Եպիսկոպոսի խորհուրդն ավետարանական համայնքապետին. «Լավ կլիներ` զբաղվեր սիրիահայության խնդիրներով»

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու ներկայացուցիչները նախօրեին ասուլիս էին տվել, որի ընթացքում մանրամասն անդրադարձել էին իրենց գործունեությանը, Մայր Աթոռի և Առաքելական եկեղեցու հետ հարաբերություններին, մեկնաբանել իրենց աղանդ համարող կարծիքներն ու հերքել դրանք, ինչպես նաև կտրականապես ժխտել այն տեղեկությունները, թե իրենք զբաղվում են վերամկրտությամբ:

Ասուլիսի ընթացքում հաճախ հնչում էր Առաքելական եկեղեցու անունը: Թեման բազմակողմանի լուսաբանելու և հնչած տեսակետների շուրջ Մայր Աթոռի մեկնաբանությունները ստանալու համար Panorama.am-ը դիմեց Մայր Աթոռի «Հայեցակարգային» գրասենյակի տնօրեն Բագրատ եպիսկոպոս Գալստանյանին:

Սրբազան, նախ կխնդրեմ անդրադառնաք Սիրիայի Հայ Ավետարանական համայնքապետ, դոկտոր Հարություն Սելիմյանի այն խոսքին, թե «Ավետարանական եկեղեցին վերահաստատված եկեղեցի է 1846 թվականին և մնայուն կերպով ճանաչում է Հայաստանյայց Առաքելական եկեղեցին որպես Մայր եկեղեցի, բայց ստիպողաբար ինքն իրեն վերակառուցեց և որպես համայնքային դրություն ընդունեց, որպես եկեղեցի հայտարարվեց: Այսօր վայելում է միջազգային ճանաչում, սերտ հարաբերության և գործակցության մեջ է Առաքելական եկեղեցու հետ»:

-1846 թվականին 40 հոգի Պոլսում միասին կազմեցին Ավետարանական համայնքը և միանգամից արժանացան Սուլթան Աբդուլ Մեջիթի ճանաչմանը որպես առանձին «միլլեթ» (ազգ), որովհետև Սուլթանը լավ էր հասկացել ժողովրդին պառակտելու և թուլացնելու ճանապարհը: Ցանկանում եմ այս «ստիպողաբար վերահաստատված եկեղեցի» ուշագրավ և մոլորեցնող հայտարարությանը անդրադառնալ: Ինչի՞ վրա վերահաստատված, ինչի՞ց ստիպողաբար, արդյո՞ք նկատի ունի առաքելական շրջանը: Բողոքական եկեղեցին ծնվել է բաժանման հետևանքով 17-րդ դարում և բաժանումից ծնվածը ինքն իր մեջ էլ բազմաթիվ ծնունդներ պիտի տար, որոնք միմյանցից «մարդագողությամբ» են զբաղված ինչին էլ մենք ականատեսն ենք այսօր:

Նույնիսկ իրենք իրենց մեջ եղած բազմաթիվ և տարաբնույթ շարժումները չեն ընդունում դրա համար էլ պատվելին հայտարարում է, թե իրենցից դուրս եկած կառույցներ կան որոնց իրենք չեն ընդունում և միակ ճշմարիտը իրենք են: Նրանք բացարձակ առաքելական հաջորդականություն չունեն:

Սելիմյանը հայտարարեց, որ Հայ Ավետարանական Եկեղեցին ճանաչում է Հայ Առաքելական եկեղեցին որպես մայր եկեղեցի

-Ի՞նչ է նշանակում այս արտահայտությունը: Ո՛չ աստվածաբանորեն, ո՛չ եկեղեցաբանորեն, ո՛չ վարդապետական, ո՛չ խորհրդաբանական և ո՛չ էլ նույնիսկ մարդաբանական առումով այս արտահայտությունը բացարձակ իմաստ չունի, սա աբսուրդի ժանրից է: Եթե կարող են թող մեկնաբանեն և բացատրեն այլապես ծիծաղելի դրության մեջ են հայտնվում նման կերպ արտահայտվողները:

Հարություն Սելիմյանի բնորոշմամբ, «Հայ առաքելական եկեղեցին լրիվ հաղորդակցության մեջ է Ավետարանականի հետ»

-Դարձյալ անիմաստ մի արտահայտություն, ինձ այնպես է թվում, թե ամեն գնով ամեն ճիգ ու ջանք է թափվում գոյությունը արդարացնելու և վավերականացնելու համար: Հաղորդակցությունը լինում է հեռախոսով, նամակագրությամբ, զրույցով, բայց եկեղեցաբանորեն «լրիվ հաղորդակցություն» արտահայտություն գոյություն չունի, որը լրիվ բովանդակազուրկ է: Եկեղեցիների ամբողջությունը հաղորդության մեջ լինելն է և ոչ հաղորդակցության, իսկ այս պարագային հաղորդություն մեր միջև գոյություն չունի:

Խնդրում եմ մեկնաբանել նաև Ավետարանական համայնքապետի այն հայտարարությունը, թե «Հայասաստանյայց Ավետարանական եկեղեցին ընդունում է մանուկների և չափահասների մկրտությունը: Եվ որովհետև մնայուն եկեղեցական և հոգևւոր հաղորդակցության մեջ է Առաքելական և Կաթողիկե եկեղեցիների հետ, ուրեմն մեր եկեղեցին ընդունում է քույր եկեղեցիների մկրտությունները… Ճանաչում է հաղորդակցության մեջ եղող եկեղեցիների մկրտությունները»:

— Կրկնամկրտության կամ վերամկրտության մասին բազմիցս խոսվել է և ավելորդ եմ համարում անդրադառնալ. դա էութենական հարց է և ոչինչ էլ չի փոխվի: Քիչ վերը ասվում էր Հայ Ուղղափառ Առաքելական եկեղեցին մայր է, այս խոսքում էլ թե քույր է, հիմա հարց եմ տալիս` մա՞յր է, թե՞ քույր է: Անցյալ անգամ էլ նշեցինք, թե վերջապես կարիք կա ճշգրտելու ինչ է ավետարանչական համայնքի ինքնությունը: Վերջին նախադասության իմաստնությունը լրիվ ցնցող է, որի մասին արդեն խոսեցի և մեզ բոլորովին անհասկանալի է, թե որ ժանրից է այսպիսի արտահայտությունը և աստվածաբանական կամ թե եկեղեցաբանական ինչ խորք ունի: Այլ կերպ ասած բացարձակ անիմաստ է և կարիք էլ չկա անդրադարձի:

Նախօրեին ասուլիսին մեր հարցին պատասխանեց նաև Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու ավագ հոգևոր հովիվ Մկրտիչ Մելքոնյանը: Նա հայտարարեց, թե «Աստվածաբանությունները չեն տարբերվում, պաշտամունքի ձևն ու կարգն են տարբերվում: Ավետարանականում ավելի պարզվեցված է, այդ կարգը չունի, պարզապես Աստծո խոսքի վրա հիմնված, Աստծուն փառաբանելու, պաշտելու, շնորհակալություն հայտնելու, պատգամաը սերտելու մասին է: Կառույցը կամ պաշտամունքի ձևը պետք չէ շփոթել աստվածաբանության հետ»: Արդյո՞ք ճիշտ է Մկրտիչ Մելքոնյանի այս արտահայտությունը:

-Մենք կամ չենք հասկանում ինչ է նշանակում աստվածաբանություն, եկեղեցաբանություն եզրերը կամ էլ… ուրեմն` ըստ հարգարժան պատվելու տարբերությունը սոսկ պաշտամունքի՞ ձևն է: Սա եթե հարցնեք միջին դասարանի աստվածաբանության ուսանողի անգամ, բազմաթիվ տարբերություններ կմատնանշի թե՛ աստվածաբանության, թե՛ վարդապետության, թե՛ եկեղեցաբանության և թե՛ խորհրդաբանության հարթություններում:

Բողոքական եկեղեցին բացի Հաղորդության և Մկրտության խորհուրդներից (այն էլ ամբողջությամբ տարբեր մեկնաբանությամբ) չի ընդունում Դրոշմի, Պսակի, Ապաշխարության, Ձեռնադրության, Հիվանդաց օծման խորհուրդները, չի ընդունում Սուրբ Կույսին, Աստվածամոր բարեխոսությունը, սուրբերի բարեխոսությունը, հոգեհանգիստ չի կատարում ննջեցյալների համար, որ նշանակում է Սուրբ Եկեղեցու բարեխոսական միջնորդություն, հոգու փրկության կամ արդարացման վարդապետությունը միայն ըստ շնորհի է, չեն ընդունում Սրբազան Ավանդությունը, որի միջոցով էլ ճանաչվում է հենց Աստվածաշունչը:

Ժամանակին ոչ միայն մերժում էին, քրիստոնեական ամենամեծ խորհուրդը՝ Խաչի խորհուրդը այլև քանդում էին խաչերը, որը ներկա օրերին ոմանք սկսել են ընդունել և նույնիսկ իրենց պաշտամունքի վայրերի գլխին խաչ դնել: Իսկ ինչ վերաբերում է Աստծո խոսքի վրա հիմնված լինելուն և հարակից արտահայտություններին, ասեմ, որ դա ոչ մեկի մենաշնորհն ու սեփականությունը չէ: Չմանրամասնելով պարզապես հարցնում եմ, բոլոր թվարկածներս պաշտամունքի՞ հետ են կապված միայն թե՞ ամբողջ եկեղեցու դավանական մտածողության:

Ինչպե՞ս կարձագանքեք Հարություն Սելիմյանի այս արտահայտությունը. «նույն ինքը Առաքելական եկեղեցու մեջ այսօր երկու աթոռների միջև երկխոսության հանձնաժողովներ կան: …Հիմնապաշտ եկեղեցիները հիմնական քրիստոնեական վարդապետությունների շուրջ համաձայեցված են, բայց երկխոսութան մեջ են եկեղեցակաբանական տարբերությունների շուրջ: Դրա մեջ է մտնում քահանայության, հավատացյալի քահանայության հասկացողության նյութը, ըմբռնողությունը սրբադասության գլխավոր նյութը: Մինչև այսօր նույն եկեղեցու մեջ սրբադասության հետ կապված երկխոսության հանձնաժողով ունեն, ուրեմն տակավին, համաձայնեցված չեն: ՄԵնք պետք է տարբերություն դնենք` հիմնական վարդապետությունների շուրջ համաձայնություն, ոչ հիմնական խնդիրների մեջ երկխոսություն և բանակցություն»:

-Առաջին անգամն եմ լսում Հիմնապաշտ եկեղեցի արտահայտությունը: Այն տպավորությունն է, թե խոսք է ասվել ժամանակը լցնելու համար, եթե սրանք իրապես իր խոսքերն են:

Ձայնագրության բառացի սղագրությունն է:

-Շատ բարի: Նախ երկու Աթոռներին անդրադառնամ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Կիլիկիո կաթողիկոսության բաժանումը զուտ վարչական է և կանոնական և բնականաբար նույն հարթության մեջ չէ բողոքական համայնքի հետ: Այնտեղ ո՛չ աստվածաբանական, ո՛չ վարդապետական և ոչ այլ ինչ տարբերություն կա: Սրբադասման հետ կապված էլ բացարձակ խնդիր կամ երկխոսություն գոյություն չունի` ինչ-որ բաներ համաձայնեցնելու կամ չհամաձայնեցնելու նպատակով:

Սա սոսկ միացյալ աշխատանքային հանձնախումբ է, որը շուրջ երկու տարի աշխատում է ոչ թե տարբերությունները համաձայնեցնելու համար, այլ սրբադասման կարգը վերականգնելու ուղղությամբ՝ բազմաթիվ ուսումնասիրություններ կատարելով և ավարտական տեսքի բերելով: Հետևաբար թող թյուր պատկերացումներ կամ կիսատ տեղեկատվություն չսփռեն: Իսկ մնացած ասվածներին հարկ չեմ համարում անդրադառնալ, որը, ինչպես ասացի, ժամանակը լցնելու տպավորություն է թողնում:

Ինչ-որ բան կուզե՞ք ավելացնել, որ ես չհարցրի:

-Ես պարզապես խորհուրդ կտայի պատվելի Սելիմյանին, որ ավելի լավ կլիներ զբաղվեր դժբախտության և դժվարության մեջ գտնվող սիրիահայության խնդիրներով: Չգիտեմ անգամ, եթե նա Հայաստանում է գտնվում Շահան և Արմաշ սրբազանների համաձայնությամբ և իրավասություն ունի՞ արդյոք խոսելու ամբողջ սիրիահայության անունով, թե՞ զբաղվում է միայն իր համայնքի անդամների խնդիրներով: Տեղի ունեցած մամուլի ասուլիսի խորագիրն էլ տարօրինակ է` «Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին երեկ, այսօր և ապագա մարտահրավերերի առջև: Հայկական մշակույթի անվտանգությունն ու պահպանության խնդիրները Սիրիայում, հայ համայնքի վիճակը, կապը Հայաստանի հետ»:

Փորձում եմ հասկանալ, թե այս երկու թեմաներն ի՞նչ կապ ունեն միմյանց հետ: Սա քարոզչակա՞ն նպատակ է հետապնդում թե՞ մարդասիրական, սա էլ է բացարձակ անհասկանալի: Եթե վերջինն է ապա ցանկանում եմ համոզված լինել, որ այն իրականացվում է Սիրիահայ բոլոր համայնքների համախոհությամբ և հանձնարարությամբ, իսկ եթե առաջինն է, ապա չի կարելի փորձել դժբախտության վրա սեփական երջանկությունը կառուցել:

Ամեն դեպքում ես մաղթում եմ և աղոթում, որ խաղաղությունը շուտափույթ կերպով վերականգնվի Սիրիայում և մեր համայնքի կյանքում, մեր փառավոր համայնքը վերագտնի իր բնականոն կյանքի ընթացքը:

Մանրամասները` ponarama.am կայքում