Պահքի տեսակները

 Պահքը մարմնի «մեռելություն» է, և որքան արտաքին մարդը տկարանա, այնքան ներքինն օրըստօրե կնորոգվի (տե՜ս Բ Կորնթ. Դ 16): Առանց կերակրի մնալով՝ մարդը ցամաքեցնում է իր մարմինը պիղծ ախտերից, որով հաճելի է լինում Աստծուն և դառնում Աստծու տուն: Այս է պահքի պատվականությունը: Եվ այս պահքը ոմանք ամեն օր են պահում՝ իրենց մեջ ցույց տալով դրախտային կյանքը, ինչպես նրանք, ովքեր անապատում են կամ ճգնության մեջ: Ոմանք էլ պահում են միայն որոշակի օրերի համար հրամայված պահքը, որն ավանդվեց առաքյալներից ու հայրապետներից, ինչպես ասում է առաքյալը. «Մեկը բարձր է դասում օրը՝ օրից, իսկ մյուսը՝ բոլոր օրերը՝ հավասար» (Հռոմ. ԺԴ 5):
Եվ հրամայված պահքերը երեքն են: Առաջինը քառասնօրյա պահքն է, երկրորդը՝ շաբաթապահքը, և երրորդը՝ օրապահքը:
Տարվա մեջ երեք քառասնօրյա պահք կա: Առաջինը Քրիստոսի Ծննդյան տոնի կապակցությամբ է պահվում, երկրորդը՝ Հարության և կոչվում է Աղուհաց, իսկ երրորդը՝ Այլակերպության: Սա առաքելադիր կանոն է: Աղուհացը տարեկան պահք է, որը տարին մեկ անգամ պահում ենք առհասարակ բոլոր քրիստոնյաներս, թեպետև հոգևորականները երեք քառասունքն էլ պահում են, իսկ աշխարհականները միայն մեկը՝ Աղուհացը: Շաբաթապահքն ամսական պահք է, որը հայրապետները կարգեցին պահել ամսական մի շաբաթ: Օրապահքը՝ շաբաթը երկու անգամ ենք պահում՝ չորեքշաբթի և ուրբաթ օրերին:

Աշխատասիրությամբ՝ Արամ Դիլանյանի