Մորմոնների մասին

Անվանումները
Աղանդը ստեղծելիս՝ 1833թ., այն կոչեցին «Քրիստոսի եկեղեցի», իսկ դրանից չորս տարի անց՝ վերանվանեցին «Վերջին օրերի սրբերի եկեղեցի», և վերջապես 1838թ.՝ «Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցի», որը և աղանդի պաշտոնական անվանումն է:
Օգտագործում են նաև «Դատաստանի օրվա սրբեր», «Վերջին օրերի սրբեր» կամ դրա հապավումը՝ ՎՕՍ(1), մորմոններ անունները:
Ծագումը
Կազմակերպության հիմնադիր Ջոզեֆ (կամ՝ Հովսեփ) Սմիթը ծնվել է 1805թ. դեկտեմբերի 23-ին, ԱՄՆ-ի Վերմոնթ նահանգի Շարոն բնակավայրում, Սմիթների աղքատ ընտանիքում: Նա կրթություն չի ստացել. կարդալ կարողացել է շատ դժվարությամբ և գրել է միայն շատ պարզունակ դարձվածքներ՝ այն էլ սխալներով: Սմիթների ընտանիքի մասին տրված բնութագրում ասվում է, որ նրանց, հատկապես Ջոզեֆ Սմիթ ավագին ու նրա որդի Ջոզեֆին, համարում են այնպիսի բարոյական հատկանիշներից զուրկ, որոնցով սովորաբար արժանանում են հասարակության վստահությանը:
Ջոզեֆը պատանեկության տարիներին ենթարկվում է քրիստոնեական զանազան աղանդների ազդեցությանը: Հետագայում նա հարում է «մեթոդիստական եկեղեցուն», ընդհարվում նրանց հետ և կնոջ հետ միասին վտարվում այնտեղից՝ օկուլտիզմով զբաղվելու համար: Այս փաստն ամրագրված է հիշյալ եկեղեցու արխիվներում: Համաձայն գտնված փաստաթղթերի, Ջոզեֆը վաղ հասակից է սկսել զբաղվել օկուլտիզմով՝ գանձ գտնելու նպատակով դիմելով ոգիների օգնությանը:
Իր հերթական աղոթքի ժամանակ, համաձայն մորմոնական ուսմունքի, ինչ-որ մի ուժ հանկարծակի ամբողջովին տիրում է նրան: 1823թ. սեպտեմբերին տանն աղոթելիս Սմիթը ևս մեկ տեսիլ է տեսնում` իբրև թե Մորոնի անունով մի հրեշտակի: Վերջինս տեղեկացնում է Սմիթին, որ իբր գոյություն ունի ոսկե թիթեղների վրա գրված մի գիրք՝ հողի տակ գտնվող մի քարե արկղում (նկատենք, որ որոշակի կապ կա այս պատմության և գանձերի զառանցանքի միջև): Այն իբր պարունակում է ամբողջական Ավետարանը և գրված է բարեփոխված եգիպտերենով: Դրանք թարգմանելու համար նրան հայտնված Մորոնին խոստանում է իրեն տալ նաև երկու քարեր, որոնց միջոցով նա պետք է կարդա գրվածքը: Այնուհետև Մորոնին նրան հայտնվում է ևս երեք անգամ և նրան պատմում այն մասին, թե «Տերն ինչ էր պատրաստվում անել և թե ինչպես և ինչ ձևով պետք է նրա թագավորությունը կառավարվեր՝ վերջին օրերում»:
1827թ. Ջոզեֆը՝ Նյու-Յորքի նահանգի Կումորե լեռան վրա պեղելով, իբր հանում է «ոսկե թիթեղները»: Տեղացիների ուժգին հալածանքների հետևանքով Սմիթը հարկադրված տեղափոխվում է Հերմոնի քաղաք: Այստեղ քարերի օգնությամբ նա սկսում է «թարգմանել» թիթեղների վրա գրվածը: Կրթություն չունեցող Ջոզեֆը «թարգմանությունը» գրի առնելու նպատակով սկզբում դիմում է կնոջ օգնությանը, իսկ 1829թ. ի վեր այդ գործը ստանձնում է մասնագիտությամբ ուսուցիչ Օլիվեր Քաուդերին:
«Մորմոնի գիրքը» պատմում է Ամերիկայի հնագույն բնակիչներրի մասին: Իբր բաբելոնայան աշտարակաշինության ժամանակ Հարեդի ծունկն ընկնում է Ամերիկա և ներքին երկպառակությունների ու թշնամանքի հետևանքով, ի վերջո, դադարում է գոյություն ունենալ: Մեղքի պատճառով ծագած պատերազմների (Ք.Հ. 400թ.) հետևանքով «Ճշմարիտ եկեղեցին» քայքայվում և անհետանում է: Նեփիի հրամանատար և նրա պատմագիր Մորմոն «մարգարեն» և նրա որդին՝ Մորոնին թաքցնում են կատարված իրադարձությունների շարադրանքն ընդգրկող թիթեղները (384թ.): Խիստ հակիրճ տեսքով այս է իրենից ներկայացնում գոյության մոտ 150 տարվա ընթացքում բավականին աղմուկ հանած հիշյալ գիրքը: 1830թ. Ջոզեֆ Սմիթը հրապարակում է «Մորմոնի գիրքը», որը դառնում է իր հետևորդների «աստվածաշունչը»:
Անիրավների հալածանքը
Սմիթի հեղինակությունն ավելի շատ է ընկնում սեփական բանկ հիմնելու (1836թ.) նրա արկածախնրդության հետ կապված: Մեծ թվով ավանդներ հավաքելուց և բազմաթիվ արժեթղթեր թողարկելուց հետո, Սմիթը հեռանում է բանկի ղեկավարի պաշտոնից, և շատ չանցած բանկը փակվում է: Այս դեպքից հետո երկար ժամանակ Սմիթը հարկադրված է լինում թաքնվել բազմաթիվ խաբված ավանդատուներից, որոնց թվում էին նաև իր հետևորդները: 1839թ. Միսուրիի նահանգապետի կարգադրությամբ նրանց դարձյալ վտարում են նահանգից: Սմիթը՝ հեռանալու անհրաժեշտությունը բացատրելով իր «նոր ստացած հայտնությամբ», իրեն հավատարիմ հետևորդների հետ տեղափոխվում է Իլինոյս նահանգ, որը նա կոչում է Նավու: Սմիթը դառնում է Նավուի առաջին քաղաքագլուխը: Նա ստեղծում է «դանականներ» անունը կրող իր մարտական ջոկատը, որի խնդիրն էր «վերացնել հեթանոսներին (ոչ մորմոններին), թալանել նրանց և խլել ունեցվածքը. այս կերպ մենք կկառուցենք Աստծո Թագավորությունը»: Սրանք իբր Սմիթի ստացած հայտնության խոսքերն են: Այստեղ Սմիթն սկսում է «փառամոլության» նշաններ դրսևորել՝ նա իրեն է վերագրում «գերագույն» կոչումը, ոսկեթելով ասեղնագործած համազգեստ է հագնում, և վերջապես հայտարարում է, որ իր թեկնածությունն է առաջադրում ԱՄՆ նախագահի պաշտոնի համար: Սմիթն սկսում է բացահայտորեն խոսել մորմոնների համաշխարհային տիրապետության մասին, և այն մասին, որ իրեն պետք է թագավոր հռչակեն ու թագադրեն: Մորմոնների 50-րդ ժողովում Սմիթը «Իսրայելի Տան Թագավոր է ձեռնադրվում»: 1844թ. ուժեղանում են հակամորմոնական տրամադրությունները, լուրջ ֆինանսական խախտումներ են բացահայտվում, աղմկոտ հնչեղություն է ստանում 1843թ. մտցված բազմակնությունը: Որոշ մորմոններ հեռանում են Սմիթից և, միավորվելով, սկսում են պայքարել նրա դեմ՝ տպագրելով Սմիթին վարկաբեկող զանազան փաստեր: Արդյնքում «դանականների» ջոկատն այրում է տպարանը: Կառավարությունը հարկադրված միջամտում է և ձերբակալում Ջոզեֆին: Ազատվելուց հետո իր եղբոր՝ Հայրամ Սմիթի հետ նրան կրկին բանտարկում են. այս անգամ դավաճանության մեղադրանքով: Նախորդած աղմկոտ դեպքերից այլևս զայրացած ամբոխը՝ չսպասելով դատարանի որոշմանը, 1844թ. հունիսի 27-ին գրոհով ներխուժում է բանտ, դուրս է բերում Սմիթ եղբայրներին և գնդակահարում: Մորմոնները նրանց նահատակ են հռչակում և այս պատմությունը զետեղում իրենց «Վարդապետություն և ուխտեր» գրքում, իսկ Ջ. Սմիթին հռչակում երկրորդ մարդը Քրիստոսից հետո: 1844թ. «մարգարեի» մահից հետո կազմակերպության նոր ղեկավար Յանգ Բրայմը (մորմոնները նրան այժմ կոչում են ամերիկյան Մովսես)՝ ստանձնելով մարգարեի ու առաջնորդի պաշտոնը, մորմոններին տանում է դեպի արևմուտք՝ Յուտայի նահանգ: 1847թ. Մեծ Աղի լճի (Սոլթ լեյք) մերձակայքում, հնդկացիական յուտա ցեղի բնակության վայրերում մորմոնները հիմնում են իրենց նոր գաղութը՝ Սոլթ-Լեյք-Սիթի կենտրոնով: Մորմոնական պատմության այս դրվագն արտացոլվել է Կոնան Դոյլի «Էտյուդ՝ բոսորագույն երանգներով» պատմվածքում, որտեղ նկարագրվում է այս տեղափոխությունը և վաղ շրջանի մորմոնական բնակավայրերում տիրող բռնության, համընդհանուր մատնության ու տեռորի մթնոլորտը: Յանգն ապրում է մինչև 1877թ.` ունենալով 70 կին և 56 երեխաներ: Սմիթից մինչև մեր օրերը մորմոնական կազմակերպությունն ունեցել է 14 «մարգարեներ»: Ներկայիս (1999թ.) «մարգարեն»՝ Գորդըն Հինքլին է:
Ուսմունքի մասին
Շատերը կարծում են, թե մորմոնները քրիստոնեական հարանվանություններից մեկն են, բայց հենց մորմոնական ուսմունքը հակադրվում է քրիստոնեական ուսմունքի սկզբունքներին: Եվ ահա թե, ինչպես: Մորմոնները, ի տարբերություն քրիստոնեական ուսմունքի, հավատում են այն բանին, որ Հիսուսն ու Աստված տարբեր աստվածներ են, որոնցից յուրաքանչյուրն օժտված է ֆիզիկական մարմնով, քանի որ մարդն ստեղծվել է Աստծո նմանությամբ: Ուստի, Հայրը տարածականորեն սահմանափակված է իր մարմնում: Բայց այնուամենայնիվ, Նա Ամենագետ է, քանի որ հրեշտակները Նրան հայտնում են երկրի վրա կատարվող բոլոր իրադարձությունների մասին:
Նրանք հավատում են, թե Հայրը միակ Աստվածը չէ, այլ գոյություն ունեն բազում այլ «Աստվածներ»: Եվ մարդիկ հնարավորություն ունեն երբևէ Աստված դառնալ: 1844թ. «Քրիսոտոնեական աստվածությունը բազմաստվածություն է» քարոզում Սմիթն ասում է. «Ես պիտի քարոզեմ բազմաստվածությունը…»: «Ինչպիսին որ մարդն է այժմ, երբևէ այդպիսին է եղել նաև Աստված, ինչպիսին այժմ Աստված է, այդպիսին երբևէ կլինի նաև մարդը»,- ասում է մորմոնների նախագահներից մեկը: Մարդը դեպի վեր, դեպի Աստվածություն ընթացքի մեջ է գտնվում, նա «սաղմնային վիճակում գտնվող աստված» է: Այստեղից ելնելով, նրանք ամեն ինչ կապում են զարգացման, առաջընթացի հետ, և որպես կարգախոս հռչակում. «Լավատեսությունը և հավատն առաջընթաց է»: «Մեր բոլորի հայր» ասելով, մորմոնները հասկանում են Ադամին, որն օգնել է այս աշխարհն արարելիս ու կազմակերպելիս: Հետո պարզվում է, որ Ադամը հենց Միքայել հրեշտակապետն է՝ նույն ինքը՝ Հայրն ու Աստվածը: Թեև 1976թ. մորմոնական «եկեղեցու» 12-րդ մարգարեն ու նախագահը՝ Ս. Քեմբլին Աստված-Ադամի մասին ուսմունքը «կեղծ ուսմունք» հայտարարեց, սակայն հարցը մնում է բաց, քանզի պարզ չէ, թե մորմոնական «մարգարեներից» ով է ի վերջո ճիշտ կամ սուտ՝ Յանգը, թե՞ Քեմբլին: Այս «եկեղեցու» առանձնահատկություններից է նաև երկրի վրա Աստծո հազարամյա թագավորության հաստատմանն սպասելը: Մորմոնների աստվածաբանական կենտրոնական թեման «Իսրայելի ցեղերի ժողովումն է» և «ճշմարիտ քրիստոնեական եկեղեցու
վերականգնումը», որն իբր իրենք են: «Մորմոնի գիրքն» ունի բազում թերություններ: Թեև Ջ. Սմիթը՝ խոսելով «Մորմոնի գրքի» մասին, այն անվանել է «ամենաանսխալական գիրքն աշխարհում», սակայն փաստերը վկայում են հակառակի մասին: Այստեղ առկա են մի շարք հակասություններ, որոնց մի մասն այն աստիճան ակնառու և անհերքելի են եղել, որ սրբագրել են հենց իրենք: Այս գրքի 1981թ. հրատարակության և Ջ. Սմիթի օրոք տպագրված օրինակի
համեմատությունն ի հայտ է բերում 4.113 ուղղումներ: Եվ սրանք հիմնականում առնչվում են
«աստվածային հայտնությունների» բուն իմաստին:
Սմիթի «տեսիլների» և մորմոնական գրականության բովանդակության միջև առկա են բազում անճշտություններ: Նախ, «Թանկարժեք Մարգարիտ» գրքի վաղ հրատարակության մեջ Սմիթն իր տեսիլի անձնավորություններից մեկը նույնացնում է Մորոնի հետ: Նույն գրքի հետագա հրատարակության մեջ Սմիթը նրան նույնացնում է Նեփիի հետ, որոնք տարբեր անձնավորություններ են: Երկրորդ, նույն գրքի առաջին հրատարակության մեջ հիշատակվում է, որ Սմիթին «հայտնվել» է մեկ անձնավորություն, այնինչ հաջորդ հրատարակության մեջ խոսվում է երկու անձնավորությունների մասին: «Մորմոնի գրքում» ակնհայտ են աստվածաշնչյան տեքստի բազմաթիվ, անգամ բառացի, կրկնություններ (արտագրություններ): Ուշագրավ է նաև այն, որ Աստվածաշնչի 17-րդ դարի անգլերեն հրատարակությունից այդքան հատվածներ անփոփոխ կերպով տեղ են գտել 421 թվականին արդեն ավարտված և զմռսված տեքստի մեջ: Բացի այս, հին ձեռագրերի հետ Աստվածաշնչի անգլերեն թարգմանության KJV-ում առկա անհամապատասխանությունները հանդիպում են նաև «Մորմոնի գրքի» տեքստերում՝ վկայելով այս թարգմանության ու «Մորմոնի գրքի», մեղմ ասած, խիստ որոշակի առնչության մասին: Սուտ մարգարեություններ: Մեծ աղմուկ հանած չիրականացած «մարգարեություններից» է Ջ. Սմիթի միջոցով «աստծո հայտնած» շուտով սկսելիք քաղաքացիական պատերազմը, որը պետք է վերածվեր համաշխարհային պատերազմի՝ հանգեցնելով այս աշխարհի վախճանին («Վարդապետություն և ուխտեր», բաժին 87): Մորմոններն ստիպված են եղել սրբագրել և շտկել «աստվածային հայտնությամբ» ստացված իրենց ուսմունքի բազմաթիվ դրույթներ, այդ թվում մարդկային ռասաների մասին ուսմունքը:
Եզրակացությունն այս կապակցությամբ մեկն է. Ակներևորեն միանգամայն կասկածելի է «Մորմոնի գրքի» շարադրանքի վավերականությունը և բնականաբար այն չի կարող համեմատվել Աստվածաշնչի հետ:
Գրականությունը
Մորմոնների ուսմունքի հիմքը կազմում են երեք գրքեր. «Մորմոնի գիրքը», «Վարդապետություն և ուխտերը» և «Թանկագին մարգարիտը»: Իրականում այս գրքերն ավելին են նրանց համար, քան Աստվածաշունչը: Այն հանգամանքը, որ մորմոններն ընդունում են շարունակական հայտնության վարդապետությունը, թույլ է տալիս նրանց իրենց «սուրբ» գրքերը որպես Աստծո խոսք դիտել: Այն մասերում, որտեղ «Մորմոնի գիրքը» հակասում է Աստվածաշնչին, ճշմարիտ է համարվում առաջինը, քանի որ սմիթյան հանգանակի կամ մորմոնական հավատի խորհրդանիշերի ութերորդ կետը մորմոններին թույլ է տալիս կամայական մոտեցում դրսևորել Աստվածաշնչի տեսքստերին: «Վարդապետություն և ուխտեր» գրքի մեծագույն մասը կազմում են Ջ. Սմիթի, ինչպես նաև նրա հետևորդների «հայտնություննները» (1823-1890): «Թանկագին մարգարիտ» գրքում արծարծվում են Հ. Սմիթ «մարգարեի» ոսկե թիթեղերից «թարգմանված հայտնություններ», ինքնակենսագրական տեղեկություններ: Կան նաև բազմաթիվ այլ գրքեր, օրինակ. «Վերջին օրերի սրբերի եկեղեցու կինը. Հիմնական ձեռնարկ կանանց համար», «Քահանայության պարտականություններն ու օրհնությունները. Հիմնական ձեռնարկ քահանայություն կրողների համար», «Լիահոնա» (նշանակում է կողմնացույց, ուղեցույց) հայերեն և ռուսերեն ամսագիրը և այլն: Կազմակերպական կառույցը Մորմոն «եկեղեցին» համաշխարհային տարածում ունեցող կուռ կազմակերպություն է: Նրանց տարածմանը նպաստում է ակտիվ հոգևորսությունը: Կառույցի բոլոր վարչական մարմինները նմանեցված են ավանդական Նախնի Եկեղեցու վարչական կառույցին: Համայնքի հետ կոլեկտիվ և անհատական աշխատանքի միջոցով իրականացվում է
անդամների վարքի, նրանց կողմից եկեղեցական դոգմաների ու կարգի պահպանման հսկողությունը: Հատուկ նշանակված հսկիչներն ամեն ամիս այցելում են յուրաքանչյուր անդամի տուն և ստուգում, թե արդյոք նրանք իսկական մորմոնին վայել կյանքով են ապրում: Խախտում անողներին, ինչպես նաև այլախոհներին ի հայտ բերելու համար կիրարկվում են գաղտնի հսկողության մեթոդները: Այս խայտառակ հանգամանքը մամուլը մերկացրեց 1992թ.: «Եկեղեցու» որոշ ազատամիտ գործիչներ իրենց հայացքների համար ենթարկվել են հետապնդումների և «եկեղեցուց» հեռացման: Նման խախտումների մասին տեղեկություն հավաքելով զբաղվում է «եկեղեցու» անդամների հաստատման կոմիտեն»: Հայաստանում գրանցված են որպես «Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցու» Հայաստանի կրոնական համայնք» կրոնական կազմակերպություն, և ըստ իրենց տվյալների, ունեն մոտ 1800 անդամ:
Կենտրոնատեղիները
«Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցու» համաշխարհային կենտրոնը գտնվում է ԱՄՆ-ում՝ Յուտա նահանգի մայրաքաղաք Սոլթ Լեյք Սիթիում: Քաղաքի բնակչության 75%-ը մորմոն է: Մորմոնները կենտրոնատեղիներ ունեն Գերմանիայում՝ Մայնի Ֆրանկֆուրտում, Համբուրգում և Բեռնում: Մորմոնների հոգևոր կենտրոնը (Ցոլիկոֆենը), որը նրանց համար «Աստծո տունն» է, գտնվում է Շվեցարիայում: Մորմոնների ներխուժումը Հայաստան սկսվեց 1988թ. հետո, երբ զանազան բարեգործությունների անվան տակ, ի թիվս այլոց, այստեղ հաստատվեցին նաև մորմոնները: Թեև ուղղափառ իմաստով բարեգործությունը պետք է զերծ լինի ամեն տեսակ շահեկանությունից, սակայն Հայ ժողովրդին երկրաշարժի հասցրած ծանր վերքն ու վիշտը վերջիններիս ղեկավարությունն ընկալեց որպես հոգիներ որսալու և ազդեցության գոտիներ ստեղծելու իդեալական պայման: Մորմոնները՝ «Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցին» ՀՀ-ում գրանցվել է որպես կրոնական կազմակերպություն 1992թ.: ՀՀ-ում նրանք, համաձայն իրենց տվյալների, նրանք ունեն մինչև 2000 անդամ, որոնցից մոտ 20-ը եղել են մորմոնական տաճարում:
Գործելակերպը
Մորմոնները խորամանկ հնարքներ են գործադրում, որոնք շատերի համար հաճախ աննկատելի են: Բերենք մի քանի օրինակ: «Խայծը և թակարդը»: Մորմոններն իրենց քարոզներն սկսում են ուղղափառ հավատքի դրույթներով, որպեսզի միանգամից չբացահայտվի իրենց ուսմունքի
հակասությունն Աստվածաշնչի հետ: Աստիճանաբար աստվածաշնչային մեջբերումներից
սահուն կերպով անցում են կատարում մորմոնական մեջբերումներին, այնպես որ ունկնդիրներն այդ չեն նկատում: Քարոզչական դասընթացներն անց են կացվում տներում՝ «բարեկամական ընտանիք» կառույցի հատուկ նշանակված պաշտոնյաների կողմից: Քարոզիչները վճռական են ու կպչուն և` պատրաստ ընտանիքներ ներխուժել: Կեղծ ուղղափառություն: Սա մորմոնների հերթական ռազմավարական հնարքն է. նրանք անվճար կերպով մարդկանց բաժանում են ոչ թե իրենց «Մորմոնի գիրքը», այլ՝ Աստվածաշունչ: Հիրավի հիանալի հնարք, որով կարելի է մարդկանց ուշադրությունը շեղել այն փաստից, որ իրենց ուսմունքը հակասում է Աստվածաշնչին: Բայց սրանով չի ավարտվում հնարքը. բաժանողները հայտնում են մարդկանց, որ Աստվածաշունչն այն աստիճան սխալ է թարգմանվել ու վերաթարգմանվել, որ այլևս դարձել է անվստահելի, իսկ ահա «Մորմոնի գիրքը» ներկայացնում են որպես Աստծո մաքուր խոսք:
«Բարի կամքի դեսպանները»: Միսիոներությանը դեմ երկրներ թափանցելու նպատակով նախօրոք նրանք՝ որպես բարի կամքի դեսպաններ, այդ երկրներ են ուղարկում երգչախմբեր և պարային խմբեր (կամ այլոց, ում կարիքը զգում է տվյալ երկիրը): Ելույթներից հետո մորմոնական առաջնորդները դիմում են պետական այրերին՝ հարցնելով, թե արդյո՞ք որմոնները կարող են այդ երկրում ապրել՝ հայտնելով, որ նրանք չեն զբաղվի հոգեորսությամբ` իրականում ծավալելով ընդհատակյա գործունեություն:
Բնութագիրը
Մորմոններն իրենց բնույթով քրիստոնեական չեն: Չնայած այն հանգամանքին, որ իրենք իրենց անվանում են Հիսուս Քրիստոսի եկեղեցի, որ կրոնների որոշ դասակարգումներում մորմոնների «եկեղեցին» դասում են քրիստոնեական թեքման կրոնների շարքին, սակայն իրականում մորմոնների ուսմունքն ու արարողությունները շատ հեռու են քրիստոնեությունից, և միայն տերմիններով են հիշեցնում այն, որոնց իմաստները բոլորիվին այլ են քան ավանդական եկեղեցունը: Քրիստոսնեական տարրերը նրանց համար այնքանով են ընդունելի, որքանով դրանք չեն հակասում Ժոզեֆ Սմիթ «մարգարեի» «հայտնություններին»: Ավելին, նրանք, ինչպես ցանկացած տոտալիտար աղանդ, բացի իրենցից մերժում են բոլոր մնացյալ եկեղեցիները: Գլխավորը, որ պետք է հիշել հետևյալն է. մորմոնները քրիստոնյաներ չեն, նրանց կազմակերպությունը ոչ մի առնչություն չունի քրիստոնեության հետ: Դա բավական լուրջ տոտալիտար միտումներ ունեցող օկուլտ նեոհեթանոսական աղանդ է, և այնտեղ ընկնելով ‘ մարդն իրեն կտրում է ոչ միայն իր ժողովրդից, իր պատմությունից ու մշակույթից, ոչ միայն համաշխարհային քրիստոնեական ժառանգությունից, այլև հենց Քրիստոսից և Նրա Եկեղեցուց:

«Հիսուս Քրիստոսի վերջի օրերի սրբերի եկեղեցին» տոտալիտար աղանդների թվին է դասվում ՌԴ Պետդումայի թիվ 60(202) Տեղեկագրում, 4- դեկտեմբերի, 1996թ., Ալ. Դվորկինի «Աղանդագիտություն. տոտալիտար աղանդներ» գրքում (2000թ.), Ա.Ի. Խվիլի-Օլինտերի «Կրոնական աղանդների վտանգավոր տոտալիտար ձևերը» (1996թ.), «Կեղծքրիստոնեական աղանդների, նեոհեթանոսության և օկուլտիզմի մասին» Ռուս Ուղղափառ Եկեղեցու Ժողովի (դեկտեմբեր, 1994թ.) ձևակերպման մեջ: «Հայկական ծագումնաբանական միություն»: Ինչպես աշխարհում ամենուր, այնպես էլ Հայաստանում մորմոնների կազմակերպությունը ակտիվ ծագումնաբանական ուսումնասիրություններ է կատարում: ՀՀ-ում այդ աշխատանքը կենտրոնացնում է «Հայկական ծագումնաբանական միություն» կազմակերպությունը: Նրանք դեռևս 1996թ. հրատարակել են «Ծագումնաբանությունը հայերի համար» գիրքը: Մորմոնները վաղուց ի վեր թափանցել են ՀՍՍՀ Կենտրոնական պատմության արխիվ, ինչպես նաև եկեղեցական ու այլ հաստատությունների մատյաններ, հայկական սփյուռքի գրեթե բոլոր երկրների համապատասխան արխիվներ՝ միկրոֆիլմերի տեսքով պատճենելով եկեղեցական, ծննդյան, ամուսնության ու մահվան, մարդահամարների, հարկերի, կենսագրությունների, գերեզմանատների մակագրությունների, ներգաղթի, հիվանդանոցների հիվանդների, ընտրողների և ուսանողների, հպատակագրման ու քաղաքցիություն ստանալու, հեռախոսագրքերի, թերթերի, հողային, վավերացված կտակների վերաբերյալ փաստաթղթերը: Այս միկրոֆիլմերի գլխավոր պատճենները պահվում են ԱՄՆ Յուտայի նահանգում տեղակայված Ծագումնաբանական միության Գրանիտե սարի պահոցներում, որն աշխարհի ամենակատարյալ պահեստարանն է: Գոյություն ունի նաև Ընտանեկան պատմության գրադարանների աշխարհով մեկ սփռաված ցանց, որոնք գործում են մորմոնական «եկեղեցում»: Սրա կենտրոնը ևս Յուտայի Սոլթ Լեյք Սիթի քաղաքում է և պատկանում է «Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցուն»): Այստեղ գրանցված են և պահպանվում են ավելի քան 18 միլիարդ անուններ՝ «սպասելով աշխարհի վերջին»: Ի միջիայլոց, այս գրադարաններից օգտվողների 70%-ից ավելին ոչ մորմոններ են, ովքեր, առանց իմանալու, որ օգտվում են աղանդավորական համակարգի ծառայությունից, հաճախ ընկնում են նրանց որոգայթը:
www.zvartnotz.am