Պատարագը Հին Կտակարանում

 Զարմանալի է, բայց Ծննդոց գրքում մարդկային ընկերության պատմության թատերաբեմը բացվում է պատարագի դեպքով՝ Կայենի և Աբելի մատուցած պատարագով։ Կայենը և Աբելը Ադամի զավակներն էին. Կայենը երկրագործ էր, իսկ Աբելը՝ ոչխարների հովիվ։ Սրանք մի օր Աստծուն պատարագ մատուցել ուզեցին։ Կայենը երկրի պտղից ընծա բերեց, իսկ Աբելը՝ իր ոչխարների առաջնեկներից և նրանց պարարտներից։ Եվ Աստված Աբելի պատարագն ընդունեց, բայց Կայենինը մերժեց։ Այդ պատճառով էլ Կայենը, նախանձելով, սպանեց իր եղբորը՝ Աբելին (Ծննդոց Դ 1-10): Այս պատմության մեջ պետք է նկատի առնենք հետևյալ կետերը.
Ա. Ինչպես ասացինք, մարդկային ընկերության պատմությունը սկսվում է պատարագով և պիտի շարունակվի զանազան պատարագներով։ Իր ամբողջականացմանը պիտի հասնի Քրիստոսի Մարմնի մեկ անգամ պատարագվելով և դարձյալ պիտի շարունակվի Քրիստոսի Մարմնի և Արյան միջոցով ամեն անգամ, երբ մատուցվում է Սուրբ Պատարագը, մինչև Քրիստոսի երկրորդ գալուստը։
Բ. Արդար Աբելի պատարագը պետք է լինի Քրիստոսի պատարագի խորհրդանիշը։ Թեպետ Աբելը մեռավ, բայց դեռևս խոսում է Քրիստոսի Արյան նման՝ մեր մատուցած Պատարագներով։ Նրանց արդար արյունը պիտի պահանջվի այս մարդկությունից (Մատթեոս ԻԳ 35, Եբրայեցիս ԺԱ)։ Երկրորդը պիտի լիներ Նոյ նահապետի մատուցած պատարագը։ Այսպես, երբ Նոյը ջրհեղեղի պատուհասից ազատվեց և Աստծո հրամանով տապանից դուրս ելավ իր ընտանիքով ու ամեն տեսակ կենդանիներով, այնտեղ՝ Արարատ լեռան վրա, սեղան շինեց Տիրոջ համար, բոլոր մաքուր անասուններից ու թռչուններից վերցրեց և սեղանի վրա ողջակեզներ՝ պատարագներ մատուցեց։ Տերը անուշ հոտն առավ ու իր սրտում ասաց. «Այլևս սրանից հետո մարդու համար նորից երկիրը պիտի չանիծեմ» (Ծննդոց Ը 18-22)։ Նոյյան պատարագի այս պատմության մեջ նկատի առնելիք կետն այն է, որ, երբ Աստված Նոյին և նրա ընտանիքին ազատեց ջրհեղեղի պատուհասից, վերջինս իր ընտանիքով երախտագիտական պատարագ մատուցեց։ Որչա՛փ առավել մենք՝ քրիստոնյաներս, պետք է երախտագիտական Սուրբ Պատարագներ մատուցենք Քրիստոսին՝ Քրիստոսով։ Երրորդը պիտի լիներ Աբրահամի պատարագը։ Աստված, Աբրահամին փորձելով, հրամայեց, որ մեկ հատիկ սիրելի որդուն՝ Իսահակին, իբրև զոհպատարագ մատուցի Իրեն։ Աբրահամը ցույց տվեց իր հավատի մեծությունը և հնազանդությունն առ Աստված։ Եվ այսպիսով, նա պիտի մնա որպես սխրալի օրինակ պատարագի պատմության մեջ աշխարհի սկզբից մինչև հավիտյան։ Սակայն Տիրոջ հրեշտակը արգելեց նրան՝ ասելով. «Աբրահա՜մ, Աբրահա՜մ», և նա ասաց. «Ահա այստեղ եմ», իսկ հրեշտակն ասաց. «Տղային ձեռք մի՜ տուր և նրան ոչինչ մի՜ արա. հիմա իմացա, որ վախենում ես Աստծուց, որովհետև քո մեկ հատիկ որդուն ինձանից չխնայեցիր»։ Աբրահամը աչքերը բարձրացրեց և տեսավ, որ իր հետևում, մացառուտների մեջ եղջյուրներից բռնված մի խոյ կա։ Նա գնաց, վերցրեց խոյը և այն իր որդու փոխարեն իբրև պատարագ մատուցեց։ Ուրեմն այսպես, Աբրահամն այս պատարագի շնորհիվ իր դիրքը բարձրացրեց Աստծո առջև և միևնույն ժամանակ արժանի եղավ, որ իր երանքից դուրս եկած՝ Սուրբ Կույս Մարիամի միածին Որդին լինի Աստծո ճշմարիտ Գառը, որը իր վրա պիտի վերցներ աշխարհի մեղքը՝ ճշմարիտ և հավիտենական պատարագ լինելով (Հովհաննես Ա 29, Մատթեոս Ա 21, Եբրայեցիս Թ 12, 28 և Ժ 10)։ Այդ է պատճառը, որ, երբ Աստված իր Միածին Որդուն պիտի աշխարհ ուղարկեր՝ մարդկությանը փրկելու, Աբրահամի սերունդն ընտրեց, և այդ ցեղից էլ եկավ Քրիստոսը՝ որպես աշխարհի փրկիչ, քանի որ, երբ Աստված Աբրահամից որպես զոհ պահանջեց նրա մեկ հատիկ և սիրելի որդուն, նա ամենայն հնազանդությամբ ու հավատով Իսահակին տվեց իբրև պատարագ։ Եվ որովհետև Իսահակի արյունը չէր կարող վերցնել աշխարհի մեղքը, Նա մի խոյ ցույց տվեց, որ որպես պատարագ պիտի մատուցվեր մինչև Քրիստոսի աշխարհ գալը և պատարագվելը, որը, կարելի է ասել, դարձյալ Աբրահամի որդին պիտի լիներ. իբրև մարդ, անշուշտ։ Նա ճշմարիտ
Պատարագ պիտի լիներ և պիտի վերցներ աշխարհի մեղքը։ Այդ պատճառով էլ Մատթեոսն իր Ավետարանի սկզբում գրում է. «Գիրք ծննդյան Հիսուս Քրիստոսի՝ Դավթի Որդու, Աբրահամի Որդու» (Մատթեոս Ա 1)։