Նոր կառուցվող եկեղեցու հիմնօրհնեքի ժամանակ հիմքի մեջ տեղադրվում են տասնվեց քարեր` ըստ Քրիստոսի առաքյալների և չորս ավետարանիչների թվի: Տասներկու առաքյալներից երկուսը` Մատթեոսն ու Հովհաննեսը, ավետարանիչներ են, և քանի որ նրանք հիշվում են որպես ավետարանիչներ, մյուս առաքյալների տասներկու թիվը լրացվում է Պողոս առաքյալի և Գրիգոր Լուսավորչի անունների հիշատակումով: Հիմնօրհնեքի արարողության ընթացքում քարերը լվանում են նախ ջրով, հետո` գինով, այնուհետ օծում մեռոնով, որից հետո քարերը տեղադրվում են հիմքի մեջ հատուկ նախատեսված վայրերում: Քարերի ջրով լվացումը հիշեցնում է ոտնլվան և ակնարկում մկրտությունը, գինով լվացումը` վերնատանը Վերջին Ընթրիքը և հաղորդությունը, իսկ մյուռոնով օծումը` այն, որ Աստծո Հոգով օծվեցին առաքյալները և զորություն առան Սուրբ Հոգով մկրտելու:
Եկեղեցին կառուցվում է տարբեր չափսերի քարերից` դառնալով մեկ ամուր կառույց: Սա խորհրդանշում է տարբերի տարիքի մարդկանց, ինչպես և տղամարդկանց ու կանանց միությունը` ըստ առաքյալի խոսքի. «Խտրություն չկա ո՛չ հրեայի և ո՛չ հեթանոսի, ո՛չ ծառայի և ո՛չ ա-զատի, ո՛չ արուի և ո՛չ էգի. որովհետև դուք ամենքդ մեկ եք ի Քրիստոս Հիսուս» (Գաղ. 3.28): Գեղեցիկ խորհրդանիշ է նաև եկեղեցու ներքին կառուցվածքը: Եկեղեցու սյուները խորհրդանշում են առաքինությունները, սյուները միացնող կամարները` սերը, որով գործվում են առաքինի գործերը, խաչով զարդարված երկնասլաց գմբեթը` հավատքով և խաչի զորությամբ դեպի երկինք բարձրանալը: Եկեղեցին համեմատվում է երեք մասից բաղկացած նոյյան տապանի հետ: Եկեղեցին ևս եռամաս է` նախամուտք գավիթ, եկեղեցու բուն մասը և խորանը, որտեղ մատուցվում է Սուրբ Պատարագը: Նոյյան տապան մտնողները փրկվեցին ջրհեղեղից: Այսպես էլ եկեղեցի մտնողները փրկվում են մեղքերի ալեկոծություններից: Նոյը տապանից բաց թողեց սև ագռավին, որ հեռանալով` այլևս չվերադարձավ (Ծննդ. 8.7): Այսպես էլ Քրիստոս եկեղեցուց` հավատացյալներից, հեռացրեց սևացած սատանային: Ջրհեղեղի ջրերի ցամաքելուց հետո Նոյը զոհասեղան կանգնեցրեց և զոհ մատուցեց (Ծննդ. 8.20): Նույն կերպ էլ մարդն իր մեղքերի ցամաքելուց հետո իր բարի գործերը դարձնում է զոհասեղան և ընծա մատուցում իր մտքի ա-ղոթքները: Եկեղեցին համեմատվում է նաև բաբելոնյան աշտարակի հետ, սակայն` դրական իմաստի նկատառումով: Եթե բաբելոնյան աշտարակաշինության ժամանակ մարդիկ հպարտությամբ էին ցանկանում աշտարակ շինել և դեպի երկինք բարձրանալ (Ծննդ. 11.4), ապա Եկեղեցու պարագային այն իբրև աշտարակ կառուցվում է Քրիստոսի վեմի վրա, և մարդը դեպի Աստված է բարձրանում խոնարհությամբ և պատվիրանների աստիճաններով: Ամբարտավան աշտարակաշինության պատճառով մարդիկ բաժանվեցին յոթանասուներկու ազգերի և ցրվեցին տարբեր կողմեր, իսկ Քրիստոսի յոթանասուներկու առաքյալները ազգերին միավորեցին ի Քրիստոս հավատով:
Եկեղեցում արարողությունների ժամանակ առավել հաճախ գործածվող եկեղեցական սպասքներից են քշոցը, բուրվառը, խնկամանը: Քշոցը բոլորակ մետաղյա թիթեղ է բոժոժներով և երկար կոթով, որը շարժելով հնչեցնում են եկեղեցական արարողությունների հանդիսավոր պահերին: Այն խորհրդանիշն է եկեղեցում ներկա անտեսանելի երկնային զորությունների և հիշեցնում է Դանիելի մարգարեության մեջ հիշատակվող, Աստծուն պաշտող հազարհազարավոր հրեշտակներին (Դան. 10.7): Խնկամանը խորհրդանշում է Աստվածածնին` լի անուշավետ շնորհներով, բուրվառը` խունկ ծխելու և խնկարկելու մետաղյա, չորս երկար շղթաներով եկեղեցական անոթը, և դրանով խնկարկությունը հիշեցնում են Գաբրիել հրեշտակապետի անուշաբեր ավետիսը: Խնկարկությունը և անուշահոտ ծխի ելնելը վեր խորհրդանշում է նաև եկեղեցում ի մի հավաքված հավատացյալների աստվածահաճո աղոթքների երկինք բարձրանալը: Պատարագի արարողության նախատեսված ժամանակամիջոցում քահանայապետի նստելը խորանին դրված հատուկ աթոռին հավատացյալներին հիշեցնում է Քրիստոսի փառավոր գալուստը:
Ե՛վ եկեղեցական շինությունը, և՛ հավատացյալները եկեղեցի են, առաջինը` որպես աղոթավայր, իսկ երկրորդը` հոգևոր իմաստով: Եվ երկուսի մեջ էլ ներկա է Աստված. եկեղեցի-աղոթավայրում նաև պատարագումով ներկա է Քրիստոս, իսկ հավատացյալները հաղորդությամբ միանում են պատարագյալ Քրիստոսին, զորանում որպես Աստծո հոգեղեն տաճարներ, ինչպես առաքյալն է ասում. «Չգիտէ՞ք, որ Աստծու տաճար էք դուք, և Աստծու Հոգին է բնակվում ձեր մեջ» (Ա Կորնթ. 3.16): Նորակառույց եկեղեցին օրհնվում է Աստծո անունով և օծվում: Նույնպես հավատացյալը օրհնվում է, մկրտվում Սուրբ Երրորդության անունով և օծվում Քրիստոսի անունով: Եկեղեցում Սուրբ Հաղորդության ճաշակումը հիշեցնում է Քրիստոսի խոսքերը. «Ուտեք և խմեք Իմ սեղանից Իմ արքայութեան մեջ» (Ղուկ. 22.30):

Ադամ քահանա Մակարյան «Քրիստոնեության իկսությունը» Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին 2012 թ.