Սուրբ Արքիպասի և Փիլիմոնի մասին

Arqipas - Սուրբ Արքիպասի և Փիլիմոնի մասին

 Քրիստոսի սուրբ վկաները Կողոսա քաղաքից էին, սուրբ Պողոս առաքյալի աշակերտները, ամբարիշտ Ներոն արքայի օրոք: Եղավ որ Հովհաննես առաքյալն ու ավետարանիչը գնաց Եփեսոս քաղաքը, այնտեղից հալածեց դևերին, խորտակեց Արտեմիդեսի բագինները և քանդեց ու ավերեց կուռքերի տաճարը: Եւ դիցապաշտ մարդիկ, որ աղանդված էին կուռքերի մոլորությամբ, չունեին դիվական զոհ մատուցելու տեղ: Եւ այնուհետև գնում էին Կողոսա քաղաքը` կատարելու աղտեղի տոնը, քանի որ դեռևս կային Արտեմիդեսի տաճարն ու բագինը: Ու մինչդեռ պղծության զոհ էին մատուցում, սուրբ Արքիպասն ու Փիլիմոնը և այլ քրիստոնյաների բազմությունը եկեղեցում աղոթում էին Աստծուն` կատարելու [իրենց] ուխտը: Եւ հանկարծակի կուռքերին զոհ մատուցելու եկածները քինախնդրությամբ վառված դիմեցին եկեղեցի, մտնելով բռնեցին սուրբ Արքիպասին, տարան Անդրոկղիտիոս դատավորի ատյանը և խիստ ամբաստանում էին նրան: Իսկ նա, Սուրբ Հոգով լցված, դատավորի հարցաքննությունից առաջ սկսեց հանդիմանել նրանց ամբարշտությունը և սնոտի կուռքերի տկարությունը: Դատավորն ասաց. «Առաջ ընկնելով օգուտ չես ստանա, որովհետև եթե զոհ չմատուցես աստվածներին` ապրել չես կարող»: Եւ բռնանում և ստիպում էր Արքիպասին զոհ մատուցել կուռքերին, իսկ նա առավել ևս անարգում էր նրանց կռապաշտությունը:
Այնժամ [դատավորը] հրաման տվեց կապել նրան երկաթե շղթաներով և քարշ տալ մինչև մեհյանի դուռը, որ կոչվում էր Մինաս: Եւ այնտեղ խիստ չարչարեցին նրան տեսակտեսակ տանջանքներով և ստիպում էին զոհ մատուցել կուռքերին, իսկ սուրբը չէր դադարում դատավորին ու նրա աստվածներին կշտամբելուց:
Եւ նա բարկանալով` հրամայեց, և սրբին դուրս հանեցին Կողոսա քաղաքից մոտ մեկ մղոն հեռու, այն գյուղը, որ կոչվում էր Արքիպիանա: Այդտեղ մի խոր փոս փորեցին տղամարդու հասակի կեսի չափ, նրան դրեցին փոսի մեջ և քարով ամրացրին մինչև գոտին, ձեռքերը հետևը կապած: Եւ հրաման տվին դպրոցի երեխաներին, որ երկաթե գրիչներով ծակեն գլխի գագաթը` հասնելով մինչև ուղեղը: Եւ քարկոծեցին նրան նույն տեղում` մինչև ավանդեց հոգին: Այնտեղից գնացին, բռնեցին Փիլիմոնին ու սպանեցին նրան: Իսկ Սոփի անունով մի բարեպաշտ կին երկյուղած մարդկանց հետ վերցրեց սրբերի մարմինները և մի պատվական ու սուրբ վայրում գերեզման դրեց:
Այսպես վախճանվեցին Քրիստոսի սուրբ վկաներն ու աշակերտները նոյեմբերի 22-ին ի փառս Քրիստոս Աստծու, հավիտյանս. ամեն:
Աղբյուր` ՎԱՐՔ ՍՐԲՈՑ, Աբդա — Գրիգոր Աստվածաբան, Ս. ԷՋՄԻԱԾԻՆ