Խոնարհության պտուղները

Հարց. Ինչպե՞ս պետք է հավաքել աշխարհով մեկ թափառող սեփական միտքն ու խորհուրդները եւ ուրիշ ոչնչի մասին չխորհել՝ բացի Աստծուն ակնկալելուց եւ Նրա հանդեպ սերն ամբողջական պահելուց:
Պատասխան. Ինչպես որ զավակներ ունեցող մայրը, երբ նրանք այլ տեղ են գնում կամ թափառում են անպետք վայրերում, ետ է հավաքում նրանց՝ նախատելով ու խրատելով, այնպես էլ հոգին պարտավոր է ամեն տեղից իր խորհուրդները, ինչպես սեփական մանուկների, հավաքել իր մոտ:
Եվ որքան էլ աշխարհի հոգսերի կամ մեղքերի պատճառով ցրվեն դրանք, պետք է միշտ ու անդադար, կարողության չափով, խորհուրդները ժողովել սեփական մարմնի տան մեջ, հանապազ ակնկալել Տիրոջը, մնալ Նրա հանդեպ հաստատուն հավատի եւ սուրբ սիրո մեջ ու ասել. «Ե՞րբ պիտի Նա գա՝ ճշմարտապես ժողովելու մեր խորհուրդները, որ դրանք դարձնի աստվածային, երկնային ու բանական եւ սովորեցնի ճշմարիտ, անզբաղ ու անթափառ աղոթքը»:
Իսկ եթե աղոթելիս մեր խորհուրդները դրսում ենք թափառեցնում ու չենք հավաքում, ինքներս մեզ մատնում ենք՝ թողնելով մեղանչական մտածմունքների մեջ: Եվ չենք ուղղում մեր կամքն առ Աստված ու չենք բռնադատում մեր խորհուրդները՝ ուղղվելու դեպի Տերը, որպեսզի Ինքը Տերը Իր կամքով գա մեզ մոտ եւ Իր ճշմարտությամբ մեզ Իր մոտ հավաքի: Այսպես թուլակամությամբ մեր միտքը դրսում թափառեցնելով՝ մեր մարմինն աղոթքի է կանգնում առանց մտքի, ինչի պատճառով հենց ինքներս չենք թողնում, որ Տերը մեզ մոտ գա, քանզի կամովին չենք ձգտում դեպի Նա:
Տիրոջը հաճո լինելու ողջ խնդիրը խորհուրդների մեջ է: Ուստի փութա ներքուստ՝ խորհուրդներո՛վդ հաճո լինել Նրան եւ մշտապես ներսու՛մ ակնկալել Տիրոջը: Եվ միշտ ու հանապազ ձգտիր քո ներսում խորհուրդներով փնտրել Նրան եւ կամքդ բռնադատիր, որ միտքդ հոժարակամ ախորժի դեպի Տերն ուղղորդվել: Այդժամ կտեսնես, թե ինչպես Ինքն Իր կամքով կգա եւ օթեւան կգտնի քեզ մոտ: Եվ որքանով միտքդ կամքով բռնադատես՝ ամբողջ սրտով փնտրելով Նրան, նույնքան եւ առավել Նա՝ կհարկադրվի Իր գթությամբ ու բարերար քաղցրությամբ գալ քեզ մոտ եւ հոգեպես հանգստացնել քեզ: Գիտցիր, որ Նա ամենեւին էլ չի լքել քեզ, այլ անտեսանելի կերպով կանգնած է քեզ մոտ, տեսնում է քո միտքն ու խորհուրդները, հայում է մտածություններիդ, տեսնում, թե ինչպես ես աղոթում Իրեն՝ ամբողջ հոգո՞վ, թե՞ ծուլությամբ, մինչեւ իսկ ձանձրանալով, տկար մտքով կամ մեղսագործությամբ վարակված: Արդ, երբ տեսնես, որ ամեն ժամ, գործելով հանդերձ, խորհուրդներդ սփռում ես Տեր Աստծո եւ միայն Նրա հայացքի առջեւ, այնժամ Տերն Ինքը կհայտնվի քեզ, Իրեն անճառապես ցույց կտա, Իր ցանկալի գեղեցկությամբ քեզ կպայծառացնի, Իր օգնությամբ կլիացնի, կտա Իր ողջ հաղթությունը եւ քեզ կազատի քո աներեւույթ թշնամիներից՝ հայելով նախապես Իրեն ուղղված քո անզբաղ խնդրվածքներին, մտքիդ անսխալ ակնկալությանը եւ Իր հանդեպ շարունակ սրտիցդ տածվող սիրուն: Եվ այսպես կուսուցանի ու կտա քեզ ճշմարիտ աղոթքը, հավատի եւ ճշմարտության սերը, երկնային ու ճշմարիտ խնդությունը, որն Ինքը Քրիստոսն է, Ով քեզ հետ է ամենուրեք: ….
Հարց. Ի՞նչ բարի գործ պետք է անել սրտում, որպեսզի այն զբաղվի միայն հոգեւոր մտքերով:
Պատասխան. Աբեղայի բարի եւ կատարյալ գործն այս է՝ անզբաղ մտքով շարունակ հայել առ Աստված:
Հարց. Իսկ ինչպե՞ս պետք է միտքը հալածի չար խորհուրդները:
Պատասխան. Ինքնուրույնաբար դա բնավ չի կարող անել, քանզի զորություն իսկ չունի: Այլ երբ որեւէ խորհուրդ է ընկնում հոգու մեջ, աղաչելով ու պաղատելով անմիջապես պետք է ապավինել Նրան, Ով ստեղծեց իրեն, եւ Նա մոմի պես կհալեցնի այդ խորհուրդը, «քանզի մեր Աստվածը ոչնչացնող կրակ է» Եբր. 12; 29:
Հարց. Այդ դեպքում ինչպե՞ս էին Եգիպտոսի անապատի մենակյաց հայրերը միշտ խորհուրդը դիմագրավում հակառակ խոր հրդով:
Պատասխան. Նրանց այդ բարի արարքը մեծ էր ու ընտիր, բայց դա մեծ ջանք է պահանջում, եւ բոլորի համար չէ, որ անվնաս է, …. որովհետեւ մտքի զարհուրման ու ցնորման վտանգ է պարունակում: Քանզի երբ որեւէ խորհուրդ է հայտնվում հոգու մեջ, եւ մարդը կարողանում է սեփական բազում ճիգերով այն հանել իր միջից, դարձյալ մեկ ուրիշն է գալիս, որն ընդունում է հոգին: Եվ այսպես ամբողջ օրը մարդն ընդդիմաբանում է իր խորհուրդներին՝ անվերջ հակաճառություններով դիմադրելով նրանց. եւ երբեք հոգին չի զբաղվում աստվածային հայեցողությամբ:
Հարց. Ուրեմն ինչպե՞ս մեր խորհուրդն ապավինի Աստծուն:
Պատասխան. Եթե քեզ մոտենա պոռնկության խորհուրդը, իսկույն եւեթ կորզելով դեն նետիր այն, ապա, ուշադրությունդ ու միտքդ բացելով, մեծ ճիգով վեր բարձրացրու խորհրդից եւ մի՛ հապաղիր, որովհետեւ խորհուրդը, տեւաբար քո մեջ մնալով, դեպի իրեն իջնելու առիթ է տալիս:
Հարց. Իսկ եթե շտկվելուց հետո փառասիրության խորհուրդն այցելի, չպե՞տք է հակաճառել նրան ճշմարիտ խորհրդով:
Պատասխան. Եթե խոսքերով հակառակվես նրան, այն առավել կհզորանա եւ ավելի շատ հակաճառություններ կգտնի. իսկ հոգին չի կարող ընդունել այդ, քանզի դու նմանվում ես նրան, ով կարծում է, թե ինքը բավարար է մարտնչելու համար: Մինչդեռ, ինչպես որ հոգեւոր հայր ունեցողը, իր բոլոր հոգսերը նրա վրա գցելով, ամբողջովին անհոգ է լինում եւ զերծ մնում Աստծո դատաստանից, այնպես էլ նա, ով հանձնվում է Աստծուն, ամենեւին չպետք է հոգա իր բոլոր խորհուրդների մասին եւ ո՛չ հակառակվի, ո՛չ էլ թողնի, որ դրանք լիովին մտնեն հոգու մեջ: Եվ եթե քո մեջ աղտեղի խորհուրդներ մուտք գործեն, դրանք դեպի վեր՝ քո Հորն առաքիր՝ ասելով. «Ես ոչ մի կապ չունեմ քեզ հետ, ահա՛ Հայրն իմ, Նա՛ գիտե»: Եվ մինչ դու խորհուրդը տանում ես Հոր մոտ, ճանապարհին քեզ թողնելով, այն փախչում է, որովհետեւ չի կարող քեզ հետ գալ քո Հոր մոտ եւ ոչ իսկ կանգնել Նրա առջեւ: Արդ, այս բարի գործից ավելի մեծը եւ խիստ դյուրինը չկա ողջ Եկեղեցում:
Հարց. Ինչպե՞ս պետք է սաղմոսերգել աղոթելիս եւ ինչպե՞ս պահք պահել՝ անընդհա՞տ, թե՞ չափավոր:
Պատասխան. Չպետք է ոչինչ անել սահմանված կարգից ավելի, քանզի շատերը, կամենալով առաջին հայրերի պես աղոթքի եւ պահքի մեծ գործեր անել, հետո նվազագույնն իսկ չկարողացան կատարել: Եթե ցանկանում ես առավել մեծ գործ ձեռնարկել, մի՛ սկսիր պահքից ու մարմնական աղոթքից, որոնք հեշտությամբ խափանվում են, եթե հիմնված չեն խոնարհության ու հնազանդության վրա: Դու նախ սկիզբը դիր հնազանդության ու հեզության, համբերության ու սիրո եւ, որքան կամենում ես, սրանք առավելացրու՝ գերազանցելով շատերին, քանզի դրանցից ոչ մի անկում եւ դիվական խաբեություն չի լինում, եւ նրանց կհետեւեն թե՛ աստվածահաճ, հավելյալ պահքը, թե՛ արժանավոր աղոթքը, որոնք տենչում էիր սկզբում: Դրանք հետո՛ կտրվեն քեզ՝ արդեն չխափանվելով ու չպակասելով քեզնից:

Աղբյուր՝«Սյնունյաց կանթեղ» N 56 համար:

Գրաբարից փոխադրեց Տիգրան Խաչատրյանը