Հուլիսի 14 † Կիր. Բ. կիր. զկնի Վարդավառի։

Ես 3.16-4.1։ Ա Կր 1.25-30։ Մտ 18.10-14։

Եսայի

16Այսպէս է ասում Տէրը. «Սիոնի դուստրերը հպարտացան, քայլում էին բարձրապարանոց, աչքով-ունքով էին անում, շարժուելիս իրենց քղանցքներն էին քարշ տալիս ու ոտքերով կաքաւում»։ 17Դրա համար էլ Աստուած պիտի խոնարհեցնի Սիոնի իշխանուհի դուստրերին, այն օրը Տէրը պսակազերծ պիտի անի նրանց։ 18Տէրը նրանց վրայից պիտի հանի նրանց վայելուչ զգեստները եւ պատմուճանները, 19պիտի քանդի նրանց հիւսերը,վերացնի նրանց ծամակալները, 20նրանց պսակակալներն ու մահիկաձեւ վզնոցները, նրանց դէմքի քօղազարդերն ու վայելուչ պաճուճազարդերը, քօղէքներն ու ապարանջանները, մեհեւանդներն ու գինդերը, 21նրանց մատանիներն ու ոսկեշար մանեակները, դիպակներն ու թելաւոր զարդերը, 22եզրածիրանին ու միջնածիրանին, առտնին հագուստն ու պերճաշուք լակոնականը, 23բեհեզն ու երկնագոյնը, կարմիր շղարշաքօղը, բանուածոյ, ոսկեճամուկ ու ոսկեծոպ զգեստներն ու գօտիները։ 24Եւ քո արարքների պատճառով անուշահոտութիւնների փոխարէն փոշի պիտի լինի, զարդանախշ զգեստների փոխարէն՝ չուան գօտի, ոսկեայ գլխազարդի փոխարէն՝ ճաղատութիւն, իսկ ոսկեհիւս դիպակի փոխարէն քուրձ պիտի հագնես։ 25Քո գեղեցիկ զաւակը, որին դու սիրում ես, սրով պիտի մեռնի, ձեր իշխանները եւս սրով պիտի ընկնեն։ 26Ձեր զարդատուփերը դատարկ պիտի մնան,պիտի մատնուեն սգի,իսկ դու պիտի մնաս մեն-մենակ ու տապալուես գետին։
4 Այն օրը եօթը կին պիտի բռնեն մի տղամարդու եւ ասեն. «Մեր հացը կ՚ուտենք եւ մեր զգեստը կը հագնենք, միայն թէ քո անունը լինի մեզ վրայ. մեր այրիութեան նախատինքը վերացրո՛ւ մեզնից»։

Ա Կորնթացիներ

25որովհետեւ Աստծու յիմարն աւելի իմաստուն է, քան մարդկային իմաստութիւնը, եւ Աստծու տկարն աւելի զօրեղ է, քան մարդկային զօրութիւնը։ 26Իրաւ որ, եղբայրնե՛ր, ձեր իսկ կոչումին նայեցէ՛ք. ըստ մարմնի՝ ոչ շատ իմաստուններ, ոչ շատ հզօրներ եւ ոչ շատ ազնուականներ կանչուեցին. 27բայց Աստուած ընտրեց այս աշխարհի յիմարներին, որպէսզի ամաչեցնի իմաստուններին. եւ Աստուած ընտրեց այս աշխարհի տկարներին, որպէսզի ամաչեցնի հզօրներին. 28եւ Աստուած աշխարհի ոչ-տոհմիկներին, արհամարհուածներին եւ ոչինչներին ընտրեց, որպէսզի իրենք իրենց մի բան կարծողներին ոչնչի վերածի. 29որպէսզի ոչ մի մարդկային էակ չպարծենայ Աստծու առաջ. 30որովհետեւ նրանո՛վ դուք կաք Քրիստոս Յիսուսի մէջ, որը եղաւ մեզ համար Աստծուց եկած իմաստութիւն, արդարութիւն, սրբութիւն եւ փրկութիւն,

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ

10Զգո՛յշ եղէք, որ այս փոքրիկներից մէկին չարհամարհէք. ասում եմ ձեզ, որ երկնքում նրանց հրեշտակները մշտապէս տեսնում են երեսն իմ Հօր, որ երկնքում է. 11որովհետեւ մարդու Որդին եկաւ փրկելու կորածը»։ 12«Ձեզ ինչպէ՞ս է թւում. եթէ մի մարդ հարիւր ոչխար ունենայ, եւ նրանցից մէկը մոլորուի, իննսունինը ոչխարը լերան վրայ չի՞ թողնի ու գնայ որոնելու մոլորուածին։ 13Եւ եթէ պատահի, որ այն գտնի, ճշմարիտ եմ ասում ձեզ, թէ նրա վրայ աւելի կ՚ուրախանայ, քան իննսունիննի վրայ, որ մոլորուած չեն։ 14Այսպէս՝ իմ երկնաւոր Հօր կամքը չէ, որ այս փոքրիկներից մէկը կորչի»։