Սուրբ Բարղամի մասին

Barxam - Սուրբ Բարղամի մասին

 Այն օրերին հռոմայեցոց թագավորն էր ամբարիշտ Նոմերիանոսը: Իր արքայության երկրորդ տարում հալածանք սկսեց Աստծու եկեղեցու դեմ, մտադրվելով ամբողջապես վերացնել քրիստոնյաների կարգն ու կրոնը և չարաչար տանջանքներով սպառել Քրիստոսի հավատացյալներին: Դատավորներ և իշխաններ ուղարկեց իր տերության բոլոր կողմերը, որ դատապարտեն նրանց, ովքեր չեն պաշտում սնոտի չաստվածներին և չեն երկրպագում աստված կոչվածներին: Այն ժամանակ խռովության ամպրոպ և դառն սուգ եղավ Քրիստոսի հավատացյալներին: Այդ նույն օրերին անօրեն Պրեմիանոս իշխանը եկավ Կիլիկիայի կողմերը ասորիների մայրաքաղաք մեծն Անտիոք, վերցրեց այդ նահանգի եպարքոսական իշխանությունը` քննելու և մահվան դատապարտելու, ում որ գտնի Տիրոջը հավատացող: Բազում քրիստոնյաներ` միասին հափշտակված պատուհասվում էին հելլենացի բռնավոր այդ անաստվածներից, որ մարտնչում էին Աստծու եկեղեցու դեմ: Այլ կալանավորների հետ բռնվեց նաև երանելի Բարղամը և բանտարկվեց Անտիոք քաղաքում նրա ձեռքով, ով գրավել էր դատական իշխանությունը: Որը նույն քաղաքում չարաբարո և վայրագ կարծրությամբ էր գործում: Եւ հրապարակով նա նստեց դատողական բեմին, ասում է իր առաջ եղած զինվորներին. «Այստեղ բերեք այն աղարտված ծերուկին»: Եւ իսկույն նրան բերին նրա առաջ: Իշխանն ասում է նրան. «Ի՞նչ է քո անունը»: Եւ նա պատասխանում է. «Եթե ճշմարիտ անունս ես հարցնում, իմ կատարյալ անունը քրիստոնյա է: Այդպես եմ կոչվում, իսկ նախ իմ ծնողներից կոչվել եմ Բարղամ»: Իշխանն ասաց. «Լավ է, որ անունդ Բարղամ է, քանի որ դա կարող է մեզ հավատարիմ դարձնել, որովհետև անունդ, ծերությունդ և հասակդ քեզ բազում անզգամության կհասցնեն»: Բարղամն ասաց. «Ես շատ գեղեցիկ անուն և կենցաղավարություն ունեմ, քանի որ խոստովանում եմ Աստված` Աստծուց ծնված նախ քան հավիտյանս և մարմնացած վերջին օրերս»: Դատավորն ասաց. «Անզգամ, դրա մասին չհարցրի քեզ, այլ ինձ թվում ես անխոհեմ բարբառող, չնայած ծեր ես»: Բարղամն ասաց. «Մի՛ բարկացիր, ո՛վ իշխան, քանի որ սիրելով Քրիստոսին, քեզնից հրաման չառա, բայց պատասխանեցի»: Դատավորն ասաց. «Ամենայն ստուգությամբ ուզում եմ հարցնել քեզ. այս ամբոխը, որ կա մեր շուրջը, ուզում է ճշմարիտ հարցումը լսել և տեսնել քո համառելը»: Ամբոխն ասում է. «Ահա բոլորս այստեղ ենք` լսելու քո խոսքը իբրև մեր նախորդի, քանի որ մեր կրոնը բռնությամբ չէ»: Դատավորն ասաց. «Այժմ պետք է դու ըստ կարգի պատասխան տաս և ոչ թե այլ բաներ բարբառելս: Այսուհետև քեզ հայտնի լինի, որ եթե իմ հարցից դուրս պատասխան տաս` չարաչար վախճան կունենաս»: Բարղամն ասաց. «Մեծ իղձով ցանկանում եմ, որ դու ճշմարտությամբ հարցնես, իսկ ես ամենայն ստուգությամբ պատասխանեմ, որովհետև ուզում եմ, որ եկած ամբոխը, մանավանդ քրիստոնյաները, տեսնեն ինձ: Ես գիտեմ, որ հակառակվելուց առաջ քրիստոնեությունն է պատվվել, ուզում եմ քեզ ստուգությամբ հարցնել մեր կամքի իրավունքը, իսկ սրան դատավոր [կարող է] լինել Քրիստոսի Հայրը: Արդ առաջին ճշմարտությունն է` խոստովանել Քրիստոսին, ապա մաքուր վարքով կենցաղավարել. հանդարտություն, հեզություն, սեր, քաղցրություն, արդարություն, ներողամտություն, բարեգործություն և ինչ որ ատում ես` ընկերոջը չանել»: Դատավորն ասաց. «Երդվում եմ աստվածներով և ինքնակալի բախտով, որ լավ ասացիր, թե ճշմարտությունը և ուղիղ կենցաղը ազատության եղանակից են, բայց ես դա քեզ չհարցրի: Արդ, ո՞ւմ ես երկրպագելու»: Բարղամն ասաց. «Ես նախապես ասացի` երկրպագում եմ Հորը և Որդուն, որը Նրանից է ծնվել, և Նրա էակից ու մշտնջենական փառակից Սուրբ Հոգուն»: Պրիմիանոս դատավորն ասաց. «Քեզ չասացի՞, որ ծեր հասակդ քեզ շեղել է զազրախոսության և խելացնորության: Քեզ չի՞ թվում, որ ինքնակալը աստված է»: Բարղամն ասաց. «Երդվում եմ Աստծու Որդի Հիսուսով, որ ամաչում եմ գլուխս բարձրացնել և նայել քեզ, որ արարված մարդկանց աստված ես ասում և դրանց աստված ես անվանում, քանի որ ես չեմ ուզում արարածի պաշտել և երկրպագել, այլ ամեն ժամ խոստովանում եմ Աստծու Որդուն, որ Հորից է ծնվել հավերժից առաջ»: Պրիմիանոս իշխանն ասաց. «Անպարտելի ինքնակալները հրամայեցին` ովքեր աստվածներին չեն երկրպագում` ողջակիզել»: Բարղամն ասաց. «Պատրաստ եմ իմ մարմինը տալ, որ անես ինչ կամենաս, որ ես քիչ կամ շատ տանջանքներով կհամոզեմ քեզ, որ արարածներին և ձեռակերտներին չեմ երկրպագում»: Դատավորն ասաց. «Պատուհասները քեզ համար կան և մնում են, բայց այժմ գանք ամբոխին, որ մեր շուրջն է. ասա՛ Հայրը ի՞նչպես Որդի ունեցավ և երբ»: Բարղամն ասաց. «Հնարավոր չէ, որ հավերժից առաջ եղածը ժամանակով սահմանափակվի, քանի որ ասում է. «Հավիտյանից առաջ ծնեցի քեզ» (Հմմտ. Եբր. Ա. 5, Ե. 5): Եւ ինչու ես Աստծու մասին հարցնում` ինչպես և երբ»: Հեգեմոն Պրիմիանոսն ասաց. «Երբ քեզնից լսեցի, թե քո Աստվածը Որդի ունի, դրա համար հարցրի, թե դա ինչպես է: Ես իմ աստվածներին եմ երկրպագում, ինչպես հրամայեցին իմ տերերն ու թագավորները»: Բարղամն ասաց. «Ասացի և այժմ նույնը կրկնելուց չեմ հրաժարվում. երկրպագում եմ Աստծու Որդուն, որ ծնվել է անժամանակաբար, իսկ իրերը և մարդկանց ձեռքի գործերը երբեք աստված չհամարեցի և այսուհետև այդպես կլինի թեկուզ ամբողջ փորոտիքս դուրս թափես կամ մարմինս կտորկտոր հոշոտես»: Դատավորն ասաց. «Քեզ չեմ ների զազրախոսությանդ և համառ մտքիդ համար, այլ չարաչար հարվածներով կպատուհասեմ անզգամությունդ և շղթաներով կմաշեմ քո կզակի կարծրությունը, որ հավանելով կատարես մեր ինքնակալ թագավորների հրամանը: Քանի որ ողոքական խոսքերով կամեցա քո միտքը դարձնել իմաստության և խնայելով ծերությունդ ներողամտաբար հարցափորձեցի քեզ, իսկ դու անհողդողդ մնացիր անմիտ անզգամությանդ»: Բարղամն ասաց. «Մի՛ բարկանա ինձ վրա, ով թագավոր, քանի որ մարմնիս վրա իշխանություն ունես, իսկ հոգուս վրա ունի Աստված` ամեն ինչի արարիչը, որին հավատացել եմ և հաստատուն եմ նրա խոստովանությանը մինչև մահ: Եւ երբեք զոհ չեմ մատուցի սնոտիներին, չեմ երկրպագի խուլ և կույր դևերին, որոնք խավարի տանջանքների են մատնում նրանց հոգիները, ովքեր մոլորվելով հավատում և երկրպագում են իրենց»: Դատավորն ասաց. «Մի՛ կարծիր, թե միանգամից վերջ կտամ քո կյանքին, այլ` փոքրփոքր, սակավ առ սակավ կխոշտանգեմ քո մարմնի բոլոր անդամները ի ցույց բոլորի: Տեսնեմ` քեզ կօգնի՞ Աստծու Որդին, որ դու ասում ես»: Բարղամն ասաց. «Օգնեց և կօգնի և չի թողնի, որ հեռանամ իր կամքից ու սիրուց կամ պաշտեմ մարդկանցից ստեղծված աստվածների սնոտիապատիր ձուլածո արձաններին»: Դատավորն ասաց. «Ահավասիկ կսկսեմ քո չարաչար տանջանքները, որ մտքովդ չեն անցնում քո անզգամության համաձայն, որպեսզի տանջանքների միջոցով հպատակվես ինքնակալների հրամաններին և զոհ մատուցես աստվածներին»: Բարղամն ասաց. «Ո՛վ իշխան, եթե չես բարկանա` ճշմարիտ եմ ասում ստուգապես. աստվածների երկրպագուները հիմարացած են, որովհետև դրանց ստեղծողները անհայտ և շուտ են մահանում: Ինչու պիտի դրանցից ստեղծվածները հավիտյան մնան»: Դատավորն ասաց. «Մաշկեցեք դրան չորս կողմից, որպեսզի դրա մեջ շրջող դևը հավանի և լսի մեզ»:
Բարղամն ասաց. «Նախապես ասացի քեզ, որ ես մի Աստված եմ պաշտում, որ ստեղծեց ամեն ինչ, և երկրպագում եմ Նրան: Ուստի չեմ վախենում քո սպառնալիքներից, քո աչքերի առաջ ունենալով Աստծու երկյուղը` կմնամ անսասան: Եւ ոչ միայն ես, այլև բոլորը, որ հետևում են այս օրենքներին ու կրոնին»: Պրիմիանոս իշխանն ասաց. «Հիմա կզգաս տանջանարանների քերանքը»: Բարղամն ասաց. «Երդվում եմ Աստծու Որդիով, որ չզգացի քո այդ տանջանքները, իմ աչքում ունենալով իմ Աստծուն: Տանջանքներից առավել վշտացած եմ ձեր անզգամությամբ, որ ճարտար մարդկանց կռած-կոփածները աստված եք անվանում, որի համար տենչում եմ ազատվել այս կյանքից և չեմ լսում քո խոսքերը»: Դատավորն ասաց. «Ի՞նչ ես խոսում, Բարղամ, հավանիր և զոհ մատուցիր, քանի որ պատկառում եմ պատվական սպիտակ մազերիցդ և քո վայելչագեղ պատկերից, քեզ խնայելով, ուզում եմ բավարարվել ստացածդ տանջանքներով»: Բարղամն ասաց. «Ես բնավ տանջանքներ չզգացի և պատրաստ եմ մարմինս տալ ավելի խիստ տանջանքների, որքան և պատճառես ինձ: Քեզ կհավանեցնեմ իմ գործերին` հավատում եմ Աստծուն, իսկ դևերին զոհ չեմ մատուցում, որովհետև Քրիստոսի սերը ինձ չի թողնում հեռանալ իրենից: Եւ եթե չբարկանայիր, քեզ համառոտակի կասեի մեր բարեպաշտության մասին: Արդ, ներիր մեծահոգաբար»:
Իշխանն ասաց. «Ասա, ինչ որ ուզում ես ասել. իմաստուններից ո՞վ չգիտե, որ ձեր խոսքերը պառավների առասպելներ են, իսկ դուք ստության հետևողներ: Բայց ասա. մի՞թե ինձ կարող ես քրիստոնյա դարձնել»: Սուրբն ասաց. «Աղերսում եմ Աստծուն, որ ոչ միայն դու լինես քրիստոնյա, այլև բոլորը, ովքեր պատրաստած ձեռակերտները աստված են համարում, որպեսզի զղջան և խոստովանեն, որ Աստծու Որդին ճշմարտապես ծնվել է Հորից: Իսկ իմ հավատի մասին` ասում է. «Ո՞վ մեզ կանջատի Քրիստոսի սիրուց` նեղությունները, անձկությունները թե հալածանքը, սովը, վիշտը թե սուրը. սրա համար [ոչ ոք] չի կարող հեռանալ Աստծու սիրուց և զոհ մատուցել դևերին, հավատալ մարդկանց ձեռքի գործերին և արարածներին»: Իշխանն ասաց. «Բազմիցս ներեցի քեզ, կարծելով թե ավելի օգտակար բան կխոսես, բայց դու անուսաբար այդպիսի զազրախոսություն ես հնչեցնում անիմաստ և տգետ մարդկանց ականջին»:
Այնժամ զինվորներին հրամայեց բռնել և կախել գլխիվայր և քերել, մինչև որ մերկանա ամբողջ մարմինը: Իշխանն ասաց նրան. «Մեզ ցույց տուր, որ քո Աստվածն ու հավատքը կօգնեն քեզ»: Բարղամն ասաց. «Օգնել է և կօգնի, ոչ միայն ինձ, այլև բոլորին, որ կան և մնում են այս խոստովանությամբ: Քանի որ այստեղ, այս աշխարհում ընդունելության և պատվի են արժանանում, իսկ հավիտենական կյանքում կժառանգեն երկնի արքայություն»: Իշխանն ասաց. «Հրամայում եմ բանտարկել, որ ավելի ու ավելի ուժեղ տանջենք դրան»: Բարղամն ասաց. «Այժմ ևս նույն Աստվածն է, որ ինձ օգնական եղավ, և երբ կկամենաս չարչարել` պատրաստ եմ, որովհետև իմ Աստվածը չի թողնի իր սիրուց և անսպառ բարիքից հեռանալ, որ կա և մնում է Նրան հուսացողներիս»:
Քիչ օրեր անց անօրեն Պրիմիանոս իշխանը քաղաքում, ավելի բարձր բեմի նստած, և քաղաքի ամբոխը իր շուրջը, զինվորներին հրամայեց առաջ բերել երանելի Բարղամին: Այնժամ զինվորները գնացին բանտ` իշխանի հրամանով և հանեցին նրան, կապանքներով բերին իշխանի մոտ` հրապարակի ատյանը: Այնժամ իշխանն ասաց նրան. «Համոզվեցի՞ր այսուհետև ազատվել մնացած տանջանքներից»: Բարղամն ասաց. «Բազում անգամ լսեցիր ինձնից, որ չեմ շեղվել իմաստներից և դևերին զոհ չեմ մատուցի, չեմ ուրանա իմ Աստծուն և արարածներին չեմ երկրպագի: Եւ այժմ նույնը կրկնել քեզ չեմ հրաժարվում: Արդ, իսկույն արա ինչ որ ուզում ես»: Իշխանն ասաց. «Կախեցեք դրան և քերեցեք երկաթի շեղբերով, որ դրան բռնած չար դևը ելնի նրանից»: Բարղամն ասաց. «Ես դև չունեմ, բայց և բնավ չեմ զգում քո տանջանքները»: Իշխանն ասաց. «Ես ձանձրացա, նաև իմ պաշտոնյաները հոգնեցին ու հեռացան, բայց չես համոզվում: Այժմ դա երկու ոտքով կկախվի երկու ծառից»: Եւ անմիջապես արեցին, ինչպես զինվորներին հրամայեց իշխանը: Բարղամն ասաց. «Ճշմարիտ եմ ասում իմ Տեր Հիսուս Քրիստոսով. ոչինչ թվացին քո հնարած տանջանքները` Աստված թեթևացնում էր դրանք»: Իշխանն ասաց. «Ի՞նչ ես ասում, Բարղամ, զոհե՞ս և ազատվես, թե ոչ»: Բարղամն ասաց. «Չգիտես, թե ինչ է Քրիստոսի սերը»: Իշխանն ասում է. «Համաձայնիր հետս, որովհետև երկար կախվելուց բերանիդ փականքները թուլացել են, և մարմնիդ հոդերը բաժանվել են, որի համար խնայելով քեզ ողորմում եմ ալեհերությունդ և հորդորում եմ քեզ, որ զոհ մատուցես և ազատվես»: Բարղամն ասում է. «Իմ Աստծով, որ երկնքում է բնակվում և երկրի վրա օգնական է Իր նահատակներին` ասում եմ. չզգացի տանջանքներդ և չեմ զոհի ապականացու սին աստվածներին: Գրված է. «Աստվածները, որ երկինքն ու երկիրը չեն արարել` կկորչեն երկնքի տակ» (Եսայի, Ժ. 11):
Իշխանն ասում է. «Պարզեցեք դրա ձեռքերը և տակը կրակ տարածեցեք, և այնտեղ մի բագին մատուցեք, իսկ դրա ձեռքերին կնդրուկ լցրեք. և եթե անշարժ մնան ձեռքերը` կտեսնենք, իսկ եթե ձեռքերին եղածը թափի բագինի մեջ` ուրեմն զոհ մատուցեց»: Իսկ Քրիստոսի արիագույն զինվոր Բարեղամը վեր պարզեց իր ձեռքերը և հեռացրեց բագինից և աչքերը երկինք բարձրացնելով` ասում էր. «Քեզ` Հորդ և Քրիստոսիդ եմ տալիս մարմինն իմ. Քո պատրաստ բնակարանից հաշտության աչքով երկնքից նայիր ցրված ու պառակտված Քո ժողովրդին, և իմ արյան հեղումը ի մաքրություն սրանց համարիր»: Եւ կնդրուկը բագինի մեջ չլցրեց, այլ հրի վառվելուց նրա ափերը փակվել էին, քանի որ կայծակը տոչորելով խորովում էր մարմինը սուրբ վկայի, և մկանները միասին իրար վրա էր հավաքում և մի կողմից ծակում էր ձեռքը: Եւ այսպես առ Աստված ունեցած սիրով հանդուրժելով` Փրկչի նահատակը ավանդեց հոգին, վկայելով Նոմերիանոս թագավորի տարիներին, մեծ Անտիոքում, Պռիմիանոս հեգեմոնի իշխանության ժամանակ, դեկտեմբեր ամսին, որ քսան և ութն էր ամսի, և մեր Տեր Հիսուս Քրիստոսի` Աստծու Որդու, մեզ թագավորելու. Որի հետ` Հորը և Սուրբ Հոգուն վայել է փառք, իշխանություն և պատիվ. այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:
Աղբյուր` ՎԱՐՔ ՍՐԲՈՑ, Աբդա — Գրիգոր Աստվածաբան, Ս. ԷՋՄԻԱԾԻՆ