Կրոնն է բարոյականության աղբյուրը

91660256 - Կրոնն է բարոյականության աղբյուրը

 Կրոնը մարդու հոգու ամբողջ էության մեջ է. նա ոչ զգացմունք է առանձին, ոչ գիտելություն մասնավորապես, այլ մի զգացմունք է` որ մեր գիտաստության հետ բռնում է մեր ամբողջ հոգեկան աշխարհն եւ ապա յուր պայծառությունը կամքի զորությամբ ծավալում արտաքին աշխարհի մեջ: Կրոնն է մարդի անձնական էության հաղորդակցությունն Աստուծո հետ որի զորությունից է կախված նորա էության կատարելությունը:
Ո՜չ միակողմանի ծանոթություններն եւ ո՜չ մտավոր պաշարը չեն կարող մարդի մեջ կրոնական  ջերմեռանդություն ներշնչել, այլ միայն երբ նայե նա ինքն յուր վրա, հասկանա յուր էությունը, խնդիրն եւ նպատակը: Այդ հայեցողությունից է` որ բղխում է բարոյականություն, կենդանացնում հասարակությունն, ըստ որում կրոնն է բարոյականության աղբյուրը: Կրոնական զգացմունքն է` որ միացնում է մեզ Աստուծո հետ, եւ ապա ծագում է ճշմարիտ սերն եւ ամենայն առաքինություն, որ չի կարող առաքինություն լինել, եթե չէ հաստատված Աստուծո սիրո վրա: Հավասարության եւ եղբայրության հիմնաքարն է` լինել պատկեր Աստուծո եւ այնպես ճանաչել ընկերին. որտեղ չկա այդ հիմունքն, այնտեղ է որ ամենաբարձր առաքինությունների ձայներն են հնչվում, սակայն ինքյանք գոյություն չունին: Այդ չէ պատճառն, որ կյանքի մեջ իրար հետ հակադիր հանդիպում են հավասարության գաղափար, բայց եւ թալան ու բռնություն, սկզբունքի հավատարմություն, բայց եւ շնորհապարտություն ու երախտադրժություն, ճշմարտության քարոզ, բայց եւ սուտ բարեկամի պաշտումն եւ այլն եւ այլն: Կրոնական երկյուղածությունը պետք է առնե դոցա առաջը, նա է այդպեսների ավերիչը:
Այդ կրոնն յուր ուղղության մեջ չէ հասնում յուր կատարելության, երբ չենք բանում մեր մտքերն եւ չենք ջանում տեսնել այն` ինչ որ զգում ենք. այն ժամանակ աստվածային զորությունն եւս չէ կենդանացնում մեզ, զի յուր տեղը չէ գտնում: Միայն երբ մեր մտքերը պարզ են, հասկանում ենք եւ ըմբռնում մեր գերական, ապա թե կարենք նորա պատկերը լինել, մինչդեռ հաճախ ընդհակառակն է պատահում: «Յուրաքանչյուր ոք, որպես ինքն է, այնպես է եւ յուր Աստվածը: Վասնորո եւ Աստված այդպես հաճախ ծաղր եղավ»:
Ասումե Գյոթե:

 Այդ է պատճառն, որ Հայոց հին վարդապետները շարունակ պահպանջում են բաց պահել մտավոր աչքերը, քննել, զննել, եւ ճանաչել լավը, բարին եւ գերակայականը: «Քաջիմաց լեր, մանր քննյա, սրատես լեր մտոք առավել քան աչոք» : Մտավոր աչքով պիտի ճանաչենք Նորան, հորում հաստատված է մեր կենդանությունն ու զորությունն, եւ ապա նայենք Նորան իբրեւ հայելու վրա, եւ տեսնենք մեզ: Այստեղ է որ խղճմտանք, միտք եւ կամք միացած գործում են. միտքն իբրեւ լուսավորող, իսկ խիղճն իբրեւ զորացնող. զգացմունքով է որ պիտի դիմենք դեպի Աստված, մտքով ճանաչենք եւ կամքով գործենք որպես Նա. վասնորո եւ ՙերանի այնոցիկ` որ սուրբ են սրտյուք, զի նոքա զաստված տեսցեն՚ : Եւ այնուհետեւ միությունը պատրաստ է «տեսյալ ուրուք զաստված, անդեն ի նույն միացավ ի նմա» :
Կրոնը կյանքի զարկերակն է, ուստի եւ ուսուցչի պարտքն է, զարթեցնել կրթվողի հոգին, զգացմունքը, պարզել լուսավորել միտքը, ճանաչողությունն, եւ ապա բարոյական ազդմամբ լարել նորա խիղճ ու կամքը մարդկային կյանքի գործունեության մեջ աստվածային դեր կատարելու :

Արշակ Տեր-Միքելյան