Իրականությունն այսօր

Irakanutyuny aysor 880x622 - Իրականությունն այսօր

Չկա ճշմարտություն, չկա ողորմություն, եւ չկա Աստծո ճանաչում երկրի վրա: Անեծք, ստություն, սպանություն, գողություն եւ շնություն ողողել են երկիրը եւ արյունն արյանն են խառնում: Իմ ժողովուրդը նմանվեց նրան, ով իմացություն չունի. քանի որ դու մերժեցիր իմացությունը, Ես էլ քեզ կմերժեմ:
Օսսե 4;1-2,6
Քրիստոնեական ողջ պատմության ընթացքում եւ ոչ մի դարում քրիստոնյա ժողովուրդները այսքան անհավատ եւ անաստված չեն եղել, այդ թվում նայեւ մեր հայ ժողովուրդը:
Այսօր Աստված մոռացվել եւ դուրս է մղվել մեր սրտերից, մեր կյանքից, տներից, առեւտրական գործերից ու քաղաքական ծրագրերից, գրեթե ամեն տեղ Աստծուն փոխարինում է փորապաշտությունն ու փողապաշտություն, մարմնական հաճույքներին հագուրդ տալը…: Անտեսված է Աստվածաշունչը, որ մեր հոգու փրկության եւ դեպի աստվածճանաչողություն ճանապարհի միակ ուղեկիցն է: Կիսադատարկ են եկեղեցիները եւ հաճույքի օր է դարձել սուրբ օրը՝ Կիրակին: Լեցուն են սրճարանները, ռեստորանները եւ այլ հաճույքի վայրերն ու մարզադաշտերը: Մարդիկ հակված են սուտ ու դատարկ խոսքեր լսելու կամ խոսելու, կարծես իրականություն է դառնում Դավիթ մարգարեի խոսքերը. «Ստությամբ խոսեց մարդը մարդու հետ, սրտերը հաղորդակցվեցին նենգ շրթունքներով»:
Բայց երբ խոսում ես Աստծո մասին, հակառակության հոգին է համակում մարդկանց, եւ կամ ժամանակ չունեն, կամ իրենց ականջներին հաճելի բաներ են ցանկանում լսել, թեպետ Աստծո կողմից մարդու ներսում հաստատած դեսպանը՝ խիղճը, ուրիշ բան է վկայում: Բուն Տանտերը` Աստված, արտաքսված է, եւ Նրա տեղը սատանան է բազմել ու կորստյան է մատնում…
Սակայն Աստված գոյություն ունենալուց չի դադարում, եւ եթե մարդը չի ընդունում Արարչին, նրա համար է մեռած, սակայն հավերժ կենդանի Աստծո ծրագրերը չեն խափանվում: Ամենաանհավատ մարդն անգամ չի կարող խուսափել պատասխանատվությունից: Ոչ մեկը իր գործած ծածուկ, թե՛ հայտնի մեղքերից չպիտի կարողանա խուսափել կամ դրանք ուրանալ, երբ Աստծո արդար դատաստանի առջեւ կանգնի…
Տերը Հովհանես առաքյալի միջոցով մեզ ասում է.«Ահա շուտով գալիս եմ, եւ իմ վարձքը ինձ հետ է».- տեսիլքն ու վկայությունը տված է, որպիսզի ամեն ոք իմանա թե վերջին լուրջ օրերի մեջ ենք ապրում, եթե նկատի առնենք ներկա դարի գաղափարական պայքարը, ընկերային հեղաշրջումները, երկրների ալեկոծությունները, արեւելքի եւ արեւմուտքի հակամարտությունը, սոդոմիզմի մեջ թաղված Եվրոպական Միությունը, համայն աշխարհի բարոյական անկումն ու ապականությունները, անհավատության ծավալումը եւ ամեն տեղ մոլորեցնող սուտ վարդապետությունները, մահացու մեղքերը որպես պետական օրենքներ ընդունելը, որոնք Ավետարանի ճշմարտությունները խաթարողներ են եւ Քրիստոսին ուրացողներ… Այս ամեն տեսակ երեւույթները մեծ պատուհասների պատճառ են դառնում աշխարհի եւ ժողովուրդների համար, որոնց եւ մենք ամեն օր ականջալուր ենք լինում: Այս ամենը որպես իրականություն մեր աչքի առջեւ են եւ Քրիստոսի Գալստյան հստակ նախանշաններն են. «Ահա գալիս Եմ շուտով, եւ Ինձ հետ են Իմ վարձերը, որպեսզի հատուցեմ յուրաքանչյուրին ըստ իր գործերի: Ես Եմ Ալֆան եւ Օմեգան, Սկիզբը եւ Վախճանը, Առաջինը եւ Վերջինը:
Երանելի՜ են նրանք, որ պահում են նրա պատվիրանները: Նրանք իրավունք ունեն ուտելու Կենաց ծառից եւ մտնելու քաղաքի դռներով: Իսկ շներն ու կախարդները, մարդասպաններն ու կռապաշտները եւ բոլոր նրանք, որ սիրում են սուտը, դուրս պիտի նետվեն» Հայտ. 22;12-13

Աղբյուր՝ «Սյունյաց Կանթեղ» ամսաթերթ N 68

Հեղինակ՝Տեր Ահարոն քհն. Մելքումյան