Ինչ է նշանակում թեմ, վիճակ, առաջնորդություն

 Թեմ, վիճակ, եպիսկոպոսություն, առաջնորդություն, Հայաստանյայց առաքելական եկեղեցու հոգևոր վարչատարածքային միավոր: IV–V դդ. Հայ եկեղեցու հոգևոր-վարչական սահմանները հիմնականում համապատասխանել են Հայաստանի վարչաքաղաքական սահմաններին: Թերի առաջին տարատեսակները Հայաստանում ձևավորվել են վաղ քրիստոնեական Համայնքների (ծխերի) հիման վրա:

 IV դ. սկզբին Գրիգոր Ա Լուսավորիչը Հայաստանի գավառներում և նահանգներում հիմնել է առաջին Թեմերը՝ որպես եպիսկոպոսություններ, տեսչություններ, հովվություններ և վերակացություններ, դրանց գլուխ կարգել առաջնորդների, որոնք կոչվել են, համապատասխանաբար՝ եպիսկոպոս, տեսուչ, հովիվ, վերակացու: Թեմ անվանումն առաջացել է VII դ., Բյուզանդական կայսրության արևելյան նահանգների վարչական միավորների՝ Թեմերի անունից:

 Հայ եկեղեցու վարչական միավորների բոլոր տարատեսակները կոչվել են Թեմեր (չնայած ունեցել են տարբեր տարածք և ազդեցություն): Գլխավորել են Հայոց կաթողիկոսի կոնդակով նշանակված արքեպիսկոպոսները կամ եպիսկոպոսները՝ տեղերում տնօրինելով հոգևոր, կրթական, մշակութային, անգամ հասարակական, իրավաքաղաքական խնդիրներ:

  X դ. Հայոց կաթողիկոսությանը ենթակա Թեմեր գործել են նաև Հայաստանից դուրս: Խաչիկ Ա Արշարունի կաթողիկոսը (973–992) եպիսկոպոս. Թեմեր է հաստատել նաև Անտիոք, Տարսոն, Տրայանուպոլիս քաղաքներում: Հայ եկեղեցու վարչական սահմաններն արդեն որոշվել են ոչ թե քաղական, այլ դավանական բաժանումով: Անկախ բնակության վայրից, Հայ եկեղեցուն են ենթարկվել բոլոր հակաքաղկեդոնական հայերը: Թեմերը եղել են ավատական կենտրոններ և սոց-քաղական մեծ ուժ ներկայացրել: Թեմերը կրել է այն երկրամասի կամ բնակավայրի անունը, որտեղ գտնվել է թեմակալ առաջնորդի աթոռանիստը: Բացի Սյունյաց Թեմից, որը ճանաչվել է որպես մետրոպոլիտություն, Հայոց բոլոր Թեմերը եպիսկոպոսություններ են եղել:

 Ուշ միջնադարում պատմաքաղաքական հանգամանքների բերումով որոշ Թեմեր վերացել են, մյուսների տրոհմամբ կամ միավորմամբ ստեղծվել են նորերը: Մեծ Թեմերը տրոհվել են, աստիճանաբար նոր տարածք և ազդեցություն ձեռք բերել և վերածվել ինքնուրույն եկեղեցավարչական միավորների: Ըստ այդմ՝ Հայ եկեղեցում առաջացել են Թեմերի նոր տարատեսակներ՝ եպիսկոպոսական, տեսչական և վանական, եպիսկոպոսական թեմական տեսչություններ, եպիսկոպոսական վիճակ, վիճակ և տեսչական վիճակ, առաջնորդություն, պատվիրակ-առաջնորդություն, առաջնորդական փոխանորդություն, տեսչություն, վիճակային և վանական տեսչություն, փոխանորդություն, վիճակավոր հովվություն և հովվություն:
XIX դ. Կեսին արդեն սրանց մեծ մասը ստացել է «առաջնորդություն» ընդհանուր անվանումը, որը նախկինում հատուկ էր միայն վանահայրերին՝ վանքերի առաջնորդներին: XIX դ. 2-րդ կեսից Թեմերի այս տարատեսակներից առավել խոշորներում (թեմ, տեսչություն, վիճակ) ստեղծվել են հոգևոր և աշխարհիկ անդամներից կազմված թեմական և հոգևոր խորհուրդներ՝ առաջնորդի գլխավորությամբ: Թեմերի կազմավորումն ընթացել է 1860-ի Ազգային սահմանադրության սկզբունքներով: Թեմի կառավարումը կենտրոնացած է առաջնորդի ձեռքում, որին ընտրում է թեմական ներկայացուցչական ժողովը կամ նշանակում Գերագույն հոգևոր իշխանությունը:
Թեմի տարածքում առաջնորդն իրավասու է (եթե եպիսկոպոս է) քահանայական ձեռնադրություններ կատարել, տնօրինել եկեղեցու դատական հարցերը, վճռել ամուսնության և ամուսնալուծության խնդիրները, մշակութ-կրթական գործունեություն ծավալել, թեմական ժողով հրավիրել և այլն:

 Թեմի կառավարումն իրականացնելու նպատակով առաջնորդը կարող էր օգնական կամ փոխանորդ նշանակել, որոնք հաճախ գավառներում, գյուղերում կատարել են նաև թեմական վերահսկիչի դեր (անցյալում կոչվել են քորեպիսկոպոսներ): Հայ եկեղեցու թեմական առաջնորդներ կարող են լինել ոչ միայն եպիսկոպոսները, այլև ծայրագույն վարդապետներն ու վարդապետները, որոնք լիակատար իրավասությամբ կրում են առաջնորդի պաշտոնը: Տարբեր ժամանակաշրջաններում փոխվել են Հայ եկեղեցու թեմերի քանակը, անվանումը, առաջնորդանիստ կենտրոնը: Թեմերն ունեցել են կառավարման անկախ կամ կիսանկախ վիճակ:
Ներկայումս Հայաստանյայց առաքելական եկեղեցին Թեմեր ունի ոչ միայն Հայաստանի տարածքում, այլև սփյուռք ահայ համայնքներում: Թեմեր ունի նաև Հայ եկեղեցու Կիլիկիո աթոռը 1996-ի թեմական բաժանմամբ Հայ եկեղեցում ստեղծվել է վարչատարածքային նոր դրություն:
2001թ.  Հայաստանի Հանրապետության տարածքում գործում են.
Արարատյան հայրապետական,
Շիրակի,
Արմավիրի,
Գեղարքունիքի,
Սյունյաց,
Արագածոտնի,
Գուգարքի,
Կոտայքի Թեմերը,
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում՝ Արցախի Թեմ: Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործում են
Վրաստանի,
Նոր Նախիջևանի և Ռուսաստանի,
Հարավային Ռուսաստանի,
Ուկրաինայի,
Ատրպատականի,
Թեհրանի,
Սպահանի,
Եգիպտոսի (ընդգրկում է Եթովպիայի և Սուդանի հոգևոր հովվությունները, Հարավային Աֆրիկայի ծուխը),
ԱՄՆ-ի Արևելյան,
ԱՄՆ-ի Արևմտյան,
Արգենտինայի,
Բրազիլիայի,
Ուրուգվայի,
Կանադայի,
Իրաքի,
Ավստրալիայի և Նոր Զելանդիայի,
Անգլիայի,
Հունաստանի,
Ռումինիայի,
Բուլղարիայի,
Գերմանիայի,
Շվեյցարիայի Թեմերը,
Արևմտյան Եվրոպայի հայրապետ. պատվիրակությունը (ընդգրկում է Փարիզի, Մարսելի, Լիոնի շրջանները,
Հոլանդիայի,
Բելգիայի,
Իտալիայի հոգևոր հովվությունները, Ալբանիայի համայնքը),
Կենտրոնական Եվրոպայի հայրապետ. պատվիրակությունը (ընդգրկում է Ավստրիայի և Շվեդիայի հոգևոր հովվությունները, Նորվեգիայի, Ֆինլանդիայի և Դանիայի համայնքները), Հնդկաստանի և Ծայրագույն Արևելքի հայրապետություն պատվիրակությունը (ընդգրկում է Կալկաթայի հոգևոր հովվությունը, Ծայրագույն Արևելքի հայ համայնքները):

Աղբյուր՝ Ք.Հ. հանրագիտարան