Բազում են վարդապետության խոսքերն ու սուրբ Գրքերի մեկնությունները, որ երանելի տեր Հովհանը` Կոստանդնու[պոլսի] եպիսկոպոսը, թողել է սուրբ Եկեղեցու ուխտի մանկանց խրատի և ուսման համար, որ և գրքերում ժողովված կազմում են տասներկու հազար ճառեր, նաև որոնց համար նա Ոսկեբերան կոչվեց: Բայց որովհետև անաչառությամբ հանդիմանում էր նրանց, որ ուղղության չէին եկել, ատելի էր անիրավների համար, և հատկապես թագուհու, որովհետև նրան չարացրել էին ասելով, թե` «Հովհանի խոսքը քո մասին էր, երբ ընդհանրապես կանանց էր դիմում»:
Եվ այդ ժամանակ այնպես պատահեց, որ թագուհին իշխանությամբ մի այգի խլեց, իսկ [այգու տերը, որ մի] այրի կին էր, թախանձեց երանելի Հովհանին, և նա հորդորեց թագուհուն վերադարձնել այգին: Եվ ասաց թագուհուն, թե` «Այսպիսի բաների համար Հեզաբելը կրեց բարի Աստծու բարկությունը»: Ինչից առավել զայրացավ թագուհին և խորհեց սրբին Աթոռից վայր գցել: Եվ գործակից գտավ ասորիների Ակակ եպիսկոպոսին, որ երանելի Հովհանի դեմ ոխ ուներ, նրա անվան և հռչակի [նախանձից]: Չարի ազդեցությամբ ևս մի խորհրդակից գտավ` Անտիոքի եպիսկոպոս Սևեռին, ինչպես և ուրիշների` ուխտավորներից և ժառանգավորներից` անզգամների և ինչ-ինչ հանցանքների համար հեռացվածների:
[Նրանց հետ էր] նաև պալատի քահանան, որին աքսորել էր սուրբ Հովհանը: [Քահանան] Միաբանվել էր բազում անիրավների` զորավարների և թագուհու ներքինապետի հետ: Եվ թյուր բաներ վերագրեցին սուրբ Հովհանին: Եվ թագավորի հետ խորհեցին արտաքսել երանելուն: Եվ իրենց հասցեագրված էին համարում խոսքը, որ երանելին ասել էր Տիրոջ մարմնի և արյան մասին քարոզի ժամանակ, երբ դիմել էր ընդհանրապես բոլորին` եկեղեցու առաջնորդներին, թագավորներին, զորավարներին և զինվորներին. «Զգո՜ւյշ եղիր [դու], որ այդ խորհրդի տերն ես. թագավոր ես, թե զորավար, կամ եթե այլ մեկը անարժանությամբ մերձենա, արգելի՜ր, որովհետև նրանից ավելի մեծ իշխանություն ունի և ոչ սպիտակ պարեգոտ, որ կոկածհղկած շրջում են կոտրատվելով»: Եվ այս բոլորը չէին գալիս տիեզերական եկեղեցի, ուր Հովհանն էր, այլ պալատի եկեղեցում էին հաղորդվում Տիրոջ մարմնին և արյանը: Եվ ծիծաղում էին աստվածային մարդու վարդապետության լուսավոր կերպի վրա, որովհետև գետերի հոսանքի պես Սուրբ Հոգու շնորհով տարածվում էր մերձավորների և հեռավորների վրա: Եվ [մարդ] ուղարկեցին Անտիոք` մանկության տարիներն ուսումնասիրելու, որ թերևս ինչ-ինչ սխալներ գտնեն, կամ բիծ ու արատ: Եվ որդին էր Որեկենթոսի և հորաքրոջ մոտ էր դաստիարակվել, որ հույժ բարեպաշտ կին էր և Աստծու երկյուղած, և խրատել ու վարժել էր երկնային կոչմանը և Քրիստոսի Ավետարանին համապատասխան և խոհական ուսման մասին էր մտածել գիշեր ու ցերեկ: Մանուկ հասակից [երանելին] վառվել էր Սուրբ Հոգով և ութտասն տարեկանում, թողնելով ուսումը, նվիրվել աստվածային Գրքեր կարդալուն և անվանի լինելով` երեք տարի Գրքերի ընթերցող էր կարգվել Զենոն Երուսաղեմացի եպիսկոպոսի և Անտիոքի հայրապետ Մելիտոսի կողմից իր եկեղեցում, երբ տեսել էին նրա առաջադիմությունը: Իսկ երեք տարի անց, սիրելով կրոնավորի վարքը, դեպի լեռը ձգտեց և աշակերտեց լուսավոր կարգերին ու միայնակյաց ճգնավորներին: Եվ հնազանդ էր նրանց, հոժարամիտ բոլոր կրոնական ճգնություններին և երբեք չէր դադարում բարի գործեր անել: Իսկ սրանից հետո յոթ տարի առանձնացավ մի քարայրում և մեկ տարին անքուն ու հոտնկայս անցկացրեց: Եվ բազում մարտեր ու կռիվներ տվեց և մարտնչեց արդարության թշնամու դեմ և փորձողին հաղթեց պահքով ու աղոթքով, տքնությամբ և արտասուքով, ցրտին մերկ մնալով: Եվ Տիրոջ անվան համար բազում տանջանքներ կրեց իր մարմնին, որ հոգին ազատի այս աշխարհի չարից:
Եվ Աստծու տեսչությամբ այնտեղից վերադարձավ Անտիոքի եկեղեցի և Մելիտոս հայրապետի կողմից սարկավագ ձեռնադրվեց, որպես հրամայված էր Աստծու կամքով, որ բոլոր աստիճաններն ընդունի և հասնի մեծ աթոռին: Եվ լուսավոր վարդապետությամբ երեք տարի սարկավագ լինելով` բոլորին լուսավորում էր իր բերանից ելնող խոսքերով, և գերազանց շնորհների համար Ոսկեբերան էին անվանում երանելի Հովհանին: Ապա օծմամբ և Հոգու կոչով քահանայության շնորհ և աստիճան ստացավ և առավել փութաջան էր իր վարդապետության մեջ, ուր ալիքի պես հաջորդում էին մեկը մյուսին` բնախոսությունն ու աստվածային Գրքերի մեկնությունը և հորդորները բարեպաշտ վարքի և առաքինության մասին, որ[ոնցով] լուսավորում է[ր] հոգին[երն] ու մարմին[ներ]ը և մերձեցնում Քրիստոսին` քաղաքի տղամարդկանց ու կանանց, ծերերին և մանուկներին: Բոլորին լուսավորում էր իր ամենասփյուռ վարդապետությամբ, որ իրեն տրված էր ի վերուստ` Սուրբ Հոգուց:
Եվ ո՛վ կարող է նրա շնորհների բազմությունը և նրա խոսքերի պայծառությունը պատմել: Եվ կարգավոր քահանա լինելով` բոլորից հռչակավոր և անվանի եղավ: Եվ իր շնորհների համար եպիսկոպոսության պատվի կոչվեց: Թագավորի և սինկղիտոսի դրդմամբ, ինչպես և եպիսկոպոսների և եկեղեցու ժառանգավորների, երանելի Հովհանին քառասուն տարեկանում Կոստանդնուպոլսի եպիսկոպոս ձեռնադրեցին, և մեծ ուրախություն եղավ իր վիճակյալների համար, իսկ մեզ տրտմություն, որ զրկվեցինք նրա վարդապետությունից: Երբ այս լսեց Անտիոքի թագուհին իր չար միաբանների հետ, ոչինչ չգտան անելու և խորհեցին երանելիին դավաճանությամբ աթոռանկ անել և աքսորել, որ համարձակությամբ գործեն իրենց անօրինությունները և չհանդիմանվեն ոչ մեկի կողմից: Եվ շողոքորթների միջոցով սուտ լուրեր տարածեցին, որ ասում էին թե` «Այս է»,- կամ «Այն է»,- և թե` «Որոգինեին ուսուցանում և հավատացյալների եկեղեցի է մտցնում»:
Եվ անօրենության համախոհ Թեոփիլոսը` Աղեքսանդրացիների եպիսկոպոս, որին թագուհին իր մտքին էր բերել, ժողով հրավիրեց, ու նաև մեծ Եպիփանին էին ստիպողաբար ժողովի կանչում: Ու թեև նա չէր կամենում և համաձայն չէր չար ժողովին, բայց չարի սադրանքով և ուղարկվածների համոզելով, կարծիք տարածեցին, թե Եպիփանն իրենց հետ միաբան է: Եվ այս բանի համար երանելի Հովհանը հարցրեց. «Ո՜վ երանելի Եպիփան, արդարև միաբանե՞լ ես գոռոզի հետ, որ չի հասնի իմ աթոռին»: Եվ մեծ Եպիփանը, լսելով այս, ասաց. «Եթե նույնիսկ Քրիստոսի նահատակին բերեն, նա ևս չի հասնի քո աթոռին»: Եվ երկուսի խոսքը դարձյալ կատարվեց:
Եվ ժողովն ամբաստանական գիր հղեց թագավորին, թե` Հովհանն ի վնաս իրեն` չներկայացավ ժողովին, և իրենք ցրվեցին յուրաքանչյուրն իր տեղը: Իսկ Հովհանը թագավորական հրամանով և թագուհու սադրանքով մի կղզի աքսորվեց, սակայն Բարձրյալի շնորհով չէր դադարում սուրբ Գրքերի մեկնություններ գրել: Եվ իսկույն մի սքանչելիք եղավ. քաղաքում և արքունական ապարանքում մեծամեծներն սկսեցին մահանալ: Եվ դրանից զարհուրած թագուհին իր ամուսնուն համոզեց, որ Հովհանը վերադառնա իր աթոռին: Եվ [երանելին] չկամեցավ վերադառնալ: Եվ նրա մոտ գնալով` խնդրում և աղաչում էին, մինչև որ համոզեցին: Եվ երանելի Հովհանը, քաղաք գալով, պայծառացրեց լուսափայլ վարդապետությունը և հակառակորդներին ստիպում էր ճշմարտության ավանդների ուղղության գալ: Սակայն չարն ավելի էր բորբոքվում, չարակնությամբ լցվելով ճշմարիտ և ողջախոհ մարդու, լուսավոր վարդապետի և Տիրոջ օրենքների մասին խորհողի դեմ: Դարձյալ թագուհին բարկանում էր` հետևյալ պատճառով. թագուհին արծաթե արձան էր կանգնեցրել ծիրանագույն սյան վրա իր ու իր մերձավորների և ռամիկների հաճույքի համար, որի դեմ երանելին ասում էր` ի սպառ հեռու մնալ հաճույքներից: «Աստծուն ատելի են,- ասում է,- իրենց պարկեշտությունը կորցնողները»: Եվ սրանից զայրանալով` թագուհին չար բաներ էր մտածում Հովհանի մասին, որն իմանալով` ճառում ասում է. «Կրկին մոլեգնում է Հերովդիադան, որ ճշմարտության պատճառով անիրավությամբ կտրի Հովհանի գլուխը»:
Եվ այս լսելով` թագուհին [մարդ] է ուղարկում Աղեքսանդրիայի եպիսկոպոս Թեոփիլոսի մոտ, որ Հովհան Ոսկեբերանին գահընկեց անելու համար կրկին ժողով գումարվի. և նա անհապաղ կատարում է: Շտապ առաքում է եպիսկոպոսներին և տալիս, որ տանեն արիանոսականների կանոնները, որ գրված էին Աթանասի կանոնների դեմ, [ուր գրված էր], թե` «Եպիսկոպոսին, որ արդարությամբ, կամ անարդար կերպով, աքսորված է եղել և ընդունվել է առանց ժողովի, հարկ է դարձյալ հեռացնել»: Եվ սա ճիշտ կարծելով` կրկին անգամ Հովհանին հեռացրեցին: Եվ ժողով գումարեցին Թեոփիլոս եպիսկոպոսի կողմնակիցները, որ երեսունվեց հոգի էին, իսկ Հովհանին արդար ընդունողները` քառասուն: Եվ թեոփիլոսականները [ցանկանում էին] կանչել Հովհանին, իսկ [մյուս] քառասունը չէին թողնում, ասելով թե` «Մենք ավելի շատ ենք, կանոնների համաձայն [մեծամասնություն ենք]»:
Դժվարություններից խուսափելով և հաշվի առնելով թագուհու զայրույթը, ամբաստանեցին, թե [Հովհանը] չեկավ ժողովին, և արքունի հրամանով Հովհան Ոսկեբերանին կրկին աքսորեցին:
Եվ զինվորները սրբին բռնի դուրս բերին հավաքի միջից և նավ նստեցնելով` հեռու աշխարհ ուղարկեցին: Եվ իսկույն Աստծուց սքանչելիքներ եղան քաղաքի վրա. աթոռի վերևում, որին նստում և կենաց խոսքն էր քարոզում երանելին, հուր երևաց, և ձայն լսվեց, որն ասաց. «Ո՞ւր ես, ճշմարիտ Բանի պատմող»: Եվ խորանաձև հուրը, գնացող-եկողների վրա փայլելով, այրեց սինկղիտոսի տունը, սակայն մարդու վնաս չտվեց: Նաև սաստիկ կարկուտ եղավ քաղաքում: Եվ բոլորը, ահով բռնված, վախից [այս ամենը] Աստծու մարդու աթոռանկության վրեժն էին համարում: Եվ երեք օրից նշանները դադարեցին, սակայն Քաղկեդոնի եպիսկոպոսը, որ թեոփիլոսականների ժողովի ժամանակ նախատել էր երանելի Հովհանին, չար մահով սատկեց: Այս նշան[ներ]ը եղան Հովհանի աթոռանկության ժամանակ:
Իսկ երանելիին տարան հռովմայեցիների Կոկիսոն քաղաքը: Եվ նա լուսավոր վարդապետությամբ աղբյուրի պես բխեցնում էր աստվածահրաշ ճառերն ու զետեղում գրքերում: Նաև սովորեցնում էր շատերին: Եվ այս ամենը լսելով` չարակամները նախանձով լցվեցին և [սրբին] տեղափոխել տվեցին Արաբիսոն: [Իսկ նա] առավել հորդացրեց վտակների հոսանքները` հագեցնելով աստվածասերների անձերը: Եվ լուրը տարածվեց նրան ատողների մեջ, որի համար կամեցան նրան անբնակ տեղ տանել:
Եվ Աղեքսանդրիայում մի գյուղի հասնելով` [երանելին] հանգրվանեց: Եվ երևաց [նրան] այնտեղի վկա Բասիլիոսն ու ասաց. «Ո՜վ երանելի Հովհան, քո լուսավոր վարդապետությամբ լուսավորեցիր մարդկանց ազգը և անձիդ համար երկնային գանձեր ամբարեցիր, որ կան և կմնան: Ե՜կ և հանգրվանիր մեզ հետ»: Եվ ասաց Բասիլիոսն իր ընկերոջը` Ղուկիոս քահանային և մարտիրոսին. «Տեղ պատրաստի՜ր տեր Հովհանի համար, որ վաղը մեզ մոտ գա»:
Եվ հաջորդ օրը երանելի Հովհաննեսը նոր հանդերձներ և կոշիկներ հագավ, հինը տվեց մերձավորներին և պատարագ մատուցելով` ճաշակեց Տիրոջ մարմինն ու արյունը: Եվ արտասանեց վերջին աղոթքը և «Ամենն» ասելով` ավանդեց հոգին դեպի Աստծու փառքերը: Եվ նրան թաղեցին սուրբ Բասիլիոսի մոտ: Եվ որպես ընդունեցինք Աստծուց հրամանը` երանելիի հանգստյան օրը կատարում են[ք] մարերի տասնութին: Եվ իր աթոռին մեկը մյուսին հաջորդեցին այլևայլ մարդիկ` մինչև երանելի Պրոկղոսը, որ երանելու մահվանից երեսունհինգ տարի անց եկավ և Կոստանդնուպոլիս տարավ նրա մարմինը և նստեցրեց իր Աթոռին: Եվ այնքան տարի անց նրա մարմինն անապական էր մնացել և ասես ողջից` ձայն լսվեց, որ ասաց. «Խաղաղություն ձեզ»: Եվ այս լսելով` օրհնություն էին տալիս Աստծուն:
Աղբյուր` Վարք սրբոց. Հատոր գ. Ս Էջմիածին: 2010 թ.