Երեխաների (չմկրտվածների) Պատարագ (Կատարում)

 Պատարագիչն արդեն բեմ է բարձրացել և Սուրբ Սեղանի առջև է։ Սարկավագի «0րհնյա Տեր»-ին պատարագիչը պատասխանում է.
«0րհնեալ Թագավորությունն Հօր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ, այժմ և միշտ և յավիտեանս յավիտենից, ամէն»։ Այս պահին սկիզբ է առնում Սուրբ Պատարագի առաջին մասը, որը կոչվում է Երեխաների Պատարագ, որը սկսվում է Աստծո թագավորության հռչակմամբ։
* * *
Ամեն հավատացյալ իրեն Աստծո թագավորության անդամ պիտի զգա, ինչպես մեր Տերն էլ էր իր առաքելության սկզբում հայտարարել, թե՝ «Երկնքի թագավորությունը մոտեցել է» (Մատթեոս Դ 17, Մարկոս Ա 15)։ Իր առաքյալներին էլ էր նա պատվիրել, որ իրենց քարոզների մեջ հայտարարեն, թե երկնքի թագավորությունը մոտեցել է (Մատթեոս Ժ 7, Ղուկաս Ժ 9)։ Տերունական աղոթքի մեջ նույնպես միշտ խնդրումենք երկնային Հորից, որ Իր թագավորությունը հաստատի (Մատթեոս Զ 10, Ղուկաս ԺԱ 2)։
Ի՞նչ է Աստծո թագավորությունը. Անշուշտ, հարց է առաջանում։ Ադամական մեղքով մարդկությունը կորցրել էր Աստծո երկնային թագավորությունը և դարեր շարունակ ցանկացել այն վերահաստատել։ Աստված, Իսրայելի ժողովրդին Եգիպտոսից՝ գերության երկրից ազատագրելուց հետո, Մովսեսի ձեռքով Աստծո թագավորության նախատիպարը հաստատել էր նրանց մեջ, որի թագավորն Աստված էր, իսկ նրա ներկայացուցիչները երկրի վրա Աստծուց ընտրված մարդիկ էին։ Այսպես, այդ ընտրյալնեի շարքն սկսվեց Մովսեսից, ապա շարունակեցին Հեսուն, դատավորները և տևեց մինչև Սամուել մարգարեն։ Սակայն Սամուելի որդիների դատավարության շրջանում հրեա ժողովուրդը մյուս ազգերի նման թագավոր ունենալ ուզեց, որով վերջ պիտի գտներ կրոնական դրությամբ հաստատված թագավորությունը։ Դրանով միևնույն ժամանակ մերժվում էր Աստծո թագավորությունը (Ա Թագավորաց Ը 7)։
«Տերն ասաց Սամուելին. «Նրանք քեզ չեն մերժում, այլ ինձ են մերժում, որպեսզի նրանց վրա չթագավորեմ»։ Այս կրոնական թագավորության շնորհիվ էր Աստծուց ընտրված Մովսես մարգարեն հրեա ժողովրդին հրաշքներով ազատագրել Եգիպտոսից՝ գերության երկրից։ Քառասուն տարի անապատում նրանց կերակրել էր մանանայով ու լորամարգիներով, հրաշքով ժայռից ջուր էր բխեցրել, որպեսզի խմեն և միշտ հավատան Աստծուն։ Մի խոսքով՝ Իսրայելի ժողովուրդը Աստծո թագավորության սուրբ ազգն էր (Ելից ԺԹ 6)։ Իբրև Աստծո թագավորության ժողովուրդ՝ նրանք գրավեցին Ավետյաց երկիրը, որտեղ և հաստատվեցին։ Սակայն, երբ հրեա ժողովուրդն աշխարհիկ թագավոր ունենար, շատ ծանր պարտականությունների տակ պիտի ընկներ՝ թագավորը ժողովրդի հողերը պիտի գրավեր, տուրքեր պիտի դներ, ժողովրդի կտրիճ երիտասարդներին իր բանակին պիտի զինվորագրեր, գեղեցիկ կանանց արքունի գործերին պիտի լծեր, ժողովրդի գանձերն իր պալատում պիտի հավաքեր և վերջապես՝ ամբողջ ժողովուրդը թագավորին ծառա պիտի լիներ։
Այս ամենը Աստծո մարդը՝ Սամուել մարգարեն, բացատրել ու զգուշացրել էր նրանց։ Բայց նրա հորդորներն ապարդյուն էին, քանի որ ժողովուրդը, մարգարեին լսել չցանկանալով, ասաց. «Ոչ, անպայման թող մեկը թագավորի մեր վրա» (Ա Թագավորաց Ը 19)։
Այսպես, աշխարհիկ իմաստով թագավորությունը հաստատվեց հանձին Սավուղի և ապա փոխանցվեց Դավիթ թագավորին, որի հարստությունը (Dynastie) տևեց մինչև Բաբելոնի գերությունը (586 Ն.Ք.)։ Դրանից հետո միշտ երազվեց նոր թագավոր կամ Մեսիա, որ մարգարեների և սաղմոսերգուի ներշնչման և կանխատեսության նյութը պիտի դառնար (Եսայի, Երեմիա, Եզեկիել, Դանիել, 0վսե, Միքիա, Զաքարիա, Մաղաքիա և այլն)։ Վերջապես այդ խոստացված թագավորությունն իրականացավ հանձին Հիսուս Քրիստոսի։
Ուրեմն՝ Քրիստոսն այդ կրոնական թագավորությունը հաստատել էր «երկնքի թագավորություն» անվան տակ։ Սակայն Քրիստոսի թագավորությունը աշխարհիկ թագավորության հակապատկերն է, ինչպես հաճախ Քրիստոսը հիշեցրել էր իր հետևորդներին՝ ասելով. «Ազգերի թագավորները, որոնք տիրում են ժողովրդին, բարերար են կոչվում։ Բայց դուք այդպես չպիտի լինեք, այլ նա, ով մեծ է ձեր մեջ, փոքրիպես թող լինի, և առաջնորդը՝ սպասավորի պես» (Ղուկաս ԻԲ 25-26)։ Մեկ այլ առիթով ասել էր. «Եթե մեկն ուզում է առաջինը լինել, բոլորից հետինը և բոլորի սպասավորը պիտի լինի» (Մարկոս Թ 34, Մատթեոս Ի 26)։
Եվ սույն թագավորության ժառանգորդները այս աշխարհում չարչարանքների բաժակից պիտի խմեն, որպեսզի արժանի լինեն դրան։
«Կարո՞ղ եք խմել այն գավաթը, որը ես եմ խմելու» (Մարկոս Ժ 38)։ Մեր Տերն այսպես էր պատասխանել Զեբեդյան եղբայրներին, երբ նրանք փափագել էին երկնային թագավորության աջ և ձախ կողմերում նստել։ Այդ թագավորության որդիները հալածանք պիտի կրեն այս աշխարհում (Մատթեոս ԺԶ 24, Հովհաննես ԺԶ 2-3, Բ Տիմոթեոս Գ 12 և այլն)։
Վերջապես, երեք տարի այդ թագավորության մասին խոսելուց և քարոզելուց հետո, Քրիստոսը հաստատեց այն վերջին ընթրիքին, Իր պատարագվելուց առաջ՝ ասելով. «Ես ձեզ թագավորություն եմ կտակում, ինչպես իմ հայրն ինձ թագավորություն կտակեց. որպեսզի դուք իմ սեղանից ուտեք ու խմեք իմ թագավորության մեջ և գահերի վրա նստեք՝ Իբր այելի տասներկու ցեղերին դատելու» (Ղուկաս ԻԲ 29-30)։
Դավթի թագավորության օծումը նույնպես տեղի էր ունեցել ողջակեզի զոհի սեղանի առջև՝ Սամուել մարգարեի ձեռքով (Ա Թագավորաց ԺԶ 1-13)։ Եվ այսպես, այս կտակված թագավորությունը հաստատելու համար, իբրև թագավոր՝ Հիսուսն իր անձը որպես փրկագին պիտի տար այս աշխարհի իշխանին, որը մեղքերով գրավել էր մարդկությանը (Հովհաննես ԺԴ 30)։
Քրիստոսի թագավոր հռչակվելը
Հիսուսը ծնվել էր թագավոր լինելու և երկնքի թագավորությունը հիմնելու համար, ինչպես Ավետմանը Գաբրիել հրեշտակապետը ասել էր Սուրբ Կույսին. «Տեր Աստվածը նրան պիտի տա իր հոր՝ Դավթի աթոռը. և Հակոբի տան վրա հավիտյան պիտի թագավորի, և նրա թագավորությունը վերջ չպետք է ունենա» (Ղուկաս Ա 32-33)։ Իսկ Մատթեոս ավետարանիչը մոգերի բերանով Հիսուսի ծննդյան ժամանակ է հայտնում Քրիստոսի թագավոր լինելը. «Որտե՞ղ է նա, որ ծնվեց իբրև հրեաների թագավոր» (Մատթեոս Բ 2)։ Նա երեք տարի շարունակ քարոզեց այդ թագավորության մասին և անգամ Ուխտ կնքեց վերջին ընթրիքին։ Վերջապես պետք է հռչակվեր և հայտարարվեր իբրև թագավոր։ Դա եղավ Պիղատոս կուսակալի առջև։
Պիղատոսը, հրեաների ամբաստանության հիման վրա, հարցրեց Հիսուսին. «Դո՞ւ ես հրեաների թագավորը»։ «Իմ թագավորությունն այստեղից չէ. եթե իմ թագավորությունն այս աշխարհից լիներ, իմ սպասավորները կմարտնչեին, որպեսզի ես հրեաների ձեռքը չմատնվեմ, բայց, արդ, իմ թագավորությունն այստեղից չէ…։
Բայց ես դրա համար եմ ծնվել և դրա համար եմ աշխարհ եկել, որպեսզի ճշմարտության համար վկայեմ» (Հովհաննես ԺԸ 33-37)։ Ինչպես տեսնում եք, մոտեցել էր պահը, երբ մեր Տերն ինքն իրեն Թագավոր պիտի հռչակեր, որպեսզի իր քարոզած երկնքի թագավորությունը հիմներ այդ ձևով։ Ուրեմն՝ իբրև թագավոր հռչակվելուց հետո Հիսուսը պետք է նաև թագադրվեր։ Այսպես, նախ, իբրև թագավոր, թագի փոխարեն նրան փշե պսակ տվեցին (Մատթեոս ԻԷ 29, Մարկոս ԺԵ 17, Հովհաննես ԺԹ 2, 5)։ Ծիրանի զգեստ ունեցավ։ Գավազանի փոխարեն եղեգ տրվեց նրան։ Փառաբանության «կեցցե»-ի փոխարեն՝ «խաչը հանիր, խաչը հանիր նրան»։ Ձիով և թափորով գնալու փոխարեն խաչի ճանապարհ ունեցավ։ Ժողովրդին ի տես՝ խաչը բարձրացավ։ Իբրև հրովարտակ ունեցավ հետևյալը՝ Հիսուս Նազովրեցի՝ հրեաների թագավոր (Հովհաննես ԺԹ 19)։
Քրիստոսն իբրև թագավոր պետք է մեռներ՝ փաստելու համար, որ իր համար մահը ոչինչ է։ Սրա ապացույցը նրա հրաշափառ հարությունն է, որով հավիտյան պիտի թագավորեր.
«Նրա թագավորությունը վերջ չպիտի ունենա» (Ղուկաս Ա 32)։ Այդ պատճառով էլ Քրիստոսը հաճախակի նախաձայնում էր իր խաչելությամբ մահը, սակայն անմիջապես շեշտելով, թե երրորդ օրը հարություն պիտի առնի (Մատթեոս ԺԶ 21, ԺԷ 22, Ի 17, Մարկոս Ը 31, Թ 10, Ժ 33, Ղուկաս Թ 22, ԺԸ 31, ԻԴ 6-7, Հովհաննես Գ 14, Ը 28, ԺԲ 24-25, 32 և այլն), որ նշանակում է, թե նա իրապես պետք է մեռներ, բայց ոչ մարդկանց հասկացած իմաստով՝ իր կյանքին վախճան տալու համար, ընդհակառակը՝ երրորդ օրը հարություն առնելու համար, որպեսզի իր հիմնած թագավորությունը անվախճան լիներ։
Իբրև անմահ թագավոր՝ պետք է մեռներ նաև այն բանի համար, որ այդ թագավորությունը արդյունաբեր լիներ, ինչպես ցորենի հատիկն է մեռնելուց՝ սերմանվելուց հետո միայն շատ պտղաբեր լինում (Հովհաննես ԺԲ 24)։ Այսպես, հավիտենական թագավորության ժառանգորդների համար նույնպես մահը ոչինչ է։ Անշուշտ այս գաղափարից է ներշնչված Եղիշե պատմիչի պատմական դարձած հետևյալ խոսքը.
«Չգիտակցված մահը մահ է, գիտակցված մահը՝ անմահություն»։ Ահա սա է Քրիստոսի հիմնական թագավորությունը, որն աշխարհիկ հասկացողությամբ վերջացել էր խաչի վրա, իսկ աստվածաբանական հասկացողությամբ՝ հարության արշալույսով էր պսակվել և իր ճառագայթները թափանցել հավիտենականությունից ներս։ Աշխարհիկ իմաստով սա պարզապես հիմարություն է, բայց մեզ համար Աստծո զորությունն է (Ա Կորնթացիս Ա 18) և գերազանցում է աշխարհի բոլոր գիտություններին (Եփեսացիս Գ 19)։ Ահավասիկ, Սուրբ Պատարագի արարողությամբ արքայավայել կերպով Քրիստոսի հիմնած թագավորության դրաման (Drame) ենք կատարում և այդ թագավորության Ուխտն ենք կնքում Քրիստոսով։
* * *
Սարկավագը շատ անգամ կրկնում է՝ «0րհնյա, Տեր»։ Ի՞նչ իմաստ ունի սա։ Արդեն ասացինք, որ պատարագիչ քահանան Քրիստոսի խորհրդանիշն ունի, իսկ սարկավագը իբրև քահանայի և ժողովրդի միջև միջնորդ, «0րհնյա, Տեր» ձայնելով, պատարագիչ քահանային ուզում է ասել՝ Տեր, դու, որ այս պահին Քրիստոսի ներկայությունն ես խորհրդանշում, օրհնիր մեզ և մեր աղոթքները ներկայացրու Աստծո առաջ։ Սարկավագի խնդրանքին իբրև պատասխան՝ պատարագիչն աղոթում է՝ բազուկները տարածած. «Տէր Աստուած մեր, որոյ կարողութիւնդ անքնին է և փառքդ անհասանելի…»։ Այս աղոթքի մեջ նա խնդրում է Աստծուց, որ իր առատ մարդասիրության համեմատ նայի այս ժողովրդին և այս սուրբ տաճարին՝ խնդրելով Նրա առատ ողորմությունը և սրբությունն իր աղոթակիցների վրա։ Այս աղոթքից հետո գալիս է մտավոր պատրաստությունը՝ օրվա Ճաշու Գրքի և ավետարանական հատվածի ընթերցմամբ։ Նախ՝ հավուր պատշաճի սաղմոս և շարական են երգում, քահանան ծածուկ, այսինքն՝ ցածրաձայն, շարունակում է աղոթել՝ խնդրելով Աստծո օրհնությունը, ողորմությունը և զորությունը հավատացյալ և հուսացյալ հոգիների համար։ Երբ դպիրներն արդեն իրենց շարականը վերջացնում են, քահանան Սուրբ Ավետարանը վերցնում և սարկավագին է տալիս, որն այն վերցնելով և պռօսխումէ ասելով՝ ժողովրդի ուշադրությունն է հրավիրում։ Պռօսխումէ հունարեն բառ է, որ նշանակում է լսեք, ուշադրություն դարձրեք։ Այնուհետև Սեղանի հետևից դառնալով՝ վերաբերումն է կատարում և Ճաշու Գիրքը համբուրել է տալիս ընթերցողին։ Այս վերաբերումի ընթացքում ժողովուրդն ու դպիրները երեք անգամ երգում են երեքսրբյան երգը. «Սուրբ Աստված, սուրբ և հզոր, սուրբ և անմահ, որ հարություն առար (կամ խաչվեցիր՝ ըստ տոնի) մեզ համար, ողորմիր մեզ»։
Այս երգն ուղղված է Որդի Աստծուն, որն ուզում է ասել՝ սուրբ, հզոր և անմահ Աստված ես դու ու մարդկության Փրկիչը և այդ իսկ պատճառով մարդացել ես ու ինքդ քեզ խոնարհեցրել, այն էլ՝ մինչև խաչի մահ և այլն (Փիլիպեցիս Բ 8), միշտ մեզ փրկելու համար, այսքան սիրույդ համար ողորմիր մեզ։ Պատարագիչն այդ ընթացքում ծածուկ աղոթում է ժողովրդի կողմից և ժողովրդի համար. «…Ո՜վ Տեր, ընդունիր այս երեքսրբյան օրհնությունը մեղավորներիս բերանից ու պահիր մեզ քո քաղցրությամբ, ներիր մեզ, մեր կամա և ակամա գործած հանցանքները։
Սրբիր մեր հոգիները, մտքերն ու մարմինները և շնորհիր, որ մեր կյանքի բոլոր օրերի մեջ սրբությամբ քեզ պաշտենք։
Բարեխոսությամբ Սրբուհի Աստվածածնի և բոլոր սրբերի, որոնք հավիտենականությունից քեզ բարեհաճ եղան»։ Դրանից հետո սարկավագը ժողովրդին հրավիրում է աշխարհի խաղաղության, ուղղափառ եպիսկոպոսների, մեր հայրապետի (անունը) կյանքի և հոգու փրկության, վարդապետների, քահանաների և հանգուցյալ հոգիների համար աղոթելու։ Յուրաքանչյուրին ժողովուրդը պատասխանում է՝ «Տե՜ր, ողորմիր»։ Պատարագիչը, բարձր ձայնով աղոթելով, ասում է. «Որովհետև ողորմած ու մարդասեր Աստված ես, քեզ վայելում է փառք, իշխանություն և պատիվ… ամեն»։ Հնագույն ժամանակներում պատարագիչը Սեղանին երկրպագություն էր անում և գալիս ու բազմում էր աթոռին. Այս սովորությունն այժմ վերապահված է միայն եպիսկոպոսներին։
Այդ ժամանակ սկսվում էր Ճաշոց Գրքի ընթերցումը. Դասի մեջ ուրիշ եկեղեցական չլինելու դեպքում դպիրներից մեկը գալիս է դասի մեջտեղը և գրակալի վրա դրված Ճաշոց Գրքից հատվածներ է կարդում այդ օրվա հատուկ մարգարեներից և Պողոս առաքյալի ուղերձներից։ Այդ պահին ժողովուրդը նստած լսում է։ Կատարված ընթերցումներով ժողովուրդը բարի խորհուրդներ և խրատներ է լսում, բացի այդ, հիշվում են Քրիստոսով կատարված մարգարեությունները և զանազան վկայություններ., որովհետև, ինչ որ Հին Ուխտում մարգարեները կանխագուշակեցին, առաքյալները ճշմարտապես տեսան ու լսեցին և, հետևաբար, Հիսուսի կյանքի ու խոսքի կենդանի վկաները հանդիսացան։
Այս ընթերցումների ավարտից հետո սարկավագը բարձր ձայնով հրահանգում է՝ օրթի. սա նույնպես հունարեն բառ է՝ ոտքի ելեք, ուղիղ կանգնեք նշանակությամբ։ Պատարագիչը ժողովրդին խաչակնքում է «խաղաղություն ամենեցուն»-ով, իսկ դպիրները պատասխանում են. «Եւ ընդ Հոգւոյդ քում», այսինքն՝ այդ խաղաղությունը թող նաև քո հոգու հետ լինի։ Այնուհետև ավագ սարկավագը Սուրբ Ավետարանից կարդում է օրվա հատվածը, որն ավարտելուց հետո բոլորը միասին երգում են. «Փառք Քեզ, Տէր Աստուած մեր», որի մեջ ժողովուր դն արտահայտում է իր երախտագիտությունն ու գոհունակությունը Աստծո հանդեպ, քանի որ արժանի եղավ Հիսուս Քրիստոսի հավիտենական կյանքի խոսքերը լսելու, որովհետև, ինչպես մեր Տերն էլ էր ասել, «շատ մարգարեներ, արդարներ և թագավորներ փափագեցին ձեր տեսածները տեսնել, բայց չտեսան, և ձեր լսածները լսել, բայց չլսեցին» (Մատթեոս ԺԳ 17, Ղուկաս Ժ 24)։ Ուրեմն երանություն է Սուրբ Պատարագ տեսնելը, որի մեջ Քրիստոսն ինքը ներկա է, և Ավետարանի Խոսքը լսելը, որի միջոցով հայտնվում է Աստծո անհուն սերը մարդկության հանդեպ, որն իր Միածին Որդուն աշխարհ ուղարկեց մեզ համար, որպեսզի Իր խաղաղությունն ունենանք այս աշխարհում։ Սուրբ Ավետարանի միջոցով լսում ենք մեր Տիրոջ կենդանի խոսքը, Նրա վարդապետությունն ու տնօրինությունները։ Սարկավագը, Սուրբ Ավետարանը ձեռքին, շրջվում է դեպի խորանը, պատարագչի կողքին ու բարձր ձայնով արտասանում Հավատո հանգանակը։ Այս մտավոր լուսավորությունն իր լրումին է հասնում հավատի խոստովանությամբ, որ ուղղափառ դավանությունն ու ճշմարիտ վարդապետությունը դրոշմում է հավատացյալի մտքի և սրտի մեջ՝ ամբողջ Եկեղեցուն նույն հավատով միացնելով և մեկ մարմին կազմելով։
Հավատո հանգանակը կոչվում է նաև Նիկիական հանգանակ, որովհետև խմբագրված է Նիկիայում (Լկչբջ) տեղի ունեցած առաջին տիեզերական ժողովի ընթացքում՝ 325-ին, 318 հայրապետների կողմից։ Այդ ժողովին մասնակցել է նաև Հայաստանյայց Եկեղեցին՝ պատգամավոր ուղարկելով սուրբ Գրիգոր Լուսավորչի որդուն՝ Արիստակես կաթողիկոսին, երբ սուրբ Գրիգոր հայրապետը դեռ ապրում էր խոր ծերության մեջ և չէր կարողացել անձամբ ներկա գտնվել։ Սակայն որդուն՝ Արիստակեսին, ուղարկում է մասնավոր հանձնարարական թղթերով ու հրահանգներով։ Արիստակեսը մասնակցում է այդ ժողովին, որի 318 հայրապետներից մեկն էր։ Նրա ստորագրությունը երևում է ժողովին մասնակցած հայրապետների ցանկում։
Ուրիշ Եկեղեցիներ հետագայում այս հանգանակը փոփոխությունների են ենթարկել, կրճատել են կամ վրան բառեր ավելացրել։ Հայաստանյայց Եկեղեցին, ավանդապահ լինելով, նույնությամբ պահպանել է այն՝ միայն վերջում ավելացնելով սուրբ Գրիգոր Լուսավորչի «Իսկ մեք փառաւորեսցուք» հատվածը։ Հավատամքի մեջ Եկեղեցին հայտարարում է քրիստոնեական հիմնական դավանանքը՝ Հայր Աստծո, Աստծո Որդու՝ Հիսուս Քրիստոսի և Սուրբ Հոգու, այսինքն՝ Սուրբ Երրորդության մասին։ Հավատամքին հաջորդում է հերետիկոսներին նզովելն ու Աստծուն փառաբանելը։ Նիկիական ժողովն արդեն իսկ գում արվել էր Արիոսի մոլորությունը դատապարտելու համար, որովհետև նա չէր դավանում, թե Հիսուս Քրիստոսը Աստծու Որդին է, Հորը համագոյակից, իշխանակից ու հավիտենական է, այլ նրան դիտում էր իբրև արարած,. ինչ որ այսօր անում են Եհովայի վկաները՝ մոլորեցնելով հազարավոր միամիտ բարեպաշտների։ Ուրեմն Եհովայի վկաների ասածը բոլորովին էլ նորություն չէ, այլ՝ անունը փոխած, նոր արիոսականություն, որ դատապարտելի և նզովելի է։ Առաքյալը պատվիրում է. «Եթե մեկը ձեզ մոտ գա և այս վարդապետությունը չքարոզի, նրան ձեր տներում մի՜ ընդունեք և նրան բարև մի՜ ասեք։ Քանզի ով որ նրան բարևում է, նրա չար գործերին է հաղորդ լինում» (Բ Հովհաննես 10-11)։ Այսպես, Նիկիական հանգանակն արտասանելով՝ ժողովուրդը խոստովանում է ճշմարիտ հավատի դավանանքը և արժանի լինում աստվածային խորհրդին մոտենալու, Սուրբ Պատարագի մատուցմանը ներկա գտնվելու։ Հավատամքից հետո սարկավագը նորից խաղաղության քարոզ է կարդում (Խաղաղանք), որով ժողովրդին պատվիրում է, թե այժմ ինչ է անհրաժեշտ խնդրել Աստծուց։ Այդ ժամանակ պատարագիչն էլ է ծածուկ աղոթում և ժողովրդի համար խնդրում այն, ինչ որ սարկավագը հանձնարարում է խնդրել ժողովրդին։
Այս աղոթքից հետո սարկավագը հանում է պատարագչի սաղավարտը (թագ) և իր ոտքերի հողաթափերը։ Եթե պատարագիչը եպիսկոպոս է, հանում է նաև եմիփորոնը, արտախուր ակները և շքանշանները (լանջախաչը) պանակեն¤« փոխում է շուրջառը և Քրիստոսի Սուրբ Սեղանին ու Սուրբ Խորհրդին ներկայանում իբրև խոնարհ սպասավոր։
Մինչ այդ պատարագիչը փառավորված էր գլխին դրած թագով ու այլ զարդերով և խորհրդանշում էր Քրիստոսի անձը՝ Թագավորին։ Բայց հիմա, քանի որ պատրաստվում էր Հիսուսի Մարմինն ու Արյունը Սեղանի վրա ընդունել, հրաժարվում է իր այդ դիրքից և նախապատրաստվում, իբրև խոնարհ սպասավոր, Աստծո Որդու Պատարագի ահավոր խորհուրդը կատարելու։
Սրանից հետո քահանան նույնպես մի սպասարկու է և սարկավագի օգնությամբ պատշաճ արարողություններ և խորհուրդներ է կատարում։ Սարկավագը սրանից հետո էլ ժողովրդին քարոզում և աղոթել ու խնդրել է սովորեցնում, իսկ քահանան ժողովրդի համար աղոթում է և Աստծո առջև ներկայացնում նրա խնդրանքները։ Սուրբ Պատարագի առաջին մասն ավարտվում է այստեղ։