Ուժե՞ղ, թե՞ անվտանգ եկեղեցի. «Կյանքի խոսք եկեղեցու» խայծերը

 Օտար աղբյուրները փաստում են, որ Հայաստանում, ազգային եկեղեցու ետեւում գործում են գրանցված կրոնական կառույցներով 270.000 «հավատացյալներ», իսկ «Բաժանորդային արկղ թիվ 10». սա «Կյանքի խոսք եկեղեցու» փոստային հասցեն է՝ կենտրոնացած մայրաքաղաքի թիվ 10 փոստատան շենքում: Ըստ Ամերիկյան դեպարտամենտի հրապարակած տվյալների, Հայաստանում գոյություն ունի 22.700 խարիզմատիկ «եկեղեցու» հետեւորդ: «Քայքայիչ պաշտամունքից տուժածների վերականգնողական եւ օգնության» կենտրոնի նախագահ Ալեքսանդր Ամարյանի հավաստմամբ, եթե հաշվի առնենք, որ խարիզմատիկներից մեզ մոտ գրանցված է միայն «Կյանքի խոսքը», ուրեմն ճշտված է միայն վերջիններիս թվաքանակը: Գաղտնիք չէ, որ աղանդը համաշխարհային գլոբալ բիզնես է, մարդուն կառավարելի դարձնելու ամենակարճ ուղին: Ըստ Ա. Ամարյանի, վերջին շրջանում նկատվում է կրոնական կազմակերպությունների եւ քրեական հանցավոր ուժերի սերտաճում: Աղանդավորական համայնքները նաեւ բացահայտ քաղաքականացման ճանապարհին են: Ուկրաինայի «Աստծո դեսպանատուն եկեղեցին», որը նույնպես խարիզմատիկ ուղղությանն է պատկանում, ակտիվորեն մասնակցել է Ուկրաինայի նարնջագույն հեղաշրջմանը եւ այնուհետ իր ներկայացուցչին նշանակել նորընտիր նախագահի խորհրդական: «Նրանց գաղափարական հիմնաքարերից է՝ հեղափոխություն կատարել նաեւ ԱՊՀ մյուս երկրներում»,- նշում է կենտրոնի ղեկավարը: Խարիզմատիկ հոսանքի որոշակի քաղաքական նպատակներից է՝ ստեղծել նոր երկիր, նոր կառավարություն, որի առաջին նախարարները կլինեն «Աստծուն հավատարիմ մարդիկ»: Ինչպես նկատում է Ա. Ամարյանը, 1917 թվականի ընթացքում Հայաստանի բոլոր եկեղեցիները քանդվեցին եւ վերածվեցին մշակութային օջախների, իսկ 1991 թվականից հետո մշակութային տները դարձել են «եկեղեցիներ». Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը մինչեւ վերջերս «Կյանքի խոսքին» էր, իսկ «Կույրերի միավորման մշակույթի» կենտրոնում մեկ օրվա մեջ երեք տարբեր աղանդների ծիսակատարություններ են կատարվում: Այս ամենը Հայաստանը քայքայելու համաշխարհային գլոբալ ծրագրերից է: Ամարյանի կարծիքով, այսօրվա դրությամբ, կրոնական կազմակերպությունների կողմից մեծ բանալիներ կան. միայն այն փաստով, որ նրանց մասին չկա տեղեկատվություն, եւ նրանք աշխատում ու գործում են գաղտնի, այդ կառույցները հասարակությանը սպառնում են վտանգ: Շատերն ուղղակի գործադրում են արգելված մեթոդներ՝ խախտելով մարդու իրավունքը, գործադրվում է հոգեբանական ճնշում, շանտաժ, կոմպրոմատ՝ շահարկելով հիմնականում մարդու սոցիալական գործոնը: Կենտրոնի ղեկավարը համարում է, որ այն բոլոր քաղաքացիները, ովքեր ներգրավված են քայքայիչ կրոնական կառույցներում, արդեն իսկ տուժած են, ցավոք, որեւէ օրենքով «քայքայիչ» կամ «տոտալիտար» հասկացությունը հիմնավորված չէ: Միայն միջազգային անալոգիայի մեխանիզմներով, ինչպես նաեւ ռուսական որոշ փաստաթղթերով է տրված «Կյանքի խոսքի» եւ խարիզմատների քայքայիչ գործունեությունը: «Կյանքի խոսքի» հայտարարած տվյալների համաձայն, յուրաքանչյուր տարի իրենց աստվածաշնչյան դպրոցի՝ 8-ամսյա դասընթացների միջոցով 250 շրջանավարտ է պատրաստում: 10 տարվա ընթացքում, համապատասխանաբար՝ 2500: Ա. Ամարյանը սրան հակադրեց Հայ Առաքելական եկեղեցու 500 հոգեւորականների փաստը: «Կյանքի խոսքը» Հայաստանում գործող ամենաակտիվ, ագրեսիվ եւ կազմակերպված աղանդավորական համայնքներից է. 2005թ. նոյեմբերից ունեն տպագիր մամուլ, համայնքի հայաստանյան ղեկավարի՝ Արթուր Սիմոնյանի գրականությունը զետեղված է համապատասխան ինտերնետային կայքում: Նշված վեբ-կայքի հիմնական էջում տեղադրված են Ռուսիո Ալեքսի Բ պատրիարքի, Մոսկվայի քաղաքապետ Յու. Լուժկովի եւ նրանց առաջնորդների մոնտաժված լուսանկարները, առանց որեւէ բացատրագրերի: Ա. Ամարյանի ասելով, նրանց մի քանի տասնյակ ծառայությունների շարքում է նաեւ «Անվտանգության ծառայությունը», որի շնորհիվ պատահական մարդիկ չեն կարող ընդգրկվել աղանդի շարքերը, իսկ առաջնորդները պարտադիր անցյալում որեւէ շեղում կամ հանցանք պիտի ունենան, որպեսզի հետագայում այդ խայծն օգտագործվի իրենց իսկ դեմ: «Այնտեղ մտնել կա, դուրս գալ չկա»,- ասում է Ա. Ամարյանը: Նրա դիտարկմամբ, Հայաստանի բուհերում գերազանցիկ ուսանողների կեսից ավելին աղանդավորականներ են, որոնք ավարտելով բուհը՝ գնում են իշխանության: «Կյանքի խոսքն» այս խելամիտներից է, նա կադրեր է պատրաստում եւ արդեն ներխուժել է ծննդատուն, բանակ: Ամարյանը կարծում է, որ մեր իշխանությունները չեն էլ կարող ընկալել, թե կրոնական կազմակերպություններն ինչպիսի զավթողական գործունեություն են ծավալում, ավելին՝ ոչ ոք չի էլ ուզում հաշվել, թե Հայաստան թափանցող բարեգործական ֆինանսական հոսքերի որ մասն է աղանդներինը: «Եթե մի կառույց օգնում է քեզ եւ քո ընտանիքին, իհարկե, գերադասելի է»,- ընդգծում է փորձագետը: Հոգեւոր անվտանգության համար պայքարի ձեւերից մեկն աղանդավորականներին իրավական դաշտ բերելն է: «Քայքայիչ պաշտամունքից տուժածների վերականգնողական եւ օգնության» կենտրոնի տնօրենի բնորոշմամբ, 1991թ. ընդունված «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքն իր էությամբ «փուչիկե է, չգործող եւ մեռած օրենք, որի պատճառով ՀՀ կառավարության աշխատակազմի Ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի վարչությունը չի կարողանում անվարան գործել, ուսումնասիրություններ կատարել, փոխարենը` քայլեր են կատարվում միայն բողոքների դեպքում: Պետք է նկատել, որ 2002 թվականից մինչ օրս կրոնական կազմակերպությունների գործունեությունից տուժած քաղաքացիների մասին վիճակագրությունը մնում է առկախ: «Ես տանջվում եմ նրա համար, որ մինչեւ հիմա Մարիամ Աստվածածնին շնորհակալություն չեմ հայտնել»
20-րդ դարի 50-ականներին հոգեգալստականներից առաջացած մակերեսային կրոնական ուղղություններից է խարիզմատիկ շարժումը, որը հենվում է լոկ անհատների անձնական փորձառությունների վրա: Խարիզմատիկներից Հայաստանում գործում են «Կյանքի խոսքը», «Նոր սերունդը», «Կենդանի հավատքը»: Աղանդի պաշտամունքի արարողության ժամանակ հոգու ներգործությամբ, իրականում` ներշնչման տեխնիկայի կիրարկմամբ ստեղծվում է «զանգվածային փսիխոզի» իրավիճակ: Նրանցից ՌԴ հայտնի հովիվ Լեդյաեւն իր քարոզներից մեկի ժամանակ նյութական դրությունը բարելավել ցանկացողներին առաջարկում է «ստեղծել սեփական եկեղեցին եւ խուզել սեփական հոտի ոչխարներինե՝ «նրանց կաշին քերթելով թեկուզ տասը տակ»: Մեկ այլ հովիվ՝ Վ. Իվաննիկը քարոզում է՝ «Աստծո փառքն այն է, երբ բացելով սառնարանը, այն գտնում ես բերնեբերան լի մթերքներով»: Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու «Սուրբ Երրորդությունե եկեղեցու Տեր Եսայի քահանան պատմում էր, որ վերջերս իր ձեռքն է ընկել «Կյանքի խոսքի» տարածած թռուցիկ-թերթոնները, որտեղ նրանք խաբեությամբ մարդկանց իրենց «եկեղեցի» են հրավիրում՝ բուժվելու համար, նախանշելով անգամ բուժման կուրսը՝ 7 կիրակի օր: (Կարելի է ենթադրել, որ գործում են օկուլտային խմբերի՝ էքստրասենսների, գուշակների մեթոդներով):
Նա անդրադարձավ նաեւ «Կյանքի խոսքի» կողմից գործադրվող մեկ այլ խաբեության. աղանդավորականները, շատ հաճախ շահարկելով Առաքելական եկեղեցու անունը, նշում են, թե իրենց եկեղեցին «Բանգլադեշի» եկեղեցին է, մինչդեռ այդ տարածքում գործում է Առաքելական ընդամենը մեկ՝ «Սուրբ Երրորդություն» եկեղեցին, որի հարեւանությամբ էլ գտնվում է նրանց ժողովարանը: Շենքի դիմաց խաչ կանգնեցնելով՝ նրանք եկեղեցուց չտարբերվելու եւ նույնացվելու խնդիր են դրել իրենց առջեւ, որը հերթական խայծը կարող է լինել միամիտների եւ պարզահավատների համար: Աղանդավորականները համայնքներում նաեւ լուրեր են տարածում, թե իրենց հայ եւ օտարազգի առաջնորդները պարբերաբար հանդիպումներ են ունենում Գարեգին Բ կաթողիկոսի հետ, որը քաջալերում եւ օրհնում է իրենց գործունեությունը: Մայր Աթոռ ս. Էջմիածնի մամլո դիվանից պաշտոնապես հերքեցին այս ստահոդ լուրերը, նշելով, որ «Վեհափառ Հայրապետը երբեւէ որեւէ աղանդի ներկայացուցչի չի ընդունելե:
«Երբ ես խոսում էի «Կյանքի խոսքի» մի հավատացյալի հետ, քնքշանքով թե հանդիմանությամբ փորձում էի նրան բացատրել, որ առաքելահիմն դավանանքը ճշմարիտն է, գրեթե երկու տարի ոչինչ չօգնեց, նա մնաց իր համոզմունքին, սակայն մի օր նկատեցի, որ հայ աղանդավորականը մասնակցում է իմ քարոզչությանը, որը նվիրված էր Մարիամ Աստվածածին սրբի բացառիկությանը (աղանդավորականները չեն ընդունում սրբերի բարեխոսությունը եւ ապաշխարությունը): Մեկ շաբաթ անց նա մոտենում է ինձ եւ խոստովանում՝ «ես այս ի՜նչ եմ անում, ես շատ մտահոգված եմ եւ ինձ մեղավոր եմ զգում, որ մինչեւ հիմա Մարիամ Աստվածածնին շնորհակալություն չեմ հայտնել»,- պատմում է Տեր Եսային: Նրա կարծիքով, աղանդներին դիմելու գայթակղության քարը աստվածճանաչողության հեշտ ճանապարհն է, «Կյանքի խոսքի» դեպքում՝ «սուրբ հոգով» օժտվելը, որը դրսեւորվում է «լեզվախոսությամբ»: Վտանգն այն է, որ այս տարբերակով սուրբ հոգի ստացողը դասվում է սրբերի շարքը՝ իրեն համարելով փրկված եւ ընտրյալ, մինչդեռ Առաքելական եկեղեցին ավելի բարդ եւ ճշմարիտ ճանապարհ է առաջարկում՝ շեշտը դնելով սիրո եւ երկյուղածության վրա, իսկ աղանդը վախի կապանքների մեջ է պահում իր անդամներին: Վերջերս «Կյանքի խոսքիցե դարձի եկած մի կին խոստովանել է հոգեւորականին, թե իրեն վախեցնում են, ասելով, որ եթե չգա, տասանորդ չտա, Աստված իրեն կպատժի, չի օրհնի, փորձանքի կամ դժբախտության մեջ կպահի:
«Ցանկացած մեկի կորուստը, որը շեղվում է Առաքելական եկեղեցուց, մեզ համար մեծ կորուստ է, մենք չենք կարող մերժել նրան, քանի որ նրանք մեր եկեղեցու անդամներ են, ուզեն թե չուզեն, հավատան թե չհավատան: Նրանք մոլորյալներ են, որ ընկել են սխալ գաղափարների ետեւից, եւ նրանց բոլորին պետք է դարձի բերել: Այսօր բոլոր եկեղեցիներում կան քարոզաժամեր… Հայ Առաքելական եկեղեցուն մեղադրում են այն մարդիկ, ովքեր կապ չունեն եկեղեցու հետ, նրանց հետաքրքրողը միայն տվյալ պահին տրված պաթոսով հարցն է, այլ ոչ թե պատասխանը: Աղանդավորականների դեմ պայքարելու 2 մեթոդ են առաջարկում՝ կամ նրանց վռնդել Հայաստանից, որը քննարկման ենթակա չէ, կամ էլ պայքարել իրենց իսկ մեթոդներով՝ քարոզելով անգամ փողոցներում: Աստծո խոսքը պետք չէ էժանացնել»,- ասում է Տեր Եսային:
«Աղանդը զոմբիացնում է մարդուն»
Մայիսի 14-ին Շերամի 88 հասցեում էի, «Կյանքի խոսք» եկեղեցու հավաքատեղիում, դեռ բակից բարձր երաժշտության ձայներ էին լսվում: «Եկեղեցի» կոչված շենքը սովորական շինություն էր, որը նույն հաջողությամբ կարող էր առեւտրի տուն կոչվել: Բնականաբար, այն ոչ մի կապ չուներ մեր ավանդական եկեղեցու հետ: Ներսում խաթարված էր նաեւ եկեղեցուն հատուկ սուրբ խորհուրդն ու աստվածային լռությունը: Դիսկոտեկային «ժամերգություն» էր՝ ծափերով, «ալելուիաներով», նվագախմբի եւ վոկալիստների ակտիվ մասնակցությամբ: Սկզբում հայտարարությունների ժամն էր, գովազդվում էր իրենց գրականությունը, տեսաժապավենները եւ ծառայությունները: Բարձրախոսով խոսող երիտասարդ աղջիկը համոզում էր՝ «Ձեռք բեր եւ դու անպայման օրհնյալ կլինես»: Հինգ րոպե անց սկսվեց տասանորդի՝ պարսկական դույլերով դրամահավաքի արարողությունը: «Մի ուշացրու տասանորդը, Աստված կտեսնի քո զոհաբերությունը»,- զգուշացնում էր միջոցառման հաղորդավարը: Չորս կողմից դրամի զրնգոցներ էին լսվում՝ մեղմ երաժշտության ներքո: Քիչ անց օրվա քարոզիչը սկսեց աստվածաշնչյան իր անգրագետ եւ մարազմատիկ դասախոսությունն՝ անհասկանալի մեկնություններով: Թեման էր՝ «Մենք իրավիճակներում, մենք ծածուկներում»: Գրիգոր անունով քարոզիչն իր ուրախությունն էր արտահայտում Հայաստանում օրեցօր շատացող «եկեղեցիների» առթիվ: Առանց մեկնաբանելու` նրա քարոզչությունից մեջբերեմ ընդամենը մի քանի հատված: «Երբ որ փոթորիկը սկսվեց, Հիսուսը նավի ռույլի վրա քնած էր, նրանք (առաքյալները) ասացին՝ էդ պետքդ չի՞», կամ «Հիսուսը սխալվել էր իր կադրերի մեջ եւ թանկ է վճարել դրա համար: Ես փորձառու լինելով՝ գուցե Տիրոջը առաջարկեի ավելի նշանավոր կադրեր ընտրեր իր համար: Առաքյալները անհաջող մարդիկ էին, սրանք շուռ տվեցին աշխարհը»:
Հավաքատեղիի անդամները Աստծո եւ իրենց քարոզիչների հետ հաղորդակցվում էին անընդմեջ «ամեն», «ալելուիա» աղաղակելով: Աստծո որդուն երկրպագում եւ փառաբանում էին երգելով՝ աչքերը փակ, արցունքոտված, իսկ ձեռքերի ափերը` բաց եւ ուղղված դեպի վերեւ: Ժողովարանում ամենաանհանդուրժելին եւ ուշադրության արժանին հղի կանանց եւ երեխաների (մինչեւ 6 տարեկան) ներկայությունն էր, որոնք հեղձուցիչ օդից անհանգիստ շարժումներ էին կատարում: 6 տարեկանից բարձրները հարակից սրահում էին՝ «երեխաների» ծառայությունում, որտեղ գռեհիկ թարգմանությամբ մուլտֆիլմ էին դիտում՝ «Ֆլորիկի եւ Ժորիկի» կարգի:
Հոգեբան Սվետլանա Հարությունյանի կարծիքով, աղանդների ղեկավարները տիրապետում են հոգեբանական ազդեցության մեխանիզմների, իսկ քանի որ այդ տարիքի երեխաների մոտ բացակայում են տրամաբանությունն ու բարոյական նորմերը, գերիշխում հուզականությունն ու ենթագիտակցությունը, ապա հետագայում նրանցից ստանում են կառավարելի «ռոբոտներ», որոնք տվյալ միջավայրի նկատմամբ տածում են հուզական կապվածություն: Ս. Հարությունյանը նշում է, որ աղանդները մարդուն դարձնում են մանիպուլյացիայի օբյեկտ, սովորաբար դրանք ի հայտ են գալիս ճգնաժամային հասարակությունում՝ լրացնելու մարդկային բնածին կրոնական զգացմունքային վակուումը: Ցանկացած աղանդ գործում է եռանկյունու սկզբունքով՝ «այնտեղից դուրս գալը գրեթե անհնար է, մարդիկ գնում են այնտեղ, որտեղ իրենց նմանակներն են, եւ խմբակային միջավայրում իրենց զգում են պաշտպանված եւ ապահով»: Հոգեբանը նշում է նաեւ, որ աղանդի բովով անցածները հետագայում պարտադիր ունենում են հոգեկան խանգարումներ՝ նեւրոզներ, փսիխոզներ, քանի որ կորցնում են իրենց ինքնությունը, տրամաբանելու կարողությունը եւ օժտված են լինում դոգմատիկ մտածողությամբ: «Ստրես» կենտրոնում ներկայումս բուժվում են աղանդի բազմաթիվ զոհեր: «Աղանդը գողանում է մարդու ես», զոմբիացնում մարդուն, դա արտաքին աշխարհի եւ սեփական եսի աղճատման բարձրագույն դրսեւորումն է:
Նաիրա Մարտիրոսյան