ԶԳՈՒՇԱՑԻ՜Ր ԱՂԱՆԴԻՑ Թեոսոֆիա

 Թեոսոֆիա բառը ստուգաբանվում է որպես «աստվածային իմաստություն», «աստվածճանաչողություն»: Թեոսոֆները վերամարմնավորման (ռեինկարնացիայի) գաղափարի մեջ դնում են յուրահատուկ իմաստ: Թեոսոֆիան XIX դարի երկրորդ կեսի ծնունդ է, երբ թափ էր հավաքում տեխնիկայի և գիտության առաջընթացը, հաղթանակած կապիտալիզմն ընդհանուր լավատեսություն էր առաջացնում. գիտությունը շուտով ամեն բան կհաղթահարի և ամեն ինչ լավ կլինի: Չարլզ Դարվինի բարեշրջման (էվոլյուցիայի) գաղափարներն այն ժամանակ չափազանց տարածված էին: Ժամանակի ոգու համար ընդունելի էր դարվինյան բարեշրջումը. ամեն ինչ բնաշրջվում է, զարգանում է դեպի լավը՝ ինֆուզորիան դառնում է ծառ, ծառը՝ թռչուն, թռչունը՝ կապիկ, իսկ կապիկն էլ մարդու է վերածվում… Մեկ խոսքով՝ ամեն ինչ ավելի ցածր աստիճանից առաջ էր ընթանում դեպի ավելի կատարյալը: Թեոսոֆները ևս յուրացրեցին այն և իրենց հոգևոր ուսմունքին տվեցին բարեշրջական (էվոլյուցիոն) իմաստ: Վերամարմնավորման գաղափարը վերածվեց բարեշրջման գաղափարի՝ անվերջ պտտվող անիվն վերջացավ, նրա փոխարեն եկավ աստիճանը, բայց՝ ոչ թե աստվածաշնչյան Հակոբի աստիճանը, որով հրեշտակներն էին բարձրանում և իջնում: Այն ավելի շատ հիշեցնում է վաստակների, ձեռքբերումների կուտակման բանկային աստիճանը, որի շնորհիվ յուրաքանչյուր մարմնավորման ժամանակ մարդը քայլ է անում դեպի վեր: Կարծես տեղում պտտվող մղձավանջային անիվին փոխարինում է առաջընթաց շարժում դեպի վեր: Այսպիսով լիբերալ շուկայական կապիտալիզմի փորձառությունը մուտք է գործում կրոնական կյանք, կապիտալիզմն իր շարժառիթներն ու իդեալները ամրագրում է կրոնական բարձր ոլորտում: Վաստակներ կուտակելով, կատարում ենք բարի գործեր, այդպիսով կուտակում ենք բարի կարմա և հաջորդ մարմնավորմամբ հայտնվում ենք բավական շահավետ պայմաններում: Այլ խոսքերով՝ կյանքի ընթացքում մարդը կարող է շահավետ ներդրումներ կատարել, իսկ հաջորդ կյանքերում տոկոսներ ստանալ այդ կապիտալից: Կարման այլևս բեռ կամ շղթա չէ, այն վերածվում է կապիտալի ներդրման հաճելի փորձի՝ հետագայում առավելագույն չափով բարձր տոկոս ստանալու ակնկալիքով: Այսպիսով, կրոնը վերածվում է կրոնական բանկային համակարգի: Արժան է այստեղ հիշել, որ հոգևորը նյութականացնելու և նյութականը «հոգեղինացնելու» առաջին փաստական քայլերն արեցին բողոքականության հայրերը, որոնցից Կալվինին է պատկանում այն միտքը, թե մահվանից հետո մարդու համար նախատեսված վիճակը կարելի է կանխորոշել ելնելով նրանից, թե երկրային կյանքում ինչպես է դասավորվել նրա կյանքը, որքան է նրան հաջողվել առաջադիմել:
Ավելին, թեոսոֆիան ակնհայտորեն հակաքրիստոնեական ուսմունք է: Թեոսոֆուհի Ե. Բլավացկայայի գրքերը, որոք համառորեն հորդորում է ընթերցել Ելենա Ռերիխը, հագեցած է քրիստոնեության նկատմամբ ատելությամբ:
Դարվինի բարեշրջման տեսության համեմատությամμ այստեղ կա մի ուշագրավ պահ. Դարվինի մոտ բարեշրջումը կատարվում է ձեռք բերովի հատկությունների կուտակման շնորհիվ. կենդա-նին ընտելանալով պայմաններին, սովորում է որևէ μան ավելի լավ կատարել. նրա սերունդն արդեն տարբերվում է մյուսներից: Դրա շնորհիվ, մի քանի հազարամյակի ընթացքում տեղի է ունենում զարգացում՝ անցում մեկ տեսակից մյուսին: XIX դարի վերջում մարդիկ սկսեցին հասկանալ սույն տեսության թերությունը: Այսպես օրինակ՝ եթե մեկը չինարեն սովորի, ապա դա բոլորովին էլ չի նշանակում, որ նրա երեխաները կիմանան չինարեն, կամ էլ նրանց համար ավելի դյուրին կդառնա այն սովորելը: Այսինքն, գլխի ընկան, որ ձեռք բերովի հատկությունները ժառանգաբար չեն փոխանցվում, մի բան, որ խանգարում էր վերոնշյալ գործընթացին: Բայց այս խոչընդոտը վերացրեց Աննի Բեզանտը՝ Բլավացկայայի աշակերտուհին, առաջարկելով մի նոր տեսություն, այն է՝ թեև ձեռք բերովի հատկությունները չեն փոխանցվում ժառանգաբար, բայց փոխանցվում են հաջորդ վերամարմնավորմանը: Այդ հատկությունները ժառանգվում են հետևյալ կերպ. եթե մարդը չինարեն գիտի, ապա հաջորդ մարմնավորման ժամանակ նա գուցե չինական կայսր դառնա: Ահա այսպիսին է առաջադիմական ուրվագիծը՝ ոչ թե կենսաբանական բարեշրջում, այլ վերամամրմնավորման բարեշրջում, որը տեղի է ունենում հոգիների վերամարմնավորման միջոցով: Վերամարմնավորման այսպիսի ընկալումը, ըստ էության, ընկած է բոլոր օկուլտային համակարգերի հիմքում: Դա ոչ թե արևելյան հոռետեսական, բազմաչարչար վերամարմնավորման գաղափարն է, որն առկա է բուդիզմի կամ հինդուիզմի մեջ, այլ՝ արևմտյան շուկայական կապիտալիստական համակարգ: Եվ այսպես, մեզ առաջարկվում է կրոնների գեղեցիկ, խաղաղասեր և հանդուրժող մի համադրություն: Բայց որքանո՞վ է այն ընդունելի ազնիվ, անկանխակալ հավատացյալի համար: Չէ՞ որ կեղծիք է այն միտքը, թե բոլոր կրոնները տարբերվում են մանրուքներում և միանման են գլխավորում: Կրոնները կարող են համընկնել մանրուքներում, բայց գլխավորում սկզբունքորեն տարբերվում են: Ի վերջո, բոլոր գոյություն ունեցող կրոնները ընդհանրացնելու ձգտումը հանգեցնում է լոկ ևս մեկ աղանդի ստեղծմանը: «Համաշխարհային սինկրետիկ կրոնի» ստեղծման ցանկացած փորձ այլ բան չէ, քան հակաքրիստոնեական նախաձեռնություն: «Ինչպես կրոնական մտքի բազմահազարամյա պատմությունն է ցույց տալիս, աշխարհի բոլոր կրոնները արհեստականորեն «միավորելու» փորձերը հանգեցրել են լոկ հետագա բաժանումների և առանձնացման: Եվ պատահական չէ, որ XXդ. ամենաչարաղետ տոտալիտար աղանդների հիմնադիրները՝ սկսած Լենինից ու Հիտլերից և վերջացրած Մունով ու Ռաջնելով, հայտարարում էին, որ իրենց վերջապես հաջողվել է գտնել համընդհանուր միավորման մոգական բանաձևը»,- գրում է Ալեքսանդր Դվորկինը: Բացի այս, քրիստոնեություն դավանող յուրաքանչյուր մարդ գիտի, որ այն Քրիստոսի էության ամբողջությունն է ներկայացնում, որը կարիք չունի և ոչ մի լրացման, ավելին՝ քրիստոնեությունը լրացնելու յուրաքանչյուր փորձ կարող է միայն խեղաթյուրել այն: Ցանկացած կրոնական կամ «մշակութաբանական» խումբ, որը հայտարարում է, թե ինքն իբր գտել է բոլոր համաշխարհային պաշտամունքների սինթեզման, քրիստոնեությունը որևէ արևելյան կամ «էզոթերիկ» պաշտամունքի հետ միավորելու ուղին, ապա դա ոչ թե «բոլորին հաշտեցնող ուսմունք» է, այլ մի հերթական աղանդ, որը փորձում է քրիստոնեության նկատմամբ համակրանք դրսևորելու քողի ներքո այս կամ այն կեղծարևելյան պաշտամունքը հաստատել:
Էզոթերիկ ուսմունքներից մեկի՝ թեոսոֆիայի հեղինակն է Ելենա Բլավացկայան, որն իր ուսմունքում միավորել է թե՜ գիտական և թե՜ արտագիտական (ինտուիտիվ, պարագիտական) տարրերը: Նրան ժամանակակից և հետագա շրջանի բազմաթիվ գիտնականներ, աստվածաբաններ փիլիսոփաներ ընդգծել են Բլավացկայայի ուսմունքի մակերեսայնությունը, չհամակարգված լինելը, թույլ հիմնավորված բնույթը, այն, որ վերջինս իրենից ներկայացնում է բուդիզմը ժամանակակից եվրոպական քաղաքակրթությանը հարմարեցնելու մի փորձ, որ դրանում առկա «գաղտնիքը» լոկ քող է ծածկելու համար գիտության ու կրթության պակասը: Այն բուդիզմի ու այլ արևելյան ուսմունքների, օկուլտիզմի, սպիրիտիզմի, հիպնոսի, գնոստիցիզմի ու այլափառ (աղանդավորված) քրիստոնեության տարրերի էկլեկտիկ միասնությունն է: Կյանքի վերջին շրջանում Մադամն սկսել էր հասարակությանը զանազան հրաշքներ ցուցադրել, որից հետո Անգլիայում Բլավացկայան հայտարարվեց խաբեբա և հոգեբանորեն աննորմալ:
Բլավացկայայի հետևորդները կազմավորեցին թեոսոֆիական ընկերությունը: Համաձայն թեոսոֆիական տեսակետի, աշխարհը ստեղծվել է նախասկզբնական եթերից, որը փոփոխելով իր խտությունը, ծնունդ է տվել Տիեզերքին: Սկզբում ձևավորվել են ատոմները և դրանց անթիվ միացությունները, հետո՝ մատերիայի կոնկրետ ձևերը, հետո մարդկային հոգիները (ՊցՔՌ): Ըստ այդմ, մարդկությունը հայտնվել է կենդանի էակների էվոլյուցիայի հետևանքով (ռասաների հաջորդական փոխարինմամբ): Առաջին ռասան՝ ամորֆ էակներն են եղել, հետո մյուսները՝ կապկանման էակները, հետո՝ «մարդկության աստվածային ուսուցիչները», «ատլանտյան ռասան», «արիական ռասան» (հինգերորդը, որ առկա է այսօր): Առջևում վեցերորդ և յոթերորդ ռասաներն են, որոնք կազմված են լինելու Բուդային նման կատարյալ մարդկանցից: Մարդը, համաձայն թեոսոֆիայի, կազմված է մի քանի սկիզբերից. ֆիզիկական մարմնից, հոգուց (ՊցՔՈ) (եթերային մարմնից), և աստրալ մարմնից (լատ.՝ astrum աստղեր): Աստրալ մարմինը ղեկավարվում է «չակրաների»՝ կենսահոգեբանական էներգիայի խտացումների (թանձանյութի), կողմից: Մարդու միտքը նույնպես մատերիա է՝ մենթալ (լատ.՝ mentalus— մտավոր, ոգեղեն, [ՊցւՏՉվօռ]): Մարդկային «ես»-ը մարմնական էությունից կարող է աճել մինչև աստվածային բարձունքներ:
Թեոսոֆիական ընկերությունն առաջ էր քաշել հետևյալ ծրագիրը. ա/ անկախ սեռական, ազգային և կրոնական խտրականությունից, կազմակերպել համամարդկային եղբայրություն, բ/ ուսումնասիրել բոլոր փիլիսոփայական և կրոնական ուսմունքները, հատկապես Հին Արևելքի, գ/ ուսումնասիրել բնության գաղտնի և անμացատրելի երևույթները և զարգացնել մարդու գերզգացական ուժերը: