Եփեսոսի գ տիեզերական ժողով 431 թ.

 ԵՓԵՍՈՍԻ Գ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԺՈՂՈՎ 431, գումարվել է հունիսի 22-ին, Հոգեգալստյան տոնի օրը, բյուզանդական Թեոդոսիոս II Փոքր կայսրի հրամանով: Մասնակցել է 200 եպիսկոպոս: Առիթը Կ. Պոլսի պատրիարք Նեստորի (428–431) վարդապետությունն էր և Քրիստոսի մարդկային ու աստվածային բնությունների շուրջ դավանական վեճը, որ եկեղեցու պատմության մեջ մտել է «Քրիստոսաբանական մեծ վեճ» անունով: Վեճին սկիզբ էին դրել Ալեքսանդրիայի աստվածաբանական դպրոցի ներկայացուցիչ, Ալեքսանդրիայի պատրիարք Կյուրեղ Ալեքսանդրացին և Անտիոքի աստվածաբանական դպրոցի ներկայացուցիչ, Կ. Պոլսի պատրիարք Նեստորը:

 430-ին երկու կողմերը դիմել են Հռոմին, նույն թվականին Հռոմում գումարված ժողովում Կղեստիանոս պապն իբրև Կյուրեղ Ալեքսանդրացու կողմնակից սպառնացել է բանադրել Նեստորին: Դրանից հետո Կյուրեղ Ալեքսանդրացին Ալեքսանդրիայում ժողով է գումարել, դատապարտել Նեստորին և ժողովի որոշումին կցել իր 12 նշանավոր նզովքները: Դրանց ի պատասխան Նեստորը հրապարակել է իր 12 հականզովքները: Նեստորի կողմն են անցել Անտիոքի պատրիարք Հովհաննես Անտիոքացին, Սամոսատի Անդրեաս և Կյուրոսի Թեոդորետ եպիսկոպոսները:

 Հայտնի է Թեոդորետ եպիսկոպոսի հակակյուրեղյան նամակը: Ալեքսանդրիայի դեմ ոտքի է կանգնել ողջ Անտիոքի դպրոցը: Հակամարտությունը գնալով բորբոքվել է, և բյուզանդական կայսրը հրավիրել է տիեզերական ժողով՝ հարթելու համար Ընդհանրական եկեղեցու ներսում ծագած վեճերը: Կյուրեղ Ալեքսանդրացին, որի կողմն էր անցել Եփեսոսի Մեմնոն եպիսկոպոսը, չսպասելով Հռոմի և Ասորիքի եպիսկոպոսների ժամանելուն, բացել է ժողովը, բանադրել Նեստորին և նրա կողմնակիցներին՝ որպես «հայհոյիչ Որդւոյն Աստուծոյ Յիսուսի Քրիստոսի և սուրբ Աստուածածին Մարիմայ»: Մի քանի օր անց, հունիսի 26-ին, տեղ է հասել Հովհաննես Անտիոքացին Ասորիքի 34 եպիսկոպոսների հետ միասին, տեղի ունեցած ժողովը հայտարարել է անօրինական, գումարել առանձին ժողով, դատապարտել Կյուրեղ Ալեքսանդրացուն ու Մեմնոնին և իր որոշումն ուղարկել Թեոդոսիոս II կայսրին: Կայսրը մի թղթով ընդունել է երկու ժողովների վճիռներն էլ և աթոռներից զրկել և՜ Նեստորին, և՜ Կյուրեղին, ինչպես նաև՝ Եփեսոսի եպիսկոպոս Մեմնոնին: Սակայն Կյուրեղի կողմնակիցները, չհամաձայնելով այդ որոշման հետ և վստահ իրենց հաղթանակին, ստիպել են կայսրին վերանայել իր վճիռը: Կայսրի վերջնական որոշման վրա ազդել է Կյուրեղի կողմնակիցների հզորությունը, նաև այն, որ Հռոմն այդ ժամանակ կողմ էր Կյուրեղ Ալեքսանդրացուն և հանձնարարել էր բանադրել Նեստորին: Թեոդոսիոս II-ը ի վերջո ընդունել է Կյուրեղ Ալեքսանդրացու նախագահած ժողովի որոշումները, այն հռչակել է տիեզերական, աքսորել Նեստորին, իսկ Կյուրեղին և Մեմնոնին կրկին բազմեցրել իրենց աթոռներին:
Եփեսոսի գ տիեզերական ժողովը Հավատո նոր հանգանակ չի հաստատել, այլ հավանություն է տվել Կյուրեղ Ալեքսանդրացու նզովքներին՝ որպես հավատքի սահման և ուղղափառ դավանություն: Ժողովի որոշումներն ընդհանրապես անտիոքյան աստվածաբանության մերժումն էին, քան սոսկ Նեստորի վարդապետության դատապարտում: Քրիստոս Որդին Աստված է ըստ բնության, թեև եղավ մարդ (մարդացյալ Աստված), և նրանում գործում են միավորված երկու բնությունները: Քրիստոսի աստվածային և մարդկային բնությունները գոյություն չունեն առանձին-առանձին, այլ միավորված են Աստծո Բանին, անշփոթ, անխառն, անփոփոխ և անայլայլելի ձևով: Ոչ թե երկու որդի և երկու Քրիստոս, մեկը՝ շնորհիվ որդեգրության՝ Աստված, ճշմարիտ և երկրպագելի (աստվածացած մարդ), մյուսը՝ ծնունդով մարդ, ոչ երկըրպագելի, ոչ թե երկու առանձին, իրարից անջատ բնություններ (Նեստոր), այլ՝ Աստվածամարդ՝ բնությունների անշփոթ և անբաժանելի միավորությամբ. մի Տեր, մի Հիսուս, մի դեմք և միացյալ աստվածամարդկային բնություն (ընդդեմ Նեստորի): Ս. Կույս Մարիամն Աստվածածին է և ոչ թե սոսկ մարդածին ու Քրիստոսածին (հակառակ Նեստորի), քանզի նա ոչ թե սկզբնավորեց Աստվածազգեստ մարդու, այլ՝ ծնեց Մարմնացյալ Բանին, այսինքն՝ մարդու կերպարանք տվեց հավիտենությունից առաջ ծնված Աստծո Որդուն՝ Հիսուսին (Կյուրեղ-եփեսոսյան դավանություն): Ժողովն ընդունել է 6 կանոն՝ բոլորն ուղղված Նեստորի և նրա համախոհների դեմ: Կանոններն արգելել են որևէ մի հոգևորականի հաղորդություն ունենալ նրանց հետ կամ քարոզել նեստորականների գրվածքներ, հակառակ դեպքում օրինազանցներին սպառնում էր աստիճանազրկում և եկեղեցուց արտաքսում:
Հայ եկեղեցին չի մասնակցել Եփեսոսի գ տիեզերական ժողովին, սակայն նախորդ երկու տիեզերական ժողովների հետ միասին ընդունել է նրա տիեզերական հեղինակությունը: Կորյունի, Մովսես Խորենացու վկայությամբ, Հայոց Սահակ Ա Պարթև կաթողիկոսը և Մեսրոպ Մաշտոցը 435-ին, Աշտիշատի ժողովում ընդունել են Եփեսոսի գ տիեզերական ժողովի 6 կանոններն ու որոշումները, որոնք Եփեսոսից բերել էին Սահակ Ա Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի աշակերտները՝ Աստվածաշնչի հայերեն թարգմանության օրինակի հետ միասին:
Հայ եկեղեցին Եփեսոսի գ տիեզերական ժողովի և 200 հայրապետների հիշատակը տոնում է Վարդավառի հինգերորդ կիրակիին նախորդող շաբաթ օրը կամ Վարդավառին հաջորդող առաջին շաբաթ օրը՝ օգոստոս ամսին:

Աղբյուր՝ Ք.Հ. հանրագիտարան