Պատմություն սքանչելիքների, որ եղան սուրբ Դեմետրիոսի միջոցով. թե ինչպես գտնվեցին նրա նշխարները բազում ժամանակ անց

Patmutyun sqancheliqneri - Պատմություն սքանչելիքների, որ եղան սուրբ Դեմետրիոսի միջոցով. թե ինչպես գտնվեցին նրա նշխարները բազում ժամանակ անց

Եկեք, ո՛վ սիրելիներ, թե կուզեք շատ բան զանց առնելով պատմենք սքանչելիքը, որ եղավ աստվածազգյաց Դեմետրիոս վկայի միջոցով, որպեսզի քչով ձեր միտքը ուղղելով շատերը իմանաք, որ կատարում է իր սրբերի միջոցով անճառելի բաներ Քրիստոսի ամենազոր ուժը: Արդ, քանի որ ամեն ժամանակ երբ նահատակվում էին սրբերը, հաստատված կային վկայասեր քրիստոնյաներ, որ առնում–ամփոփում էին նրանց մարմինները ծածուկ տեղերում, որ նրանց չմոտենային հեթանոսների պիղծ ու գարշելի ճենճերն ու զոհերը, այդ պատճառով ինչ–որ տեղեր հայտնապես երևում են նրանց գերեզմանները և այլ տեղեր` ոչ, թեպետ որոշ աստվածասերներից գեղեցկապես կազմված` երևում են նրանց վկայության տաճարները: Այսպեսև Թեսաղոնիկե քաղաքում, թեպետ բազում վկաներ թաղված կան, ու նրանց վկայարանները հայտնի են, այդ թվում և մեծ, ականավոր սքանչելիքներով երանելի Դեմետրիոսինը, բայց նրանցից ոչ բոլորի տեղերն ու գերեզմաններն են երևում: Այլ` միայն սուրբ կույս Մարինոսինը: Իսկ Մավրիկիոս թագավորը բարեպաշտ և աստվածասեր կամքով որոնեց բազում սրբերի, որ Թեսաղոնիկե քաղաքում էին զոհվել, առավել ևս երանելի Դեմետրիոսին, նրա սքանչելիքների առավել համբավի համար, նամակ գրեց երանելի Եվսեբիոսին, որ այն ժամանակ Թեսաղոնիկե քաղաքի եպիսկոպոսության աթոռին էր, որպեսզի իրեն առաքի սուրբ Դեմետրիոսի նշխարներից մի մաս:
Այնժամ Եվսեբիոսը պատասխան գրեց թագավորին այսպես. «Մենք ևս գիտենք, ո՛վ թագավոր, որ քո խնդիրքը ճշմարիտ հավատքի մասին է, որ ունես Քրիստոսի սուրբ վկաների նկատմամբ: Բայց քո բարեպաշտությանը ինչպես պատմենք թեսաղոնիկեցիների հավատքի, եղած սքանչելիքների մասին, և այդպիսի խնդրի
կապակցությամբ, քանի որ այս քաղաքը չունի այդպիսի հավատ, եթե զգալի բաներով է ուզում պաշտել Աստծուն և պատվել Նրա սրբերին, Դրան հակառակ իմանալի աչքով հաստատված են ի սերն Աստծու, և Նրա սրբերի հավատն ընդունելով Տիրոջ սրբերի վկայություններից` թե հոգի է Աստված, Նրա երկրպագուները պարտավոր են հոգով և ճշմարտությամբ երկրպագել: Դրա համար այս քաղաքում թաղված են սրբերի մարմինները` մարդկանց բոլորովին անհայտ, որև ձեր աստվածասեր Հուստիանոսը, որ ձեր բարեպաշտ նախանձախնդրությամբ էր լցված, այդպես փորձելով գտավ, որովհետև նա վկայասեր կամքով նամակ գրեց նրան, որ մեզնից առաջ այս քաղաքի եպիսկոպոսն էր: Այդպեսև քո բարեպաշտությունը` մեզ, ինչ–որ մաս հայցելով փառավորյալ վկա Դեմետրիոսի նշխարներից: Եվ ցանկանալով կատարել թագավորի սիրո աստվածահաճո տենչանքը, մտնելով սրբի վկայարանը փորեցին եկեղեցու հատակը, ուր կարծում էին դրված կլինի սուրբ վկայի նշխարքը: Երկյուղած քահանաներին այս գործը հրամայել էր եպիսկոպոսը, հաստատապես գիտենալով նրանց արժանավորությունը: Իսկ երբ խորը փորեցին, սաղմոսներով և օրհնությամբ, վառած մոմերով և անուշահոտ խունկերով` ուզում էին դարձյալ փորել: Այնժամ հանկարծակի հուր ելավ ներքևից, լցրեց ամբողջ փորված փոսը, նրանց շրջապատեց, [բայց] չէր այրում նրանց: Լսեցին ձայն, որ ասում էր. «Այսուհետև դադարեցեք փորձել Քրիստոսի զորությունը, որ միացած է սրբերի ոսկորներին»: Իսկ նրանք ահուդողով լցված առան փորված հողից, ուղարկեցին թագավորին` նամակով տեղեկացրին նրան եղած սքանչելիքը: Սրանք, ո՛վ թագավոր, քո բարեպաշտոն հայր Հուստիանոսի ժամանակ եղան, և մենք նույն կերպ առաքեցինք քո
աստվածասիրությանը նույն օրհնության հողից, որ դրված է այս եկեղեցու մեջ, ի բժշկություն ախտաժետների: Եվ դու այն ընդունելով առավել կլցվես մեծ ուրախությամբ, առանց երկմտության, ասես ունենալով քեզ մոտ ամբողջ վկային, ինչպես վայել է քո հավատքին, այլև փորձով կճանաչես սքանչելիքները և մեզ ձեր աստվածասեր թագավորության անհնազանդ չես համարի: Քրիստոսին փառք, հավիտյանս. ամեն»:
Աղբյուր` Վարք սրբոց. Հատոր Բ (Դեմետրիոս – Թեոփիլոս). Ս Էջմիածին: 2009 թ.