«Նորառաքելոց եկեղեցի» աղանդի մասին

Ծագման պատմությունը
Նոր Առաքելոց Եկեղեցին (ՆԱԵ) ձևավորվել է Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու ներսում ծավալված յուրօրինակ շարժումից, որը կոչվում էր «կաթոլիկ առաքելական» և առաջ եկավ XIX դարի 30-ական թվականներին նախ Անգլիայում, ապա նաև՝ Շոտլանդիայում և Գերմանիայում: Այդ շրջանը համարվում է առաքելական ծառայության վերականգնման ժամանակաշրջան: Այդ շարժման հիմնադիրներն իբրև թե Աստծուց ստացան «հայտնություն»` թե ամենամոտ ապագայում` դեռևս իրենց կյանքի ընթացքում, «աշխարհի վերջը» կգա: Փրկության և «Քրիստոսի հետ թագավորելու» համար այդ նոր շարժման հիմնադիրները սովորեցնում էին, որ պետք է հրաժարվել իրենց ժամանակակից բոլոր եկեղեցական դրույթներից, որոնք «խեղաթյուրում են քրիստոնյաների մաքուր առաքելական հավատը և կենսակերպը, որոնք արդեն չեն համապատասխանում հին առաքելական եկեղեցու իդեալներին»: Ըստ «հայտնության» նրանք ընտրեցին 12 առաքյալների` իբրև համայնքի ղեկավարների և նրանց թվից` գլխավորին: Հոգևորականության բոլոր աստիճանները և եկեղեցական պաշտոնները վերացվեցին: Դրա փոխարեն կյանքի կոչվեց քրիստոնյաներին ծառայությունների մատուցումը, որոնց մասին հիշատակվում է Նոր Կտակարանում: Նրանց թվում առաքյալներից բացի կան նաև մարգարեներ, ուսուցիչներ և այլոք:
Շարժմանը միացան մի քանի կաթոլիկ, անգլիկան և բողոքական հոգևորականներ, ընդ որում` ոչ միայն Անգլիայից, այլև Գերմանիայից, Շվեյցարիայից, Ավստրիայից:
Երբ «ըստ հայտնության» ընտրված առաջին առաքյալները մահացան և Քրիստոսի սպասվելիք գալուստը չիրականացավ, համայնքը որոշեց ենթարկվել «Աստծու դատաստանին» և ինքնալուծարվել:
Սակայն շարժման մասնակիցների մի մասը, և ամենից առաջ դեռևս 1863թ. անգլիկաններից անջատված և Համբուրգում իրենց համայնքը հիմնած գերմանացի առաքյալները, չցանկացան հաշտվել իրենց գործունեության դադարեցման հետ: Երկար վեճերից և կազմակերպչական վերափոխումներից հետո 1867թ. ՆԱԵ-ն վերջնականապես ձևավորվեց: Միմյանց փոխարինող «նախաառաքյալների» ջանքերով հստակ կազմակերպված աշխատանքի շնորհիվ այն ոչ միայն գոյատևեց մինչև մեր օրերը, այլև ամրապնդվեց և տարածվեց այնքան, որ այսօր հետևորդներ ունի 180 երկրներում, իսկ Գերմանիայում իր հետևորդների թվով երրրոդ տեղն է գրավում Լյութերական և Հռոմեակաթոլիկ եկեղեցիներից հետո:
XIX-րդ դարի 30-ականներին (1838թ.) «առաքելական վկայությունները» Անգլիայից հասան նաև Ռուսաստան: Այստեղ հասած առաջին առաքյալը եղել է Ուիլյամ Դաուն՝ Շոտլանդիայից: 1851թ. առաքելական ավետարանիչ Ուիլյամ Մարիոտ Ուայթը Նիկոլայ I-ին (1825-1855թթ.) է տալիս «Վկայությունը»: Ռուսական թագավորի պատասխանը լինում կարճ ու պարզ. «եթե մեկ շաբաթվա ընթացքում նա չլքի երկիրը, նրան սպասում է սիբիրյան աքսորը»: Հետագայում՝ 1871թ. առաքյալ Ֆ. Վուդհաուզի օրոք, Սանկտ-Պետերբուրգում հիմնվեց առաջին կաթոլիկ-առաքելական համայնքը:
Դավանանքը
Դավանանքի շարադրանքը կոչում են «տեստիմոնիում» («Վկայություն»), որը անգլիացի առաքյալների կողմից գրվել է բոլոր եվրոպական իշխանավորների և ռեգենտների, ինչպես նաև եկեղեցիների ղեկավարների համար՝ նպատակ ունենալով տեղեկացնել առաքելական ծառայության վերականգնման մասին:
1. Դավանանքի գլխավոր դրույթներն ընդգրկված են «հավատի նորառաքելական Խորհրդանիշի» 10 կետերում: Առաջին երեքը հավաստում են հավատն առ Սուրբ Երրորդությունը, Հիսուս Քրիստոս` Աստծու Որդին, Սուրբ Հոգին, միասնական Առաքելական Եկեղեցին, մեռյալների հարությունը և հավիտենական կյանքը: Որոշ վերապահումներով այդ կետերը կարծես թե լիովին ավանդական են: Սակայն 4-րդ կետից սկսած մտցվում են նոր դրույթներ, որոնք ոչ մի կերպ չեն կարող կապ ունենալ ավանդական քրիստոնեական եկեղեցիների հետ: Այսպես, օրինակ, հայտարարվում է, թե «Տեր Հիսուս կառավարում է Իր Եկեղեցին ապրող առաքյալների միջոցով, որոնց նա է ուղարկել և դեռ ուղարկում է»: Այսինքն, ամբողջ հոգևոր իշխանությունը վերագրվում է ՆԱԵ-ու ղեկավարներին` 12 առաքյալներից կազմված խորհրդին և գլխավոր առաքյալին: Այնուհետև, 5-րդ կետում հայտարարվում է, թե «Քրիստոսի Եկեղեցում բոլոր ծառայողներն ընտրվում են միայն առաքյալների կողմից»:
9-րդ կետում, որն ամենակարևորն է, խոսվում է աշխարհի վերջի և ՆԱԵ-ու հետևորդների վեհ կոչման մասին: Նրանք, պատրաստված լինելով Քրիստոսի հետ հանդիպմանը և կոչվելով հարսնացուների հոգիներ, համբարձվելու են Տիրոջ մոտ: Դա կլինի առաջին Հարությունը: Երկնքում տեղի կունենա Քրիստոսի հետ այդ հոգիների հարսանիքը, որից հետո Քրիստոս վերափոխված այդ հոգիների հետ միասին կվերադառնա երկիր և կհիմնի Խաղաղության Իր Թագավորությունը: Նորառաքելականները կկառավարեն Քրիստոսի հետ միասին իբրև թագավորներ և հոգևորականններ: Հազարամյա թագավորությունից հետո Քրիստոս կիրականացնի Ահեղ Դատաստանը, որի առաջ կկանգնեն բոլորն, ովքեր չեն մասնակցել առաջին հարությանը, այսինքն` ովքեր նորառաքելականներ չեն: Ամեն մեկը կստանա ըստ իր արժանիքների: Հին աշխարհի տեղում Աստված կստեղծի նորը, քանի որ երկինքն ու երկիրը կանհետանան: Նոր երկրի վրա հավերժ կթագավորի Նոր Երուսաղեմը:
Աշխարհի վերջի (վախճանաբանության) այդ տեսիլքում ոչ մի նոր բան չկա: Դարերի ընթացքում որոշ քրիստոնյաներ ճիշտ այդպես էին ընթերցում Հայտնության Գիրքը, իսկ երկրի վրա Քրիստոսի 1000-ամյա թագավորության (հիլիազմ) գաղափարը
մշտապես ծագում էր մարդկանց մտքերում և մշտապես դատապարտվում Հնավանդ Եկեղեցու կողմից: Առաջին անգամ երկրի վրա Քրիստոսի 1000-ամյա թագավորության գաղափարը դատապարտվեց 225 թվականին: Այնուհետև այն բազմիցս վերածնվեց միջնադարյան միստիկների տեսություններում: Հենց այդ գաղափարն էլ շարունակում է հրապուրիչ լինել ժամանակակից աղանդների համար: Այսպես, օրինակ, տխրահռչակ Սպիտակ եղբայրությունը նույնպես երկրի վրա Քրիստոսի 1000-ամյա թագավորության գաղափարն է քարոզում: Աղանդավորական մտածողության համար գրավիչ է իր ընտրված լինելը հայտարարելը, չէ որ հենց իրենց համայնքի անդամների հետ է Քրիստոս թագավորելու երկրի վրա: Նորառաքելականները հաճախ իրենց անվանում են «վերջին, եզրափակիչ եկեղեցի»:
2. Ուսմունքի երկրորդ աղբյուրը Աաստվածաշունչն է: Միաժամանակ ընդգծվում է, որ Աստվածաշունչը չի կարող փոխարինել Քրիստոսի առաքյալներին` որպես Նրա ուսմունքի քարոզիչների և խորհուրդների նվիրատուների: Միայն Սուրբ Հոգուն հետևող առաքյալները կարող են մեկնաբանել Սուրբ Գիրքը, իսկ հավատացյալների կողմից Աստվածաշնչի ազատ ընթերցանությունը չի խրախուսվում:
3. Հասարակ հավատացյալների համար դավանաբանական գիրք է պարբերաբար վերահրատարակվող ուսումնական ձեռնարկը, որը կոչվում է «Նորառաքելական հավատք. հարցեր և պատասխաններ» և որի մեջ կա այն ամենն, ինչ պետք է հավատացյալին իմանալ:
4. Հոգևորականների համար կա «Թագավորության պատմություն» գիրքը, որը պարունակում է բոլոր ավանդական քրիստոնեական եկեղեցիների նորառաքելական գնահատականը, ըստ որի նրանցից ոչ մեկը չի կատարել իր դերը, կոչումը` մարդկանց առաջնորդել փրկության: Բացահայտվում է խորհուրդների էությունը, որոնք ՆԱԵ-ում 3-ն են` Մկրտություն, Սուրբ Հոգով դրոշմ և Հաղորդություն: ՆԱԵ-ում ամենօրյա գործածության այլ գրքեր էլ կան: Չկան հոգևոր ուսումնակրթական հաստատություններ, քանի որ առաքյալների դարը պարզության, այլ ոչ թե աստվածաբանական իմաստակումների դար էր:
Կազմակերպական կառուցվածքը
ՆԱԵ-ի գերագույն մարմինը առաքյալների ժողովն է: 1971թ. ի վեր պաշտոնական անունն է` «Նոր առաքելոց Եկեղեցի — առաքյալների միջազգային միություն»: Սակայն իրականում մեկ կոնկրետ առաքյալի ենթարկվող յուրաքանչյուր համայնք բավական ինքնուրույն է: Եկեղեցու միասնականությունն ապահովվում է հենց առաքյալների միասնականությամբ, որոնք, ինչպես իրենք են հավաստում, աղոթքի միջոցով հասնում են միստիկական միասնության: Այժմ կա ոչ թե 12, այլ արդեն 200 առաքյալ, որոնց գլուխ կանգնած է Գլխավոր Առաքյալը:
Առավել մեծ միավորումներն առաքելական շրջաններն են: 1991 թվականից դրանց թիվը 18 է: Շրջանի ղեկավարը «շրջանային առաքյալն է»:
Շրջանային բոլոր առաքյալներին միավորում է կոլեգիումը` ինքնատիպ սինոդը:
Կոլեգիումի նախագահը նախաառաքյալն է: Ներկայումս նախաառաքյալն է շվեյցարացի Ռիխարդ Ֆերը: ՆԱԵ-ու վարչական և հոգևոր կենտրոնը Ցյուրիխում է: Նրանք, համաձայն ուսմունքի, Քրիստոսի առաքյալների ժառանգներն են (որտեղից էլ «եկեղեցու» անվանումը) և օժտված են Ս. Հոգու հատուկ շնորհներով: Գլխավոր առաքյալի թեկնածությունն առաջադրվում է առաքյալների շրջանակից:
Նախաառաքյալը գործնականում բացարձակ իշխանություն ունի: ՆԱԵ-ու անդամները նրան համարում են Տիրոջ ներկայացուցիչը երկրի վրա: Նա պետք է «նպաստի Սուրբ Հոգու նոր հայտնություններին»: Այնպես որ նախաառաքյալի ծառայությունը պարուրված է միստիկական բովանդակությամբ: Հենց նրա «հայտնություններն» են կանխորոշում փոփոխությունները ՆԱԵ-ու դավանանքում և կյանքում: Դա անպայմանորեն վկայում է նորառաքելականների աղանդավորական ուղղվածության մասին:
Այնուհետև կան ենթաշրջաններ, որոնք ղեկավարվում են շրջանային ավագերեցի, երբեմն` եպիսկոպոսի կողմից: Ենթաշրջանները կազմված են համայնքներից: Դրանք ղեկավարում են համայնքների ավագերեցները:
Գլխավոր և շրջանային առաքյալներից, եպիսկոպոսներից և հին շրջաններից բացի կան նաև շրջանային ավետարանիչների, հովիվների, համայնքների ավետարանիչների, հոգևորականների, սարկավագների, նախասարկավագների ծառայություններ: Չկա այնպիսի ղեկավար մարմին, որի մեջ ընդգրկված լինեն աշխարհականներ:
Գլխավոր Առաքյալն ունի օգնականներ՝ Տարածաշրջանային Առաքյալներ, Առաքյալներ, Եպիսկոպոսներ, շրջանային ավագներ, շրջանային ավետարանիչներ, հովիվներ, քարոզիչներ, սարկավագնր և կրտսեր սարկավագներ: Տարբեր երկրների ծխերը կամ համայնքները միավորվում են իրենց տարածաշրջանում, որի գործունեությունը ղեկավարում է Տարածաշրջանային Առաքյալը՝ Գլխավուր Առաքյալի կողմից հաստատվելուց հետո: Առանձին վարչական միավորները նրա հանձնարարությամբ գլխավորում են առաքյալները, եպիսկոպոսները կամ տարածաշրջանային խրատատուները (վՈրՑՏՑպսՌ): Յուրաքանչյուր համայնքի գործերը ղեկավարում է քահանայի սան ունեցող խրատատուն: Նրան օգնում են հովիվները, ավետարանականները, քահանաները, սարկավագները: «Եկեղեցին» չունի աստվածաբանական ուսումնական հաստատություններ:
Հոգևոր ծառայողներ կարող են դառնալ տարբեր խավերի և տարբեր մասնագիտությունների տեր տղամարդիկ, որոնք շատ փոքր բացառությամբ իրենց հոգևոր պարտականությունները պետք է կատարեն իրենց աշխարհիկ մասնագիտական գործունեությանը զուգահեռ և անվարձահատույց:
Յուրաքանչյուր համայնք կազմվում է մեծ ընտանիքի օրինակով (մինչև 150-170 մարդ): Հովիվները յուրաքանչյուր ընտանիք են այցելում ոչ ուշ, քան ամսական երկու անգամ: Հատուկ ուշադրություն են դարձնում երեխաների և անչափահասների խնամատարությանը, ընչազուրկների ու հաշմանդամների օգնությանը: Ընդունված չեն դրամական ինչ-ինչ պարտադիր զոհաբերություններ:
«Եկեղեցին» հասարակության հետ հարաբերություններում առաջնորդվում է հետևյալ սկզբունքներով. չմիջամտել քաղաքական կյանքին, հրաժարում պետության կողմից տրամադրվող որևէ աջակցությունից, հարգալից վերաբերմունք այլ դավանանքների նկատմամբ:
Կենտրոնակայանը
Կենտրոնակայանը գտնվում է Ցյուրիխում, CH-8044- Շվեյցարիա: Նրա ղեկավարն է գլխավոր առաքյալ Ռիխարդ Ֆերը:
«Եկեղեցին» խոշոր հրատարակչություն ունի Մայնի Ֆրանկֆուրտում (Գերմանիա): Հիմնական պարբերականը «Մեր ընտանիքը» ամսագիրն է, որը լույս է տեսնում 60 լեզուներով:
ՀՀ համայնքը՝ ԱՊՀ մյուս համայնքների հետ միասին, գտնվում է Հյուսիսային Հռենոս—Վեստֆալիայի (Գերմանիա) Տարածաշրջանային Առաքյալի իրավասության ներքո: Համայնքը ղեկավարում է հոգևոր ծառայողներից բարձր կոչում ունեցողը: Նա համայնքի ղեկավարումն իրականացնում է շրջանային Առաքյալի հետ համաձայնեցնելով:
Ռուսաստանի Նորառաքելոց եկեղեցին ղեկավարում է նախագահ Ժան Պյեռ Դեսսիմոն, փոխնախագահ Ալեքսանդր Պետրովիչ Կոնդրաշովը:
Ժամերգությունը
1. Ժամերգությունները կատարվում են ամեն կիրակի ըստ պարզ բարեփոխական ծեսի և զուգորդվում երգչախմբի երգեցողությամբ: Սխեման հետևյալն է. ներածական աղոթք, գլխավոր առաքյալի քարոզ ավետարանական տեքստի շուրջ, երգչախումբ, երկրորդ քարոզ, պատարագ և աղոթք` «Հայր մեր», «մեղքերի արձակում», հաղորդություն, աղոթք, օրհնություն, երգչախումբ:
2. Շաբաթվա ընթացքում լինում են հավաքներ տներում: Այդ հավաքների էությունն անհայտ է:
3. Տարեկան 3 անգամ կատարվում է ժամերգություն «չփրկված հանգուցյալների» համար, աղոթք է հնչում հանուն նրանց փրկության, ապա հանգուցյալներին խորհրդանշականորեն հաղորդություն են տալիս. աստիճան ունեցող 2 հոգի մոտենում են առաքյալին, վերջինս նրանց մկրտում է, դրոշմում Սուրբ Հոգով և հաղորդություն տալիս: Այդ ծեսը հիշեցնում է մորմոնական աղանդում հանգուցյալների մկրտությունը:
Հանգուցյալների նկատմամբ այդ ծեսերը բազմաթիվ նոր մարդկանց են գրավում, որոնք հույս են տածում, թե իրենց հարազատները և մերձավորները, որոնք անհավատ են մահացել, հնարավորություն կստանան փրկվել: Այստեղ դեր են խաղում նաև «մարգարեական երազները»: Հաճախ նորառաքելականները հատուկ հանդիպում են ոչ վաղուց մահացած մարդկանց հարազատների հետ և ասում. «Ձեր մահացած հարազատը հայտնվել է մոզ մոտ, մեր երազում»: Դրանից հետո կապեր են հաստատվում, որոնք էլ հանգուցյալի հարազատներին բերում են ՆԱԵ: Կան բազում վկայություններ, որ նորառաքելականներն իրենց առաքելությունն իրականացնում են գերեզմանատներում` զրուցելով այնտեղ թաղված հանգուցյալների հարազատների հետ:
Խորհուրդները
1. Մկրտությունը կատարվում է ջրով` հանուն Սուրբ Երրորդության: Որպես կանոն` մկրտում են երեխաներին: Նրանց դաստիարակությունը նորառաքելական ոգով հանձնարարվում է ծնողներին:
2. Սուրբ Հոգով դրոշմը ՆԱԵ-ու լիակատար անդամ դառնալու համար անհրաժեշտ խորհուրդ է: Մկրտությունը միայն Սուրբ Հոգու ընդունման համար անհրաժեշտ խորհուրդ է, որն ավանդվում է դրոշմով, ինչը կարող է անել միայն առաքյալը:
3. Պատարագը կատարվում է ի հիշատակ Խաչյալ Զոհի` Քրիստոսի: Հաղորդությունը հավատացյալներին տրվում է միայն զղջումից հետո, որը խորհուրդ չէ: Հաղորդությունը տրվում է նշխարի և նրա մեջ դրոշմված 3 կաթիլ արյան` գինու տեսքով: Նշխարն ուղարկվում է նաև այն հավատացյալներին, ովքեր չեն կարող գնալ եկեղեցի, օրինակ` զինվորներին, հիվանդներին, ուղարկվում է նաև հեռավոր շրջաններ:
Սոցիալական գործունեությունը
Նոր Առաքելոց եկեղեցին ունի միայն ծերանոցներ, երբեմն էլ` երիտասարդական ակումբներ: Նորառաքելականները ոչ մի բարեգործական աշխատանք չեն կատարում:
Ֆինանսները և ունեցվածքը
Նոր Առաքելոց Եկեղեցու յուրաքանչյուր անդամ պետք է իր եկամտից տասանորդ վճարի եկեղեցու կարիքների համար: Եկեղեցու անդամների թվում են բազմաթիվ հարուստ մարդիկ, որոնք տասանորդից բացի նաև մեծ գումարներ են նվիրաբերում եկեղեցական շինարարության համար: Շատ երկրներում նորառաքելականներին են պատկանում հողակտորներ և եկեղեցական շենքեր, որոնք միշտ կարելի է ճանաչել ծագող արևի վրա խաչի իրենց խորհրդանշանով:
Կրթությունը
ՆԱԵ-ն հատուկ աստվածաբանական կրթական հաստատություններ չունի, քանի որ սկզբունքորեն հերքում է աստվածաբանական կրթությունը:
Մամուլը
Ամսագիր` «Մեր ընտանիքը», որը 1991 թվականից լույս է տեսնում նաև ռուսերեն: Շաբաթաթերթ` «Պահակախմբի ձայն»: Երեխաների և երիտասարդության համար լույս են տեսնում «Բարի հովիվ» և «Երիտասարդության բարեկամ» ամսագրերը:
Պարբերաբար վերահրատարակվում է «Նորառաքելական հավատ. հարցեր և պատասխաններ» կատեխիզիսը և «Թագավորության պատմությունը»` աշխարհի շատ լեզուներով: Ունեն մի քանի ռուսալեզու հրատարակություններ:
Ժամանակակից տարածման մասշտաբը
Գերմանալեզու երկրներում ՆԱԵ-ն ամենաուժեղ և ամենամեծ եկեղեցիներից մեկն է: Իր հետևորդների թվով երրորդ եկեղեցին է Գերմանիայում` լյութերական և կաթոլիկ եկեղեցիներից հետո:
Ներկայումս աշխարհում կա շուրջ 7.000.000 նորառաքելական, նրանցից 3.400.000-ը` Աֆրիկայում և 1.000.000-ը` Ասիայում: Բազմաթիվ նորառաքելականներ կան Հնդկաստանում և Զաիրում: Եվրոպայում կա ավելի քան 500.000 նորառաքելական:
ՆԱԵ-ն Ռուսաստանում
ՆԱԵ-ն լայն առաքելություն է իրականացնում Ռուսաստանում: Այդ գործունեության սկիզբը դրվեց 1989 թվականի սեպտեմբերին Բեռլին-Բրանդենբուրգի շրջանային առաքյալ Շրեդերի հանձնարարությամբ պրեսբիտեր Ուլրիխ Կրաուզեի` ԽՍՀՄ կատարած այցելությամբ: Կրաուզեն այցելեց Կամիշին, Տոլյատի, Ալեքսեևկ և Կրասնոարմեյսկ: Շրջանի ընտրությունը բացատրվեց նրանով, որ այնտեղ կային էթնիկ գերմանացիների փոքր բնակավայրեր, որոնք շրջանային առաքյալի կարծիքով պետք է ուրախությամբ ընդունեին նոր ուսմունքը:
Այդ ուղևորության արդյունքում մկրտվեցին 23 հոգի: Ներկայումս Ռուսաստանում կա նորառաքելական 67 համայնք և դա ընդամենը 7 տարվա միսիսոներական աշխատանքի արդյունքն է: Արդեն 1991 թվականից «Մեր ընտանիքը» ամսագիրը սկսեց լույս տեսնել նաև ռուսերեն: 1992թ. սեպտեմբերին նախաառաքյալ Ռիխարդ Ֆերն այցելեց Մոսկվա: Այդ ժամանակ Մոսկվայում արդեն կար 1000 նորառաքելական, իսկ ամբողջ Ռուսաստանում` 20.000: Մոսկվան բաժանվել էր 2 շրջանի` Մոսկվա գետից հյուսիս, որը ղեկավարվում էր Ավստրալիայի և Շվեյցարիայի կողմից, և Մոսկվա գետից հարավ, որը ղեկավարվում էր Գերմանիայի կողմից, նորառաքելականներին ղեկավարում էին շրջանային 2 առաքյալներ: 1991 թվականին Մոսկվայում բացվեց ՆԱԵ-ու վարչական կենտրոնը: Նախաառաքյալի առաջին այցելությունը Ռուսաստան նշվեց կոնսերվատորիայի Մեծ դահլիճում կայացած համերգով, որին մասնակցեցին հանրահայտ ռուս կատարողներ, նրանց թվում` երգոհոնահար Հարրի Գրոդբերգը:
Ննջեցյալների համար կատարված հանդիսավոր արարողության ընթացքում Սուրբ Հաղորդության արժանացան Կրեմլի պատի մոտ թաղված բոլոր հանգուցյալները, ինչպես նաև Ալեքսանդր III ցարը, որը ժամանակին Ռուսաստանից աքսորել էր իր ուսմունքը քարոզող անգլիացի նախաառաքյալին:
Արխանգելսկի ՆԱԵ-ն համայնքն առաջացավ 1990 թվականին գերմանացի մի առևտրականի և միևնույն ժամանակ հովվի ջանքերով: Ամբողջ Ռուսաստանն արդեն բաժանված էր շրջանների: Այսպես, երկրի հյուսիս-արևելքը` Բալթիկայից Ուրալ, Սաքսոնիա-Թյուրինգի առաքելական շրջանի ենթակայության ներքո էր:
Միսիոներների հատուկ ուշադրության գոտի դարձավ Կալինինգրադը: Նորառաքելականների համար այդ քաղաքը դեռևս Քյոնիսբերգն է, որտեղ մինչև պատերազմն ամբողջ առաքելական շրջան կար, որի մեջ մտնում էր 146 համայնք, որոնք կազմավորվել էին 9 շրջանների: Կալինինգրադում ՆԱԵ վերածնունդն ապահովեց Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա շրջանը: Նախևառաջ կապեր հաստատվեցին գերմանական ծագման մարդկանց հետ, որոնց սկսեցին հրավիրել Գերմանիա: Առաջին հավաքները տեղի ունեցան մշակույթի տանը: Համայնքներ հիմնվեցին Կալինինգրադի շրջանի շատ քաղաքներում: Առաքյալներն իրենց «Մեր ընտանիքը» ամսագրում այդ շրջանն անվանում են Արևելյան Պրուսիայի ռուսական մասը: 1995 թվականի նոյեմբերին նախաառաքյալն այցելեց Կալինինիգրադ: Այդ ժամանակ այնտեղ արդեն հիմնվել էին 5 համայնքներ և միսիոներական 7 կետեր, կար 15.000 հավատացյալ: «Մեր ընտանիքը» ամսագրում մանրամասն պատմվում է Քյոնիսբերգի պատմությունը, խոսվում է զրկանքների, այնտեղից գերմանացիների աքսորների մասին, կրկին ու կրկին հիշեցվում, որ Քյոնիսբերգը ՆԱԵ-ու կենտրոններից մեկն էր: Գուրևսկի եկեղեցին վերականգնվեց:
Համայնքներ հիմնվեցին Խաբարովսկում, Վլադիվոստոկում, Հարավային Սախալինսկում, Կամչատկայում, Յակուտսկում, Տյումենում, Եկատերինբուրգում, Կիրովում, Պերմում, Կրասնոկամսկում: Ակտիվորեն եկեղեցիներ են կառուցվում Ղազախստանում, որտեղ իշանությունների հետ բանակցությունները հողերի ձեռքբերման շուրջ հաջողությամբ պսակվեցին:
Մուրմանսկում նոր եկեղեցական շենք կառուցվեց` համապատասխան նորառաքելական բոլոր կանոնների, որն իրենց պարծանքի առարկան է` որպես նորառաքելականների ամենահյուսիսային եկեղեցին աշխարհում:
1997-1998 թվակններին ՆԱԵ խաբեությամբ (առևտրական շենքի անվան տակ) Կալուգայի կենտրոնում կառուցում է եկեղեցի, որը պետք է միջշրջանային միսիոներական կենտրոն լինի Կալուգյան և մի քանի այլ հարևան շրջանների համար: Այդ շինարարության մեջ ներդրվում էին հսկայական փողեր, շինարարությունն ընթանում էր հարվածային տեմպերով: Երբ շինարարությունը մոտեցավ ավարտին, խաբված քաղաքացիներն ինչ-որ վատ բան կասկածեցին, քանի որ շենքի ուրվագծերը շատ նման էին պաշտամունքային շինության: Սակայն շինարարությունը իրականացվում էր կեղծ ընկերության կողմից և սուտը շարունակեց տարածվել շրջանային ԶԼՄ-ների միջոցով: Երբ ճշմարտությունը վերջապես պարզվեց, հասարակությունը ընդվզեց, ստորագրություններ հավաքվեցին ընդդեմ այդ շինարարության: Համարյա բոլոր շրջանային թերթերն անցան աղանդի կողմը` պատմելով խեղճ հավատացյալների մասին, որոնց հետապնդում են անհանդուժողական մոլեռանդ ուղղափառները: Սակայն հասարակական արձագանքն այնքան ուժեղ էր, որ քաղաքային վարչությունը ստիպված էր խզել շինարարության մասին պայմանագիրը` խոստանալով գնել այդ շենքը և նորառաքելականների համար փնտրել իրենց եկեղեցու համար տարածք «քաղաքի պատմական կենտրոնից դուրս»: Խոստացան, որ կառուցված շենքը կօգտագործվի մշակութային միջոցառումների համար: Ներկայումս այդ շենքի շինարարությունը շարունակվում է շատ դանդաղ ընթացքով, ինչը որոշակի հույս է ներշնչում, սակայն քաղաքում համառորեն լուրեր են պտտվում` թե դա հերթական խաբեություն է, շենքը մնում է աղանդինը:
ՆԱԵ-ու գործունեության գնահատականը
Թեև ՆԱԵ-ն ընդունում է Սբ. Երրորդությունը և Հիսուս Քրիստոսին` որպես Աստծու Որդու, այնուամենայնիվ, այն չի կարելի դիտարկել որպես ավանդական քրիստոնեական եկեղեցի: Արևմտյան կրոնագետների շրջանում միասնական կարծիք չկա այն բանի շուրջ, թե ՆԱԵ-ն համարել քրիստոնեական եկեղեցի, թե՞ աղանդ: Սակայն մեծամասնությունն այն դիտարկում է որպես աղանդ` ելնելով հետևյալից.
1. ՆԱԵ-ն, ինչպես և մյուս աղանդները, ներառյալ Աստվածածնի կենտրոնը կամ Մունայի աղանդը, հիմնված է իբրև թե ըստ Աստծուց ստացած «նոր հայտնության»:
2. Հավատացյալների լիակատար հնազանդությունը նախաառաքյալի և առաքյալների կամքին: Նրանց գործողությունների օրինաչափության շուրջ կասկածը կարող է հանգեցնել նրանց աքսորմանը ՆԱԵ-ուց: Նորառաքելական տեքստերում անգամ ասվում է, որ «հանձինս գլխավոր առաքյալի Սուրբ Երրորդությունն է պատկերված»:
3. Աստվածաշնչի հանդեպ վերաբերմունքը հայտնության աղբյուրի հանդեպ վերաբերմունք չէ: Նախաառաքյալի գլխավոր հայտնությունների նկատմամբ այն երկրորդական է:
4. «Տարօրինակ» ծեսերի, օրինակ` հանգուցյալների հաղորդության, առկայությունը:
5. Լարված սպասումն աշխարհի վերջին և Քրիստոսի արքայությունում թե՛ որպես ցարեր և թե՛ որպես հոգևորականներ իրենց բացառիկության մասին համոզվածությունը:
6. Իրենց կարծիքով սխալ, թյուր համարվող ավանդական քրիստոնեական եկեղեցիների հետ որևէ կապից կամ շփումից հրաժարումը:
7. Հասարակության սոցիալական կյանքում և այլ ոլորտներում մասնակցություն չունենալը: Լիակատար ինքնամփոփվածությունը:
Գնահատելով ՆԱԵ-ու միսիոներական գործունեությունը Ռուսաստանում, անպայման պետք է հաշվի առնել, որ
1. Նորառաքելականները ձգտում են հնարավորություն ստանալ հանդես գալու բուհերում և դպրոցներում` օգտվելով այն հանգամանքից, որ ներկայացնում են իրենց հավատն իբրև ավանդական:
2. Արևմուտքում ՆԱԵ-ու հետևորդների թվում կան բազում ձեռներեց գործարարներ: Նրանք գործնական շփումների միջոցով միսիոներական աշխատանք են իրականացնում և ռուսական ռեսուրսներն ընդգրկում հօգուտ ծառայության իրենց եկեղեցուն:
3. Նորառաքելականները ձգտում են գնել հնարավորին չափ շատ հողատարածքներ որպես սեփականություն` եկեղեցական շենքերի և այլ շինությունների կառուցման համար: Ընդ որում պետք է հաշվի առնել, որ որքան ռուսները ներգրավված լինեն ՆԱԵ-ու գործունեության մեջ, կենտրոնը մնում է Շվեյցարիայում և հենց այնտեղից էլ կլինեն ղեկավարման շուրջ բոլոր ցուցումները:
Աղբյուր` www.zvartnotz.am