ՊԱՏԵՐԱԶՄՈ՞Ղ ԱՍՏՎԱԾ

Հին Կտակարանում բազում են տեղիները, որտեղ հանդիպում ենք դաժան արյունահեղությունների, որոնք պատվիրվում են Աստծու կողմից: Առաջին հայացքից այս դաժանությունները հակակրանք են առաջացնում ընթերցողների մոտ: Սոցիալական հարցումները ցույց են տալիս, որ մարդիկ ամենաշատը չեն կարողանում կարդալ Հեսու Նավեի գիրքը՝ դրանում առկա արյունահեղությունների պատճառով: Նրանք չեն կարողանում հասկանալ, թե ինչպե՞ս Աստծու ընտրյալ ժողովուրդը կարող էր կոտորել ազգեր, այն էլ՝ Աստծու պատվերով:
Հեսուի գրքում նկարագրվում է, թե ինչպես Հեսուն գրավեց Մակեդ քաղաքը, սրի քաշեց բնակիչներին ու նրա թագավորին և ոչ մի ազատված կամ փախստական չմնաց (տե՛ս Հեսու Ժ 28-30): Աստվածաշնչում այս ամենը ներկայացվում է ռազմական փառաբանման լույսի ներքո, մինչդեռ այդ երևույթն այսօր կոչվում է «ցեղասպանություն», և դատապարտվում Ժնևյան օրենքներով: Բայց մի՞թե այն դատապարտելի էր Հեսուի և նրա ժամանակաշրջանի ամբողջ Մերձավոր Արևելքի համար: Որպես օրինակ՝ նմանատիպ մի տեսարան նկարագրվում է նաև Ասորեստանի արքա Աշուրնազիրպալ Երկրորդի վիմագիր արձանագրության մեջ, որտեղ նա նկարագրում է իր ռազմական փառքը. «Շատ քաղաքներ ես պաշարեցի և գրավեցի, վեց հարյուր մարտիկների ես սրի քաշեցի, երեք հազար գերյալների ես այրեցի խարույկի մեջ…»: Այսպես կարելի է շարունակել այս դաժան տեսարանների նկարագրությունը, որը մեր աչքին Աշուրնազիրպալին կդարձնի սերիական մարդասպան: Այս և այլ վիմագիր արձանագրություններից ու պատկերներից պարզ է դառնում, որ այդ ժամանակաշրջանում թագավորների և զորավարների դաժանությունը նորմալ էր համարվում, և բարձրացնում էր նրանց վարկը:
Այն, որ այդ ժամանակաշրջանի համար այս ամենը հասկանալի և անգամ գովելի էր, պարզ է, սակայն ինչի՞ համար էր հարկավոր, որ մարդկությունը սիրող և մարդու փրկության համար իր Որդուն անգամ զոհող Աստված պատվիրեր այդ ամենը. չէ՞ որ նա մարդուն իր պատկերով ստեղծեց, ապա ինչպե՞ս է պատվիրում կոտորել:
Բանն այն է, որ շատ ժամանակ զավթողներն իրենք էին ձուլվում գերյալների հետ՝ նրանցից յուրացնելով ողջ մշակույթն ու կրոնական արժեհամակարգը: Իսկ Քանանի կամ Մակեդի պարագայում Աստված չէր կարող այդ թույլ տալ, քանի որ նպատակ էր դրել ստեղծելու մի ժողովուրդ, որը պիտի սրբությամբ ապրեր, և չէր կարող թույլ տալ, որ իսրայելացիները, ձուլվելով քանանացիներին, վերջիններիս կռապաշտությունը սովորեն: Թերևս անհավատալի թվա, բայց Աստված հրամայում էր ոչ թե ցեղասպանություն գործել, այլ վերացնել կռապաշտությունը, որն իսրայելացիներն իրականացրին կռապաշտներին վերացնելու իմաստով: Բացի պարզ կռապաշտությունից, որն ընդունելը կամ մերժելն այսօրվա մարդու համար անձնական հարց է, Քանանում կիրառվում էին մի շարք սարսափելի ծիսակատարություններ, որոնց ընթացքում կատարվում էին մարդկային զոհաբերություններ. նրանք զոհաբերում էին սեփական երեխաներին ու մասնակցում սեռական բնույթի խնջույքների: Ժամանակակից հնագիտական ուսումնասիրությունների շնորհիվ պարզվել է, որ Մակեդ քաղաքում կար մի սովորություն, ըստ որի, քաղաքի հիմքերը դրվում էին արքայի անդրանիկ որդու վրա, իսկ պարիսպները՝ կրտսերի: Ահա այս հեթանոսական սովորություններն էին, որ չէր հանդուրժում Աստված (հետաքրքիր է, որ երկրի երեսից տարբեր ժամանակներում վերացել են ժողովուրդներ, քաղաքներ ու հասարակարգեր, որոնց կրոնական ծեսերում կիրառվում էին մարդկային զոհաբերություններ, և այդ ժողովրդներին, որպես կանոն, վերացրել են ուրիշ ժողովուրդներ):
Ամեն դեպքում, մենք մարդկության պատմությունը դիտարկում ենք որպես ճանապարհ. Աստված մարդկության փրկության իր ծրագիր էր իրականացնում՝ ստեղծելու սուրբ ժողովուրդ, միայն ճշմարիտ Աստծուն պաշտող հասարակություն. Քանանի դեպքերն այդ ծրագրի իրականացման մի փուլն էին:

Պատրաստեց Հարություն սրկ. Քեշիշյանը

Մեջբերումը՝ Գևորգյան Հոգևոր Ճեմարանի երկշաբաթաթերթի 2-րդ համարից