Մարդկանց առողջությունը կոմերցիոն աղանդների՝ Herbalife, Amway, Vision, Oriflame-ի ձեռքերում

ՄԵՆՔ ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐ ՉԵՆՔ, ՄԵՆՔ ՄԻՍԻՈՆԵՐՆԵՐ ԵՆՔ…..

«Ամենակարևորը ձեր առողջությունն է», «Մեր արտադրանքը անհրաժեշտ է մարդկանց, նրանք դա ուզում են», «Herbalife-ը կգտնի ձեզ ճիշտ ժամանակին», «Դուք աշխարհի առողջության լավագույն ակումբի` Herbalife-ի անդամն եք», «Եթե համառությամբ պնդեք ձեր գաղափարները նրանք ուշ թե շուտ կլսվեն», «Դուք վճարվում եք խոսելու համար», «Herbalife-ի սննդային հավելումը` լավագույն արագ սնունդն է ձեր օրգանիզմի համար», «Մասնագիտական տեսք ընդունեք և հագնվեք գործնական», «Իմ կյանքի մի մասը ներդրեք ձեր կյանքի մեջ», «Herbalife-ը կիրականացնի ձեր երազանքնեը», «Լավ ձեռքերը երկար են լինում։ Նրանք հասնում են բոլորին և ամենուրեք»։ Սա ընդամենը մի քանի օրինակներ են սկանդալային Herbalife կազմակերպության փիլիսոփայությունից: Իսկ նրա «քույր» Vision կազմակերպությունն ասում է. «Մեզանից յուրաքանչյուրն ուզում է լինել առողջ, ապրել երկար և երջանիկ։ Յուրաքանչյուրին անհրաժեշտ են հարգանք և սեր։»։ «Օգնելով ձեր մտերիմներին գտնել առողջություն և հարստություն, ձեր կյանքը դառնում է անհրաժեշտ, և դուք կայանում եք որպես Անձ։ Դրանում է մեր կազմակերպության առաքելությունը, քանի որ, չնայած մարդկանց միջև եղած բոլոր տարբերություններին, Բնության օրենքը մեկն է` կյանքը կյանք է տալիս, դրանում է նրա իմաստը։»։ «Որտեղ էլ որ ապրեք, միացեք մեզ, մենք կօգնենք վերադարձնել ձեր առողջությունը և ոչ միայն….»։ Առաջին հայացքից ոչ մի լուրջ վտանգ չպարունակող արտահայտություններ։ Սակայն իրականում դրանք լավ ձևակերպված հոգեբանական ազդեցություն ունեցող կարգախոսներ են։ Այս կարգախոսները շատ փոքր գործիքն են նրանցից, որոնցով Herbalife-ի և Vision-ի նման կազմակերպությունները ներգրավում և դաստիարակում են հետևորդների` ստիպելով նրանց առաջնորդվել և կիրառել դրանք ինչպես աշխատանքում, այնպես էլ կյանքում, որովհետև շատ կարճ ժամանակում իրենց աշխատանքը դառնում է իրենց կյանքը։ Ինչու՞ «հետևորդ» բառը, այլ ոչ թե «աշխատակից» կամ «գործակալ»։ Հարցն այն է, որ հիշյալ կազմակերպությունները, որոնց մասին խոսելու ենք այս հոդվածում, իրենց գաղափարախոսությամբ ոչ այլ ինչ են, եթե ոչ աղանդի մի տեսակ, իսկ կառուցվածքով և գործունեությամբ` բրգաձև սխեմայով կառուցված կամ ցանցային մարքետինգի տակ քողարկված խարդախության մեխանիզմ։
Արդի աշխարհում շուկայի զարգացման միտումները մի շարք հնարավորություններ ընձեռեցին արտաքուստ գրավիչ պայմաններով բիզնես-առաջարկների միջոցով խարդախության տարատեսակ սխեմաների ստեղծման համար։ Նման սխեմաները հիմնականում իրագործվում են մարդկանց անտեղյակությունից օգտվելու և վստահությունը չարաշահելու, արագ ու մեծ եկամուտների հնարավոր ստացման վերաբերյալ ակնկալիքներ ստեղծելու միջոցով տնտեսական գործունեության տեսանկյունից «խոստումնալից», սակայն իրականում ոչ խելամիտ և, որպես կանոն, ոչ շահավետ գործառույթների մեջ ներգրավելու, գոյություն չունեցող կամ քիչ հավանական բիզնես հնարավորությունները որպես իրական ներկայացնելու եղանակով: Այս նպատակներին հասնելու համար օգտագործվում են նաև հոգեբանական ներշնչման միջոցներ։
Մեծ մասամբ կրոնական աղանդներում առաջնորդը զբաղեցնում է Աստծո տեղը` իրեն հայտարարելով Աստծո ընտրյալ, առաքյալ, մեսիա։ Սակայն Herbalife, Amway, Vision, Oriflame և այլ ընկերություններում, որոնց մասնագետներն անվանում են նաև կոմերցիոն աղանդներ, բացակայում է Աստծո մասին ուսմունքը։ Փոխարենն այստեղ առկա է հարստության, հաջողության, առողջության, բարեկեցության պաշտամունքը, որին անձը կարող է հասնել տվյալ կազմակերպությունում անդամագրվելու դեպքում։ Այսպիսի կազմակերպությունները հիմնականում գործում են բրգաձև համակարգի սկզբունքով։ Այս համակարգի հիմնական չափորոշիչն այն է, որ մարդուն խոստանում են եկամուտ ոչ միայն (այսինք` ոչ թե) արտադրանքի վաճառքից, այլ նոր գործակալներով իրենց շարքերը համալրելու և նրանց կողմից նոր ներդրումներ կատարելու արդյունքում։ Կրոնական ուսմունքը բացակայում է, սակայն ակնհայտ է բոլոր աղանդներին բնորոշ հոգեբանական մանիպուլյացիայի և անձի վերահսկողության համար օգտագործվող գործիքների առկայությունը։
Ինչպես ընդունված է բոլոր աղանդներում, Herbalife-ի հիմնադրի կյանքի շուրջ նույնպես հյուսված է մի սրտաճմլիկ պատմություն, որի հետևանքով նա ստացել է «հայտնություն» և հասկացել է իր կյանքի «առաքելությունը»։ Համաձայն կազմակերպության պաշտոնական վարկածի` ամերիկացի Մարկ Հյուզի մայրը, որ հոլիվուդյան դերասանուհի էր, մահացել է նիհարեցնող անորակ հաբերի` չափից մեծ դոզա ընդունելու հետևանքով։ Դրանից հուզված 18-ամյա երիտասարդը որոշում է փրկել աշխարհը և հնարել մի դեղորայք, որից մարդիկ չեն մահանա, կապրեն առողջ և ուրախ։ Սակայն մեկ այլ վարկածի համաձայն` Հյուզը, կիսատ թողնելով ուսումը, փող էր վաստակում դեղորայքների վերավաճառքով, ինչի արդյունքում ձեռք էր բերել անհրաժեշտ հմտություններ և որոշել էր հիմնել իր սեփական գործը։ Իր հնարած հաբերի վաճառքը ֆինանսական բուրգի ստեղծման հիմք հանդիսացան, որտեղ որոշ մարդիկ շատ արագ հարստացան, իսկ մյուսները կորցրեցին իրենց վերջին գումարները, առողջությունը և կյանքը։ Հյուզը սկզբնական շրջանում դատավեճերի մեջ էր գտնվում Կալիֆորնիայի նահանգի սննդի և դեղորայքի կոմիտեի հետ, քանի որ իր արտադրանքը վաճառում էր, իբրև դեղորայք, իսկ դեղորայքը ենթակա էր խիստ վերահսկողության։ Բացի այդ, Հյուզի նախկին հաճախորդները, որոնք նիհարել էին իր հաբերի օգնությամբ, որոշ ժամանակ անց նորից գիրացել էին, և նրանց մոտ առողջության վատթարացում էր գրանցվել։ Այս պատճառով հաճախորդները պահանջում էին իրենց գումարները։ Այս և այլ շատ խնդիրների արդյունքում Herbalife-ը, որ հիմնվել է ԱՄՆ-ում, աշխատում է սակայն հիմնականում ԱՄՆ-ից դուրս։ Անդրադառնալով Հյուզի կյանքին, նշենք նաև, որ իր սեփական ստեղծած հաբերը, որոնք պետք է ապահովեին ողջ մարդկության անմահությունը, չկարողացան օգնել հենց Հյուզին։ Հյուզը անսպասելի մահանում է 44 տարեկանում։ Նրա դին հայտնաբերվեց իր սեփական տանը և հերձումը ցույց տվեց, որ մահը հանկարծակի էր եկել քնաբեր հաբերի և ալկոհոլի մեծ քանակությունը չարաշահելու արդյունքում։ Սակայն մարդիկ, որոնք արդեն գումար էին ներդրել այս բուրգի մեջ և հասել էին վերին օղակներին, չուզեցին ընդունել Հյուզի և իրենց սխալները, և համառորեն շարունակեցին Herbalife-ի արշավը։
Շատ երկրների դեղագործներ և իրավապահ մարմիններ հետաքրքրվեցին Herbalife-ի գործունեությամբ, իսկ որոշ մասնագետներ այն համարեցին քայքայիչ կոմերցիոն աղանդ։
2011թ. նոյեմբերի 23-ին Բելգիայի դատարանը իր որոշմամբ Herbalife-ը որակեց որպես անօրինական բրգաձև համակարգ։
Ընկերության դեմ որպես մեղադրող հանդես էր գալիս Սպառողների շահերի պաշտպանության անկախ կազմակերպությունը։ Դրանից առաջ դատական կարգով Herbalife-ը հետապնդման են ենթարկվել նաև Կանադայում։ Բացի այդ, ընկերությանը դատական հայտ էին ներկայացրել ամերիկացի սպառողները։
2004թ.-ից սկսված գործընթացի արդյունքում Բելգիայի դատարանը որոշում կայացրեց, որ Herbalife-ի դեմ ներկայացված մեղադրանքներն արդարացի են, և այն հանդիսանում է անդամների անվերջ ներգրավվման ֆինանսական բրգաձև համակարգ, այլ խոսքով` մարքեթինգային խարդախության միջոց, որի արդյունքում ներգրավվողների մեծամասնությունը դատապարտված է երկարատև ֆինանսական կորուստների։ (ՀՀ Կենտրոնական բանկի կայքից. Բրգաձև սխեման, ինչպես անունն է հուշում, ունի հիերարխիկ կառուցվածք, որը նախաձեռնվում է որոշակի անձանց կողմից, և որոնք որոշակի եկամտի ստացման ակնկալիքով անդամագրում են հնարավորինս մեծ թվով ներդրողների: Յուրաքանչյուր մակարդակում նոր ներդրողները վճարումներ են կատարում իրենցից վերև կանգնածներին և վերցնում են վճարումներ ներքև կանգնածներից` այսպիսով ստեղծելով փողի վերաբաշխման յուրահատուկ սխեմա: Ներդրումային նախագծի գործունակությունն ապահովելու համար յուրաքանչյուր մակարդակում անդամագրվածների թիվը նախատեսվում է, որ պետք է աճի երկրաչափական պրոգրեսիայով, ինչի համար անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր նոր ներդրող ապահովի որոշակի թվով նոր անդամների ներգրավումը: Բրգաձև սխեմաների առանձնահատկությունն այն է, որ սկզբնական շրջանում ներդրողների համար ամեն ինչ ընթանում է ըստ նախատեսվածի ու խոստացվածի: Այսինքն, անդամագրվածներն այս փուլում հաջողությամբ ստանում են եկամուտներ` շահագրգռվելով ներգրավել նոր անդամներ և ծառայելով որպես կենդանի գովազդ բուրգի համար: Այնուհետև սխեման, ձնագնդի էֆեկտով տարածվելով ու աճելով, հասնում է մի փուլի, երբ գործնականում անհնար է ներգրավել նոր անդամներ, իսկ արդեն իսկ ներգրավված անդամներն ու կատարված անդամավճարները պատկառելի թիվ են կազմում: Արդյունքում, օգտվելով զոհերի թե դյուրահավատությունից, թե կարճ ժամանակահատվածում մեծ գումարներ վաստակելու հեռանկարի գրավչությունից, բուրգի ամենավերևում կանգնածները ստանում են գերշահույթներ, իսկ ներքևի օղակները չեն հասցնում գումար վաստակել սխեմայի անխուսափելի փլուզման պատճառով: Բուրգն աշխատում է հետևյալ սկզբունքով. օրինակ, նախաձեռնողը մեկ այլ անձի համոզում է միանալ սխեմային` ներդնելով ինչ-որ գումար, դիցուք` 100 դրամ 1: Այս 100 դրամը փոխանցվում է նախաձեռնողին, իսկ նորանշանակ անդամը իր գումարը հետ վերադարձնելու և շահույթ ստանալու համար պարտավոր է սխեմայում ներգրավել նոր անդամներ, որոնցից յուրաքանչյուրը ևս պարտավոր է ներդնել 100 դրամ: Եթե նորանշանակ անդամին հաջողվում է ներգրավել 10 նոր անդամ, նա կարող է իրեն վերցնել, օրինակ, 500 դրամը` ընդամենը ներդնելով 100 դրամ, իսկ մնացած 500-ը տալ կազմակերպչին: Նոր ներգրավված 10 անդամներից յուրաքանչյուրը նույնպես պետք է ներգրավի 10 նոր անդամ և այսպես շարունակ: Գործընթացը շարունակվում է այնքան, մինչև երկրաչափական պրոգրեսիայով աճող բուրգը օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով (օրինակ՝ բնակչության սահմանափակ թվաքանակը, վստահության կորուստը և այլն) այլևս ի վիճակի չի լինում ներգրավել նոր անդամներ: Այս սխեման ընդամենը 10-րդ մակարդակում (1010) գտնվող անդամների թվով աշխարհի բնակչությունը գերազանցում է 3 միլիարդով (10 միլիարդ — 7 միլիարդ): Այսպիսով, արդեն այս օրինակում, որտեղ ենթադրվում է, որ ամբողջ աշխարհի բնակչությունը միանում է սխեմային, 9-րդ մակարդակում գտնվող անդամներն անկարող են լինելու ներգրավել 10 նոր անդամ: Ստացվում է, որ փոքրամասնությունը` 111,1 միլիոն մարդ, կարողանում է իր կատարած ներդրումը հետ բերել 500% եկամտաբերությամբ, բացարձակ մեծամասնությունը` 1 միլիարդ մարդ, կորցնում է իր սկզբնական 100 դրամ ներդրումը, իսկ կազմակերպիչը, սխեմայում ոչ մի լումա չներդնելով, ձեռք է բերում 55.6 միլիարդ դրամ։ Ընդ որում բրգաձև սխեմաներում մարդկանց ներգրավելու համար դեպքերի մեծ մասում ակնկալվում է ներդրված գումարների վերադարձելիություն՝ որոշակի շահաբաժնի հետ միասին: Բուրգի վերևի մակարդակներում ամեն ինչ ընթանում է ըստ խոստացվածի, և մարդիկ սկզբնական փուլում պահանջի դեպքում կարողանում են հետ վերցնել իրենց գումարները ու շռայլ տոկոսները: Ակնհայտ է սակայն, որ այս շահաբաժինները ձևավորվում են միայն նոր ներգրավված անձանց ներդրումներից: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մարդկանց մեծամասնությունը սկզբնական շրջանում հետ չի պահանջում ներդրված գումարը, սխեմայի կազմակերպչի և հասարակ անդամների միջև ֆինանսական միջոցների բաշխման պատկերն էականորեն չի տարբերվում վերը ներկայացված պարզեցված օրինակում նկարագրվածից:) Այդպիսի որոշման համար Բելգիական դատարանի համար հիմք հանդիսացավ հետևյալը`
1. Ապացուցվեց որ Herbalife-ն ուղիղ վաճառքներ իրականացնող կազմակերպություն չէ, քանի որ չէր կարողանում ներկայացնել սպառողների բազայի վերաբերյալ որևէ տեղեկություն, համաձայն որի սպառողներն ապրանքը գնում են անմիջապես գործակալներից։ Փաստորեն Herbalife-ի միակ սպառողներն էին նրա հետևորդները։ Herbalife-ի կողմից իրականացվող քաղաքականության համաձայն ավելի գերադասելի է ներգրավվել անդամներ, քան վաճառել ապրանքը։ Իսկ անդամները կատարում էին մեծաքանակ գնումներ, որոնք ի վիճակի չէին սպառելու` խոստացված բոնուսներն և պարգևատրումներն ստանալու համար։
2. Դատարանը մերժեց նաև Herbalife-ի պնդումն այն մասին, որ ընկերության անդամները կարող են դասակարգվել որպես սպառողներ։ Դատարանը պարզեց, որ ընկերությունը զբաղվում է խարդախությամբ, ֆինանսական հաշվետվությունների, հասկացությունների կեղծմամբ, դատարանին տրամադրում է կեղծ տեղեկատվություն` ըստ որի նույն մարդկանց փորձում է ներկայացնել մի դեպքում որպես անդամներ, մյուս դեպքում որպես սպառողներ։ Դա չի համապատասխանում ճշմարտությանը, քանի որ անդամները մուծում են անդամավճար, ստորագրում են պայմանագրեր, և ներգրավման համար ստանում են պարգևավճարներ (բոնուսներ)։
Բելգիական դատարանը հանգեց նրան, որ նման խախտումները բնորոշ են ցանցային մարքետինգով զբաղվող այլ ընկերություններին նույնպես։ Շվեցիայում օրենքով արգելված է Herbalife-ի գործունեությունը։
Իսրայելի քաղաքացի 54-ամյա Մալի Նիրը դատի էր տվել և շահել Herbalife-ի դեմ ներկայացված դատական հայցը։ Ինչպես դատի ժամանակ ասաց Նիրը, 4 տարի Herbalife-ի հաբերն օգտագործելու արդյունքում նա անդառնալի վնաս է հասցրել իր առողջությանը։ Արյան անալիզը ցույց էր տվել, որ Herbalife-ի հաբերի կանոնավոր օգտագործման արդյունքում Նիրի մոտ առաջացել էր հեպատիտ C, այսինքն` լյարդի ցեռոզ։ Բժշկի ցուցումով նա դադարել էր այդ հարբերի ընդունումը, սակայն չէր կարողացել ազատվել արդեն քրոնիկ դարձած հիվանդությունից։ Ինչպես դրանից հետո հրատարակվեց «Գա Արեց»-ում, 2007թ. անցկացված հետազոտությունն ապացուցել էր, որ ուղիղ կապ կա լյարդի հետ կապված հիվանդությունների և Herbalife-ի արտադրանքի ընդունման միջև։ Հետազոտության մեջ ներկայացվել էին 12 դեպք, երբ Herbalife-ի օգտագործումը հանգեցրել էր լյարդի ցեռոզին։
Իսկ «Նուվել Օբսերվատեր» փարիզյան թերթի հետազոտության արդյունքներով Herbalife-ը սերտ կապերով կապված է մունիստների և սայենտոլոգների աղանդների հետ։
Սպառողների միջազգային կոնֆեդերացիան անցկացրել է երկու ամենահայտնի սննդային հավելումների` զանազան հիվանդությունների կանխարգելման միջոցների և նիհարեցնող հաբերի տեստավորում։ Ընդհանուր եզրահանգումը միանշանակ էր` սննդային հավելումները հիանալի միջոց են հաճախորդներից գումարներ կորզելու համար, իսկ բժշկական էֆեկտը տվյալ հավելումներից չնչին է, ընդ որում` ստուգման ենթարկված հավելումների մեկ երրորդը ընդհանրապես ոչինչ էր` փուչ արդյունքով։ Վիճակագրական տվյալներով ռուսական շուկայում վաճառվող 37 տեսակի նիհարեցնող սննդային հավելումներից 22-ը պարունակում էին հոգեմետ և ուժեղ ազդեցություն ունեցող նյութեր, իսկ մի քանիսի մեջ հայտնաբերվել էին օգտագործման համար արգելված նյութեր, որոնք պատկանում են թմրանյութերի տեսակին։
Վստահ եմ, որ Հայաստանում Քոչարի փողոցի վրա գտնվող Herbalife կազմակերպության աշխատակիցներից և ոչ մեկը ծայրահեղ վիճակում գտնվող մարդկանց բավականին թանկ գներով հաբեր առաջարկելիս նեղություն չի քաշի նախազգուշացնել, որ դրանց ընդունման արդյունքում դուք կարող եք լյարդի (և ոչ միայն) հետ կապված լուրջ հիվանդություններ ձեռք բերել, շատ դեպքերում` անբուժելի, քանի որ նրանց միակ նպատակն է նոր անդամ ներգրավելը։
Շարունակելի…………
Մարիամ Երանյան
Ինչպես սովորաբար տեղի է ունենում վերջերս, Հայաստանում տարբեր տեսակի նոր աղանդների «ներմուծման» մատակարար հանդես է գալիս Ռուսաստանի Դաշնությունը, որը մեծ գործունեության դաշտ է բոլոր տեսակի դրական և բացասական երևույթների համար։ Դա իհարկե չունի իր դիտավորությունը, ուղղակի պատճառն այն սերտ կապերն են, որոնք ձևավորվել են մեր երկրների միջև, և բացի դրական փոխհարաբերություններից, ունեն նաև իրենց բացասական դրսևորումը։ 1991թ.-ից Ռուսաստանի Դաշնությունում արդեն գործում են Herbalife, Oriflame, AmWay կազմակերպությունները, սակայն վաճառքի ծավալները մեծ չէին, որովհետև հիմնադիրները վերջին տարիներին արդեն չէին զբաղվում վաճառքով, այլ միայն նոր անդամներ էին ներգրավում։ Բացի այդ Herbalife-ի հետ կապված մեծ աղմուկ բարձրացավ և կազմակերպությունը այլևս չէր կարողանում ապահովել վաճառքների նախկին ծավալը։
1996թ. Ռուսաստանում տեղի ունեցավ մեծ հեղափոխություն ցանցային մարքետինգի շուկայում։
Մոսկվա քաղաք ժամանեց ցանցային մարքետինգի մեջ երկար տարիների աշխատանքային փորձ ունեցող մոտ 130 հոգուց բաղկացած մի խումբ, որը ղեկավարում էր Ֆաբրիս Կերերվեն։ 1996թ. գարնանը նրանց հաջողվեց ներգրավել մոտ 5000 գործակալներ և բացել պահեստներ։ Ցանցը պատրաստ էր աշխատելու։ Բավական էր սերտիֆիկացնել արտադրանքը` ֆրանսիական ArcoFarma ֆիրմայի սննդային հավելումները։ Սակայն կարիք կար ֆինանսական ներդրումների, որն էլ ապահովեց Ռուսաստանում ինչ-ինչ խնդիրներ ունենալու պատճառով արտասահմանում բնակվող ռուս գործարար Դմիտրի Բուրյակը։ Ըստ Vision կազմակերպության տվյալների` Դմիտրի Բուրյակը գործի մեջ է ներդրել մոտ 10 մլն. ԱՄՆ դոլար, և 1996թ. ամռանը Մոսկվայում գրանցվեց «Vision» ՓԲԸ-ն։ Սակայն ինչպես վերևում նշեցինք, պետք էր նաև մի հետաքրքիր պատմություն հիմնադրի մասին։ Պատմությունն եղավ այն, որ Բուրյակը, մի քանի տարի առաջ իսկապես կենդանի մնալով ավտովթարի արդյունքում, վերանայել էր իր կյանքի իմաստը և որոշել զբաղվել մարդկանց առողջությամբ և հրաշքներ գործել նրանց կյանքում։ Իսկ հետագա ընթացքն այսպիսին էր. սկզբնական շրջանում Կերերվեն կազմակերպության նախագահն էր, իսկ Բուրյակը` տնօրենների խորհրդի նախագահը և գլխավոր բաժնետերը։ Սերտիֆիկացիան անցկացված էր, ցանցը աշխատում էր և այնքան հաջող, որ մեկ տարի հետո Կերերվեն կարողացավ վերադարձնել Բուրյակին բոլոր ներդրված գումարները և անգամ մեծ եկամուտներ ստանալ։ Օգոստոսյան ճգնաժամից հետո Բուրյակը որոշեց վերադառնալ Ռուսաստան և նոր ղեկավարման մոտեցումներ կիրառել։ Նախ և առաջ նա հաստատեց դոլարի ֆիքսված արժեքը` ապրանքը պահեստից գործակալներին վաճառելու համար, որի արդյունքում վերջին ներգրավված անդամների եկամուտները խիստ աճեցին, իսկ վերին օղակի առաջնորդների եկամուտները, որոնք սնվում էին ներգրավված անդամների վաճառքների ծավալից, խիստ կրճատվեցին։ Դրա արդյունքում վերին աստիճանների վրա կանգնած առաջնորդներն սկսեցին լքել կազմակերպությունը և գնալ այլ նմանատիպ ընկերություններ։ Կերերվեն պահանջեց բարձրացնել կուրսը։ Բանավեճի արդյունքում Կերերվեն իր հետ առաջնորդների մի մեծ բանակ լքեցին կազմակերպությունը և տարան իրենց ստեղծած ցանցերը։ Դոլարի փոխարժեքն անմիջապես բարձրացվեց, և իհարկե, բոլորին էլ ավելի պարզ դարձավ, որ Բուրյակի քաղաքականությունն ուղղված էր գործընկերոջից ազատվելուն։ Սա է Vision-ի կայացման կարճ պատմությունը։
Vision-ը ավելին է, քան ուղղակի ցանցային մարքետինգի սկզբունքով կառուցված ֆինանսական խարդախության միջոց (ՀՀ Կենտրոնական բանկի կայքից. Ցանցային մարքեթինգի մոդելով գործող սխեմաներ։ Այս կարգի սխեմաների բրգաձև բնույթը քողարկվում է ցանցային մարքեթինգի անվան տակ, երբ որոշակի ապրանքի վաճառքը կատարվում է հաճախորդների միջոցով: Այսինքն, գնորդը դառնում է գործակալ և նոր գնորդներ ներգրավելու դեպքում ստանում որոշակի եկամուտներ: Ցանցային կամ բազմամակարդակ մարքեթինգը արդի աշխարհում բավականին տարածված գործարար սխեմա է, որը հեռահաղորդակցության տեխնոլոգիաների զարգացման ներկա մակարդակի պայմաններում հատկապես արդյունավետ է կիրառել վիրտուալ միջավայրում: Այս գործոնը հաշվի առնելով՝ խարդախները գովազդվող պրոդուկտն օգտագործում են իրենց կողմից գործարկված բրգաձև սխեմայի բնույթը թաքցնելու համար: Մասնավորապես, դասական բրգաձև սխեմային ավելանում է ևս մեկ տարր` անարժեք կամ ցածրարժեք պրոդուկտի դիմաց անհամարժեք վճարումը (սա փոխարինում է դասական սխեմաներում կիրառվող «անդամավճարին» կամ «ներդրմանը»), որի գնորդը գործակալ դառնալով հնարավորություն է ստանում ներգրավել նոր հաճախորդներ: Ընդ որում անհամարժեք վճարումը պատճառաբանվում է ապրանքի վերագրվող որոշակի նյութական և ոչ նյութական հատկանիշներով: Ցանցային մարքեթինգի տարրեր ներառող բրգաձև սխեման դասական բրգաձև սխեմաների համեմատ ունի կազմակերպիչների տեսանկյունից մի շարք «առավելություններ»: Մասնավորապես, այն. ա) Թույլ է տալիս շրջանցել բրգաձև սխեմաների համար հաճախ կիրառվող «ապօրինի տնտեսական գործունեության» իրավական արգելքը, քանի որ հնարավորություն է ընձեռնում ներկայանալ որպես ապրանքների առուվաճառքով զբաղվող կազմակերպություն, բ) Պոտենցիալ հաճախորդների համար ավելի արժանահավատ է, քանի որ մասնակիցների մոտ ստեղծվում է տպավորություն, որ ունեն որոշ երաշխիք՝ թեկուզև անորակ կամ ցածրարժեք ապրանքների տեսքով:)
Vision-ը նաև կրոնական հատկանիշներ ունի, որոնց կենտրոնում Դ. Բուրյակի անձն է («Ճանաչման բարձրագույն մակարդակը, որին կարող է հասնել «Vision International People Group»-ի գործակալը, մտնելն է ընկերության նախագահ Դմիտրի Բուրյակի ներքին շրջանակը»), իսկ գաղափարախաոսությունը` յուրաքանյուր անդամի հարստացման և բարգավաճման հեռանկարի խոստումը։ («Vision-ը միավորում է մարդկանց մեկ հիմնական գաղափարի շուրջ` դա համընդհանուր առողջության և բարեկեցության բարձագույն մակարդակի գաղափարն է»)։ Որպես ընկերության ոճի չափանիշներ` ներկայացվում են հետևյալ «գաղթակղիչ» հեռանկարները.
• միասնական ճանապարհորդություն` լի դրական էմոցիաներով,
• հեղինակավոր միջոցառումներ, որտեղ հավաքվում են Vision-ի լավագույն առաջնորդները,
• ընկերության բարեկարգված և հարմարավետ մասնաճյուղերը,
• բիզնեսի նորագույն գործիքներ, ինչպիսիք են օրինակ ինտերնետը,
• հնարավորություն զգալ քեզ աստղ` բարձրանալով, օրինակ, «Олимпийский» բեմի վրա կամ հայտնվել Vision-ի կորպորատիվ ամսագրի շապիկին։
Սա կարծես 14-18 տարեկան երիտասարդների համար նախատեսված մի ծրագիր լինի, բայց սրանով հրապուրվում են բավականին լուրջ մարդիկ, և սա միայն այն պատճառով, որ նրանց հետ երկարատև հոգեբանական աշխատանք է տարվում։ Այս նպատակներին հասնելու համար գործակալը պետք է ներդնի այնքան գումար, որը բավական կլիներ ոչ միայն իր սեփական ընտանիքով ճամփորդել իր ուզած երկրներում և ապահովել բարձրակարգ հանգիստ, այլ նաև ունենալ իր սեփական բիզնեսը, ամսագիրը և ոչ թե նկարահանվել ընկերության ամսագրի համար։
«Մեր ընկերության Առողջ Բիզնեսի հիմքում դրված է Առողջության Պաշտամունքը, որը նշանակում է նոր հասարակության կառուցում յուրաքանչյուրի հաջողության հիման վրա։ Վիզիոներներն` ապագայի կառուցողներն են, որտեղ պիտի ապրենք մենք բոլորս, մեր երեխաները և թոռները։ Աշխարհում ի հայտ է գալիս նոր ուժ, որն ի վիճակի է դիմակայել ռեգրեսին։ Այդ ուժը` մարդկանց միաբանումն է Առողջ Հասարակությունում, դա Vision Առողջ Սոցիալական Ցանցն է։» Դ. Բուրյակ։
Նրանց համար կարևոր չէ արտադրանքի բուն վաճառքը, այլ այն միջոց է ցանցի մեջ անդամներ ներգրավելու համար։ Բոլոր անդամներն անվերապահորեն զբաղված են նորերի ներգրավմամբ` առանց գիտակցելու, որ իրական եկամուտն ստանում են միայն վերին օղակում գտնվողներն, իսկ այդ տեղերը վաղուց զբաղված են։ Այս ամենի մեջ ամենազզվելի իրականությունն այն է, որ սովորաբար նոր անդամներ որսալու համար աշխատանք է տարվում հասարակության առավել խոցելի հատվածի` ֆինանսական ծանր կացության մեջ գտնվող անձանց, երիտասարդների շրջանակներում, որոնց համար բարեկեցիկ կյանքի ակնկալիքներն առավել հրապուրիչ են։ Այդ մարդկանց ստիպում են ներդրումներ կատարել ապրանքի մի փաթեթի համար (այն արժե մոտ 200$, ինչը մեր երկրում աշխատանք չունեցող մարդու համար բավականին մեծ գումար է), որ նրանք հետո չեն կարողանալու իրացնել` շահույթներ ապահովելով կազմակերպիչների և բուրգի վերին մակարդակներում գտնվող մասնակիցների համար, մինչդեռ միջին և ցածր մակարդակներում գտնվողները մնում են գրեթե ձեռնունայն: Աղանդավորների նման այս կազմակերպության անդամները նույնպես փնտրում են ծայրահեղ վիճակում գտնվող հիվանդ մարդկանց` խաբելով հաբերի «հրաշագործ» ազդեցության առասպելներով, փաստորեն ստիպում են ճարահատյալ մարդկանց իրենց վերջին գումարները տալ` դատարկությունը գնելու համար։ Ոչինչ եթե դա լոկ դատարկություն լիներ։ Իրականում կան վկայություններ, որ Vision-ի հաբերի օգտագործման արդյունքում առողջական այլ խնդիրներ են ի հայտ գալիս։
Նորեկների մի մասը մաղվում է առաջին շաբաթից հետո` գնելով ապրանքի փաթեթը (մոտ 200 ԱՄՆ դորալի չափով) և համոզվելով վաճառքն իրականացնելու իրենց անզորության մեջ։ Ներդրում կատարելուց հետո փորձելով իրացնել այդ ապրանքը` նորեկը հասկանում է, որ այն իրականում ոչ մեկին պետք չէ։ Այն մարդիկ են կարողանում վաճառել, որոնք, կորցնելով իրենց խիղճը և սերը դիմացինի հանդեպ, միակ նպատակն են դարձնում ամեն գնով հարստացումը։ Քայքայիչ աղանդի նման այստեղ նույնպես յուրաքանչյուր նորեկի հանդեպ կիրառվում է հոգեբանական ճնշում։ Նա պարտավոր է անգիր սովորել բոլոր կանոնները, որոնցից առաջինն է. «Հովանավորը (այսինքն` Vision-ը) միշտ իրավացի է»։ Դրանից հետո նրան հանձնարարում են կազմել իր բոլոր բարեկամների, ծանոթների, գործընկերների ցանկը, այսինք` այն մարդկանց, որոնց հետ նա երբևէ առընչվել է` նրանց հասցեներով և հեռախոսահամարներով։ Այդ ցանկը փոխանցվում է ընկերությանը, որի հիման վրա նրանք հետագայում վերահսկում են տվյալ անձնավորության հաջողությունները այդ մարդկանց հետ փոխհարաբերության, ժամանակ առ ժամանակ այցի գնալու, անդադար ապրանք առաջարկելու և նրանց ընկերության անդամ դարձնելու գործընթացում։ Հետո գալիս է այս ցանկի համաձայն մարդկանց հետ հանդիպումների կազմակերպումը, երբ նորեկին պարտադիր ուղեկցում են փորձառու գործակալները (նույնկերպ, ինչպես Եհովայի վկաների մոտ)։ Նորեկին սովորեցնում են խոսել, զգալ մարդկային տկարությունները, առաջարկել արտադրանքը, թույլ կետերի վրա ճնշում գործադրել։ Դրանից բացի ամեն երեկո քննարկումներ են կազմակերպվում, որտեղ սովորեցնում են կասկած չունենալ արտադրանքի «հրաշագործ» հատկությունների վրա, անվերապահորեն վստահել և հավատալ Բուրյակին, յուրաքանչյուր մարդու դիտել որպես պոտենցիալ գնորդ և հետևորդ։ Կան մարդիկ, որոնք առաջին մի քանի օրվա ընթացքում հասկանում են որ իրենց գործունեությունը զուտ խարդախություն է և մարդկանց գիտակցական խաբեություն։ Գործակալները դիմում են տարբեր խորամանկ քայլերի. ներկայանում են որպես բժշկական հաստատության աշխատակից (օրինակ` «Պրոֆիմեդ» պոլիկլինիկայի), առաջարկում են անցնել բուժհետազոտություն (իհարկե վճարովի), որից հետո պարզվում է, որ բուժման համար պետք է անցնել Vision-ի դեղորայքներով մի ամբողջ կուրս։ Այդ կուրսին համաձայնվելուց հետո դուք դառնում եք Vision-ի գերին, պարզվում է` կուրսը հետագայում դառնում է հավիտենական, քանի որ օրգանիզմը պետք է մաքրել, առողջ պահել, կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել, հետո մաշկի մասին մտածել, ճնշման և մյուս խնդիրների, հետո ձեզ` որպես օգտվողի, առաջարկում են անդամագրվել, որպեսզի ապրանքը ձեզ և ձեր ընտանիքի համար ձեռք բերեք զեղչով, իսկ եթե «դուք օգտագործել եք, և ձեզ լավ եք զգում, ինչու՞ չկիսվել մյուսների հետ և իրենց էլ առաջարկել դառնալ անդամ»։ Vision-ի միակ նպատակն է` օգտագործել բոլոր տեսակի կապերը, որպեսզի անձը հանկարծ չհեռանա կազմակերպությունից։ Վերջ ի վերջո կարող եք բոնուսներ կուտակել և գնալ հանգստանալու Դուբայ կամ Շրի-Լանկա։ «Եթե անգամ ձեր հաճախորդը ոչ մի հետաքրքություն չցուցաբերեց, դա չի խանգարում ձեզ առաջին հանդիպման ժամանակ թույլ տալ նրան իմանալ Երազանքի մասին։ Այսպես նա կարող մտածել ձեր առաջարկի մասին։ Իսկ ո՞րն է երազանքը. իհարկե ֆինանսական անկախության երազանքը»։ (Ցանցային մարքետինգի կանոններից)։
Vision-ի անդամների մոտ գիտակցության այնպիսի փոփոխություններ են տեղի ունենում, ինչպիսիք լինում են աղանդավորների մոտ։ Նրանք իրենց ողջ ժամանակը տրամադրում են Vision-ի արտադրանքի ուսումնասիրմանը, անգիր են անում բարձրաստիճան ղեկավարների խոսքերը, ընդօրինակում են հաջողության հասած առաջնորդների պահվածքը։ Նրանց համար վերապատրաստման նպատակով այցելություններ են կազմակերպվում ընկերության առաջնորդների կողմից, հատուկ մասնագիտական դպրոցներ են կազմակերպվում` նոր հետևորդների ներգրավման մեխանիզմները սովորեցնելու համար, հոգեբանական թրեյնինգներ են անցկացվում մարդկանց վրա ներազդելու և համոզելու գործիքները կիրառելու համար, խմբում ընգրկված անդամների համար հատուկ «ընտանեկան» հավաքույթներ են կազմակերպվում, մշտական կապ է ապահովվում ինտերնետով, իսկ համարյա բոլոր խոշոր ներկայացուցիչները ունեն Vision-ի իրենց անձնական էջերը։
Առ ի տեղեկություն..
1. Vision-ի ապրանքատեսակները գնային և որակային առումով խիստ գերագնահատված են. դրանց վաճառքի գինը բազմիցս գերազանցում է իրական արժեքը:
2. Vision-ի արտադրանքը դեղորայք չէ և չի կարող օգտագործվել որևէ հիվանդության բուժման նպատակով։ Իսկ մոտակա դեղատանը կարելի է ձեռք բերել հիվանդության իրական բուժման համար նախատեսված դեղորայքը Vision-ի արտադրանքի գնի ընդամենը 10%-ի արժեքով։
Vision-ի տվյալներով, պահեստից վաճառված յուրաքանչյուր ապրանքի դիմաց` օրինակ 100$ արժողությամբ, եկամուտը բաժանվում է հետևյալ կերպ. 7$ ստանում են առաջին երեք աստիճանների գործակալները, 10$` հաջորդ երեք աստիճաններինը, և 5$` մյուս բոլորը։ Պարզ հաշվարկը ցույց է տալիս, որ մեկ գիծը չի կարող 16 հոգուց ավելի մարդուց բաղկացած լինել, քանի որ 3*7+3*10+9*5 արդեն գերազանցում է 96$: Այստեղ էլ ակնհայտ է խաբեությունը, որովհետև գործակալները պնդում են, որ կարելի է կառուցել շատ երկար ցանց, այլևս արտադրանք չվաճառել և դառնալ միլիոնատեր։
Հաջողության դեպքում Vision-ի գործակալի միջին աշխատավարձը կազմում է մոտ 150-200$: Սա այն աշխատավարձն է, որը կարելի է մաքուր խղճով վաստակել որևէ այլ կազմակերպությունում մասնագիտական աշխատանք կատարելիս։
Լինելով ֆրանսիական արտադրանքի վաճառող` Vision-ը ոչ Ֆրանսիայում, ոչ էլ զարգացած այլ երկրներում չունի գրասենյակներ և իր գործունեության համար ընտրել է զարգացող երկրները` Բելառուս, Ադրբեջան, Եգիպտոս, Սերբիա, Ուկրաինա, Վիետնամ` օգտվելով այդ երկրների տնտեսական և իրավական դաշտի բացթողումներից։
Օրինաչափ է այն փաստը, որ կոմերցիոն աղանդների հետևորդներ են դառնում մեծ մասամբ այլ աղանդների անդամները, քանի որ մթնոլորտը, մոտեցումները և կարգախոսները գրեթե նույնն են, ընդ որում, կոմերցիոն աղանդի անդամ շատ ավելի արագ են դառնում, քան կրոնական։ Եվ ինչպես աղանդավորների պարագայում, Vision-ի ներկայացուցիչների դեպքում էլ այն ընտանիքի անդամները, բարեկամները, ընկերները, որոնք փորձում են միջամտել և բացատրել, որոշ ժամանակ անց ուղղակի հեռանում են և խզում շփումը այս տեսակ մարդկանց հետ, որոնք յուրաքանչյուր հանդիպման ժամանակ առիթը բաց չեն թողնի գովաբանելու և առաջարկելու իրենց ապրանքը։ Ցավալի են այս փաստերը, սակայն անխուսափելի, քանի որ այս աշխարհում միշտ լինելու են մարդիկ, որոնք կուզենան հարստանալ մեկը մյուսին խաբելու շնորհիվ։ Վերջում կուզեմ մի պարզ համար մեջբերել Աստվածաշնչից. «Բարի անունը լաւ է մեծ հարստութիւնից, ընտիր շնորհքը՝ արծաթից ու ոսկուց։» (Առակաց 22։1)։
Մարիամ Երանյան