Խաղաղությունը ժպիտով է սկսվում

«Խաղաղությունը ժպիտով է սկսվում» կարգախոսը կրող «Հանուն խաղաղության» ծրագիրը մեկնարկեց վերջերս: Հայ Առաքելական Եկեղեցու Գուգարաց թեմի երիտասարդական կազմակերպության նախաձեռնած այս գաղափարը, որ իրականություն դարձավ Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի հայաստանյան «Կլոր Սեղան» հիմնադրամի ֆինանսավորմամբ, նպատակ ունի պատանիների և երիտասարդների շրջանում տարածել խաղաղասիրական գաղափարներ, տեսանելի դարձնել քրիստոնեական խաղաղասիրության ու խաղաղ հարևանության կարևորությունը, ցույց տալ և այն, որ ցանկացած խնդրի կարգավորման լավագույն տարբերակը խաղաղ կարգավորումն է՝ նպաստելով այս տարիքային խմբի շրջանում խնդիրների խաղաղ կարգավորման նախընտրելիության մակարդակի բարձրացմանը: Ծրագրի ղեկավար Վահե Խաչիկյանի խոսքով՝ անհանգստացնող փաստ է այն, որ ՀՀ-ում ահագնանում է միջանձնային կոնֆլիկնտների պատճառով վեճերի, սպանությունների ու սպանության փորձերի քանակը` մանավանդ դպրոցականների ու երիտասարդների մասնակցությամբ դեպքերը։ «Այս առումով, ցավոք սրտի, առաջնային դիրքում է Լոռու մարզը, որտեղ դպրոցականների վեճերն ու տարաձայնությունները մեծամասամբ ավարտվում են ծեծկռտուքով, իսկ պարբերաբար նաև դանակահարությամբ: Վերջին շրջանում տարաձայնությունների և խնդիրների ոչ ցանկալի հանգուցալուծումները մեզ ուղղորդեցին նախաձեռնելու այս ծրագիր, որը ուղղված է 14-16 տարեկան պատանիներին ու երիտասարդներին մասնավորապես քրիստոնեական խաղաղասիրության և կոնֆլիկտների խաղաղ կարգավորման գաղափարներով կրթելուն»,-նշում է Վահե Խաչիկյանը։ Ծրագիրն իր առաջին քայլերը սկսեց Կուրթան և Վարդաբլուր համայնքներում՝ պայմանավորված վերջերս այս համայնքներում վիճաբանության արդյունքում տեղի ունեցած սպանությունների հանգամանքով: Ծրագրով նախատեսված այս համայնքի դպրոցականների շրջանում իրականացվել են սեմինար-քննարկումներ, դասախոսություններ, հանդիպումներ հոգևորականի հետ: Ծրագրի հոգեբան Աննա Դավթյանը նշում է խնդրի զարգացման բազմաթիվ պատճառներ. «Ներկայումս այս խնդրի զարգացման ու տարծման վրա իրենց ազդեցությունն են թողնում հեռուստատեսությունը, սոցիալական ոչ բարվոք վիճակը, քրիստոնեական արժեհամակարգի, ինչպես նաև միմիյանց նկատմամբ հարգանքի ու խաղաղ ճանապարհներով կոնֆլիկտների կարգավորման մշակույթի բացակայությունը պատանիների և երիտասարդների շրջանում, մենք փորձում ենք հնարավորինս այդ մշակույթը կրթել և զարգացնել՝ մեր հնարավորության սահմաններում»: Ծրագրի մասնակիցները որպես այս փուլի փակում Վանաձոր քաղաքում կազմակերպեցին «Հանուն խաղաղության» ֆլեշ-մոբ՝ համապատասխան կոչերով և պաստառներով հանրության ուշադրությունը հրավիրելով խաղաղության և խաղաղասիրության գաղափարների վրա: Վահե Խաչիկյանի խոսքով՝ ծրագիրը շարունակական կլինի և կընդգրկի նաև մարզի այլ քաղաքներ և համայնքներ. կա նաև հեռահար նպատակ ստեղծելու պատանեկան «Խաղաղության ակումբ»/”Peace club”/, որ հնարավորություն կընձեռի այս ոլորտում առավել արդյունավետ ու ընդլայն գործունեության: