատվական հանդերձները բաշխեց աղքատներին, ագարակները` եկեղեցուն, և ինքը միայնակ գնաց Կիլիկեցոց երկիրը` իր երանելի որդու մոտ: Եվ երբ տեսավ նրան` ընկավ ոտքերը և երկրպագեց նրան: Իսկ երանելին ուրիշների հետ կապված էր բանտում և չկարողացավ ելնել ու ողջունել իր մորը, այլ միայն այս ասաց. «Բարով եկար, Քրիստոսի ճշմարիտ վկա»: Եվ մոր հետ հիսուն այրն էին: Եվ երանելին սկսեց աղոթել, և բացվեցին բանտի դռները, և բոլոր կապվածները այն գիշեր ելան բանտից: Եվ մեծ ահ ընկավ բանտապանների վրա: Բանտում մնացին միայն Կալիոպիան ու նրա մայրը: Եվ մեծ ահ ընկավ քաղաքի վրա: Ձայն եկավ և ասաց նրանց. «Դուք Աստծու որդիներն եք, Քրիստոսի նահատակներ. այսօր այս քաղաքը մաքրեցիք կռապաշտությունից, որ թողիք աշխարհս և ձեր ամբողջ ունեցվածքը, և հանուն Քրիստոսի չարչարվում եք»:
Եվ Մաքսիմիանոսն այս լսեց, հրամայեց նրան խաչել. հինգշաբթի օրը նրան խաչ հանեցին: Իսկ նրա մայրը, իմանալով, որ խաչում են նրան, դահիճին երկու դահեկան տվեց, աղաչեց, որ խաչի գլխիվայր և ո՜չ Քրիստոսի նման: Եվ ուրբաթ օրը ավանդեց հոգին: Երկնքից ձայն եղավ և ասաց. «Ինձ մոտ եկե՜ք, Քրիստոսի քաղաքացիներ և արքայության ժառանգորդներ: Քո աթոռը պատրաստված է, որ նստես Աստծու աջ կողմը»: Եվ մեծ երկրաշարժ եղավ, և դատավորը մեծ երկյուղով վախեցավ, որովհետև խավարեց արեգակը և մոտ մեկ ժամ խավար եղավ երկրի վրա, ապա լուսավորվեց:
Եվ Կալիոպիայի երանելի մայրը առավ սուրբ նշխարները, խաչի գամերով հանդերձ, և որդու պարանոցին փաթաթվեց, և այդպես երանելի մայրը ավանդեց հոգին: Եվ եկան եղբայրները, վերցրին սուրբ նշխարները և թաղեցին մի անձավում և օրհնեցին Աստծուն` փառավորելով Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն, հավիտյանս. ամեն:
Աղբյուր` Վարք սրբոց. Հատոր գ. Ս Էջմիածին: 2010 թ.